Tag Archives: ՋՈՐՋ ՄԱՅՔՍ

ՋՈՐՋ ՄԱՅՔՍ

1 Մրտ

ԻՆՉՊԵՍ ԼԻՆԵԼ ՏԻԵԶԵՐՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ

Ես քիչ տարակույս ունեմ, որ Գալիլեյն արժանի էր իր ճակատագրին: Կոպեռնիկոսը, Կեպլերը և Բրաեն հազիվ թե նրանից լավն էին: Շատ անմիտ բան է` ասել, թե երկիրը Տիեզերքի կենտրոնը չէ: Կենտրոնն է: Իսկ դուք, ինչպես որ միշտ կարծում էինք, երկրի կենտրոնն եք, և հավանաբար նաև` Տիեզերքի:
Երկիրը բազմահազար միլիոն տարեկան է. մարդն առաջ է եկել մոտ միլիոն տարի առաջ, և վեց հարյուր հազար տարի է տևել մինչև նա խոսել է սովորել: Երկրի վրա մարդու հայտնվելու և և Քարի Դարի միջև մոտ վեց հարյուր հազար տարի է անցել: Բայց դա նշանակություն չունի. դուք միանգամայն իրավացի եք` կարծելով, որ Տիեզերքի կենտրոնն եք:
Ես գիտեմ, որ արդի գիտությունը նույնպես կարող է սխալվել: Օրինակի համար, ֆիզիկան ուսուցանում է, թե որքան ավելի մոտենաք թվացյալ փոքր առարկային, ավելի մեծ կերևա: Մեծ մարդկանց դեպքում ճիշտ հակառակն է: Քանի մոտենում եք` այնքան ավելի փոքր են երևում: Հին հույներից սկսած` մինչև Դեկարտ ու Բերքլի փիլիսոփաները վիճում էին, թե մենք գոյություն ունե՞նք արդյոք և թե նյութն առհասարակ գոյություն ունի՞: Ես ոչ մեկի կողմը չեմ բռնում այս ուսյալ բանվեճում, թեև միշտ էլ եկամտահարկս վճարել եմ այն ենթադրությամբ, որ եկամտահարկ գանձողն ու եկամուտս գոյություն ունեն: Մինգամայն հնարավոր է, համենայն դեպս, որ ի վերջո աշխարհը գոյություն չունի օբյեկտիվ իմաստով, այլ այնուհանդերձ գոյություն ունի սուբյեկտիվ իմաստով: Ձեր աշխարհը գոյություն ունի, և կասկած չի կարող լինել, որ դուք ձեր սեփական աշխարհի կենտրոնն եք: Երբ դուք մեռնեք, այդ աշխարհի վերջն էլ կգա:
Լինելով աշխարհի կենտրոնը` լավ կանեք` ուրիշների էլ հասկացնեք այս իրողությունը: Երբեմն սա դյուրին գործ չէ, որովհետև մարդիկ հավատում են, թե իրենք են աշխարհի կենտրոնը, ինչը, ես հենց նոր ցույց տվեցի, խորապես սխալ է:
Եթե դուք մանկիկ եք, ապա ձեր դրությունը շատ լավ է: Դուք ձեր ընտանիքի ամենաուժեղ անդամն եք: Ունեք ամեն իրավունք և ոչ մի պարտականություն: Տակաշորեր լվանալ չե՞ն սիրում` մեկ է, պիտի անեն: Դուք միայն ոռնացեք, որքան կարող եք բարձր, և նրանք` անմիտները սխալմամբ կկարծեն, որ եթե ձեզ վրա ուշադրություն դարձնեն` կլռեք ու կքնեք: Մի զիջեք: Պարզապես շարունակեք, և նրանք ձեզ վրա ինչքան ուզում եք ուշադրություն կդարձնեն: Ես գիտեմ: Ես ոչ միայն հայր եմ, այլև ինքս էլ մակնիկ եմ եղել: Ձեզանից և միայն ձեզանից է կախված, թե նրանք երբ կարող են ուտել, երբ կարող են դուրս գալ և ընդհանրապես կարող են արդյոք քնել: Նրանք ձեզ սիրում են ու անիծում, հայհոյում ու փորձում կաշառել: Բայց վերջում կհնազանդվեն ձեզ, որովհետև դուք միակ բացարձակ բռնապետն եք այս աշխարհում, և ձեր իշխանությունը սկսում է խամրել ձեր մեծանալուն համընթաց:
Երբ մեծանում եք, դեռևս սիրում եք ուրիշներին հրամայել` զուտ զվարճության համար: Ձեր դրությունը շատ ավելի թուլացել է, սակայն մի նահանջեք: Կարելի է ամենից առաջ փորձել ուղղակի մոտեցումը` աջուձախ հրամաններ տալ: Նրանք կարող է հնազանդվեն, բայց կարող է և` ոչ, և այդ դեպքում ավելի լավ է անուղղակի մոտեցումը:
Փորձեք ջղային նոպոներ: Երբ ձեր ամուսինը չի ուզում գնալ թատրոն, իսկ դուք ուզում եք, ուղղակի ջղային նոպա ունեցեք: Ցանկացած բժիշկ և ձեր ընկերուհիների մեծ մասը կսովորեցնեն` ինչպես: Դա շատ հեշտ է և արժե նեղությունը: Տարին երեք նոպան ուզածդ քիչ թե շատ օրինավոր ամուսնուն ծնկի կբերի: Իս դրանց արանքներում բավարար չափով կգործի ձեր ունենալիք նոպաներից կրած երկյուղը:
Ձեր ամուսինը հավանաբար անտարբերությամբ չի նայի ձեր առողջությունը քայքայելու և ձեզ վաղաժամ գերեզման հասցնելու հեռանկարին` տանը նստելով ու աշխատելով` փոխանակ ձեզ ռեստորաններ տանելու, ձեր զուգսին չհատկացնելով իր միջոցներից շատուշատ վեր գումարներ և ցանկացած այլ անգթություններով: Իսկ եթե անտարբեր մնա` շատ ափսոս: Այդ դեպքում փորձեք անհատակի կեցվածքը:
Տառապեք: Տառապեք ուշագրավորեն, բարձրաձայն ու հնարավորինս տարփողելով: Նա դարձյալ ուզում է տանը մնալ և աշխատել մինչև գիշերվա ժամը չո՞րսը: Նա, անշուշտ, պիտի իր մասին մտածի: Դուք բողոքողներից չեք: Կարեղ եք լաց լինել թաքուն, երբ ձեզ կտեսնեն ընդամենը չորս- հինգ հոգի, սակայն մի տրտնջացեք:
Դեհ, այսօրվա համար այսքանը: Մեկ ուրիշ անգամ էլի խորհուրդներ կտամ ձեզ:

Թարգմ. Շ.Ավագյան

ՋՈՐՋ ՄԱՅՔՍ

25 Փտր

ՎԵՃԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Շատերը պնդում են, թե լավ վեճերն ու վիճաբանությունները կյանքի, հատկապես բախտավոր ամուսնական կյանքի, համեմունքն են: Պիտի խոստովանեմ, որ ես ինքս բավական թույլ եմ վիճելու մեջ, որովհետև դեպքերի մեծամասնության ժամանակ բացարձակ անտարբեր եմ: Վաղ պատանությանս տարիներին քույրս հաճախ էր բողոքներ ներկայացնում իմ դեմ` անդրդվելության մեղադրանքով: Հայրս նույնպես նկատում էր, որ ես, որպես կանոն, հետևում եմ Բրիտանական Արտաքին գործոց նախարարության որդեգրած ռազմավարությանը. այսինքն, երբ նա ինձ այս կամ այն բանի համար խստորեն կշտամբում էր, ես սկզբունքորեն լիովին համաձայնում էի նրա հետ, ներողություն խնդրում` եթե պետք էր լինում, և շարունակում ճիշտ և ճիշտ նախկին վարքագիծս: Երբ նա բացատրություն էր պահանջում` հիշեցնելով, որ մենք որոշակի սկզբունքներում համաձայնության ենք եկել, և հարցնելով, թե ինչու եմ նորից նույն բանն արել, ես մշտապես բավական համոզիչ փաստարկներ էի պատրաստի ունենում` ցույց տալու, որ նույն բանը բնավ էլ նույն բանը չէ:
Համենայն դեպս, ես ուսումնասիրել եմ վիճելու և վիճաբանելու արվեստը և գուցե թե կարողանամ մի քանի խորհուրդ առաջարկել:
1. Խուսափեք փաստերից: Եթե դուք տհաճ բանավեճ եք մղում այն հարցի շուրջ` արդյոք Բեթսիի ծննդյան հրավերքը դեկտեմբերի վերջին շաբաթում էր, թե հունվարի առաջին շաբաթում, կամ թե «Սիրանո դը Բերժերակի» հեղինակն արդյոք Ռասինն է, թե՞ Վոլտերը, մի դիմեք օրագրերին, հանրագիտարաններին կամ հենց Բեթսիին: Այս քայլերից յուրաքանչյուրն անարդարացի կլիներ, որովհետև` ա) հենց կոկոնի մեջ կխեղդեր մի շատ աշխույժ վիճաբանություն, և բ) ձեր ընդդիմախոսին կզրկեր հետագա ամեն մի ողջամիտ պատասխանից:
2. Փոխարենը վկայակոչեք հեղինակությունների. «Դա ես եմ ձեզ ասում, երիտասարդ…», «Ես դա անձամբ լսել եմ Ուիլֆրեդ Փիքըլզից կամ Էնյուրին Բիվանից…»:
3. Գործածեք վիրավորական արտահայտություններ և ամեն մի դրդապատճառ վերագրեք ձեր ընդդիմախոսին: Եթե մեկն այն ենթադրությունն է անում, թե գրավառու հաստատությունները հարկավոր է ազգայնացնել, և դուք հավանություն չեք տալիս այդ առաջարկությանը, ապա ընդգծեք, որ նրա ամուսնական անհավատարմության պատճառով կինը դատարանով բաժանվում է նրանից, այնպես որ նա լավ կանի` լռի: Կամ ասեք, որ սա միայն մի ստոր հնարք է` փրկելու մոր կարողությունը: Կարևոր չէ, եթե` ա) նա մայր չունի, բ) նրա մայրը կարողություն չունի, և գ) սա առհասարակ կարողություն փրկելու ուղի չէ: Ցեխը միշտ էլ կկպչի: Կյանքի ընդհանուր օրենքն է. երբ ձեռնոցով դիպչում ես ցեխին` ցեխը երբեք չի ձեռնոցոտվում, միշտ էլ ձեռնոցն է, որ ցեխոտվում է:

Թարգմ. Շ. Ավագյան

ՋՈՐՋ ՄԱՅՔՍ

17 Փտր

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամուսնությունը սիրուց միանգամայն տարբեր բան է: Դա լավ հաստատություն է, սակայն պետք է ավելացնեմ, որ շատ բան կախված է այն անձնավորությունից, ում հետ ամուսնանում եք:
Չկա առհասարակ լավ կին կամ լավ ամուսին. կա միայն լավ կին պարոն Այսինչի կամ լավ ամուսին` տիկին Այնինչի համար: Եթե դյուրահավատ ու դյուրախաբ մի կին ամուսնանա հիվանդագին ստախոսի հետ, նրանք երջանիկ կապրեն մինչև իրենց կյանքի վերջը. մեկը ստեր ասելով, մյուսը հավատալով: Այն տղամարդը, որը չի կարող ապրել առանց իր նկատմամբ մշտական հիացմունքի, պիտի ամուսնանա «Աստված իմ, դու հրաշք ես» տիպի կնոջ հետ: Իսկ այն տղամարդը, որը դժվարանում է որոշումներ կայացնել, ճիշտ կանի, եթե ամուսնանա բռնապետուհու հետ: Ամուսնության մեջ մեկ բռնապետ կարող է բարգավաճել. երկուսը շատ են:
Դեպի ամուսնական երջանկություն տանող ճանապարհը ոչ ոքի առաջ փակ չէ: Ամբողջը ընտրության խնդիր է: Պետք է ոչ թե կատարելություն որոնել, այլ մի խիստ անկատար կեսի պակասող կեսը:
Եթե մեկը սառնարան է գնում, նրա մտքով բնավ չի անցնում, թե դա վատ սառնարան է, որովհետև դրանով ձայնասկավառակ նվագել հնարավոր չէ. ոչ էլ որևէ մեկը կմեղադրի իր գլխարկին` որպես ծաղկաման հարմար չլինելու մեջ: Այնինչ բազմաթիվ տղամարդիկ, ովքեր շատ են սիրում իրենց ստամոքսը, ամուսնանում են իրենց խոհարարի կամ որևէ խոհարարի հետ և հետո նրան մեղադրում Ժորժ Սանդի փայլուն խելքն ու սրամտությունը չունենալու մեջ: Կամ` մի մարդ կարող է մտահոգված լինել իր կնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը ցուցադրելով, ամուսնանալ մանեքենուհու հետ և զարմանալ` վեց ամիս անց պարզելով, որ իր կինը հավասարակշռված հայացքներ չունի միջազգային դրության վերաբերյալ: Մեկ ուրիշն ամուսնանում է մի աղջկա հետ միմիայն ու բացառապես նրա համար, որ նա տասնյոթ տարեկան է, և շատ է զարմանում տասնհինգ տարի անց` հայտնաբերելով, որ նա այլևս տասնյոթ տարեկան չէ: Կամ դարձյալ, եթե դուք ամուսնանում եք գիրք կրծողի հետ, որն ամեն ինչ գիտի ոսկու ստանդարտի, մոլորակային շարժման վերաբերյալ Պրաքսիտելեսի և Կեպլերի օրենքների մասին, չպետք է նրան մեղադրել փոքր-ինչ պակաս գեղեցիկ լինելու և պակաս կրակոտ խառնվածք ունենալու մեջ, քան Մերիլին Մոնրոն: Եվ եթե կանայք ամուսնանում են տիտղոսի կամ դրամատան հաշվի հետ, ապա չպետք է մեղադրեն իրենց ամուսիններին` Էրոլ Ֆլինի տիպի ռոմանտիկ հերոսներ չլինելու համար:
Հարկավոր է գիտենալ, թե ինչ եք գնում: Եվ քանի դեռ սառնարանով ձայնապնակներ չեք նվագում և քրիզանթեմի փնջեր չեք դնում ձեր գլխարկի մեջ, ունեք կարծեցյալ երջանկության հասնելու խելամիտ հնարավորություն:

Թարգմ. Շուշանիկ Ավագյան

%d bloggers like this: