Tag Archives: պետություն

Մամուլի անդրադարձ

26 Դկտ

Ի՞նչ արժե մարդը Հայաստանումtimthumb

NewsBook.am–ի զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը.
– Ի՞նչ կորուստներով ու ձեռքբերումներով է Հայաստանը մտնում նոր 2014 թիվ։
– Ձեռքբերումներ հազիվ կարողանամ նշել, իսկ կորուստներն այնքան շատ են, որ թվարկելու համար շատ ժամանակ կպահանջի։ Ցավալի իրավիճակում հայտնված երկիր ունենք, և չեմ կարողանում գտնել մի բան, որի համար կարելի է ոգևորվել, ուրախանալ։ Այս պահին հիշում եմ իմ ճանաչած մարդկանց, փորձում եմ կռահել, թե նրանք այս տարվա ո՞ր իրադարձության համար կուրախանային, և հավատացեք, որ չեմ գտնում ոչ մի այդպիսի դեպք կամ իրադարձություն։
– Պարոն Չարխչյան, ի՞նչ արժե մարդը Հայաստանում։
– Մարդը Հայաստանում արժե ճիշտ այնքան, որքան մարդն ինքն իրեն գնահատում է։ Շատ կարևոր է, որ մինչև ուրիշի գնահատելը դու գնահատես քեզ. Խոսքն այն մասին չէ, թե որքանով ես ծախվում, որովհետև, գաղտնիք չէ, այդ առքուվաճառքն էլ կա Հայաստանում։ Հարցն այն է, թե դու որքան ես կարևորում քո անձը. արդյոք գիտե՞ս քո արժանիքները, քո առանձնահատկությունը։ Եվ ես     Ձեզ հավաստիացնում եմ՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մարդն արժե այնքան, որքան գնահատում է ինքն իրեն։
– Միջին վիճակագրական հայը որքա՞ն է իրեն գնահատում։
– Յուրաքանչյուր գնահատվում է իր շատ–շատ տառապանքի ու չնչին երջանկության չափով։
– Ինչո՞ւ է հայի երջանկությունը չնչին, կյանքից շա՞տ բան է պահանջում, ինքն իրենից՝ ք՞իչ։
– Երջանկությունը պայմանավորված է նրանով, թե ինչ ունենք մենք։ Իսկ այն, ինչ մենք ունենք, բավարար չէ երջանիկ լինելու համար։ Անգամ մեկ ժպիտի համար բավարար չէ։
– Տարեվերջին արձանագրած խոշոր տապալումները, գուցե, իսկապես, վե՞րջն է և պատճա՞ռը նոր Հայաստանի սկզբի։
– Գիտե՞ք, վերջին օրերին անընդհատ հիշում եմ անցած քսանամյակի պատմությունը։ Եվ ինձ բռնացրել եմ նրանում, որ հաճախ, շատ հաճախ եմ համոզված եղել, որ վերջն է, որ ամենածայրահեղ կետն է, որ դրանից այն կողմ էլ հնարավոր չէ որևէ լավ բան հուսալ։ Բայց անցնում էր որոշ ժամանակ, և ավելի մեծ ողբերգություն էր պատահում։ Եվ այդպես, ցավալի կորուստների մի հսկայական շղթա ընկավ մի սերնդի ուսերին։ Ես քաղաքագետ չեմ, տնտեսագետ չեմ և սխալ կլինի, եթե ես հիմա այդ հարցերի շուրջ դատողություններ անեմ։ Բայց, ամեն դեպքում, ակնհայտ է, որ իշխանություն կոչվածը, որը պետության մարմնավորումն է, պարզապես չի ճանաչում իր ժողովրդին և միտք էլ չունի հաշվի նստել իր ժողովրդի հետ։ Որևէ իշխանություն չի կարող կայանալ, եթե նա խզել է իր կապերը իր ժողովրդի հետ։ Ցանկացած այդ կարգի իշխանություն դատապարտված է. Ընդամենը ժամանակի խնդիր է։ Այլ բան է, թե նրանց գնալուց հետո ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք մաքրելու նրանց թողած աղբը։
– Ամեն դեպքում, չենք կարող ասել, թե ջախջախված, ցածր ինքնագնահատականով ու քնած ժողովուրդ է, ում գլխին անվերջ կարելի է երկանք աղալ։
– Իհարկե, այդպես չէ։ Մենք բավական ակտիվ հասարակություն ունենք՝ իր իրավունքների, սկզբունքների համար պայքարող, արթուն։ Եվ ակտիվ հասարակությունը փողոց դուրս եկած մարդկանց թվով չէ միայն չափվում։ Եթե մի մասը իր պայքարը ծավալում է հրապարակներում ու փողոցներում, ապա մի մասն իր պայքարն անում է իր գրասեղանի մոտ, իր հողը մշակելով։ Եթե բոլորը փողոց դուրս գան, արդեն հեղաշրջում կլինի։ Եվ գուցե զարմանաք, բայց ես չեմ ուզում, որ հեղափոխություն լինի։ Ես գիտեմ, թե ինչ է հեղաշրջումը. այն անպայման ուղեկցվում է արյամբ, կոտորածներով, դաժանությամբ։ Ես կարծում եմ, որ դեռևս բոլոր միջոցները սպառված չեն, որ դեռ կան այլ միջոցներ, որոնցով հասարակությունը կարող է հասնել իր ուզած վիճակին։

– Եթե ոչ հեղաշրջում, ապա ի՞նչ միջոցներ եք առաջարկում։

– Գուցե պարզունակ թվա, բայց հասարակությունը հաղթում է իր կրթվածությամբ։ Հասարակության կրթվածության աստիճանով է որոշվում նրա կեցությունը, վիճակը։ Ձեր ասած հեղափոխությունը պետք է գիտակցության մեջ լինի։ Կարո՞ղ եք ասել, թե Հայաստանի բնակչության մեջ քանի հոգի է նյութական արժեք ստեղծում։ Հավատացնում եմ Ձեզ՝ չնչին մասը։ Ինչպե՞ս պետք է առաջընթաց արձանագրվի մի երկրում, որտեղ մարդիկ ոչինչ չեն արտադրում։
– Պարոն Չարխչյան, ինչպե՞ս արտադրեն, եթե երկրում գործարանները չեն գործում։
– Հենց դա է՝ երկրում ոչինչ չի արտադրվում, գրեթե ոչինչ չի արտադրվում։ Մենք միայն սպառում ենք։ Իմ հույսը հողագործներն ու սակավաթիվ բանվորներն են։
– Ի՞նչ եք մաղթում հողագործներին, բանվորներին և սպառողների դասին։
– Չեմ ասի՝ երջանկություն, հաջողություն, առողջություն։ Կուզեի, որ եկող տարում մարդիկ ավելի լավ ճանաչեին իրենց։ Ավելի հաճախ զրույցի նստեին իրենք իրենց հետ, հստակեցնեին՝ ի՞նչ են ուզում վերջապես և արդյո՞ք քայլեր անում են իրենց փնտրածին մոտենալու համար։ Ինքներս մեզ հետ անկեղծ լինենք և դրանից հետո կարողանանք նաև հաշտվել ինքներս մեզ հետ։

Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի

NewsBook.am

ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵ

20 Ապր

ՎԱՍՆ ՆՈՐ ԿՈՒՌՔԻ

Ինչ-որ տեղ դեռ ժողովուրդներ ու նախիրներ կան, սակայն ոչ մեզ մոտ, իմ եղբայր, այստեղ կան պետություններ:
Պետությու՞ն: Ի՞նչ բան է այդ: Դե լավ, հիմա ականջ դրեք, քանզի այժմ ես իմ խոսքը պիտի ասեմ ժողովրդոց մահվան մասին: Պետություն է կոչվում ամենապաղը բոլոր պաղ ճիվաղներից: Նա նաև պաղ է ստում, և սողում է սուտը նրա բերանից. «Ես` պետությունս, ժողովուրդն եմ»:
Սուտ է: Արարողները նրանք էին, որ ժողովուրդներին արարեցին և նրանցից կախեցին հավատ ու սեր. այսպես ծառայեցին նրանք կյանքին: Ավերիչներ են նրանք, ովքեր թակարդներ են դնում բազմաց համար և դրանք պետություն են կոչում: Նրանք սուր և հարյուր ցանկություն են կախում նրանցից:
Ուր դեռ ժողովուրդ գոյություն ունի`այնտեղ պետությանը չի հասկանում նա և ատում է նրան որպես չար մի հայացք և բարքերի ու իրավունքների դեմ գործված հանցանք:
Այս նշանն եմ ես ձեզ տալիս, ամեն մի ժողովուրդ չարի և բարու իր լեզվով է խոսում բարքերի և իրավունքների մեջ: Սակայն պետությունը ստում է բոլոր լեզուներով չարի և բարու, և ինչ էլ որ խոսի` ստում է նա, ու ինչ էլ որ անի` գողացել է նա: Նրա մեջ կեղծ է ամեն ինչ. գողացված ատամներով է կծում նա` կծանը: Կեղծ է նույնիսկ փորոտիքը նրա:
Չարի և բարու լեզվաշփոթ` այս նշանն եմ տալիս ես ձեզ, հանց պետության նշան: Արդարև, կամք առ մահ` սա է իմաստն այդ նշանի: Արդարև, մահվան քարոզիչներին է պետությունը նշան անում:
Բյուր-բյուրավորներն են ծնվում, պետությունը հորինված է ավելորդների համար: Հապա նայեք` ինչպես է նա իրեն գրավում նրանց` բյուր-բյուրավորներին: Ինչպես է կլլում, ծամում ու որոճում նրանց: «Երկրի երեսին չիք ոչինչ ինձնից մեծ, ես եմ կարգավորող մատն Աստծո»,- այսպես է ճիվաղը մռնչում: Եվ լոկ երկարականջներն ու կարճատեսները չեն, որ ծնկի են իջնում:
Ախ, ձեր մեջ էլ, մեծ հոգիներ, նույնիսկ ձեր մեջ է նա փսփսում մռայլ սուտն իր: Ախ, նա ջոկում է սրտերը հարուստ, որոնք սիրով շռայլում են իրենց: Այո, նա ձեզ է ջոկում, դուք հաղթողներդ հին աստծո: Հոգնեցիք դուք պայքարելիս, և արդ հոգնությունը ձեր այդ նոր կուռքին է ծառայում: Հերոսներ ու պատվավորներ է կամենում նա իր շուրջ շարել, կուռքը այդ նոր: Նա բարի խղճի արեգակի տակ է սիրում իրեն արևին տալ, հրեշն այդ պաղ: Ամեն ինչ նա ուզում է ՁԵԶ տալ, եթե ԴՈՒՔ պաշտեք նրան,- կուռքը այդ նոր: Այսպես գնում է նա իր համար ձեր առաքինությունների փայլը և հայացքը հպարտ ձեր աչքերի: Նա ձեր խայծով կամենում է հրապուրել բյուր-բյուրավորներին Այո, դժոխային արվեստի մի գործ է ահա հայտնաբերված, մահվան մի ձի, որ զնգզնգում է աստվածային պատիվների հեծելասարքով: Այո, մահն է արդ հայտնաբերված բազմաց համար, որ ինքն իրեն որպես կյանք է փառաբանում, արդարև, ինչ սրտառուչ ծառայություն մահվան բոլոր քարոզիչների համար:
Ես պետություն եմ կոչում, ուր բոլորը` լավ թե վատ, թույն են խմում, պետություն, ուր բոլորը` լավ թե վատ, կորցնում են իրենց, պետություն, ուր դանդաղ ինքնասպանությունը բոլորի «կյանք» է կոչվում…

ԵՍ` ԵՆԹԱԿԱ, ԳՐՈՒՄ ԵՄ` ՍՏՈՐՈԳՅԱԼ

23 Մրտ

Մարդիկ պնդում են, թե երկիրը կլոր է: Թույլ տվեք չհամաձայնել, ինչպես չեմ կարող հավատալ, թե դեռ կան մարդիկ, որոնք ինչ-որ բան են պնդում: Իսկ ընդհանրապես նրանք այդպես են վարվում երկու պատճառով` ա) ձանձրույթից և բ) որովհետև պետք է այդպես վարվել: Խիստ հազվադեպ, սակայն պատահում է նաև երրորդ տարբերակը: Դա այն դեպքում է, երբ նրանք վիրավորված են: Ի դեպ, երկրագունդը սրա հետ որևէ առնչություն չունի: Նույն հաջողությամբ նրանք կարող են իրենց երևակայել, ասենք, ազատ քաղաքացիներ և այդ ցնորամտությունը ներշնչել ուրիշներին: Դա, իհարկե, անցողիկ է, բայց ոչ անվտանգ, հատկապես երբ, ասենք, համակում է հազարավորներին: Նման նախադեպերից խուսափելու համար էլ ստեղծվել են պետությունները: Իսկ նրանք, ովքեր կառավարում են պետությունները, մեր ախտավոր երևակայության սանիտարներն են:

* * *
Պետությունն ավելի լավ է կոչել Հայրենիք: Երբեմն նաև ուրիշի պետությունը կարելի է հայրենիք կոչել, թեև նույն իրավունքը վերապահվում է նաև նրանց: Իսկ ընդհանրապես Հայրենիքը շատ ավելի նախընտրելի է, քանի որ այդ բառն արտաբերելիս մի պահ մոռանում ես, որ Հայրենիքի ներսում կա պետություն: Սերն առ Հայրենիք կարևոր է այնքանով, որքանով նրա հետ այլ կերպ վարվելը չի խրախուսվում: Սերը պետք է լինի անմնացորդ և, որ կարևոր է, անսպառ: Այլապես ինչպե՞ս դրանից բաժին հանես բոլորին անխտիր` հայրենի իշխանությանը, հայրենի ընդդիմությանը, հայրենի լեռներին, հայրենի ձորերին, հայրենի քաղաքներին, գյուղերին, ավաններին ու վարչատարածքային բաժանումներին: Պետք է պատրաստ լինել Հայրենիքի համար մեռնելու: Կարևոր չէ, թե որտեղ, ինչի համար, ում կողմից: Միայն մեռիր, և մարդիկ, որոնք կոչված են դրա համար, ամեն բան իր տեղը կգցեն: Սա սրբազան պարտք է: Իսկ այն, ինչ սրբազան է, վիճարկելի չէ:

* * *
Անհրաժեշտ է ապրել սեփական ժողովրդի ճակատագրով նույնիսկ այն դեպքում, երբ այն էականորեն տարբերվում է քո ճակատագրից: Խուճապի մատնվել պետք չէ: Տեսեք, թե մեր շուրջը քանի-քանիսն են ապրում այդպես ու, ի դեպ, վատ չեն ապրում: Սա իհարկե չի նշանակում, թե ձեզ համար ևս երաշխավորվում է բարեկեցիկ ապրելակերպ: Բայց հո չի՞ կարելի դավաճանել ավանդույթները: Այսօր ավանդույթները կդավաճանես, վաղը` հայրենիքդ, մյուս օրը, աստված մի արասցե, սեփական կնոջդ (վերջինն, անկասկած, չեն ների): Իսկ այդպիսի մտքերը հեռու վանելու համար խորհուրդ է տրվում մտածել ապագայի մասին: Հավանաբար չեմ վշտացնի, եթե ասեմ, որ նա, ով հավատում է պայծառ գալիքին, իրեն ուղեկից է ընտրում հուսալքությունը: Սակայն հարկ չկա սույն փաստը այդքան սրտին մոտ ընդունել, քանզի նույն բախտին վաղուց արժանացել են բոլոր նրանք, ովքեր հավատացել են նույնքան պայծառ ներկային: Ի վերջո, ներկան նույն ապագան է, միայն թե` մեզ ավելի մոտ: Իսկ մերձեցումը, ինչպես գիտեք, ոչ միշտ է խրախուսվում: Այնպես որ ապագան թերևս ավելի նախընտրելի է, ինչպես հեռու բարեկամը: Հեռու բարեկամներին սիրելը իմ թուլությունն է: Նրանցից շատերին ես անձամբ չեմ էլ ճանաչում, սակայն այդ հանգամանքը միայն ու միայն ավելի է խորացնում իմ սերը նրանց նկատմամբ, ինչը չեմ կարող ասել մոտիկ բարեկամների մասին: Ճիշտ է, ընդունված է ասել, որ դժբախտության պահերին նրանք են իմ միակ նեցուկը, բայց, ի սեր Աստծո, մի՞թե իմ կյանքը համատարած դժբախտություն է…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
(շարունակելի)

ՋՈՆ ՍԹԱՅՆԲԵՔ

21 Հնվ

…Եվ այսպես շարունակ. պետությունից` միություն, միությունից` ազգ: ( Ազգը սովորաբար բնական ինչ- որ սահմաններ ուներ հանձին օվկիանոսի, լեռնաշղթայի կամ գետի, որոնք արգելում էին ավելի հեռուները տարածվել): Ամեն ինչ լավ էր, մինչև որ սրամիտների մի նոր խումբ հայտնագործեց հեռահար միջոցներ` ղեկավարվող արկեր և ատոմային ռումբեր: Դրանից հետո գետը կամ օվկիանոսը որևէ վճռական դեր խաղալ չէր կարող: Չափազանց վտանգավոր դարձավ առանձին ազգություններով ապրելը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին չափազանց վտանգավոր էր առանձին ընտանիքներով ապրելը:
Երբ մարդիկ հայտնվում են կործանման սպառնալիքի տակ, ստիպված մի նոր ելք են սկսում որոնել: Այժմ մենք ունենք Միավորված ազգեր, և այդ դեպքում էլ ավագներից պրծում չկա: Նրանք դեմ են Միավորված ազգերին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դիմադրում էին մեր նախնիներին քարանձավներից դուրս գալիս: Բայց մենք հիմա ստիպված չենք լինի ընտրություն կատարել: Բանը բարեհոգության և առաջընթացի ցանկության մեջ չէ: Դեռևս քարանձավային շրջանից, մենք ամեն անգամ ընտրություն կատարելով, երբեք չենք ընտրել կործանումը: Եվ եթե այս ամենից հետո մենք ինքներս ջախջախենք մեզ, ապա բավականին հիմար բան կստացվի: Նման պարագայում մենք մեզ ավելի հիմար կդրսևորենք, քան էին քարանձավային մարդիկ, և ես չեմ կարծում, որ դա իրոք այդպես էլ լինի: Ես համոզված եմ, որ մենք նույնքան հիմար ենք, որքան քարանձավային մարդիկ, և դա, վերջին հաշվարկով, այնքան էլ վատ բան չէ:

ՖՐԻԴՐԻԽ ՇԻԼԼԵՐ

10 Նյմ

… Բնությունն սկզբնապես ավելի լավ չի վարվում մարդու, քան իր կերտած մնացյալ արարածների հետ. նա մարդու փոխարեն է գործում այնտեղ, որտեղ վերջինս դեռևս ի վիճակի չէ գործել ինքնուրույնաբար` որպես ազատ բանականություն: Բայց մարդուն մարդ է դարձնում հենց այն հանգամանքը, որ նա չի մնում այնպիսին, ինչպիսին իրեն ստեղծել է բնությունը, այլ ձեռք է բերում վերջինիս` մարդու համար ուրվագծված քայլերը հակառակ հաջորդականությամբ բանականորեն կատարելու, կարիքի գործը ազատ ընտրության գործի տեսքով վերստեղծելու և բանական- ֆիզիկական անհրաժեշտությունը բարոյական անհրաժեշտության աստիճանի բարձրացնելու ընդունակություն:
Նա սթափվում է իր զգայական նիրհից, ինքն իրեն ճանաչում որպես մարդ, շուրջը նայում և… իրեն հայտնաբերում պետության մեջ: Պահանջմունքների հարկադրանքով նա այդտեղ է հայտնվում նախքան այն պահը, երբ կարող կլիներ ազատորեն ընտրել ադ վիճակը. կարիքը ըստ բնության պարզ օրենքի պետություն է ստեղծել ավելի վաղ, քան այդ կարող էր անել մարդը` հիմնվելով բանականության օրենքի վրա: Սակայն որպես բարոյական անձ, մարդը չէր կարող (և այժմ էլ չի կարող) գոհանալ կարիքի ծնունդ հանդիսացող այդ պետությունով, որը ստեղծվել էր լոկ բնական կանխասահմանվածությունից և վերջինիս նկատմամաբ. և վայ մարդուն, եթե նա բավարարվի այդպիսինով: Ուստի մարդ լինելու այդ նույն իրավունքով նա լքում է կույր անհրաժեշտության տիրույթը ճիշտ այնպես, ինչպես ձեռք բերած ազատության շնորհիվ մի կողմ է նետում անհրաժեշտությունը բազում այլ պահերի: Բավարարվենք միայն մեկ օրինակով. մարդը բարոյականությամբ վերացնում և գեղեցկությամբ ազնվացնում է ստորության այն կնիքը, որ տենչանքը դրոշմում է սեռական սիրուն: Այսպիսով, նա հասուն տարիներին ասես արհեստականորեն ինքն իրեն փոխհատուցում է մանկության օրոք ձեռքից բաց թողածը, իդեականորեն ստեղծում է բնական վիճակի մի այնպիսի պատկեր, որը թեև նրան տրված չէ որևէ փորձառությամբ, բայց և այնպես անհրաժեշտ է ըստ բանականության սահմանման. այդ իդեալական վիճակում նա իր համար կերտում է վերջնային նպատակ, որն իրեն անմատչելի էր բուն բնական դրության մեջ, կատարում է մի այնպիսի ընտրություն, որին նա այնժամ ընդունակ չէր` վարվելով այնպես, ասես պետք է ամեն բան վերսկսեր սկզբից, ասես անկախության վիճակը ներքին լուսավորման ու ազատ որոշման դրդմամբ փոխում է պայմանագրով սահմանված վիճակի…

ՆԻԿՈԼՈ ՄԱՔԻԱՎԵԼԻ

25 Հկտ

… Դիտարկելով, թե ինչ դժվար է պահպանել իշխանությունը նվաճված պետությունում, զարմանալ կարելի է` ինչո՞ւ Ալեքսանդր Մեծի ամբողջ կայսրությունը, երբ նա ընդամենը մի քանի տարում նվաճեց Ասիան ու արագ մահացավ, հակառակ սպասումների ոչ միայն չտրոհվեց, այլև խաղաղ անցավ նրա ժառանգորդներին, որոնք կառավարման ընթացքում չունեցան այլ հոգսեր, բացի նրանցից, որ ստեղծում էին իրենց փառասիրությամբ: Միանձնյա կառավարվող բոլոր պետությունները, որ մնացել են մարդկանց հիշողության մեջ, բաժանվում են այնպիսիների, որտեղ տիրակալն իշխում է հպատակներով շրջապատված, որոնք նրա բարեհաճությամբ ու կամքով նշանակված են բարձր պաշտոնների և օգնում են նրան կառավարելու, և այնպիսիների, որտեղ տիրակալը կառավարում է բարոններով շրջապատված, որոնք իշխում են ոչ թե տիրակալի բարիկամեցողությամբ, այլ շնորհիվ իրենց տոհմի վաղեմության: Այդ բարոններն ունեն ժառանգված պետություններ ու հպատակներ, որոնք ճանաչում են նրանց իշխանությունը և բնական կապվածություն ունեն նրանց հետ: Այնտեղ, ուր տիրակալն իշխում է հպատակների միջոցով, մեծ իշխանություն ունի, քանի որ ամբողջ երկրում հպատակները գիտեն միայն մի տիրակալի, եթե ենթարկվում են նրա հպատակներին, միայն իբրև աստիճանավորների ու պաշտոնատար անձանց` նրանց նկատմամբ ոչ մի պարտավորվածություն չունենալով:
Կառավարման տարատեսակ ձևերի օրինակն են մեր օրերում թուրքական սուլթանը և ֆրանսիական թագավորը: Թուրքական միապետությունը ենթարկվում է մեկ տիրակալի, պետության մեջ բոլորը նրա ծառաներն են, երկիրը բաժանված է շրջանների` սանջակների, որտեղ սուլթանը նշանակում է իր տեղապահներին, որոնց փոխում ու տեղափոխում է, ինչպես ցանկանում է: Ֆրանսիայի թագավորը, հակառակը, շրջապատված է բազում տոհմիկ ազնվականներով, որոնց ընդունում ու սիրում են իրենց հպատակները, որոնք ունեն այնպիսի արտոնություններ, որոնցից նույնիսկ թագավորը չի կարող անպատիժ զրկել:
Եթե համեմատենք այս պետությունները, կտեսնենք, որ սուլթանի միապետությունը դժվար է նվաճել, բայց նվաճելուց հետո հեշտ է պահպանել, և հակառակը` Ֆրանսիայի պես պետությունը հայտնի իմաստով հեշտ է նվաճել, բայց պահպանել իշխանությունը չափազանց դժվար է: Սուլթանի պետությունը հեշտ չէ նվաճել, որովհետև նվաճողը չի կարող հույս ունենալ, որ իրեն կկանչի որևէ տեղական իշխան, կամ սուլթանի մերձավորների դավադրությունը կհեշտացնի իշխանությունը նվաճելը: Սուլթանի մերձավորները նրա ստրուկներն են և քանի որ ամեն ինչով պարտական են նրա ողորմածությանը, նրանց ավելի դժվար է կաշառել, բայց կաշառված ստրուկներից էլ շատ քիչ է օգուտը, քանի որ նշված պատճառներով նրանք չեն կարող իրենց հետևից տանել ժողովրդին: Հետևաբար, ով հարձակվում է սուլթանի վրա, պետք է հաշվի առնի, որ հանդիպելու է միակամ դիմադրության և ավելի շատ հենվի իր ուժերի, քան թե այլոց տարաձայնությունների վրա: Բայց եթե սուլթանը հաղթված է, և նրա զորքը գլխովին ջախջախված է, նվաճողը պիտի զգուշանա միայն սուլթանի արյունակից հարազատներից: Եթե նրանք էլ ոչնչացված են, կարելի է ոչ մեկից չվախենալ, քանի որ ուրիշ ոչ ոք չի կարող իր հետևից տանել հպատակներին: Եվ ինչպես մինչև հաղթանակը իմաստ չուներ հույս դնել ժողովրդի աջակցության վրա, այնպես էլ հաղթանակից հետո պետք չէ ժողովրդից զգուշանալ:
Այլ է վիճակը Ֆրանսիայի պես պետություններում։ Այնտեղ դժվար չէ թափանցել` բարոններից որևէ մեկի հետ դավադրելով. նրանց մեջ միշտ կգտնվեն դժգոհներ և փոփոխությունների ցանկություն ունեցողներ: Նրանք կարող են ապահովել նվաճողի մուտքը երկիր և հեշտացնել հաղթանակը: Բայց պահպանել այդպիսի երկիրը դժվար է, քանի որ վտանգի սպառնալիք կա և՛ նրանց կողմից, ովքեր քեզ օգնել են, և՛ նրանց կողմից, ում դու նվաճել ես: Այստեղ արդեն բավական չէ ոչնչացնել տիրակալի տոհմը, քանի որ միշտ կգտնվեն բարոններ, որոնք պատրաստ են գլխավորելու նոր դավադրությունը, և քանի որ ո՛չ բավարարել նրանց հավակնությունները, ո՛չ գլխատել նրանց դու չես կարող, առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք քեզ կիշխանազրկեն:
Դարեհի պետությունը նման է սուլթանի տերությանը, այդ պատճառով էլ Ալեքսանդրը պետք է կործաներ նրանց մի հարվածով` ջախջախելով Դարեհի զորքը բաց ճակատամարտում: Բայց այդպիսի հաղթանակից ու Դարեհի զոհվելուց հետո նա կարող էր չզգուշանալ իր իշխանության հաստատունության համար: Եվ նրա ժառանգորդները կարող էին իշխել խնդիրներ չունենալով, եթե փոխադարձ համաձայնության մեջ ապրեին, երբեք նրանց պետություններում չէին ծագի այլ խռովություններ, բացի նրանցից, որ սերմանում էին հենց իրենք:
Ֆրանսիայի պես կառուցվածք ունեցող պետություններում տիրակալը չի կարող այդքան հանգիստ կառավարել: Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, որտեղ կային մանրիկ իշխանիկներ, անընդհատ խռովություններ էին ծագում հռոմեացիների դեմ: Քանի դեռ հիշվում էր նախկին կառուցվածքը, Հռոմի իշխանությունը հաստատուն չէր, բայց ինչքան մոռացվում էր, հռոմեացիները, շնորհիվ իրենց հզորության ու պետականության երկարատևության, առավել հաստատուն էին դարձնում իրենց իշխանությունն այդ երկրներում:Երբ հռոմեացիները պատերազմում էին միմյանց դեմ, հակառակորդներից յուրաքանչյուրը պայքարի մեջ էր ներգրավում այն նահանգները, որտեղ ավելի խոր արմատներ ուներ: Եվ տեղացի բնակչությունը, ում վաղեմի տիրակալները ոչնչացված էին, հռոմեականից բացի, այլ իշխանություն չէր ընդունում: Եթե այս ամենը հաշվի առնենք, կհասկանանք` ինչո՞ւ Ալեքսանդրը հեշտությամբ պահպանեց ասիական տերությունը, մինչդեռ Պյուռոսից և շատ ուրիշներից վիթխարի ջանքեր էին պահանջվում` իրենց գրաված երկրները պահպանելու համար: Պատճառը հաղթողի մեծ կամ փոքր խիզախությունը չէ, այլ նվաճված պետության պետական կառուցվածքը:

%d bloggers like this: