Tag Archives: պիես

ՅՈՒՍՈՒՖ ԻԴՐԻՍ

13 Ապր

Հատվածներ «Ֆարֆուրները» պիեսից

Ֆարֆուր- Աշխատիր որպես մտավորական:
Սիդ- Իսկ ի՞նչ են անուն այդ մտավորականները ձեզ մոտ:
Ֆարֆուր- Ոչինչ էլ չեն անում:
Սիդ- Ինչպե՞ս թե՝ ոչինչ չեն անում:
Ֆարֆուր- Քո այդ հարցը վկայում է, որ դու մտավորական չես:

* * *
Ֆարֆուր- …Աշխատիր պետական ծառայող: Դու դրա համար ընդունակություններ ունես:
Սիդ- Այդ ինչպե՞ս:
Ֆարֆուր- Չե՞ս ուզում քո անկյունը ունենալ, որտեղ կարող ես քնել և երազում տեսնել, որ երազ ես տեսնում: Աշխատավարձից աշխատավարձ դու մի ամբողջ ամիս կունենաս երազ տեսնելու համար:

* * *
Սիդ- Քանի դեռ ես քո տերն եմ, իմ կարծիքը քոնից ավելի լավն է:
Ֆարֆուր- Նույնիսկ եթե իմ կարծիքը ճիշտ է, իսկ քոնը՝ սխա՞լ:
Սիդ- Որդիս, ճիշտ և սխալ կարծիքը որոշվում է այսպես. ճիշտ կարծիքը իմ կարծիքն է, իսկ սխալ կարծիքը՝ քոնը:

* * *
Ֆարֆուր- …Ինչու՞ ես դու տեր, և ինչու՞ եմ ես Ֆարֆուր:
Սիդ- Որովհետև յուրաքանչյուր տեր պետք է ունենա Ֆարֆուր:
Ֆարֆուր- Ինչու՞:
Սիդ- Որովհետև յուրաքանչյուր Ֆարֆուր պետք է տեր ունենա:
Ֆարֆուր- Բայց ինչու՞ պետք է ունենա:
Սիդ- Որովհետև այդպես է: Պետք է, նշանակում է՝ պետք է:
Ֆարֆուր- Պիեսու՞մ, նկատի ունես:
Սիդ- Պիեսում և պիեսից դուրս: Ամեն, ամեն տեղ: Այդպես է պետք… Յուրաքանչյուր ոք կամ լինում է տեր, կամ լինում է Ֆարֆուր: Ամեն Ֆարֆուր տեր ունի, և ամեն տեր ունի Ֆարֆուր:

* * *
Սիդ- Ֆարֆուր, եղբայրս, մեզ պետք է մեկը, որը կղեկավարի մեզ:
Ֆարֆուր- Ինչու՞ է պետք… Բնավ պետք չէ:
Սիդ- Գոնե նրա համար, որ ասի, թե երբ ենք մենք աշխատելու և երբ ենք հանգստանալու:
Ֆարֆուր- Ամեն մեկը ինքն է իրեն ասում:
Սիդ- Շատ լավ, ուրեմն հիմա ես ինքս կասեմ՝ հանգստացիր, ո՜վ ինքս: Վերջ, ես հանգստանում եմ:

* * *
Ֆարֆուր- Ես գոնե մեկ օրենք գիտեմ, ով աշխարհ, որը վերաբերվում է մարդկանց: Եվ Ալլահը վկա, այդ օրենքը չափազանց պարզ է… Օրենք, որ ես քեզ նման եմ, և դու ինձ նման ես: Եվ մենք պետք է մաքրենք մեր հարաբերությունները աշխատողի և աշխատացնողի, ամբոխի և պատասխանատուի, Ֆարֆուրի և տիրոջ, գիտունի և տգետի, ուժեղի և թույլի հարաբերություններից: Մարդկության օրենքը, ով աշխարհ, ինը ամիսների և մեր կերած կաթի օրենքը, այն օրենքը, որ ղեկավարել է մեզ, երբ մենք փոքր էինք և թրջում էինք մեր անկողնում, օրենքը, որը թույլ է տալիս բոլոր երեխաներին լինել եղբայրներ: Նրանց մեջ չկան ոչ Սիդ և ոչ Ֆարֆուր: Բնության օրենքը, կենդանիների օրենքը, երբ առյուծը չունի տեր առյուծ, և ոչ մի ագռավ Ֆարֆուր չէ ուրիշ ագռավի մոտ:

ՅՈՒՍՈՒՖ ԻԴՐԻՍ

10 Փտր

…Նրանից, որ ապրում ենք, ավելի կարևոր է իմանալ, թե ինչու ենք ապրում: Որդը ոչնչացնելուց ավելի կարևոր է, որ մենք իմանանք որդի գոյության իմաստը՝ այն համարելով չարիք և բամբակը համարելով բարիք: Եվ եթե ոչնչացնենք չարիքը, և մնա միայն բարիքը, միգուցե մարդը սկսի կաղալ…
Ո՞վ է պատասխանատու, որ իմ հոգու ամենակարևոր մասնիկը չորացել և մահացել է: Ո՞վ է պատասխանատու, որ ես մի անգամ կորցնում եմ աղերսները և մնում մենակ աշխարհում, որի հետ չունեմ որևէ կապ: Փլվել է կամուրջը, որն ինձ կհասցներ դեպի այն, և սպառվել է կարեկցանքը, որով այն կապում էր ինձ և ջերմացնում էր ինձ իրենով, ու ես էլ ինձնով էի ջերմացնում իրեն: Ո՞վ է պատասխանատու, որ ես անվերջ զգում եմ, որ վիրավոր եմ, խոցված եմ, որ ես կորցրել եմ հանգստությունը:
Ես ասում եմ, թե ով է պատասխանատու, որովհետև պատասխանատվությունը մեծ է: Ոչ միայն դու, այլ դուք բոլորդ էլ պատասխանատու եք: Ես էլ եմ պատասխանատու: Եվ ինձ թվում է, որ ամենաշատը պատասխանատու է այն ուղին, որով մենք ապրում ենք: Միգուցե մեր ուղին սխալ է, միգուցե կյանքի ավելի լավ ուղի կա: Միգուցե կա մի ճանապարհ, որը թույլ է տալիս եղբայրներին լինել պարզապես եղբայրներ և թույլ չի տալիս, որ մայրը լքի իր որդիներին, և ոչ էլ որ որդիները հրաժարվեն իրենց հարազատներից…

«Երկրային կատակերգությունը» պիեսից

ՍԱՐՈՅԱՆԸ` ԹԻՐԱԽԻ ՏԱԿ

16 Հկտ

Վիլյամ Սարոյանի և Խորհրդային Հայաստանի իշխանությունների հարաբերությունները տասնամյակների ընթացքում ամենածայրահեղ գունափոխումների են ենթարկել: Մի դեպքում նա իր Հայրենիքի բարեկամն ու նվիրյալն էր, իսկ հաջորդ պահին կարող էր ուղղակի համարվել անցանկալի անձ, արժանանալ ամենակոպիտ պիտակների: Այսպես, 1930-ականների կեսերին Մոսկվայում և Երևանում ջերմ ընդունելության արժանացած գրողը չէր էլ կարող ենթադրել, որ սառը պատերազմի շրջանում վերաբերմունքի կտրուկ շրջադարձը կհանգեցներ նրան, որ Սարոյան անվան հոմանիշներ կդառնային , , հորջորջումները: Մամուլի էջերից ու ամբիոններից նմանօրինակ մեղադրանքները հնչում էին յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում, իսկ նրա գրքերը հանվել էին շրջանառությունից:
Այդ հեռակա հետապնդման խնդրում Սարոյանը միայնակ չէր ու բախտակիցներ ուներ: 1946-ի մայիսից արդեն հսկողության տակ էին առնված 14 օտարագիր հայ գրողներ, և իշխանությունների կազմած այդ տխրահռչակ ցուցակի ամենավերին տողում գրված էր` Վիլյամ Սարոյան: Պահպանվել է մի փաստաթուղթ` ստորագրված Հայկական ԽՍՀ Արտաքին գործերի նախարարության քաղբաժնի վարիչ Գասպարովի կողմից, որտեղ վերջինս պահանջում է երեք օրվա ընթացքում իրեն տրամադրել Սարոյանի և մյուսների բնութագրերն ու նրանց մասին ամփոփ տեղեկատվություն: (ՀԱԱ, ֆ. 709, ց. 1, գործ 43, էջ 16):
Թե ժխտողականության արշավն ուրիշ ինչպիսի դրսևորումներ է ունեցել, կարելի է պատկերացում կազմել ստորև ներկայացվող ևս երկու փաստաթղթերից:
«Գաղտնի, օրինակ N 1
Մոսկվա, 8 դեկտեմբերի, 1947 թ.
հմ. 2797 ց.
Արտասահմանի հետ մշակութային կապերի հայկական
ընկերության նախագահ Լ. Ա. Քալանթարին1
Ի գիտություն Ձեզ հայտնում ենք հետևյալը.
<Նյու- Յորքում ԽՍՀՄ Գլխավոր հյուպատոս Յա. Մ. Լոմակինին է դիմել ամերիկացի հայ գրող Վիլյամ Սարոյանը իր նոր` պիեսը հայերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանելու և խորհրդային բեմում այն ներկայացնելու օժանդակության խնդրանքով: Ընկ. Լոմակինը մեզ է ուղարկել այդ պիեսը: Դրա հետ ծանոթանալուց հետո մենք ընկ. Յա. Մ. Լոմակինին պատասխանեցինք, որ այդ պիեսը ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում ԽՍՀՄ-ում թարգմանելու, առավել ևս խորհրդային բեմում ներկայացնելու համար: Նպատակը, որն իր առջև դրել է հեղինակը` ժողովուրդների միջև բարեկամության անհրաժեշտությունը, պիեսում լուծում է գտնում մերձավորի հանդեպ աստվածաշնչյան սիրո միջոցով` ընդհանուր ոչինչ չունենալով այն պայքարի հետ` որ մղվում է ընդդեմ իրական մեղավորների, որոնք երկպառակության սերմեր են ցանում ժողովուրդների միջև:
Այլ գործող անձանց թվում պիեսում պատկերված է Մոլլին` ծագումով ռուս, որը, ըստ հեղինակի մտահղացման, թերևս խորհրդանշում է խորհրդային ժողովրդին: Սակայն Մոլլին ոչնչով չի տարբերվում պիեսի մյուս կերպարներից, որոնք շփոթվածության կնիքն են կրում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Այսպիսով, Սարոյանի սիմվոլիկան նրան հանգեցնում է խորհրդային ժողովրդի հանդեպ ըստ էության կեղծ եզրակացումների:
Արտասահմանի հետ մշակությաին կապերի համամիութենական
ընկերության վարչության անդամ Լ. Կիսլովա>:
(ՀԱԱ, ֆ. 709, ց. 1, գործ 43, էջ 16):
Երկիր, որտեղ մերժելի էր աստվածաշնչյան սերը, իսկ արվեստի արժևորման չափորոշիչները սահմանվում էին լոմակինների ու կիսլովաների հայեցողությամբ, հազիվ թե պետք էր ավելին ակնկալել: Միայն թե ռուս պաշտոնյաների վարվելակերպն ընդամենը չարիքի փոքրագույնն էր: Շատ ավելի արմատական ու անհանդուրժող էին հայ գրչակիցները և ըստ էության հենց նրանք էին, որ յուղ էին լցնում կրակի վրա: Իբրև ասվածը հավաստող օրինակ կարելի է հիշատակել գրող Աշոտ Գրաշու2 1952 թ. նոյեմբերի 1-ին գրած նամակը Գ. Մ. Մալենկովին3:
Նամակի սկզբում Գրաշին ասում է, որ ինքը 1951-ի ամռանը Հայաստանի Կոմկուսի կենտկոմի պլենումի ժամանակ քննադատել է Դերենիկ Դեմիրճյանի նացիոնալիստական շեղումները, սակայն նրա այդ ելույթը սրերով են ընդունել Դերենիկ Դեմիրճյանի համակիրները: Այնուհետև նա շարունակում է. <…Իմ փորձը` տպագրել հոդված Դեմիրճյանի հրապարակախոսական կոպիտ սխալներից մեկի` ամերիկացի կոսմոպոլիտ Սարոյանի գովաբանության դեմ, հաջողությամբ չպսակվեց. հոդվածը շարվել էր, սակայն խմբագրությունը որոշեց հոդվածի հրապարակումը համաձայնեցնել Հայաստանում իր սեփական թղթակից Հարյանի4 հետ, որն էլ իր հերթին խորհրդակցելով Դեմիրճյանի ընկերների հետ` ձախողեց դրա լույսընծայումը…>: (ՀԱԱ, ֆ. 403, ց. 1, գ. 113, էջ 17-18):
Կանցնեն հաշված տարիներ, և Խորհրդային երկիրը ոչ միայն վերստին իր դռները կբացի Վիլյամ Սարոյանի առաջ, այլև այն մարդիկ, ովքեր երեկ արատավորում էին նրա անունը, այս անգամ կսկսեն դրվատել ու փառաբանել մեծ գրողի վաստակը:

1. Լևոն Քալանթար- (1891- 1959) բեմադրիչ, թատերական գործիչ: Զբաղվել է նաև հնագիտությամբ:
2. Աշոտ Գրաշի- (1910- 1973) հայ բանաստեղծ, թարգմանիչ, ծնվել և ապրել է Բաքվում մինչև 1946 թ.: Այնուհետև տեղափոխվել է Երևան:
3. Մալենկով Գեորգի Մակսիմիլիանովիչ (1902-1988)- խորհրդային պետական և քաղաքական գործիչ:
4. Գևորգ Հայրյան- (1913 հայ գրող, գրականագետ, 1949- 54 թթ. եղել է սեփական թղթակիցը Հայաստանում: Հետագայում` կրթության մինիստր, ապա կինեմատոգրաֆիայի պետկոմի նախագահ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: