Tag Archives: ՋԵՅՄՍ ԹԸՐԲԵՐ

ՋԵՅՄՍ ԹԸՐԲԵՐ

18 Փտր

ԳԱՅԼԸ ԴՌԱՆ ՄՈՏ

Տեր և տիկին Ոչխարները նստած էին իրենց հյուրասենյակում` իրենց դստեր հետ, որը որքան ուտելի, նույնքան էլ սիրուն էր, երբ շքադուռը բախեցին:
— Մի պարոն է այցի եկել, — ասաց դուստրը:
— Հագուստ Մաքրողն է,- ասաց մայրը:
Զգուշավոր հայրը վեր կացավ, լուսամուտից նայեց:
— Գայլն է,- ասաց նա:- Պոչը երևում է:
— Հիմար չլինես, — ասաց մայրը:- Հագուստ Մաքրողն է, դա էլ նրա խոզանակն է:- Եվ գնաց ու դուռը բացեց: Գայլը ներս մտավ, աղջկան առավ ու փախավ:
— Դու իրավացի էիր,- ի վերջո ընդունեց մայրը ոչխարաբար:
Առակս գալիս է ասելու, թե մայրը միշտ չէ, որ ամենաշատը գիտի: (Ընդգծումը հորն է, աղջկանը և իմը):

Թարգմ. Շ. Ավագյան

ՋԵՅՄՍ ԹԸՐԲԵՐ

17 Փտր

ԿՆՔԱՀԱՅՐՆ ՈՒ ՍԱՆՈՒՀԻՆ

Մի բազմափորձ հավաքորդ, որը ոտքի տակ էր տվել երկրագունդը` հավաքելով ամենայն բան, ինչը կարողացել էր հրացանով խփել, գնել կամ թռցնել, այցի գնաց իր սանուհուն` հնգամյա մի աղջնակի աշխարհի տարբեր երկրներում մեկ տարի հավաքչարարությամբ զբաղվելուց հետո:
— Ես ուզում եմ քեզ տալ երեք բան,- ասաց նա:- Սրտիդ ուզած երեք բանը: Ունեմ աֆրիկյան ադամանդներ և ռնգեղջյուրի եղջյուր, եգիպտական սրբազան կոյաբզեզներ, գվատեմալյան զմրուխտներ, շախմատի փղոսկրե և ոսկե խաղաքարեր, հյուսիսեղնի պոզեր, ազդանշանային թմբուկներ, ծիսական ծնծղաներ, տաճարի զանգեր և երեք հազվագյուտ ու նշանավոր տիկնիկ: Հիմա ինձ ասա,- ամփոփեց նա` աղջնակի գլուխը շոյելով,- ի՞նչ ես ուզում աշխարհում ամեն բանից ավելի:
Նրա փոքրիկ սանուհին, որը տատանվողներից չէր, չտատանվեց:
— Ուզում եմ կոտրել ձեր ակնոցը և թքել ձեր կոշիկներին,- ասաց նա:
Առակս գալիս է այն ասելու, որ թեև ժամանակակից վիճակագրությունը չի հաշվարկել, սակայն հետևում է, որ Տղամարդը շատ բան է ուզում, իսկ Կինը` էլ ավելի շատ:

Թարգմ. Շ. Ավագյան

%d bloggers like this: