Tag Archives: Ջավախք

Հայ-վրացական WikiLeaks

7 Սպտ

WikiLeaks- ի մասին կարելի է գտնել ամենատարբեր բնորոշումներ: Ոմանց դա դուր է գալիս, ոմանք չեն վստահում այդ էջերի արժանահավատությանը, մյուսները կարծում են, որ նման հրապարակումներն անթույլատրելի են թե քաղաքական, թե բարոյական իմաստներով: Սակայն ինչ էլ ասելու լինենք, դիվանագիտական գաղտնի նամակագրության բացահայտումն իր դատապարտելի կողմերով հանդերձ ունեցավ մի կարևոր դերակատարություն. շատ հարցերում վերահաստատվեցին համոզմունքները և ցրվեցին անտեղի պատրանքները: Այս առումով բացառություն չդարձան նաև այն փաստաթղթերը, որոնք էական մանրամասներ են պարունակում հայ-վրացական հարաբերությունների մասին: Եվ խնդիրը ոչ այնքան դրանցում տեղ գտած փաստերն են (որոնց հիմնական մասն առանց այդ էլ հայտնի էր), այլ այն, որ դրանք վերջնականապես հստակ տարանջատում կատարեցին պաշտոնական տեսակետի և առկա վիճակի միջև: Եվ եթե Հայաստանի վերնախավին հարմար է ինչ-ինչ խնդիրներից ելնելով լեզուն պահել ատամների ետևում, ապա ամերիկացի դիվանագետներն ու WikiLeaks- ը նման բարդույթներով կաշկանդված չեն: Մյուս կողմից պետք է կարևորել նաև այն փաստը, որ այս դեպքում լսելի է ոչ միայն երրորդ կողմի տեսակետը, այլև հենց վրացիների խոստովանությունները իրենց մտադրությունների և գործողությունների մասին:
Ասվածն առավել առարկայական դարձնելու համար վերհիշենք դրանցից մի քանիսը: Ահա գաղտնազերծված փաստաթղթերից մեկը, որը ներկայացնում է Հայաստանում Վրաստանի դեսպան Գրեգորի Տաբատաձեի ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարիա Յովանովիչի հանդիպման մանրամասները։ Վերջիններս քննարկում են հայ-վրացական սահմանի հարցը, և այդ ընթացքում վրաց դեսպանն ասում է. «Հայերը չափազանց շատ պահանջներ են ներկայացնում սահմանազատման հետ կապված բանակցությունների ժամանակ և ցանկանում են փոփոխել սահմանը` ավելի ընդարձակ տարածքներ ձեռք բերելու նպատակով` փոխարենը ոչինչ չառաջարկելով»: Ըստ Տաբատաձեի, Հայաստանը նույն կերպ է վարվում նաև Վրաստանի եկեղեցիների հարցում, որոնց նկատմամբ պահանջներ է ներկայացնում: «Մենք չենք ցանկանում այդ եկեղեցիները: Բոլորը գիտեն, որ դրանք հայկական եկեղեցիներ են»,- ընդգծում է նա: Սա, ինչ խոսք, հատկանշական փաստ է, քանի որ վրացի պատմաբանները հայտարարում են, թե Վրաստանի տարածքում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չկան, իսկ այսօր վրացական մամուլը հեղեղված է հայերի հանդեպ ամենածանր մեղադրանքներով այն բանի համար, որ իբր մենք պահանջում ենք մի բան, ինչը երբեք մերը չի եղել:
Սակայն էլ ավելի հետաքրքրականն այն է, որ մեր օրինական ու հիմնավոր պահանջի համար վրացիները գտել են բացատրություն: Դժգոհելով հայերից, որ վերջիններս չեն գնահատում այն, ինչ վրացիներն արել են իրենց համար, վրացի դիվանագետն այնուհետև պնդում է, թե իբր ռուսական կողմն է դրդում Հայաստանի կառավարությանը ներկայացնել այդ պահանջները` օգտագործելով դա որպես միջոց Վրաստանի դեմ ուղղված ռուսական քաղաքականության մեջ: Եվ այս կարգի մտասևեռմանը հաջորդում է պատասխանը: Տաբատաձեն տեղեկացնում է, որ Վրաստանի ԱԳՆ-ում կա տեսակետ, թե Վրաստանը պետք է դաս տա Հայաստանին` փակելով սահմանը, եթե Հայաստանը շարունակի իր ծայրահեղական քարոզչությունը: «Մենք կարող ենք մի օր փակել սահմանը»,-հայտարարում է Տաբատաձեն:
Վրացական նօրօրյա մոլուցքը՝ դասեր տալ հայերին, գնալով կորցնում է իրականության զգացողությունը: Իսկ ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա կարծում ենք, որ վաղուց է եկել ժամանակը բացատրելու մեր հարևաններին, որ փակ սահմանները բացելու մի քանի եղանակներ կան և դրանցից ոչ մեկը ձեռնտու չի լինի հատկապես Վրաստանի համար:
Քանի որ խոսք գնաց սահմանների մասին, ապա ավելորդ չէ դիտարկել նաև օդային սահմանի հարցը, ինչը նույնպես դուրս չի մնացել WikiLeaks-ի տեսադաշտից: Աղմկահարույց այդ կայքը հրապարակել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի` 2010 թ. փետրվարի 17-ին պետդեպարտամենտ ուղարկված փաստաթղթը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանը լրջորեն անհանգստացած է Հայաստան ռուսական զենքի ու զինտեխնիկայի մատակարարման ծավալի աճից: Ըստ դեսպանի` թեև Վրաստանը թույլատրել է իր օդային տարածքով Հայաստան տեղափոխել մեծաքանակ զինամթերք, սակայն լուրջ կասկածներ ունի, որ դրանք ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի համար են: Վրաստանը վախենում է, որ այդպիսի սպառազինությունը, ինչպիսին որ ինքնաթիռների համար նախատեսված խոշոր տրամաչափի զինամթերքն է, նախատեսված են Հայաստանում գտնվող ռուսական զորքերի համար։ «Նմանատիպ մատակարարումները կարող են ոչ միայն խախտել Լեռնային Ղարաբաղում տիրող հավասարակշռությունը, այլև գործածվել Վրաստանին հարավից դուրս մղելու համար, եթե ապագայում այնտեղ հակամարտություն առաջանա Ռուսաստանի հետ»,- ասում են նրանք։
Ինչպես և պետք էր սպասել, պաշտոնական Թբիլիսին անմիջապես հերքեց այս տեղեկությունը: Իհարկե, հերքելը հեշտ է, դժվարը հերքման հիմնավորումն է, ինչը դեռ լսելի չէ Վրաստանից: Բանն այն է, որ Հայաստանն իսկապես շարունակում է սպառազինություն ստանալ և կասկածից վեր է, որ դա գալիս է հենց Վրաստանի օդային տարածքով: Անկախ այն բանից, որ վրացիները օդային տարածքի օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած համաձայնագիրը չեղյալ են հայտարարել, նրանց համար հեշտ չէ վերցնել ու միանգամից խոչընդոտել այդ թռիչքները: Վերջին շրջանում գոնե նմանօրինակ մի դեպք հայտնի դարձավ, երբ ռուսական քաղաքում վթարային վայէջք էր կատարել հայկական ռազմական ինքնաթիռը, որը վերանորոգումից հետո վրացական երկնքով բարեհաջող հասավ Հայաստան: Բայց նշված փաստաթղթում շատ ավելի էական է միտքն այն մասին, թե այդ մատակարարումների պատճառով խախտվում է Լեռնային Ղարաբաղում տիրող հավասարակշռությունը: Ասել է, թե՝ Թբիլիսին լուրջ մտահոգվում է Բաքվի համար, և ի սրտե չէր ցանկանա, որպեսզի հայերն այդ հարցում գերազանցություն ունենային:
Հայաստան-Վրաստան դաշտում առկա մեծ ու փոքր խութերի շարքում անհնար պիտի լիներ շրջանցել վրացահայության և ջավախքահայության խնդիրները, որոնցով էլ հարստացված են WikiLeaks- ում զետեղված ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերից մի քանիսը: Մանրամասնորեն դրանց չանդրադառնալու համար ասենք միայն, որ ամերիկացիներն այդ շարքում առանձնացրել են երեք գլխավորները, որոնք կարևոր են Վրաստանի հայերի համար: Դրանք են՝ հայերենը որպես պաշտոնական լեզու տեղական մակարդակներում օգտագործելու հնարավորությունը, էթնիկ հայերի համար կրթական հնարավորությունների ստեղծումը և վիճելի եկեղեցական ունեցվածքի վերադարձը: Հարկ է ընդգծել, որ այս պարագայում նույնիսկ օտարերկրացին է հասկացել, որ այդ հիմնահարցերը «նման են հրաբխի. չգիտես, թե երբ են դրանք ժայթքելու», մի բան, որ շատ դեպքերում տեսնել չեն ցանկանում հենց «հրաբխի» խառնարանի վրա կանգնածները:
Այստեղ արժե խոստովանել, որ Wikileaks-յան նոր հրապարակումների ամենամեծ անակնկալը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի և ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի զրույցի բովանդկությունը, ինչպես նաև վեհափառի նամակը ԱՄՆ նախագահ Բարք Օբամային։ Երկու դեպքերում էլ կաթողիկոսը խոսել է Վրաստանում «վիճելի եկեղեցիների» սեփականության հարցի, ինչպես նաև Հայաստանում գտնվող այն եկեղեցիների մասին, որոնց նկատմամբ վրացիները հավակնություն ունեն։ «Կաթողիկոսն ասել է, որ եթե Վրաց ուղղափառ եկեղեցին կարողանա ներկայացնել դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապացույց, ինքն անձամբ կօգնի վրացական եկեղեցուն՝ դրանց վերադարձի հարցում»,– գրում է Յովանովիչը։ Իսկ ահա Օբամային հասցեգրված նամակում կաթողիկոսն իր բողոքն է հայտնում Վրաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական քաղաքականության կապակցությամբ:
Վերոհիշյալ երկու փաստաթղթերն էլ դառնում են վկայությունն է այն բանի, որ հայ կաթողիկոսը հայրենի իշխանությունների մակարդակով այս խնդիրների տեղաշարժ չի ակնկալում և անհրաժեշտություն է զգում ստեղծված կացության մեջ ներքաշել երրորդ կողմի՝ այս դեպքում ամերիկացիներին, իբրև միջնորդ կամ երկիր, որ ազդեցիկ ձայնի իրավունք ունի: Եվ հենց այդ նույն միտումն է, որ հաջողությամբ կարելի է տարածել մնացած բոլոր իրավիճակների վրա՝ հասկանալու և բնորոշելու հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը, ինչը ոչ միայն հույսեր չի ներշնչում, այլև օր-օրի ավելի է գլորվում դեպի այն խորխորատը, որն ի վերջո հանգեցնելու է երկու երկրների բացահայտ առճակատմանն ու անհադուրժողականությանը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնա

4 Հլս

Կատարվեց անսպասելին` Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ուղղումներ մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն 5 կրոնական միավորումների շնորհվում է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Կարգավիճակ ստանալու են Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հրեական համայնքը և Վրաստանի բապտիստական եկեղեցին: Ասում ենք` անսպասելի, քանի որ տառացիորեն նախօրեին հենց Մայր Աթոռի ներկայացուցիչներն էին թերահավատությամբ խոսում նման հնարավորության մասին, իսկ եթե հիշենք նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի` Վրաստան կատարած այցի ձախողումը, ապա նման հեռանկար իսկապես չէր գծագրվում: Եվ, այնուամենայնիվ, կատարվածը փաստ է: Ասենք նաև, որ Վրաստանում իրավական կարգավիճակ կարող է ձեռք բերել այն կազմակերպությունը, որն անկախ պետական վերահսկողությունից, իրականացնում է քաղաքական, սոցիալական, լուսավորչական, մշակութային և այլ բնույթի գործունեություն:
Հասկանալի է, որ նման որոշումը հեշտ չտրվեց ինչպես վրաց եկեղեցուն, այնպես էլ այդ երկրի օրենսդիրներին: Օրինագիծը խորհրդարանում իր հակառակորդներն ուներ, առաջին հերթին ի դեմս «Քրիստոնյա-դեմոկրատական» ընդդիմադիր խմբակցության: Վերջիններիս մտահոգությունը բարձրաձայնեց պատգամավոր Նիկոլոզ Լալիաշվիլին` դիմելով գործընկերներին այսպիսի հարցումով. «Վրացական եկեղեցին նման կարգավիճակ չունի: Մենք պետք է հասկանանք` պատրաստվու՞մ է Հայաստանը նույնպիսի կարգավիճակ շնորհել վրացական եկեղեցուն, որպեսզի դա չլինի մի ուղղությամբ պարզված ձեռք»: Սրա հետ մեկտեղ շատերին մտահոգում էր նաև այն հեռանկարը, թե չլինի` վրացիները այս փոփոխությամբ կորցնեն իրենց գերակա դիրքը: «Իրավական կարգավիճակի ձեռքբերումը չի ենթադրում հատուկ իրավունքների տրամադրում: Վրացական եկեղեցու դերը չի թուլանում, և այն պահպանում է իր բարձրագույն կարգավիճակը»,- նրանց անմիջապես հանգստացրեց վրացական խորհրդարանի խոսնակ Դ. Բակրաձեն:
Սակայն փորձենք հասկանալ, թե հայ եկեղեցին իրականում ի՞նչ ստացավ քմահաճ Թբիլիսիից: Նախ, բոլորովին էլ հստակ չէ, թե հայերին տրամադրված իրավաբանական անձի կարգավիճակը հենց այն կարգավիճակն է, որ ցանկանում էր մեր եկեղեցին: Ինչպես հայտնի է, Վրաստանում կրոնի մասին օրենք գոյություն չունի, քանի որ նման օրենքի առկայության դեպքում եկեղեցիները կստանային կրոնական կարգավիճակ: Ուրեմն դեռ անհրաժեշտ կլինի միառժամանակ սպասել` պարզելու համար, թե ինչ նվեր պարգևեցին մեզ: Մյուս կողմից` լուրեր են շրջանառվում այն մասին, որ հասարակական կազմակերպության կարգավիճակ Հայ առաքելական եկեղեցուն վաղուց էր առաջարկվել, միայն թե Էջմիածինը համեստորեն հրաժարվել էր դրանից, քանի որ փաստացի այն ոչինչ էլ չէր տալիս: Բանն այն է, որ ՀԿ-ն չի ենթադրում եկեղեցապատկանություն և ֆինասավորման առկայություն: Իսկ ներկայիս փոփոխությունը կարող է ունենալ սոսկ մեկ առավելություն` այն որոշ իմաստով կօգնի պահպանել այդ երկրի տարածքում հայկական կրոնական հուշարձանները:
Գալով անորոշության աստիճանին` նշենք, որ դրա ծավալները նախկինից քիչ չեն դարձել: Չլուծված խնդիրների շարքում այդպես էլ շարունակում է գերիշխող մնալ: Ջավախքի եկեղեցիներին թեմի կարգավիճակ տալու հարցը: Հայ հոգևորականների տարակուսանք այս առումով թերևս հիմնավորված է, երբ նրանք նշում են, որ աշխարհում չկա այդպիսի վայր, որտեղ ապրեն 150 հազար հայեր, և չլինի ՀԱԵ թեմ:
Ահա այս թերի վիճակի պայմաններում Վրաց ուղղափառ եկեղեցին Հայաստանում նույն իրավունքները ստանալու պահանջ է ներկայացնում: Սա, իհարկե, մի փոքր հիշեցնում է առևտրային հարաբերությունները` իր անբաժան «ես քեզ` դու`ինձ» կարգախոսով, սակայն սրանից զատ հարկ է արձանագրել ևս մեկ կարևոր իրողություն: Երբ հայերն են վրացիներից կարգավիճակ ուզում, նրանք դա գոնե կարող են հիմնավորել այն փաստով, որ Վրաստանում հարյուր հազարավոր հայեր են ապրում: Իսկ ահա Հայաստանում չկա խոշոր և ակտիվ վրացական համայնք, առավելագույնը 700-800 վրացիներ են ապրում` ցրված երկրով մեկ: Եվ այս պայմաններում վրաց եկեղեցին պահանջել է իրեն փոխանցել Լոռու մարզում գտնվող 5 հայկական եկեղեցիները՝ ի պատասխան Վրաստանի հայկական եկեղեցիները ՀԱԵ-ին վերադարձնելու պահանջներին: Այն, որ նշված եկեղեցիները քաղկեդոնական ոճով կառուցված հայկական եկեղեցիներ են, սա այլ քննության հարց է: Բացի այդ, վրացական կողմը պահանջել է Հայաստանում կառուցել նոր վրացական վանք: Հայտնի է, որ Հայաստանում ապրող վրացիների համար առանց այդ էլ Երևանի Նորագավիթ թաղամասում կառուցվել է վրացական եկեղեցի, այնպես որ ոչ նոր վանքերը և ոչ էլ առավել ևս Վրաց Ուղղափառ եկեղեցուն օրենսդրորեն իրավաբանական կարգավիճակ տալը գործնականում նրանց ոչինչ չի տալի: Փոխարենը պարզից էլ պարզ է, որ դա կարող է ուժեղացնել վրացական պահանջները «քաղկեդոնական շրջանի» եկեղեցիների նկատմամբ:
Այս ընթացքում երկու երկրների հասարակական կարծիքներում կրկին ծայր են առնում թեժացումները: «Վրաստանում բնակվող էթնիկ հայերը ուզում են, որ Վրաստանում նրանց եկեղեցին ունենա այնպիսի իրավասություններ, ինչպիսին ունի ուղղափառ եկեղեցին, դա նորմալ չէ, այդպիսի բան ոչ մի երկրում չի լինում, դա ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական պառակտում է»,- բորբոքվում է վրացական կողմը: Հայերն անմիջապես նրանց հակադարձում են. «Այսօր, երբ 21-րդ դար թևակոխած աշխարհն ապրում է բոլորովին այլ կանոններով, վրաց եկեղեցին շարունակում է մնալ միջնադարյան մտակաղապարների գերին, իսկ այնտեղ, ուր էլ նայես՝ հայերն առաջ են վրացիներից։ Հայերն են կառուցել Վրաստանում առաջին եկեղեցին, հայերն են նրան գիր տվել, հայերն են քաղաքակրթել իրենց հյուսիսային հարևանին, որը նրանց թևի տակ ամրապնդվելով՝ 10-12-րդ դարերում լուրջ ուժ է դարձել։ Բայց արի ու տես, որ այդ շրջանում էլ վրաց հոգևորականների մեջ պահպանվել է հայերի հանդեպ անլիարժեքության բարդույթը»։
Ստացվում է, որ այն, ինչը կոչված էր մեղմելու կրքերը, կարող է հարուցել նոր հակասություններ: Եվ սա պատահական չէ: Միշտ էլ այնտեղ, որտեղ տիրում է կասկածամտությունն ու անվստահությունը, ոչ մի լավ բան անպատիժ չի մնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վեհափառն այլընտրանք չունի

10 Հնս

Այսօր մեկնարկում է Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդի միջեկեղեցական և հովվապետական վեցօրյա այցը Վրաստան` Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հրավերով: Անկեղծ ասած, մի փոքր զավեշտական է հնչում հյուրընկալվելու այդ ձևակերպումը, եթե վերհիշենք, թե ինչ գնով հաջողվեց իրականություն դարձնել կաթողիկոսի ուղևորությունը: Հազվադեպ է պատահում, երբ հյուրերն իրենք են համառորեն ծեծում ուրիշի դուռը` ամեն գնով այնտեղ մուտք գործելու մտադրությամբ: Իսկ մեր կաթողիկոսի պարագայում հենց այդպես էլ կար: Գարեգին Բ-ի այցը Վրաստան պետք է կայանար դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն այդ ժամանակ հայտարարվեց, որ վրացական կողմի առաջարկությամբ այցը կտեղափոխվի նոյեմբերի երկրորդ կես: Ի վերջո, ոչ նոյեմբերին, ոչ էլ դրանից հետո նշանակվող ու փոփոխվող նոր ամսաթվերին Հայաստանյայց եկեղեցու առաջնորդին չհաջողվեց հատել սահմանը: Իսկ հիմա, պարզվում է, որ կարոտալի հյուրը կարող է նույնիսկ եղածին գումարել հովվապետական այցը: Առաջիկա օրերին Հայոց հայրապետը հանդիպումներ կունենա Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագետների, կրոնական համայնքների առաջնորդների, վրաց և հայ մտավորականության հետ: Հունիսի 12-ին Նորին Սրբության ձեռամբ կվերաօծվի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցին: Իսկ հունիսի 13-15-ը վեհափառը` վրաց պատրիարքի ուղեկցությամբ, Թբիլիսիից կմեկնի Ջավախք, ուր կայցելի Ախալցխա, Ախալքալաք, Գանձա, Ասպինձայի, Նինոծմինդայի ու Ծալկայի շրջկենտրոններ: Սա պիտի համարվի ամենագլխավոր և պատմական քայլը: Հիշեցնենք, որ 1894-ից ի վեր (երբ Խրիմյան Հայրիկը այցելեց Ջավախք), հայոց որևէ կաթողիկոս պաշտոնական այցով Ջավախքում դեռևս չի եղել:
Եվ, այնուամենայնիվ արժե մեկ անգամ ևս մտաբերել, թե ինչեր հաջորդեցին այս ուղևորությանը: Մի քանի հետաձգումների փաստից նյարդայնացած և վիրավորված հայ հոգևորականությունը այս տարվա մարտին Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողովում լրջորեն քննեց խնդիրը և որոշում կայացրեց ամեն գնով հասնել այն բանին, որպեսզի հունիսին այցը կայանա: Խնդրին միջամտեցին նաև դիվանագետները: Ապրիլի վերջին անընդհատ ինչ-որ պատրվակներ հորինող և գերզբաղված ձևացող Իլիա Երկրորդն ի վերջո ընդունեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու եկեղեցիների հարաբերություններին առնչվող հրատապ հարցեր, այդ թվում` Վրաստանում ներկայացված ավանդական դավանանքների եկեղեցիներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու խնդիրը: Ու երբ պարզ դարձավ, որ այլևս փոփոխություններ չեն լինելու, Էջմիածինը անմիջապես նախահարձակ եղավ` տեղեկացնելով, որ Թբիլիսի հասնելուն պես բարձրացվելու են բոլոր խնդիրները, այդ թվում` նաև հայկական եկեղեցիների և Ս. Նորաշենի հարցը, որոնք «անհրաժեշտ են քաղաքական տեսանկյունից»: Վերջին որակումը չափազանց հատկանշական էր: Հոգևոր դաշտից քաղաքական դաշտ տեղափոխվելու ակնարկը խորացնում և սրում էր հարաբերություններում առկա դրամատիզմը` իր հերթին վրացական կողմին զգուշացնելով հնարավոր հետևանքների մասին: Այդ շրջանում նույնիսկ կաթողիկոսն ինքը անհրաժեշտ համարեց հանդես գալ հարցազրույցով: Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակի խնդրին, նա հույս հայտնեց, որ ջանքերը կպսակվեն հաջողությամբ ոչ միայն Վիրահայոց թեմի գրանցման, այլև Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների վերադարձման հարցում: Վեհափառը նշեց, որ Վիրահայոց թեմից պահանջ է ներկայացվել Վրաստանի իշխանություններին` հետ ստանալու Վրաստանում գտնվող 6 հայկական եկեղեցիները, որպեսզի դրանք դառնան գործող ու ծառայեն թեմին: Այժմ թեմը սպասում է պատասխանին:
Ինչ խոսք, վրացական կողմը տեսնում և զգում է այս համառության ճնշումը: Չի կարելի ասել, թե նրանք գտել են վերջնական լուծման բանալին: Այդ իսկ պատճառով էլ շատերի պարզաբանումների մեջ նկատելի են մանևրելու, խուսանավելու միտումները: Ինչպես վիճելի եկեղեցիների, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալու հարցերի առնչությամբ վրաց միտրոպոլիտ Գերասիմն ասում է. «Տվյալ փուլում ոչինչ չեմ կարող ասել վիճելի եկեղեցիների մասին: Երբ պատվիրակությունը ժամանի, կնշվեն քննարկվող հարցերը: Ինչ վերաբերում է իրավաբանական կարգավիճակին, դա պետության գերակայությունն է: Իր հերթին Վրացական պատրիարքությունը դեմ չէ, որ հայկական, կաթոլիկ, հրեական համայնքները կարգավիճակ ունենան Վրաստանում»:
Դեմ չեն: Բայց արի ու տես, որ ոչինչ անել չեն կարող: Դրա համար նրանք շատ տեղին պատրվակ ունեն: Ինչպես բացատրում է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, Վրաստանում օրենքը, որը կարգավորում է կրոնական հարաբերությունները, առայժմ ընդունված չէ: Կնշանակի` խնդիրը միայն հայկական եկեղեցուն չի վերաբերում, քանի որ այդպիսի հարց առաջադրում է նաև Վրաստանում կաթոլիկ եկեղեցին եւ մյուս կրոնական հաստատությունները: Եվ ուրեմն թող հայերն էլ մյուսների օրինակով սպասեն, մինչև որ օրենքը կլինի: Կամ չի լինի ընդհանրապես:
Գալով Գարեգին Երկրորդի առաքելությանը, նշենք նաև, որ նրա ուղեբեռում միայն կրոնական խնդիրներ չեն: Վրաստան ճանապարհվելուց առաջ մի շարք հասարակական կազմակերպություններ ու կառույցներ նրան դիմեցին պահանջ-դիմումներով` կոչ անելով անհապաղ այդ երկրի իշխանությունների առաջ բարձրացնել շատերին հուզող հարցերը: «Երկիր» միությունը վեհափառին հիշեցրեց, որ Վրաստանի իշխանությունները հետզհետե խստացնում են իրենց քաղաքականությունը վիրահայության ու ջավախքահայության նկատմամբ, վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայոց լեզուն հանրային կիրառությունից հանելու ուղղությամբ, և դա անտեսելն ու շրջանցելը այլևս անթույլատրելի է: «Լեռնաշխարհ» միությունն ու Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդը անվերապահորեն պահանջեցին. «Եթե գալիս եք՝ պետք է բարձրանաք Սուրբ Նշան եկեղեցի: Գիտեք, որ այն վրացականացման շեմին է, և հավանաբար Ձեր այցելության ձգձգման խնդիրն էլ այդ է եղել»: Իսկ ահա ջավախահայությունը այցի նախօրյակին հանրագրով դիմեց կաթողիկոսին: Հանրագրում մասնավորապես ասվում էր. «Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ Վրաստանի Հանրապետություն կատարելիք այցի ընթացքում, վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդի և Վրաստանի պետական այրերի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի նկատմամբ քաղաքական հետապնդման, ապօրինի ձերբակալության, դատավարության, բանտարկության թեման»: Հանրագիրը ստորագրել էին 1200-ից ավելի մարդ՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմի և Ծալկայի շրջանների հայեր:
Այսքանից հետո Գարեգին Երկրորդն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները պարզապես պարտավոր են դատարկաձեռն ետ չվերադառնալ: Հակառակ պարագայում թե վեհափառի և թե եկեղեցու հեղինակությունը հանրության աչքում կարող է լրջորեն սասանվել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

8 Ապր

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՎԱԾ ԱՍՏԾՈՒ ԼՈՒՅՍԸ

Շատ տարիներ առաջ այնպես եղավ, որ Վահան Տերյանի մասին կինոպատմություն գրելու ցանկություն ունեցա, և Հայկինոյի իրավասուներն իսկույն պայմանագրեցին: Ինչ լավ է, որ այդ սցենարը չգրվեց և չնկարահանվեց, այլապես աղարտված էր լինելու մեր մշակույթի նաև այդ սրբապատկերը, իսկ այսպես անաղարտ- մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ չափով բեմադրիչ է, բանաստեղծի կյանքի ու գործի ընթերցմանը զուգընթաց ծավալում ու ծածանում է պատկերներ, որոնք ամենևին էլ պակաս չեն այն պատկերներից, որ պիտի լինեին, բայց բարեբախտաբար չեղան: Չգրված այդ կինոպատմության մեջ և գեղջկական ծանր աշխատանքը կար, և նախնիների համառ մղումը դեպի Եվրոպա ու լույս, և վանքը շինելու դրվագները, և տեր Սուքիասի «Տոլստովը», և Բրեստ- Լիտովսկի կործանարար պայմանագիրը, և գնացքի նույն վագոնում ու թերևս նույն խցում թուրք քոքված դիվանագետի ու Վահանի ճամփորդությունը, որ Թումանյանի կյանքից էր առնվում, և Օրենբուրգի սառը տափաստաններն ու մահը: Մի խոսքով, դա հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի ողբերգական կյանքն էր և ոչ թե մեկ ուրիշինը:
Չեմ պնդում, թե երբևէ այլևս չեմ դառնալու Տերյանին ու իր ժամանակին: Աշխարհի քար անտարբերությունը հայ ժողովրդի բախտին, տիրակալությունների ու կառավարությունների թվում է դավադիր ու դաշնակից լռությունը մեր ողբերգության առաջ` մի կողմից և մյուս կողմից մեր ճիգերի պոետական խեղճությունը, որը հար և նման է Տերյանի անզորությանը, մեր հայացքներն ամեն անգամ դարձնում են Տերյանի ճակատագրական օրերին, երբ դավն ավելի քան բաց էր և մեր ճիգերն` ավելի քան հավատավոր ու մաքուր: Երևի թե երբևէ իմ ցավն ու սերը բաժանող, իմացությունների պաշարն իմ պաշարներից հարուստ ու նյարդերն իմոնցից կայուն մի համախոհ գտնեմ և միասին գուրգուրենք «Որպես առաջին քրիստոնյաները» այդ կինոպատմությունը:
Այդ ժամանակ, գիտեմ, իմ վերաբերմունքի մեջ շատ բան փոխված, փոփոխված ու ժխտված կլինի, մասնավորապես` հրապարակայնության պայմաններում հնարավոր կլինի ավելի մոտիկից տեսնել Բրեստ-Լիտովսկի մասին ճշմարտությունը, որ հայ ժողովրդի ապագան, հիմա` ներկան ջլատեց ու մաշեց, և փոխված ու փոփոխված չի լինի մի դրվագ. սպիտակ պաստառի ֆոնին կանգնած` բանաստեղծն արտասանում է.
…Արևավոր իմ պատանի, կարմիր է քո հարսնացուն,
Սիրտս քո մոր, սիրտս քո մոր հեկեկանքով է լեցուն:

…Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ,
Մանուկներ ենք` աշխարհում հավիտյան կորած…

…Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին:

Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաս բարով…

Եվ այսպես` գուցե տասնհինգ, գուցե քսան լիքը րոպե: Իսկ կինոյի րոպեն իսկապես լեցուն է, որպես զտված մաքրության միտող ոսկի: Արտասանում է, ժուժկալ գոհությամբ տեղում շտկում (և այդ լռությունը մի բանաստեղծության վերջն է լինում և մյուսի սկիզբը), արտասանում: Եվ միայն այդ թաքուն ժպիտն է մատնում, որ ժողովրդի առջև դահլիճում է, որ ժողովուրդն ու իր մարգարեն իրարու գտել են:
Այդ կինոպատմությունը ե՞ս կգրեմ, թե մեկ ուրիշը, անհայտ է, բայց դրվագը չի փոխվի: Այդպես եմ կարծում, որովհետև այդ բանաստեղծությունները, մեր ազնվական հոգու, մեր բախտի ամենախորերից գտնված այդ ճշմարիտ վկայությունները, եզակի են և գտնված են մեկ և ընդմիշտ: Եվ Սարյանի կտավները, Խաչատրյանի «Տոկատա», Թումանյանի «Բարձրից» հյուսած, Չարենցի «Շավարշը» կռանած մեր մշակույթի մեջ Տերյանի այդ բանաստեղծությունների, այդ «Գազել հրաժեշտիի», այդ «Նաիրիի» համարժեքն ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, իրենց մասին այդ բանաստեղծությունները պետք է միայն իրենք խոսեն:
Լև Տոլստոյը մարդկանց համար հացի պես ապրողների և մարդկանց հաշվին իրենց համար ապրողների մասին մի գրվածք ունի: Տեր Սուքիասի «խավար» ժամանակներում Տոլստոյը Ջավախք գոնե մի ընտանիքում հայտի գրող ու հեղինակավոր մտածող էր, համտարած գրագիտության մեր ժամանակներում այդ վիթխարին որևէ սրտում տեսնես խոկում ու տառապու՞մ է- կասկածում եմ: Նա, ով մարդկանց հաշվին միայն իր համար ապրեց` լակեց ու լափեց, զվարճացավ ու փչացավ` մտավ քրոմե սապոգների ու կաղնե դագաղի մեջ, քրոմե հատուկ սապոգների ու հատկապես կաղնե դագաղի, և լավ կերած- խմած իր մարմինը որդերին տարավ, նրա ոչ կաշին, ոչ միսը ոչ մեկին այս աշխարհում պետք չեկավ, և նա` Խոլստամեր ձին, որ իր կենդանի գնացքը մարդկանց տվեց, կյանքին թողեց նաև իր միսն ու ոսկորը, կաշին ու արյունը. կաշին կաշեգործին գնաց, ոսկորը` կոճագործին, արյունը` ձիապահ շանը գնաց, միսը` սովահար մայր գայլին ու գայլուկներին:
Կյանքում ու գրականության մեջ ես մի ուրիշ օրինակ չգիտեմ, որ այդպես էապես ցուցադրեր Տերյանի կյանքի ու գործի այդ անմնացորդ նվիրումը կյանքին. նրա գործն ու փորձը , նրա ձախողումն ու հաջողումը, նրա պոեզիայի միսն ու ոսկորը ամբողջովին ներկալվեց իր ժամանակի ու հետագա հայ կյանքից ու գրականությունից: Նա չարտագրված բառ չունեցավ, չքաղաբերված տող չունեցավ: Նա լեզու դրեց հայ գրականության բերանը, բնազադային անորոշ թրթիռները, որ անգամ Թումանյանից ճանաչվելուց էին խուսափում, Տերյանից անուն ու նշանակություն առան և իրենից հետո եկողի համար արդեն կայուն բառամթերք էին, իրենից հետո եկողն արդեն կարող էր հայոց լեզու հրավիրել նաև այնպիսի գրողների ու մտածողների, ում համար մինչև Տերյանի հայտնությունը մեր լեզուն տեղ չուներ: Արդյո՞ք այս նույն երևույթը ի նկատի չունի Աստվածաշունչը խոսքի մասին իր առակում. «Ի սկզբանե էր բանն…»: Միայն:
Տերյանն, այո, հայոց լեզվին բան տվեց, և լեզուն, որ ամբողջ մշակույթի հիմքն ու հենքն է, յուրացնել սկսեց երևույթներ, որ մինչև Տերյանը միայն ուրվագծել էր զորում: Սա զուտ Տերյանի վաստակն է, թե՞ նաև իր ժամանակի: Իր գործի նշանակությունը ոչ ավելացնելով և ոչ էլ նվազեցնելով` ասենք, որ նաև ինքը` Տերյանն էր բազում ժամանակների ու սերունդների համառ աշխատանքի արդյունք, բայց ասենք նաև, որ իրենից հետո հայ նկարչությունն սկսեց այլ կերպ տեսնել ու նկարել, քան մինչև Տերյանն էր նկարում. իրենից հետո հայ ճարտարապետությունը սկսեց նկարել ու կառուցել այլ կերպ, քան մինչև Տերյանը. և երաժշտությունը, և բուն բանարվեստը: Այլապես հնադավաններ կլինեին և ժամանակավրեպ կկոչվեին:
Նկատված երևույթ է, որ գաղթածները նոր վայրերում փնտրում ու գտնում են իրենց հին հայրենիքին հնարավորինս նման հայրենիք և հին տունը նոր գյուղում նույնությամբ վերականգնում են. առջևները հեռվում սար են եղել` նոր վայրերում սար են փնտրում, գյուղը գետի ակունքներում է եղել` այստեղ են ակունք գտնում, դուռն արևելք է նայել` դարձյալ արևելք է նայում: Մեր խոսքը հիմա, սակայն, Բյուրակն և Ջավախք աշխարհների անվերապահ նմանության մասին չէ- միմյանց նույնությամբ կրկնելու մասին է երկու, թվում է, հեռավոր աշխարհների` Ջավախք աշխարհի և Տերյանի բանաստեղծության: Ժողովրդի և բնության այս գեղեցկապաշտությունը փոխկանչի մեջ են և իրարու գտնում են: Եթե աչքերս կապած ինձ պտտեին հայրենի երկրում և միայն մի փոքրիկ պատկեր տեսնեի, որ տեսա- սիրունիկ հագնված աղջնակը ինքն իրեն չափ էր տալիս և ուլի ու հորթի առջև պարում,- կամ հեռվի գետակից մի ոլորան տեսնեի, կամ վանքի մի պատը, կամ հացի ու կարտոլի խնամված ցանքերից մի գորգաչափ տեղ, պիտի ասեի. դուք ինձ բերել եք Տերյանի Ջավախք, այսքան գեղեցիկ միայն Տերյանի պոեզիան է:
Ամենամյա մեր այս ուխտագնացությունը, որ մեր հայրենակիցների համար ամառվա այս հոգսերի մեջ թերևս նոր հոգս է դառնում, և մեզ է հարկավոր, և իրեն պոետին. մենք նրա անմահությունն ենք, ինքը մեր կարիքն ունի, առանց մեզ` նաև իր ղողանջն էր մարելու, ինչպես որ մարել է, ասենք, Ախթամարի ղողանջը. և մեծից փոքր ու ղեկավարից հասարակ մենք բոլորս իր կարիքն ունենք, քանի որ մարդու նպատակը վեհ ու վեր մի գեղեցիկ բանի առնչվելն է: Դեպի ինքը ձգտելով` մենք այդ վեհին ու վերին ենք ձգտում:

Մզկիթներն ընդդեմ վանքերի

2 Փտր

Օր-օրի ամրապնդվող ու խորացող վրաց-թուրքական հարաբերությունների վերջին դրսևորումներից մեկը պետք է համարել այն նախագիծը, որի շուրջ արձանագրություն է կազմվել Թուրքիայի և Վրաստանի կառավարական հանձնաժողովների միջև: Համաձայն դրա, Թուրքիան ծրագրում է հարևան երկրում վերականգնել երեք և կառուցել մեկ մզկիթ, իսկ վրացական կողմը հնարավորություն կստանա 4 հնագույն վրացական եկեղեցի վերականգնել Թուրքիայում: Հիշյալ նախագծի խոցելի կողմերն արդարացնելու համար օրերս Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուան հարկ համարեց պարզաբանել, թե իրենք ստիպված են գնալ նման աննախադեպ քայլի «Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մշակութային հուշարձանները փրկելու համար»: Այդ մասին հաղորդելով, «Գրուզիա Online»-ը նաև հավելում էր, որ երկկողմ ծրագրի պայմանները հասարակայնությանը հայտնի կդառնան այն բանից հետո, երբ այն ստորագրվի:
Առաջին հայացքից նման պայմանավորվածության մեջ ոչ մի արտասովոր, առավել ևս` անհանգստացնող բան չէր նկատվի, եթե չլիներ տեղեկատվությունն այն մասին, որ Քոբուլեթիի շրջանում 1940 թվականին այրված մզկիթը վերականգնելուց ու Բաթումիի թուրքական բաղնիքը վերագործարկելուց զատ թուրքական կողմը պատրաստվում է մզկիթներ վերականգնել նաև Սամցխե-Ջավախեթիում և Ախալցխայում: Գերազանցապես հայերով բնակեցված այդ տարածքներում մուսուլմանական հոգևոր կառույցների գործարկումը հազիվ թե պիտի բխի տեղի բնակչության կրոնական պահանջներից: Եվ հենց այդ ակնառու անհամապատասխանությունն էլ տագնապ է հարուցում ոչ միայն Ջավախքում:
Պետք է ասել, որ Վրաստանի ղեկավարությունն ի սկզբանե թաքցնում էր պայմանավորվածության բովանդակությունը և, ըստ վրացական աղբյուրների, նույնիսկ արգելել էր տեղի հեռուստաընկերություններին ռեպորտաժներ ու տեսանյութեր պատրաստել այդ թեմայով: Առաջին հերթին իշխանությունները խուսափում էին բարձրաձայն խոսել այն մասին, թե Թուրքիայի տարածքում գտնվող վրացական կոթողներին ինչ անմխիթար վիճակում էին: Իսկ այն, թե ինչ էր պահանջում Թուրքիան Վրաստանից վրացական կոթողների վերականգնման դիմաց, ընդհանրապես փակ թեմա էր հայտարարված և դրա մասին որևէ խոսք չէր գնում: Ավելին ասենք: Թուրք-վրացական պաշտոնական հանդիպումները գաղտնի էին տեղի ունենում մինչև այն պահը, երբ լուրը հասավ Վրաստանի Պատրիարքությունը, որն էլ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` նշելով, թե իրենք համաձայն չեն թուրքական կողմի ներկայացրած պայմաններին: Եղավ մի պահ, որ շփումները սպառնում էին ավարտվել գժտությամբ ու սկանդալով: Բանն այն է, որ վրացական կողմն այդ ժամանակ Անկարայից պահանջում էր վերականգնել Վրաստանի պատմական Լազեթիում գտնվող «Արդաշեն» մենաստանը, իսկ պատմական Խախուլիից դուրս բերել մզկիթը: Հետո բանակցությունները սկսեցին ձգձգվել, տարաձայնություններն ավելանալ, մինչև որ վերջապես կողմերին հաջողվեց գտնել նախընտրելի «ոսկե միջինը»:
Սակայն վերադառնանք Ջավախքի և ընդհանրապես Վրաստանում հայկական հուշարձանների կացությանը: Մեզ համար նորություն չէ, որ այդ երկրում հայկական եկեղեցիների ավերման, դրանց պատկանելիության հարցը կասկածի ենթարկելու ընդհանուր ֆոնի վրա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող է նաև Թուրքիայի տարածքում գտնվող վրացական հուշարձանները թուրքական համարել, ինչպես նաև արտառոց չդիտարկել իր երկրում այլադավանների հոգևոր կենտրոնների կառուցման հանգամանքը: Նորությունը թերևս կարող է համարվել այն, որ Վիրահայոց թեմը տեղյակ չէ փաստին, թե պաշտոնական Թբիլիսին պատրաստվում է Թուրքիային Սամցխե-Ջավախքում ու Ախալցխայում մզկիթ կառուցելու թույլտվություն տրամադրել։ Այս մասին արդեն հայտարարել է Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Մարիա Առաքելովան: «Այդ հարցի վերաբերյալ հստակ ոչինչ չենք կարող ասել։ Մզկիթներ վերականգնելու և կառուցելու լուրերը բամբասանքի մակարդակի վրա են։ Մեզ ոչ ոք այդ մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդել։ Մեզ առհասարակ հայտնի չէ, որ վրացական ու թուրքական կողմերի միջև նման պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- նշել է նա: Հայ եկեղեցու ներկայացուցիչների մշտական անտեղյակությունն այլ խոսակցության առարկա է: Իսկ հիմա ուղղակի փորձենք հասկանալ, թե Թբիլիսին ի՞նչ շահեր է հետապնդում` թուրքերին Ջավախքի ճանապարհը ցույց տալով: Հիմնական միտումները կարող են լինել երկուսը: Մի դեպքում դա հայերի հանդեպ խտրական քաղաքականության ջրաղացին հերթական ջրի չափաբաժինն ավելացնելու պահանջն է, իսկ մյուս դեպքում կարող է վերաբերել թուրք- մեսխեթցիններին այս շրջանում վերաբնակեցնելու նրանց նպատակների ու ԵՄ առջև ստանձնած պարտավորությունների հետ: Պարզից էլ պարզ է, որ երբ մզկիթ է կառուցվում կամ վերականգնվում մի վայրում, ուր չկան հավատացյալներ, ապա մնում է մտածել, որ այդ հավատացյալներին «ներմուծելու» քայլը դառնալու է հաջորդը: Իսկ մզկիթները վերականգնելու միջոցով մուսուլմանականնների համար Ջավախքը հրապուրիչ դարձնելու փորձը միայն կնպաստի ծրագրված ներհոսքին: Սա է պատճառը, որ Ջավախքի հայկական կազմակերպություններն արդեն միաբերան ասում են. «Դա անթույլատրելի է, հետեւաբար չի կարելի թույլ տալ, պետք է պայքարել նման ծրագրերի դեմ, որոնք ուղղված են Ջավախքի ու Հայաստանի հայերի դեմ»:
Ի դեպ, հավելենք, որ ներկա պահին Վրաստանում կա մոտ 300 մզկիթ: Դրանցից մոտ հարյուրը գտնվում են Բորչալուում՝ ադրբեջանցիների համահավաք բնակության տարածաշրջանում: Բոլոր մզկիթները գործում են, դրանցից ոչ մեկը չի փակվել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Լրտեսամանիա` հայկական հետքով

2 Նյմ

Վրացական իշխանությունները, որոնք ոչ մի գնով չեն կարողանում ձերբազատվել հետապնդման բարդույթից, այս օրերին համակվել են հերթական լրտեսամանիայով: Տեղեկատվությունն այն մասին, որ այդ երկրում ձերբակալվել են 20 անձ՝ Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով, քչերին զարմացրեց: Այն ամենն, ինչ սովորաբար Թբիլիսին վերագրում է ռուսներին, մեծ մասամբ ուրիշ բան չի լինում, քան թերարժեքության ու արկածախնդրության միաձուլումից ծնունդ առած գործողություն: Եվ այժմ խիստ դժվար է հավատալ, որ գոնե այս անգամ խոսք կարող է գնալ իրականությանը մոտ փաստերի մասին:
Արդեն հաղորդվել է, որ բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են, որոնք կասկածվում են ճյուղավորված լրտեսական ցանց ստեղծելու համար՝ նպատակ ունենալով ձեռք բերել ու Մոսկվային փոխանցել պետական ու ռազմական գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն։ Առանձահատուկ շեշտադրությամբ ընդգծվել է և այն, որ խմբի երկու անդամները հայազգի քաղաքացիներ են:
Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, բայց միայն աժմ է հայտնի դառնում, որ իրավապահները դեռևս հոկտեմբերի 17-ին ձերբակալել էին Բաթումիի բնակիչներ Արմեն Գևորգյանին ու Ռուբեն Շիկոյանին: Վերջիններիս մասին ասվում է, որ երկուսն էլ աշխատել են բեռների ու նավթամթերքի փոխադրման ստուգումներով զբաղվող մի ընկերությունում: Գևորգյանն այդ ընկերության տնօրենն էր, իսկ Շիկոյանը զբաղեցնում էր նրա տեղակալի պաշտոնը: Նրանք շարժման անդամներ են դեռևս 1998 թվից և ակտիվորեն աշխատել են երիտասարդության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Իսկ Ա. Գևորգյանը Ասլան Աբաշիձեի իշխանության տարիներին նաև Աջարիայի հայ համայնքի ղեկավարն էր:
Վրացական իշխանություններն առայժմ հրաժարվում են որևէ հավելյալ տեղեկատվություն տրամադրել: Գործի քննությունն ընթանում է լիակատար գաղտնիության պայմաններում: Անանուն աղբյուրներից հնարավոր է դարձել իմանալ ընդամենը այն, որ Շիկոյանին ու Գևորգյանին մեղադրում են Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացուց գումար ստանալու մեջ: Վրացական թերթերը գրում են, թե ենթադրաբար այդ ռուսաստանցին հետախուզության աշխատակից է եղել, իսկ ձերբակալվածներին հանձնարարված է եղել տեղեկություններ հավաքել Վրաստանի ներքին գործերի ու պաշտպանության նախարարությունների կողմից իրականացված գնումների, ինչպես նաև ուժային կառույցների աշխատակիցների անձնական տվյալների մասին: Հույս կա, որ մոտ օրերս փոքր-ինչ լույս կսփռվի այս մութ պատմության վրա: Համենայն դեպս, վրաց իրավապահները խոստացել են գործի մանրամասները հրապարակել նոյեմբերի 5-ին: Իսկ առայժմ տեղյակ է պահվել այն մասին, որ հայերից մեկը ներկայումս գտնվում է հիվանդանոցում, քանի որ տառապում է շաքարախտով:
Դժվար է ասել` Հայաստանի իշխանություններն ինչ-որ կերպ կփորձե՞ն արձագանքել կատարվածին: Հասկանալի է, որ ձերբակալվածները մեր երկրի քաղաքացիներ չեն և դա դժվարություններ կհարուցի միջամտելու պարագայում: Սակայն հարկ է նաև չմոռանալ, որ սա բնավ էլ վրացական իշխանությունների կողմից բացահայտման առաջին փորձը չէ: Անցյալ տարվա հունվարին նրանք նույն կերպ Ախալցխայի երիտասարդական կենտրոնում ձերբակալեցին երկու հայերի` Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին: Երիտասարդներին մեղադրանք առաջադրվեց` հանցագործության նախապատրաստում, անօրինական զինված խմբավորման ստեղծում և լրտեսություն: Հասկանալի է, որ հետո ոչ միայն անհնար եղավ լրտեսության փաստն ապացուցել, այլ գոնե մի պարսատիկ գտնել զինված խմբավորման զինանոցից: Բայց նույնիսկ այդ աղաղակող կեղծիքները վրացական կողմին ետ չեն պահում իրենց մտադրություններից: Ջանալով անպայման ընդգծել հայ-ռուսական դավադրության գոյությունը, նրանք յուրաքանչյուր անգամ երևակայական լրտեսական խմբերի ինտերնացիոնալ կազմը:
Մոսկվայի առաջին արձագանքները գալիս են հաստատելու ձեռնարկի շինծու լինելու հանգամանքը: Ռուսաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանություններ անելուց, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե քանի որ ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են, ապա ավելի տրամաբանական կլիներ հենց պաշտոնական Թբիլիսիին դիմել պարզաբանումների համար: Ի դեպ, հիշեցնենք նաև, որ 2006-ին վրացական ոստիկանությունը ձերբակալել էր 4 ռուս զինվորականների ու Վրաստանի 11 քաղաքացիների, որոնք կրկին մեղադրվում էին լրտեսության մեջ:
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը աղմկահարույց այս առնչությամբ իրենց բացատրությունն ունեն: Նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ռուս- հայկական հետքով հերթական լրտեսական սկանդալը ծագել է տեղի ընդդիմության խոստացված ակտիվացման նախօրեին: Վրացի ընդդիմադիրները նոյեմբերի երկրորդ կեսին պատրաստվում են փողոց դուրս գալ` անհամաձայնություն հայտնելու նախագահ Սահակաշվիլիի վարած քաղաքականությանը: Եվ չի բացառվում, որ շատ շուտով իշխանությունները փորձեն ներքին քաղաքական շիկացումը կապել Մոսկվայի խարդավանքների հետ: Դա նոր բան չէ Թբիլիսիի գործելաոճում:
Կա ևս մի ուշագրավ դրվագ: Դեռևս այս տարվա ամռանը Վրաստանի պաշտոնական մարմինները հայտարարել էին, թե չեն բացառում, որ երկրի ներսում լրտեսական ցանց է ձևավորվում: Այս խոսքերից անմիջապես հետո ելույթ ունեցավ Բրիտանական հետախուզության պետը` նախազգուշացնելով այն մասին, թե իբր ձախողվելով ԱՄՆ-ում ու Եվրոպայում, Ռուսաստանի հատուկ ծառայություններն այժմ կարող են իրենց հետախույզներին ուղարկել Վրաստան: Ահա այսպիսի դետեկտիվ սյուժե` միանգամայն արժանի Արթուր Կոնան Դոյլի գրչին ու երևակայությանը: Ուրեմն զինվենք համբերությամբ և սպասենք վիպական հանգուցալուծման:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: