Tag Archives: պոռնկագրություն

ԱՆՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

13 Ապր

ՇԻՐՎԱՆԶԱԴԵՆ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ

«… Ես գրել էի մի հայ բանաստեղծի մի ոտանավորի մասին, որի հեղինակը հրճվանքով պատմում է, թե ինչպես նա իր տասներեք տարեկան ազգականուհու հոգին բռնաբարել է և մարմինը գերեզման ուղարկել:
Երեկ իմ բարեկամներից մեկի ցուցմունքով կարդացի մի ուրիշ հայ «բանաստեղծի» մի ավելի զազրելի ոտանավոր: Այդ «բանաստեղծի» անունն է Դանիել Վարուժան, ոտանավորի վերնագիրը «Ով Լալագե…»: Տպված է այդ կեղտոտ ոտանավորը նույն «Գեղարվեստ» հանդեսի նույն համարում:
Դատեցեք ինքներդ: Մեր բանաստեղծը պատմում է, թե ինչպես ինքը մի օր իր հղի կնոջ հետ մտնում է մի այգի այգեկութի ժամանակ: Այգում աշխատում են եթովպացի կանայք կիսամերկ, «ծիծերն ի վար գոգին մեջ»: Տեսնում է նրանց թե չէ, իսկույն գրգռվում է: Գոնե ինքն այսպես է երգում.
«Ես ունեցա ընդվզումներ արյունի.
Ու ցանկացա արեգակին, հողին պես
Բեղմնավորել ինձ մերձացող ամեն հունտ…
Այսինքն, հասարակ մահկանացուներիս լեզվով ասած, «հայ բանաստեղծը» ցանկություն է ունենում սեռական հարաբերություն ունենալ բոլոր եթովպուհիների հետ, որոնց, «պորտին տակը» այնպիսի բանաստեղծական էքստազի է բերում նրան, որ մոռանում է անգամ իր հղի կնոջ ներկայությունը: Եվ ահա այն միջոցին, երբ հղի կինը զբաղված է նուռը քաղելով և ուտելով, մեր երևելի բանաստեղծը մի եթովպուհու…
Համբուրեցի… բռնած հընդիկ մազերեն,
Պառկեցուցի ժըպտագին գլուխը կրծքին
Ու հեշտաբուռըն շրթերով, Լալագե,
Համբուրեցի…
Եվ այլն:
Դա արդեն պոռնկագրություն չէ, այլ կատարյալ պոռնկություն: Եվ ահա Դանիել Վարուժանի պես էրոտոմանները մեզ իրանց պոռնկության նմուշները ծախում են բանաստեղծության տեղ և «Գեղարվեստ»-ի նման մի հանդես այդ նմուշները օրը ցերեկով թավազա է անում մեզ: Ոհ, մարդու փսխանքն է գալիս այդ տեսակ գռեհիկ, կոպիտ, ամոթից ու ամենատարրական ճաշակից զուրկ «բանաստեղծների» գործերը կարդալիս:
Խեղճ հայ ընթերցող:
Ես գնահատում եմ «Գեղարվեստ» հանդեսը, հավանում եմ նրա նկարները, սիրում եմ խմբագրի եռանդը և անկեղծ ցանկությունը ծառայելու իր հայրենակիցների մեջ գեղեցիկի ճաշակը զարգացնելու գործին, բայց չեմ կարող իմ նողկանքը չհայտնել, որ շատ գեղեցիկ էջերի հետ նրա համակրելի հանդեսի մեջ կան և լինում են և այնպիսի աղտոտ էջեր, որպիսին է «Ով Լալագե…»:
Կցանկանայի, որ պ. Գ. Լևոնյանը չենթարկվեր մի խումբ տգետ, անճաշակ արևելյան կեղտը՝ իդեալական սիրո և գորտերի կռկռոցը սոխակի դայլայլի տեղ ընդունող ասիացիների խրախուսանքին…»:

%d bloggers like this: