Tag Archives: Պետքարտուղարություն

Յո՞ երթաս, Յովանովիչ…

10 Մյս

Վերջին շաբաթվա ամենամեծ անակնկալը մատուցեց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Պարզվեց, որ նա պատրաստվում է ավարտել իր եռամյա առաքելությունը մեր երկրում: Յովանովիչը հունիսի սկզբներին կլքի Երևանը և կվերադառնա Վաշինգտոն` ստանձնելու իր նոր պաշտոնը` Հյուսիային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի աթոռը:
Եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ այս լուրը շատ անսպասելի էր, ապա դեսպանի մեկնումի փաստի մեջ իրականում տարօրինակ ոչինչ չկա: Տիկնոջ դիվանագիտական կենսագրությանը հետևելու դեպքում կարելի է նկատել, որ ոչ մի այլ աշխատանքում նա երեք տարուց ավել չի մնացել: Եվ այնուամենայնիվ զանազան կարգի ենթադրություններից լիովին ձերբազատվել չի հաջողվում: Ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում, և շատերն են մնում այն համոզման, որ Յովանովիչի հրաժեշտը հատկապես այս օրերին բոլորովին էլ պատահական չէ: Իսկ այդպես կարծելու համար նրանք ունեն մի քանի շարժառիթներ: Առաջին հերթին անհրաժեշտություն ծագեց մեկ անգամ ևս վերհիշելու, թե ինչպես և ինչ պայմաններում նա ժամանեց մեր երկիր: Դա դժվարին շրջան էր`2008-ի աշնանը, երբ Հայաստանում նախագահական ընտրություններից և դրանց հաջորդած դրամատիկ իրադարձություններից այնքան էլ շատ ժամանակ չէր անցել: Իսկ եթե ներքաղաքական լարված կացությանը գումարենք նաև այն փաստը, որ ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հեռանալուց հետո Վաշինգտոնը մեր երկրում մոտ երկու տարի դեսպան չուներ, ինչն էլ իր հերթին բացասաբար էր անդրադարձել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի պատասխանատվության բեռով ու բարդ առաքելությամբ էր դիվանագետ տիկինը գալիս Հայաստան:
Այժմ` աչքի առաջ ունենալով երեք տարիների հանրագումարը, թերև կարող ենք ասել, որ Յովանովիչին հաջողվեց լինել հնարավորինս ակտիվ դեսպան, պահպանել հավասարաչափ շփումներ ինչպես իշխանությունների, այնպես էլ հայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակների հետ: Այդ ընթացքում ամերիկացի դեսպանը հայ-ամերիկյան հարաբերությունները հետզհետե վերադարձրեց իր նախնական վիճակին` զերծ մնալով ծայրահեղ քայլերից և անցանկալի մեթոդների գործադրումից: Չի կարելի ժխտել, որ նրա հաջողություններում նշանակալի դեր խաղաց նաև մարդկային նկարագիրը: Այսօր արդեն շատերն են հավաստում այն մասին, որ Յովանովիչը արագ ինտեգրվեց հայկական միջավայրին, ձեռք բերեց բազմաթիվ բարեկամներ, սերտ կապեր է պահպանում հատկապես մշակույթի գործիչների ու արվեստագետների հետ:
Եվ հանկարծ Յովանովիչը հեռանում է Հայաստանից այնպիսի մի պահի, որը դժվար է այլ կերպ որակել, քան ներքաղաքական զարգացումների համար վճռորոշ ու հանգուցային շրջան: Շատ ավելի տրամաբանական պիտի լիներ, եթե փոփոխությունը հետաձգվեր կամ կատարվեր ավելի վաղ: Այդ իսկ պատճառով էլ թե այս փաստը և թե այն, որ իր գործունեության վերջին ամիսների ընթացքում դեսպանը հանդես եկավ մի շարք արմատական քայլերով, իրավունք տվեցին մտածել նրա պաշտոնաթողության այլ շարժառիթների գոյության մասին:
Իսկ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսք գնում: Առաջին հերթին այն, որ այս տարեսկզբից դեսպանը սկսեց ավելի հաճախ խոսել իշխանություն-ընդդիմություն առճակատման մասին: Նույնիսկ բանը հասավ նրան, որ քաղաքական դաշտում ոմանք իրենց դժգոհություններն արտահայտեցին առ այն, թե Յովանովիչի սերտ համագործակցությունը իշխանությունների հետ գերազանցում է թույլատրելի սահմանները: Դրան հաջորդեց ճիշտ հակառակ պատկերը: Այն պահին, երբ դեսպանը հրապարակավ խոսեց իշխանությունն իր ձեռքը վերցնելու հասարակության իրավունքի մասին, վերնախավն անմիջապես անհանգստության նշաններ ցուցաբերեց: Սակայն էլ ավելի զարմանալի էր դրա հանգուցալուծումը, երբ վերջին երկու ամիսներին իշխանություն-ընդդիմություն ենթադրյալ երկխոսության մեջ բանակցություններ սկսվելու հեղինակային իրավունքը վերագրվեց հենց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Խոսում են, որ այդ շրջադարձը կայացավ նրա պահանջով ու միջնորդությամբ:
Թե ինչն է այս ամենի մեջ ճշմարտանման, իսկ ինչը` հորինվածք, դժվար է ասել: Բայց և դժվար է հերքել, որ Յովանովիչի պաշտոնավարման շրջանը բարենպաստ ներգործություն ունեցավ և իշխանությունների, և նրանց ընդդիմախոսների համար:
Հաջորդ անհասկանալի քայլը, որ կատարեց ԱՄՆ դեսպանը, այն էր, որ նա այդպես էլ չմեկնեց Թբիլիսի, որտեղ կայանում էր Հարավային Կովկասում ԱՄՆ դեսպանատների ներկայացուցիչների հավաքը: Ի վերջո Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրեց փոխդեսպան Բրյուս Դայնահաուն:
Եվ վերջապես չի կարելի մոռանալ նրա` ապրիլին արտասանած հանրահայտ ելույթը, երբ Յովանովիչը հայտնեց, որ Հայաստանն այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրություններում տեղ գտած խախտումների և մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:
Իրենից հետո թողնելով բազմաթիվ անպատասխան հարցեր, Յովանովիչը կմեկնի մոտ մեկ ամսից: Իսկ այդ ընթացքում արդեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱՄՆ Սենատի կողմից հաստատվելու պարագայում Հայաստանում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանը կարող է լինել Ջոն Հեֆըրնը, որի գործունեության հիմնական ոլորտը երկար տարիներ եղել է Արևելյան Ասիան։ Վերջինս պաշտոնավարել է Մալայզիայում, Ճապոնիայում, Չինաստանում ու Ինդոնեզիայում։ Այժմ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ամերիկյան առաքելության մշտական ներկայացուցչի տեղակալն է։
Դժվար է ասել` արդյո՞ք վերստին չի կրկնվի հին պատմությունը` մի առ ժամանակ թափուր թողնելով Երևանում դեսպանի աթոռը: Լավատեսները հակված են կարծելու, որ ներկայիս հանգուցային փուլում Վաշինգտոնն այդ բանը չի անի, իսկ հաջորդ դեսպանն իր հերթին նոր քաղաքականություն չի սկսի և կշարունակի այն, ինչի կրողն էր Մարի Յովանովիչը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ամերիկյան մահակը և հայկական գանգատը

11 Ապր

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ Միացյալ Նահանգների Պետական քարտուղարությունը փոքր-ինչ ուշացումով հրապարակեց «Մարդու իրավունքներ- 2010» զեկույցը: Հապաղումի պատճառը, պարզվեց, արաբական աշխարհում տիրող իրավիճակն էր, որ խառնել էր Վաշինգտոնի հաշիվները և հարկադրել վերանայելու մի շարք ձևակերպումներ: Ինչպես հպարտությամբ նշել էին զեկույցի հեղինակները, փաստաթուղթը «հանրագիտական մանրամասնությամբ» վերլուծում է աշխարհի 190 երկրներում մարդու իրավունքների վիճակը անցած տարվա ընթացքում: Հայաստանին հատկացվել էր ոչ ավել, ոչ պակաս` 63 էջ:
Իհարկե, լավ չէր, որ զեկույցի հրապարակումը համընկավ Հայաստանի նախագահի երդմնակալության երրորդ տարեդարձի հետ` ստվեր նետելով այդ նշանակալի իրադարձության վրա: Ամեն դեպքում քիչ հաճելի բան կա, երբ ստիպված ես լինում ընթերցել մեղքերի ու բացթողումների մի հսկայական շարանի թվարկում, որի անմիջական պատասխանատուն ինքդ ես: Իսկ որ ամերիկացիներն այդ իմաստով ջանք ու եռանդ չէին խնայել, դա փաստ է: Դժվար պիտի լինի վերհիշել, թե նախկինում ե՞րբ էր մեր երկիրն արժանացել համանման կոշտ գնահատականի: Փոխարենն այնքան էլ բարդ չի լինելու կռահել, թե ի՞նչ նպատակներով է դա արվում ու ինչ կարող է հաջորդել սրան:
Շրջանցելով բոլոր կարգի մանրամասները, նշենք միայն այն հիմնական խոցերը, որոնց մասին ահազանգում էր Պետքարտուղարությունը: Զեկույցն առաջին հերթին արձանագրվում էր, որ Հայաստանում սահմանափակված է քաղաքացիների՝ խաղաղ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու իրավունքը, քանի որ դրանք պարբերաբար կոպիտ խախտումներով են անցկացվում: Այնուհետև ասվում էր, որ իրենց քաղաքացիական ղեկավարների ուղղորդությամբ՝ անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ շարունակել են ոտնահարել մարդու իրավունքները՝ մնալով անպատիժ: Իշխանությունները կասկածյալների են ձերբակալել ու պահել առանց բավարար հիմքերի, դատարանները մնում են իշխանությունների կողմից քաղաքական ճնշման առարկա։ «Ոստիկանները ձերբակալությունների ու հարցաքննությունների ընթացքում ծեծի են ենթարկել քաղաքացիներին։ Իշխանությունները շարունակել են առանց արժանահավատ հիմնավորումների ձերբակալել քրեական հանցանքների մեջ կասկածվողներին և կալանքի տակ առնել ընդդիմության հետ առնչություն ունեցող կամ քաղաքական ակտիվություն դրսևորողներին»,- ասվում էր զեկույցում: Վաշինգտոնի խորին համոզմամբ, հայաստանյան լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստատեսությունը, նախկինի պես չեն ապահովել կարծիքների բազմազանությունն ու օբյեկտիվ լուսաբանումը: Հետապնդումներ են եղել լրատվամիջոցների նկատմամբ, շարունակվել է գրաքննությունը: Իշխանություններն ու օրենքները սահմանափակել են կրոնական ազատությունը: Կոռուպցիան դեռևս խնդիր է, իսկ պետական կառույցները սահմանափակ ջանքեր են գործադրել դրա դեմ պայքարելու գործում:
Զեկույցում մանրամասն անդրադարձ կար նաև բանակում տեղի ունեցած սպանություններին ու մահացու ելքերով միջադեպերին: «2010 թվականին Հայաստանի բանակում ոչ մարտական պայմաններում սպանվել է 54 զինծառայող, որոնցից 11-ը թշնամու կրակից է զոհվել»,- ամփոփել էր ԱՄՆ արտաքին գերատեսչությունը: Չէր շրջանցվել նաև քաղաքական հայացքների համար արգելափակված անձանց պարագան, ինչպես նաև հիշատակված էր, որ քաղաքական գործունեության համար շատերին մեղադրանք է առաջադրվել «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու հոդվածով: Առանձին բաժին էր հատկացված Հայաստանում աշխատանքային իրավունքների, միասեռականների, բանտերի և ազատազրկման վայրերի խնդիրներին: Մտահոգության առարկա էր դարձել նաև ԼՂ սահմանային հատվածում ականների առկայությունը:
Ինչպես տեսնում ենք, մխիթարության արժանի քիչ տողեր կարելի էր գտնել անդրօվկիանոսյան հայացքով կատարված գնահատականներում: Եվ դժվար չէր կռահել, որ համանման որակումները մեր երկրում պիտի ունենային իրենց բազմաբևեռ արձագանքները: Մասնավորաբար, իշխանական թևը որքան էլ ջանաց մնալ իր արժանապատվության բարձունքի վրա և հեռու վանել հուզական դրսևորումները, դա նրան այնքան էլ չհաջողվեց: Ի վերջո, գոտկատեղից ներքև հասցված հարվածը ցավոտ էր, և ջղակծկումներն անխուսափելի էին: Սակայն նույնիսկ այդ պարագայում հնչած մեկնաբանությունները ոչ միայն ի զորու չէին ինչ-որ չափով հարթել սուր անկյունները, այլև ավելի էին շեշտում արդարացումներ գտնելու անհնարինությունը: Եվ ստացվեց այնպես, որ գանգատի ամբողջ իմաստը կենտրոնացավ այն մտքի վրա, թե Հայաստանում քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության վերջին զեկույցում տեղ գտած կոշտ գնահատականները ոչ մի կերպ չեն նպաստում հանրապետությունում ժողովրդավարության խորացմանը:
Պիտի չափազանց դժվար լինի գտնել առավել անհեթեթ պատճառաբանություն, քան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկի այս դժգոհությունն է: Ոչ պակաս դժվար կլինի բացատրել հիշյալ մտայնությամբ ներշնչվածներին, որ ժողովրդավարությանը նպաստելու լավագույն ձևը անօրինականությունները կոծկելու և իշխանությունների գովքն անելու մեջ չէ, այլ դրանց մասին բարձրաձայնելու և քննադատությունները լսելու ընդունակության մեջ:
Գալով հնարավոր հետևանքներին, չի կարելի բացառել, որ ընդհանուր առմամբ զեկույցը որոշակի ազդեցություն կունենա արևմտյան քաղաքական շրջանակներում և թերևս ընդունվի ի գիտություն Հայաստանի վերաբերյալ առանձին մոտեցումների պարագայում: Նույն այս տրամաբանությամբ բացառել չի կարելի, որ ԱՄՆ գնահատականը ոմանց համար պարզապես ուղենիշ կլինի:
Ներկայացնելով «Մարդու իրավունքներ-2010» զեկույցը, պետական քարտուղար Հիլարի Քլինթոնն ասաց, որ Միացյալ Նահանգները միշտ աջակցելու է ժողովրդավարության և մարդու իրավունքների համար պայքարողներին, անկախ նրանց բնակության վայրից։ «Մենք կանգնելու ենք նրանց կողքին, ովքեր կիրառում են իրենց հիմնարար ազատությունները` խոսքի և հավաքների իրավունքը, ովքեր խաղաղ եղանակով են դա անում` անձամբ, կամ տպագիր, կամ ինտերնետի միջոցով»,- շեշտեց ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը։ Պետք է մտածել, որ Հայաստանում նույնպես ամերիկացիները կգտնեն այն ուժերին, որոնց սիրով ու մեծահոգաբար կաջակցեն: Ծանոթ լինելով Միացյալ Նահանգների գործելաոճին և նախորդ դեպքերի օրինակով հասկանալով, որ այս կարգի զեկույցները սովորաբար կիրառվում են իբրև մտրակ, մեր իշխանություններն այժմ կարող են լիահույս լինել, որ ինչ-որ մի պահի այդ մտրակը կշառաչի: Մնում է միայն ամեն գնով խուսափել հարվածից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: