Tag Archives: Պետեր Նադաշ

ՊԻՏԵՐ ՆԱԴԱՇ

5 Նյմ

ՎԱՅՐԻ ՄԱՐԴԸ

Անտառում գյուղացիք բռնեցին մի վայրի մարդու: Նա համարյա մերկ էր եւ արմտիքով էր սնվում: Պարզվեց, որ նա պատկերացում չուներ կոմունիստական իշխանության անկման մասին, որից էլ նա թաքնվել էր անտառում:
— Իսկ հիմա ի՞նչ իշխանություն է,- հարցրեց նա գեղջուկներից մեկին:
Տղամարդը վիզը քորեց.
— Էհ, ինչ-որ…
— Ասում են՝ դեմոկրատական,- ասաց մյուսը, ավելի գրագետը: -Դե ինչ, գալի՞ս ես:
— Հա, գալիս եմ, միայն թե ինձ ինչ-որ հագուստ տվեք:
— Էհ, պետք չի: Ողջ ժողովուրդը կիսամերկ է շրջում, այնպես որ, մյուսներից չես տարբերվի:
— Արմտիքն էլ հետդ վերցրու, պետք կգա:
— Դե ուրեմն գալիս եմ: Կուղևորվեմ մայրաքաղաք, կնայեմ, թե ինչ կա և ոնց է: Գուցե նույնիսկ նախագահ դառնամ, եթե կարիք լինի:
Եվ նա գնաց, իսկ տղամարդիկ գործի անցան։ Որոշ ժամանակ անցավ, եւ ահա նրանցից մեկը, արևից աչքերը ծածկելով, նայեց ճանապարհին և ասաց.
— Նա, ոնց որ թե, վերադառնում է:
Եվ իրոք, նրանց էր մոտենում վայրի մարդը:
— Ինչ-որ բա՞ն ես մոռացել:
— Ոչ:
— Ուրեմն ինչո՞ւ ես վերադարձել: Նոր իշխանությունը դուրդ չեկա՞վ:
— Դե չէ, այն նույնիսկ գեղեցիկ է, միայն թե, ես, ոնց որ թե, վարժվել եմ անտառին, ավելի լավ է էնտեղ մնամ: Իսկ ո՞ւր է այն կորել, անտառն այն:
— Չկա այլեւս, մենք կտրել ենք:
— Բա հիմա ո՞ւր գնամ:
Վայրի մարդն այդ գեղջուկներից մեկի մեղքն եկավ:
— Ես մի դատարկ խցիկ ունեմ, հարդ կփռենք, այնտեղ էլ կսպասես:
Վայրի մարդը շնորհակալ եղավ եւ ապրեց գեղջուկի խցում: Առանց հարմարությունների, բայց փոխարենը՝ կտուրի տակ, նույնիսկ ավելի լավ է, քան անտառում:
Եվ դարձյալ սպասում է, բայց հիմա ինքն էլ չգիտի՝ թե ինչի:

Թարգմ. Վարդան Ֆերեշեթյան

ՊԵՏԵՐ ՆԱԴԱՇ

23 Հկտ

… Այստեղ, որպես կեղծապատիր եւ չարակամ, մենք պետք է մերժենք առանձին անպատասխանատու հայտարարություններն այն մասին, թե հասարակության այդ ավելի հավասար անդամները քաղաքացիներն ու քաղաքացուհիներն են, ովքեր ղեկավարում էին երկիրը: Գիտությունը այսօրվա տվյալներով չունի փաստեր, որոնք վկայում են այն մասին, թե նրանցից որեւէ մեկը թեկուզ մեկ անգամ իր անհատական գիտելիքը բաժին է հանել ինչ-որ մեկ ուրիշին: Դա նրանք թույլ չէին տալիս ոչ իրենց շրջապատում, եւ ոչ էլ դրանից դուրս, եւ ուրեմն, հասարակության գործերին իրազեկ քաղաքացիների, եւ դրանց անիրազեկ քաղաքացիների միմյանց միջեւ եղած տարբերությունը զուտ ձեւական էր: Եթե հասարակության գործերին անիրազեկ քաղաքացիները, այդ գործերին հենց իրենց անիրազեկության շնորհիվ, մոլեռանդորեն եւ հենց իրենց օգտավետության համար կողմնակից լինեն լռին հասարակական պայմանագրին` երբեք եւ ոչ մի դեպքում հասարակության սեփականությունը չդարձնի իր գիտելիքները, ապա հասարակության գործերին իրազեկ քաղաքացիք, ելնելով հենց այդ գործերին իրենց իրազեկության զգացողությունից, մոլեռանդորեն եւ հասարակության շահերի համար կողմնակից էին լռին պայմանագրին, որին համապատասխան միայն կոլեկտիվ անգիտությունը կարող էր երաշխավորել այն անհատական իմացությունը, որն ունենալու իրավունք ոչ ոք չուներ: Եթե առաջինները ձեւացնում էին, թե իբր ոչ մի անհատական գիտելիք չունեն աշխարհի մասին, ունենալով լոկ կոլեկտիվ անգիտություն, ապա մյուսները ձեւացնում էին, թե իբր հենց կոլեկտիվ անգիտությունն էլ անհատական իմացությունն է, եւ դրանում կար իր տրամաբանությունը: Չէ՞ որ, եթե որեւէ մեկը ոչ իր մեղքով իրազեկ չէ հասարակական գործերին, ո՞ր հիմքով նա կարող է հավակնել այն բանին, որպեսզի իր անհատական իմացությունը կոլեկտիվ անգիտության մաս կազմի: Մյուս կողմից, եթե որեւէ մեկը, դարձյալ ոչ իր մեղքով, իրազեկ է հասարակական գործերին, ինչ հիմքով նա կարող է հրաժարվել այն բանից, որպեսզի իր անհատական իմացության հիմքը կազմում է կոլեկտիվ անգիտությո՞ւնը: Այդ իմաստով մենք կարող ենք վստահաբար խոսել ղեկավարողների եւ ղեկավարվողների սկզբունքային հավասարության մասին: Ղեկավարողները չէին կարող սահմանափակել ղեկավարվողներին առ ազատ միտքը դեպի իրենց անհատական իմացությունը ճիշտ նույնպես, ինչպես ղեկավարվողները չէին կարող սահմանափակել ղեկավարողների ազատ մուտքն առ հասարակական անգիտությունը… Յուրաքանչյուրը կարող էր անել այն, ինչը նա չգիտի, եւ յուրաքանչյուրը բացեիբաց այդ մասին կարող էր մտածել այն, ինչը նա չի մտածում: Եվ եթե այս վեհանձն եւ գրավիչ թերամտությամբ հանդերձ՝ երկիրը չհասցրին ծայրահեղ քայքայման եւ քաոսի, ապա դա չպատահեց միայն այն պատճառով, որ բոլոր հավասար քաղաքացիների մեջ կային ավելի հավասար քաղաքացիներ: Եվ դրանց կոչում էին լուրեր հաղորդողներ…

%d bloggers like this: