Tag Archives: ջրահարս

ՔԻԱՐԱՆ ՔԱՐՍՈՆ

18 Օգս

Կար-չկար մի մարդ, որին պաշտում էր ամբողջ գյուղը, որովհետև նա հետաքրքիր պատմություններ էր անում: Ամեն առավոտ նա գնում էր գյուղից, իսկ երեկոյան, երբ մշակները ավարտում էին գործը, ետ էր դառնում: Մարդիկ հավաքվում էին նրա շուրջն ու հարցնում էին. «Այսօր ի՞նչ ես տեսել»: Եվ նա պատասխանում էր. «Ես անտառում տեսա, թե ինչպես էր այծամարդը նվագում ֆլեյտայով, իսկ գազանները պարում էին նրա մեղեդու տակ»: «Էլ ի՞նչ ես տեսել»,- հարցնում էին մարդիկ, և նա ասում էր. «Ես ծովափ գնացի ու այնտեղ տեսա երեք ջրահարսի, որոնք իրենց կանաչ վարսերն էին սանրում ոսկե սանրով»: Եվ գյուղացիները սիրում էին նրան այդ պատմությունների համար:
Բայց մի առավոտ նա լքեց գյուղն ու գնաց ծովափ և, պատկերացրեք, այնտեղ տեսավ երեք ջրահարսի, որոնք իրենց կանաչ վարսերն էին սանրում ոսկե սանրով: Հետո նա անտառ գնաց, որտեղ տեսավ ֆլեյտայի նվագով գազաններին գերող այծամարդուն: Եվ երբ երեկոյան գյուղ վերադարձավ, մարդիկ խմբվեցին նրա շուրջ ու հարցրեցին, թե ինչ է տեսել:
— Ես ոչինչ չեմ տեսել,- պատասխանեց նա:
Այնպես որ, բարեկամս, երբեմն որոշ բաների մասին ավելի լավ է լռել:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

15 Ապր

ՁԿՆՈՐՍԸ

Ջուրն էր թշշում, ջուրն էր ուռչում,
Ձկնորսն ափին նստած՝
Կարթին նայում էր, անրջում՝
Կուրծքը զովին տըված։
Նստել, ականջ է լուռ դնում,
Մեկ էլ ջուրը ճողփաց,
Ու հորձանքից դուրս է ելնում
Մի կին՝ մարմինը թաց։

Այսպես երգեց, խոսեց փերին.
«Նենգ հնարքով մարդոց
Ի՜նչ ես թովում իմ ձագերին
Վերև՝ մահվան հնոց։
Թե իմանաս ոնց է խորքում
Խայտում ձկնիկն անվիշտ,
Դու էլ կիջնես և ընդերքում
Կապրես առողջ առմիշտ։

Մի՞թե արևն ու հեզ լուսին
Չեն զմայլվում ծովում,
Ալեծածան լույս երեսին
Շքեղ արտացոլվում։
Քեզ չի՞ դյութում երկինքն անհուն,
Կապույտը՝ ջինջ շաղով,
Եվ դեմքդ չի՞ սքանչանում
Անմահական ցողով»։

Ջուրն էր թշշում, ջուրն էր ուռչում,
Կառչում էր մերկ ոտից.
Սիրտը կարծես դուրս էր թռչում
Սիրո վառ կարոտից։
Այսպես խոսեց, այսպես երգեց,
Ու մոլորվեց տղան.
Կես նա ձգեց, կես սա սուզվեց-
Աներևույթ եղան։

%d bloggers like this: