Tag Archives: ՊԻԵՐ ԺԱՆ ԲԵՐԱՆԺԵ

ՊԻԵՐ ԺԱՆ ԲԵՐԱՆԺԵ

20 Ապր

ՀԻՆ ԶԳԵՍՏԸ

Իմ սիրելի մաշված զգեստ, ինձ չլքես,
Եկ ծերանանք մենք միասին:Ես տաս տարի խոզանակել, մաքրել եմ քեզ`
Միշտ հիշելով Սոկրատեսին:
…Եթե բացվեն մաշկիդ վրա
Ճակատագրի նոր-նոր վերքեր,
Վարվիր ինձ պես, ապրիր ինչպես փիլիսոփա,
Չբաժանվենք, իմ հին ընկեր:

Հիշում եմ ես. տարեդարձն էր իմ ծննդյան,
Քեզ առաջին անգամ հագա,
Քո մասին ջերմ ու ցնծալի երգեր եղան,
Մեզ մաղթեցին մեծ ապագա:
Ինձ չի ընկճել տեսքդ խղճուկ,
Քեզ կրելը մեծ պարծանք էր,
Մեզ համար էլ միշտ կլինի տոն ու խնջույք,
Չբաժանվենք, իմ հին ընկեր:

Տեսնում եմ ես մի կարկատան քո կերպասին
Ու մի դեպք եմ հիշում նորից.
Ես ձևացրի, թե լքում եմ քնքուշ Լիզին,
Նա շփոթված կառչել էր ինձ:
Պատռվեցիր. այսուհանդերձ
Դա մի չքնաղ հնարանք էր.
Նա երեք օր իմ գրկի մեջ քեզ կարկատեց:
Չբաժանվենք, իմ հին ընկեր:

Օծե՞լ եմ քեզ բուրմունքներով շռայլորեն,
Ինչպես անմիտ մի պճնամոլ,
Ո՞վ է տեսել, որ քեզ ծաղրեն, արհամարհեն,
Դահլիճների մեջ ոսկեցոլ:
Ես չեմ ուզում պատվո նշան,
Երիզներով նախշած թևքեր,
Քո լամբակին եղել է միշտ վարդ ու շուշան,
Չբաժանվենք, իմ հին ընկեր:

Մի վախեցիր այն օրերից, երբ կունենանք
Մի ընդհանուր ճակատագիր,
Ու միատեղ կճաշակենք վիշտ ու բերկրանք,
Այս վազքի մեջ ինձ մի լքիր:
Ահա շուտով ժամը կգա,
Երբ կդառնամ որդերին կեր,
Խաղն ավարտենք իրարու հետ, քիչ էլ տոկա,
Չբաժանվենք, իմ հին ընկեր:

 

Թարգմ. Պերճ Թյուրաբյան

%d bloggers like this: