Tag Archives: ջրվեժ

ԼԵԳԵՆԴ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՄԱՍԻՆ

9 Մյս

Մի գեղեցիկ լեգենդ կա Հայոց արքա Տիգրան Մեծի մասին: Ասում են, որ հեռավոր արշավանքներից վերադառնալիս նա ընտրում էր Հայրենիք տանող այն ճանապարհը, որն անցնում էր որևէ ջրվեժի մոտով: Կանգ էր առնում, մտնում էր գահավիժող սառնորակ ջրի տակ, ցողում էր հաղթ մարմինը զուլալ շիթերով և միայն հետո ուղևորվում էր դեպի իր ապարանքը:
Հպատակներին զարմանք էր պատճառում արքայի այդ տարօրինակ քայլը, սակայն չէին համարձակվում հարցնել, թե ի՞նչ է նշանակում ջրօծման ծեսը՝ իմանալով, որ Տիգրանը չէր սիրում բացատրություններ տալ իր արարքների մասին: Բայց մի օր նրա զորավարներից մեկն, այնուամենայնիվ, քաջություն է ունենում դիմելու նրան.
— Տեր իմ,- հարցնում է նա,- ինչու՞ ես դու ընտրում այս վայրի ջրվեժը, երբ մարմինդ կարող են լվանալ քո ծառաները ոսկեպատ ավազանի մեջ, վարդաջրով ու անուշահոտ հեղուկներով:
Եվ Տիգրան Մեծը պատասխանում է նրան.
— Ես մարմինս մաքրում եմ օտար փոշիներից իմ երկրի սրբազան գետերում, քանզի Հայրենիքի անապական ջուրն է միայն, որ ինձ տալիս է կենարար ուժ և հզորություն:tigranes-the-great

Ջերմուկի ջրվեժի լեգենդը

27 Մրտ

Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը, նշանակում է’ չլինել Ջերմուկում: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը: Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում: Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն: Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը շուտով իմանալով այդ մասին’ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և, հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Նարեկ Միրզոյան92793745_Dzhermukskiy_vodopad_1

%d bloggers like this: