Tag Archives: ջուր

ԻՆԳՈՒՇԱԿԱՆ ԱՍՔ

10 Օգս

Կար ժամանակ, երբ ընկերներ էին Ջուրը, Կրակը, Քամին ու Պատիվը: Բայց եկավ մի պահ, որ պիտի բաժանվեին, և նրանք սկսեցին քննարկել, թե ինչպես հետո գտնեն իրար: Ջուրն ասաց, որ իրեն կարող են գտնել այնտեղ, որտեղ եղեգներն են աճում: Քամին ասաց, որ ինքն այնտեղ կլինի, որտեղ տերևներն են սոսափում: Կրակն ասաց, որ իրեն կարող են գտնել վեր բարձրացող ծխով: Եվ միայն Պատիվն էր, որ լուռ մնաց: Ընկերները հարցրեցին, թե ինչու՞ նա ոչինչ չի ասում: Եվ այդ ժամանակ Պատիվն ասաց.
— Դուք կարող եք բաժանվել ու կրկին միանալ, սակայն ինձ այդ բանը տրված չէ: Նա, ով մի անգամ բաժանվում է ինձնից, բաժանվում է ընդմիշտ ու այլևս հանդիպել չի կարող:

1453991251_lava

ԿՐԱԿ ԵՎ ՋՈՒՐ

29 Հլս

Գիշերային լճի հմայքների մասին դուք ասեք: Ես կպատմեմ լճի ափին վառվող կրակի մասին: Փոքրիկ կրակ, որ չի հավակնում մեծ խարույկ դառնալ ու դեռ չգիտի, որ ջուրն ու կրակը ներհակ են: Եվ քանի որ չգիտի, կրակի կարմիրը բեկբեկվում է ջրերում, կրակն արտացոլվում է լճի անտարբեր հանդարտության վրա: Կրակն ուզում է ջրերի հետ լինել:
Բայց լիճը չի արտացոլվում խարույկի մեջ: Ոչ էլ նրա ջերմությունն է առնում: Ոչ էլ մոխիրների մեջ է լինելու: Որովհետև պատահում է նաև այդպես` սերը չի փոխադարձվում, ձգտումներն անկատար են մնում և ծփանքը գեղեցիկ է լինելու իր միայնության մեջ:

Հ. Չ.2114

ՄԻ ԿՈՃՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

20 Հկտ

1918 թվականի մայիսի 26: Սարդարապատի մատույցներում հայ ժողովրդի կենաց ու մահու կռիվն էր մղվում: Գեներալ Սիլիկյանը շտապ հեռագրում է Արամ Մանուկյանին, որ անհապաղ նոր ուժեր, ինչպես նաև պարեն և ջուր հասցվի ռազմաճակատ: Օգնության հայթայթման գործը հանձնարարվում է Երևանի պարետ, դերասան ու էսթետ Արշավիր Շահխաթունուն: Ասում են, որ վերջինս կարողացել է մեկ գիշերվա ընթացքում երեք վագոն սնունդ ժողովել և ուղարկել զինվորներին: Պատմում են նաև, որ մինչ որոշ մեծահարուստներ այդ օրերին պատրաստվում էին փախչել Երևանից, մի քանի քաղցած գաղթականներ Շահխաթունուն են հանձնել մի-մի կտոր հաց՝ իրենց վերջին պատառը, ինպես նաև կես հատ ձուկ՝ խնդրելով դրանք ևս հասցնել մեր կռվող մարտիկներն:
Բայց կա մի պատմություն էլ՝ ջրի մասին: Նույն օրը Շահխաթունին ուղևորվում է երկաթգծի կայարան՝ այնտեղից Սարդարապատ ցիստեռներով ջուր ուղարկելու համար: Ջուրը պիտի վերցնեին կայարանի մերձակա ջրանցքից: Սակայն տեղ հասնելուն պես տեսնում են, որ ինչ-որ մեկը միտումնաբար հսկայական մի կոճղով խցանել-փակել էր ջրանցքի ակունքը…
Ջուրն ու սնունդն ի վերջո տեղ հասան: Մեր բանակը հաղթեց: Եվ ինչպես որ հաղթանակն է ունենում իր խորհրդանիշը, այնպես էլ տմարդությունը կարող է դա ունենալ: Պատմում են, որ ջրանցքից դուրս բերված կոճղը երկար ժամանակ պահվում ու ցուցադրվում էր՝ իբրև հիշեցում այն մասին, որ եղել է նաև այդպես: Իսկ հետո փայտն անհետացավ…

Հովիկ Չարխչյան795073

ՋՈՆ ԿԵՀՈ

18 Դկտ

Ջուրն ընդունում է այն տարողության ձևը, որում գտնվում է, լինի դա բաժակ, սկահակ, թե գետի հունը: Ճիշտ այդպես էլ ձեր ինքնագիտակցությունը կգործի` կախված այն բանից, ե դուք ձեր ամենօրյա մտորումներում ինչպիսի ձևերի մեջ կդնեք նրան: Ձեր կյանքի որակը պայմանավորված է ձեր մտքերի որակով: Կյանքում  դարձեք ալքիմիկոս և սովորեք ցանկացած իրավիճակ վերածել բարենպաստ դիպվածի:John-Kehoe-Photo-

Թե ինչպես որոշեցին ցամաքեցնել Սևանը

5 Հլս

Sevan_aerial1932 թ. հուլիսի 26-ի երեկոյան Երևանի Կառուցողների ակումբում հավաքվել էր երկրի ողջ վերնախավը` Աղասի Խանջյանի գլխավորությամբ, ինչպես նաև գիտնականներ, մտավորականներ: Օրակարգում մեկ հարց կար` Սևան- Զանգվի համալիրի ապագան կամ, որ նույնն էր` ինչպես ցամաքեցնել Սևանա լիճը: Ներկաները պատրաստ էին լսելու այդ խելացնոր գաղափարի մասնագիտական հիմնավորումը, ծրագրի առավելությունների ու կյանքի կոչելու ուղիների մասին բացատրությունները:

Այն, որ անցյալ դարի 30-ական թվականները պատմության մեջ մնացել են իբրև մղձավանջային և արյունալի տարիներ, դա հանրահայտ փաստ է: Իսկ որ դրանց նաև ընդունված էր անվանել մեծ վերափոխումների տարիներ, որոնց արդյունքում բազմաթիվ ոլորտներ հանգեցին աղետալի հետևանքների, սրա մասին այնքան էլ ընդունված չէ հիշել: Մինչդեռ Սևանի ճակատագիրը հայտնվել էր հենց այդպիսի վերափոխման ճիրաններում:

Հինգ տարի շարունակ ակադեմիայի ղեկավարությամբ լճի վրա աշխատել էին մի շարք գիտական արշավախմբեր, որոնց առջև խնդիր էր դրվել ամեն գնով (սակայն գիտական տեսակետից) ապացուցել, որ հնարավոր է Սևանի ջրերն օգտագործել «ի սպաս սոցիալիզմի»: Եվ գիտնականներն էլ դա հիմնավորեցին առավելագույն ծավալներով: Ըստ նրանց փաստարկների, իրեն սնուցող լեռնային գետակներից  Սևանա լիճ էր թափվում տարեկան 735 միլիոն խորանարդ մետր ջուր, տեղացող անձրևներից ու ձյունից` ևս 540 միլիոն խոր. մետր: Ստացվում էր, որ ամեն տարի լիճ էր լցվում 1,275 միլիոն խ.մ. ջուր: Իսկ լճից` այնտեղից դուրս եկող միակ գետի` Զանգվի (Հրազդանի) միջոցով արտահոսում էր ընդամենը 80 միլիոն խ. մետրը: Հետևաբար, ասում էին նրանք, մնացած 1195 միլիոն խ.մ ջուրը գոլորշիանում էր: Եվ այդքան մեծ ծավալի գոլորշիացումը տեղի էր ունենում Սևանա լճի մակերեսի ընդարձակության շնորհիվ: Ուրեմն եթե հաջողվեր արհեստական կերպով փոքրացնել լճի մակարդակը, ապա նույն համեմատությամբ կնվազեր նաև  գոլորշիացումը, իսկ այդ ժամանակ լեռնային գետակներից լիճ թափվող ջուրը կարելի կլիներ օգտագործել ամբողջապես:

Ինչ խոսք, կուռ տրամաբանություն էր: Ո՞վ կհանդգներ հակաճառել նման հիմնավորմանը: Ի վերջո, վաղուց անցյալում էին ցարիզմի ժամանակները, երբ ոմանք սկզբունքորեն այլ դիրքորոշում ունեին: Օրինակ,  երբ 1907 թվականին Հայաստանի 47 գյուղական համայնքները իշխանությունների առաջ հարց բարձրացրեցին` Արարատյան դաշտավայրը ոռոգել Սևանի ջրով, Կովկասի փոխարքայի գրասենյակից նրանց պատասխանեցին, որ իրենք չեն համարձակվի ձեռք տալ Կովկասի գեղեցկությանը:

Իսկ ահա խորհրդային պատասխանատուները ոչ միայն համարձակվեցին, այլև կարծում էին, որ իրենց որոշմամբ մեկ անգամ ևս հաստատելու են սոցիալիզմի առավելությունները նեխած կապիտալիզմի նկատմամբ, և ժամանակն է բնապաշտական ռոմանտիզմը փոխարինել հեղափոխական ռեալիզմով: Սևանը դատարկելու գաղափարի հեղինակները հաճույքով էին շեփորում, որ լճում ծավալվող աշխատանքներին լարված ուշադրությամբ հետևում է ողջ աշխարհի գիտատեխնիկական մամուլը: Տեղական թերթերն իրենց հերթին այդ օրերին գրում էին.  «Ոչ Եվրոպան և ոչ էլ Ամերիկան  իրենց պատմության մեջ չեն տեսել մի դեպք, երբ ջուր բաց թողնվեր այնպիսի բարձունքից ու այնպիսի ծավալով, ինչպիսին է Սևանը: Բավական է նշել, որ ծովի մակերևույթից շուրջ 2 կիլոմետր բարձրություն ու 1500 քառակուսի կիլոմետր մակարդակ ունեցող լճից բաց պիտի թողնվի 55 միլիարդ խորանարդ մետր ջուր: Այդ աստղագիտական թվի մեծությունը թերևս հասկանալի լինի, եթե պատկերացնենք մի տարածություն` 55 խորանարդ կիլոմետր ծավալով»:

Խորհրդային իշխանության կողմից Սևանի ցամաքեցման նախագծի քննությանն ու իրագործմանը մասնակցելու հրավեր էր ստացել իտալացի մասնագետների խումբը` ինժեներ Օմեդեսի ղեկավարությամբ: Սա իր հերթին լրջորեն ոգևորված էր, որ լճի մակարդակը փոքրացնելու բացառիկ հնարավորություններ կան: Համատեղ մշակված ծրագրի էությունը բխում էր այն փաստից, որ լիճը մեջտեղից կտրված նման է երկու պնակների` մեկը ընդարձակ ու ծանծաղ (50 մետր խորությամբ), մյուսը` տարածությամբ փոքր, բայց խորը (100 մետր): Լճի մակերևութը 50-60 մետր ցածրացնելով, այսինքն չորացնելով ամբողջապես նրա ծանծաղ պնակը`լճի մակարդակն անմիջապես կփոքրանար 6 անգամ: Հետևաբար 6 անգամ կնվազեր գոլորշիացումը: Օմեդեսն ու իր հայ գործընկերները հենց այս տարբերակն էլ մատուցեցին Գիտությունների ակադեմիային և ակադեմիան անմիջապես կանաչ լույս վառեց. անհրաժեշտ է Սևանա լճի մակերևույթը ցածրացնել ճիշտ այդքան` 50-60 մետրով:

 

Չոր թվաբանական հաշվարկները, որոնք ի սկզբանե կազմում էին նախագծի առանցքը, այս պատկերն էին խոստանում. դարավոր պաշարը բաց թողնելուց հետո Սևանի ջրային «մնացորդը» կկազմեր` գետակներից ու վտակներից ներհոսող ջուրը` 770 մլն խմ, լճի մակերեսին թափվող անձրևներից ու ձյունից` 96 մլն խմ, ընդամենը 866 մլն խմ: Հրազդան գետի սննդառությունը կդադարեր ու դրա հետևանքով լիճը ջրային վատնում կունենար միայն գոլորշիացումից, որը կհասներ ընդամենը 215 մլն խմ: Ջրի ավելցուկը, որը կարելի կլիներ դուրս հանել լճից օգտագործելու նպատակով «անվերջ ու անվախճան ժամանակներով», կկազմեր տարեկան 651 միլիոն խմ: Ահա այս ավելցուկն էր, որ իշխանությունները համարում էին Սևանի ջրերի սոցիալիստական օգտագործման հիմքը:

Նախաձեռնողները հասկանում էին, որ լճի ցամաքեցումը տեխնիկապես բարդ խնդիր է: Դրա իրականացումը նրանցից կպահանջեր նվազագույնը 50-60 տարի: Մինչ կկառուցվեր Սևան-Երևան կասկադը, այդ ժամանակահատվածում այսպես կոչված Մեծ Սևանն ամբողջապես պիտի ցամաքեր կամ, տոկոսային արտահայտությամբ`լճից բաց պիտի թողնվեր  ջրային ռեսուրսների 95 տոկոսը: Կմնար միայն Փոքր Սևանի փոքր ու խորը պնակը: Այդ ընթացքում լիճ թափվող գետերը պիտի հարմարվեն նոր պայմաններին ու իրենց համար նոր հուն բանային: Իսկ ինչ վերաբերում էր Սևանի ցամաքելու հետևանքով ազատված հսկայական հողերին (մինչև 100 հազար հեկտար օգտագործելի հողատարածք), ապա պայծառ գալիքի նախագծի համաձայն, այնտեղ կփռվեին համայնական դաշտերն ու այգիները և արոտի դուրս կգային համայնական հոտերը:

Աղմկեցին մուրճերն ու բահերը, հռնդացին տրակտորներն ու բեռնատարները, և Սևանը սկսեց պարպվել: Հետո միայն` շատ տարիներ անց պիտի պարզվեր, որ լճի մակարդակի արհեստական իջեցումը հանգեցրել էր ջերմային ու գազային ռեժիմների խախտմանը, որ ձմեռային ամիսներին սկսվել էր այսպես կոչված «թթվածնային սովը», որ գետերում խորքային էրոզիան ակտիվացել էր, որ լճում որոշ կենդանատեսակներ իսպառ ոչնչացել էին, որ Սևանն ամեն տարի սկսել էր սառցակալել, որ… Կորուստների ցանկը երկար էր: Մինչ կգար այս ամենի գիտակցման պահը, Սևանի կղզին էլ թերակղզի էր դարձել: Եվ միայն այդ ժամանակ, չափազանց ուշացումով,  լիճը փրկելու համար ձեռնարկեցին մեկ այլ` ոչ պակաս մասշտաբային նախագիծ` Արփա-Սևան թունելի շինարարությունը… Բայց սա արդեն ուրիշ պատմություն է:

 

Հովիկ Չարխչյան

1062815_545121108881399_206575050_n

ԽՈՍՔ ՋՐԻ ՄԱՍԻՆ

7 Սպտ

Մի պատմություն կա՝ պիտի ասեմ: Հավանաբար 150 տարի առաջ գերմանացի մի հայտնի քիմիկոս է եղել: Անունը գուցե այս պահին ճիշտ չհիշեմ: Լիբիխ կամ նման մի բան: Նա ծանր հիվանդություն ուներ, և մի անգամ ընկերները խորհուրդ տվեցին գնալ առողջարան, հանքային ջրերի լոգանքներ ընդունել: Լիբիխը (եկեք պայմանականորեն այդպես կոչենք նրան) մերժեց առաջարկը և ասաց, որ եթե իրեն տան այդ ջրի բաղադրությունը, ապա ինքը նույնը կարող է նաև տնային պայմաններում ստանալ: Չէ՞ որ քիմիկոս է: Ու հենց այդպես էլ արեց: Ավազանի մեջ լցրեց իր պատրաստած ջուրը և մի քանի օր շարունակ ընկղմվում էր դրա մեջ: Սակայն ոչ մի փոփոխություն էլ տեղի չունեցավ: Ցավերն առաջվա պես կային: Ի վերջո հուսահատված նա մեկնեց առողջարան և, ով հրաշք, մեկ շաբաթ անց իրեն զգում էր լիովին առողջ ու առույգ: Ի՞նչն էր գաղտնիքը:
Լիբիխին վիճակված չէր այդ մասին իմանալ: Միայն շատ տարիներ անց գիտնականները պարզեցին, որ հանքային ջրերը իրենց քիմիական բաղադրությունից զատ օժտված են նաև ռադիոակտիվությամբ: Եվ հենց այդ հատկությունն է, որ հրաշքներ է գործում:
Ինչու՞ այս ամենը ասացի: Մեր այսօրվա արվեստն էլ այդ ջրի պես մի բան է: Մարդիկ մտածում են, թե իրենք ամեն ինչ ճիշտ են անում, տեղը տեղին, ըստ կարգի: Բայց արի ու տես, որ այն չի «բուժում», քանի որ զուրկ է ամենակարևորից՝ իր ներքին «ռադիոակտիվությունից»…

Հովիկ Չարխչյան

ՀՐԴԵՀԸ

24 Մրտ

Մի անգամ Հալեպում մի շուն տաջիկ… Չէ, չեղավ, այս մասին կարծես արդեն ինչ-որ մեկը պատմել է: Երանի նրան, կամ գուցե երանի նրան, ով ոչինչ չի գրում, ով մտքին եկածը մի խուլ անկյունում պատմում ու մոռանում է…
Մի տարի աշնանը մեր գյուղի խոտի դեզը ինչ-որ բանից բռնկվել, այրվում էր: Ողջ գյուղը` մեծ ու փոքր եկել, խմբվել էին դեզի շուրջ, քափ-քրտինք մտած դույլերով ջուր էին հասցնում, ձմեռվա պաշարն էին փրկում: Մուր ու ծխի մեջ մարդիկ գնում-գալիս ու… լաց էին լինում: Խոտն էին հետ քաշում ու լաց էին լինում: Խոտն իրենցը չէր, սեփական չէր, մասնավոր չէր,- կոլխոզինն էր: Բայց մարդիկ լաց էին լինում, ու նրանց արցունքների առաջ հսկա բոցերը թուլանում, դառնում էին մոմի ճրագ, որի փչել-հանգչելը մեկ էր լինելու:
Հիմա հազար անգամ մեծացել է կրակը, ծուխը ելել, երկինքն է բռնել: Ու՞ր են, ի՞նչ եղան նրանք, ինչու՞ այդքան քչացան «ջուր հասցնողները»:

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: