Tag Archives: Պետդումա

Ռուսական բունտը և ցարի պատասխանը

7 Դկտ

Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների վերջնական պատկերը ներկայացավ այսպիսի արդյունքներով` իշխող «Եդինայա Ռոսիան» ստացավ ձայների 49,3 տոկոսը, Կոմկուսը` 19,2, Լիբերալ-դեմոկրատները` 12, «Սպրավեդլիվայա Ռոսիան»` 13,25 տոկոս քվե: Սակայն մյուս քաղաքական ուժերի ճակատագիրն ու նրանց ձեռքբերումները կամ կորուստները ակնհայտորեն քիչ են հետաքրքրում մարդկանց, փոխարենը բոլորի ուշադրությունը բևեռվել է այն փաստի վրա, որ «Եդինայա Ռոսիան» նախորդ՝ 2007 թվականի ընտրությունների համեմատ կորցրեց շուրջ 15 տոկոս կամ, որ նույնն է՝ մոտ 13 մլն ընտրողի: Նման շրջադարձն, ինչ խոսք, չի կարելի որակել այլ կերպ, քան որոշակիորեն անսպասելի: Սա նաև նշանակում է, որ «Եդինայա Ռոսիան» կորցնում է ոչ միայն սահմանադրական, այլև բացարձակ մեծամասնությունը, և ստիպված է լինելու ձգել գոտիները: Իսկ երբ ընդհանուր առմամբ հաղթանակ տարած կուսակցությունը սկսում է բացատրություններ փնտրել իր պարտության նմանվող հաղթանակի մասին, կնշանակի կացությունն իսկապես մտահոգիչ է: Օրինակ, նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, թե հարազատ թիմի ցածր արդյունքի մեղավորը տնտեսական ճգնաժամն է` դա գնահատելով որպես «ժողովրդավարությունը՝ գործողության մեջ»՝ չբացառելով «կոալիցիոն լուծումները»: Սակայն փորձագետներն ու իշխանության ընդդիմախոսները չեն կիսում այս հիմնավորումը: Նրանց կարծիքով արդյունքները պայմանավորվել են ոչ միայն ընդդիմադիր ընտրազանգվածի ակտիվացմամբ, այլև վատ կազմակերպված նախընտրական քարոզարշավով: Սրա հետ մեկտեղ հազարավոր մարդիկ պնդում են, որ քվեարկությունն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով, և բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով չեղյալ հայտարարել դրանք։ Որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ պատրաստվում են բողոքարկելու ընտրությունները, և հայտարարում են, թե «Եդինայա Ռոսիան» յուրացրել է ընտրողների 15 տոկոս ձայները, քանի որ իրականում ջախջախիչ պարտություն է կրել՝ հավելագրելով 12-15 տոկոսը: «Ընտրությունները բացարձակ հակաօրինական էին ինչպես իրավական, այնպես էլ բարոյա-էթիկական տեսանկյունից»,- ասում են նրանք:
Արտաքին աշխարհն իր հերթին սեփական եզրահանգումներն է հրապարակ բերում՝ հայտարարելով, թե ռուսական ընտրությունները ցույց տվեցին, որ Պուտինի կուսակցությունը կորցրել է բնակչության աջակցությունը ու այլևս երկրում չունի մեծ քաղաքական ազդեցություն: «Կրեմլն օգտագործել է ավտորիտար սցենարների գրեթե բոլոր տրյուկները, որպեսզի խեղդի այլակարծությունը և պաշտպանի Վլադիմիր Պուտինի ու նրա շրջապատի իշխանությունը: Սակայն ռուսաստանցիները անակնկալ են մատուցել ժամանակակից ցարին»,- գրել է The Wall Street Journal-ը:
Ռուսաստանի մշտական մրցակից ԱՄՆ-ն չէր կարող բաց թողնել նման հնարավորությունը՝ Մոսկվային չհայտնելու իր «լուրջ անհանգստության» մասին: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անմիջապես հանդես եկավ խախտումների մասին դիտողություններով, պահանջեց հետաքննել դրանք և ընտրությունները որակեց ոչ արդար, ոչ էլ ազատ: «Մենք նաև անհանգստացած ենք, որ ռուս դիտորդները ենթարկվել են հետապնդումների, իսկ կայքերը՝ կիբերհարձակումների»,-նշեց պետքարտուղարը: Իր հերթին ԵԱՀԿ-ն նախնական գնահատական հնչեցրեց՝ արձանագրելով, թե գրանցվել են լցոնումներ, ընտրացուցակների կեղծումներ ու մտահոգիչ այլ գործողություններ: Սա պիտի որ լրջորեն զայրացներ ռուսներին: Սակայն Մեդվեդևը բավականին մեղմ պատասխան տվեց արտասահմանցի գործիչներին` նշելով, որ «Ռուսաստանի քաղաքական համակարգը երկրի ներքին գործն է»: Անհամեմատ չոր էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Կոնկինի արձագանքը, ով պետքարտուղարին խորհուրդ տվեց ուշադրությունն ուղղել ամերիկյան ընտրական համակարգի աղաղակող թերացումների վրա:
Բայց դրսի քննադատողների հետ վիճաբանելուց շատ ավելի կարևոր է հանդարտեցնել այն կրքերը, որոնք հասունանում ու ծավալվում են բուն Ռուսաստանում: Հատկապես Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընտրություններից դժգոհ քաղաքացիները սկսեցին բողոքի զանգվածային ակցիաներ անցկացնել: Նախօրեին մեծ բազմություն էր հավաքվել Չիստիե Պրուդի տեղանքում, ովքեր նույնիսկ փորձ արեցին ներխուժել Կրեմլ: Իշխանությունն իր հերթին դիմեց ուժի գործադրմանը: Ներկա պահին հարյուրավոր ակտիվիստներ ձերբակալվել են, դրանց թվում կան կուսակցությունների առաջնորդներ, իրավապաշտպաններ, լրագրողներ: Իսկ հետո սկսվեցին մտահոգիչ հաղորդագրություններ տարածվել այն մասին, որ քաղաքը բառացիորեն օկուպացվել է զորքերի կողմից: «Մոսկվա զորքեր են շարժվում», «Այսպիսի բան չեմ տեսել 1993 թվականից ի վեր»,- նման գրառումներ հայտնվեցին բլոգերում, որոնք ուղեկցվում էին Ներքին զորքերի բեռնատարների լուսանկարներով: ՆԳՆ մամուլի ծառայությունից շատապեցին հայտնել, թե տեղաշարժերը կապված են ծառայության ուժեղացված ռեժիմի հետ, որ սկսվել է «լռության օրվանից» ու պետք է ավարտվի ձայների վերջնական հաշվարկից հետո: Իրավապահները նաև հաղորդում էին, որ Մոսկվայում զորքերի թիվը չի ավելանալու, ուղղակի ընթանում է անձնակազմի պլանային փոխարինում, բայց դրա հետ մեկտեղ ուժայինները նախազգուշացնում էին, որ ամենայն խստությամբ ցրելու են չարտոնված բոլոր ցույցերը։
Ռուսական բունտի կարոտախտը ոմանց մոտ հույսեր է արթնացնում հնարավոր ցնցումների ու վայրիվերումների հեռանկարի մասին: Փողոցներում դեռևս անհանգստություն կա, որը շարունակություն է խոտանում: Սակայն իշխանությունները ցայտնոտային կացության մեջ չեն և դեռ փորձում են սթափ գնահատել իրավիճակը: Նրանք ասում են, որ իրենց ձախողումն ու անկումը բնական կարելի էր համարել, քանի որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է կրում պատասխանատվությունը երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումների համար։ «Պետական Դումայում տեղի կունենա էական թարմացում։ Հաջորդ տարվա նախագահական ընտրություններից հետո կձևավորվի նոր կառավարություն, և այնտեղ էլ կլինեն լուրջ փոփոխություններ»,- խստանում է վարչապետ Պուտինը։ Ընդդիմությունն իր հերթին այս ընթացքում փաստել է, որ ռուսաստանյան քաղաքական կյանքում էական շարժ է տեղի ունեցել. եթե առաջներում համարվում էր, որ Պուտինը հավերժ է, իսկ «Եդինայա Ռոսիան» դեռ երկար ժամանակով կիշխի, ապա հիմա դա այդպես չէ: Բայց սրանով հանդերձ ընդդիմությունը նաև հասկանում է, որ հազիվ թե իրեն հաջողվի ձեռք բերել լուրջ հաղթանակներ ու փոփոխություններ: Բանն այն է, որ «Եդինայա Ռոսիան» թեպետ հարաբերական պարտություն կրեց, սակայն հակամարտ դաշտում գտնվողները չեն կարողացել ներկայացնել հակակշիռ ուժ և ձևավորել որոշակի պահանջներ: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանում այնպիսի միասնական ընդդիմադիր շարժում, որն ի վիճակի կլինի պայքարի մեջ մտնել, ներկա պահին չկա։ Հենց այդ անորոշության ու անհավասար ուժերի պայմաններում էլ իշխող կուսակցությունն իրեն շարունակում է նախկինի պես ինքնավստահ զգալ: Եվ նույնիսկ այսօրվա լարվածության, փողոցային խժդժությունների, քաղաքական ակտիվության պայմաններում շատերն են խոստովանում, որ իրատեսական չէ առաջիկայում սպասել ընտրված կուրսի լուրջ փոփոխություն: Իսկ իշխանական բուրգը, որ վերջնականապես կամբողջացվի մարտին՝ նախագահի ընտրությամբ, հազիվ թե շեղվի իր նախանշած սցենարից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

«Ոչ մի թիզ հող թշնամուն»

27 Հնվ

Նախագահ Ս. Սարգսյանը ընդարձակ հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որտեղ հիմնականում խոսել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման և այդ խնդրում Ռուսաստանի դերակատարության մասին: Նրա խոսքից առանձնացնենք երեք կարճ հատվածներ, որոնք ներքին տրամաբանական կապ ունեն, իսկ դրա հետ մեկտեղ` նաև բազում ընդդիմախոսներ: Առաջին միտքը հետևյալն է. «Ես վստահ եմ, որ հնարավոր է խուսափել պատերազմից»: Այնուհետև նախագահն ասում է. «Ռուսաստանը լիովին ունակ է զսպել և սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում, և ռազմական գործողությունների վերսկսումը»: Իսկ ահա վերջին հատվածում Սարգսյանը նշում է. «Եթե Հայաստանի ժողովրդի և ղարաբաղցիների կարծիքը հարցնեն, ապա, բնականաբար ոչ-ոք նույնիսկ մեկ սանտիմետր հող չի ցանկանա վերադարձնել»։
Նախագահի նման լավատեսությունը, որ մի դեպքում պիտի հիմնված լինի սեփական երկրի հնարավորությունների, իսկ մյուս դեպքում` մեծ դաշնակցի աջակցության վրա, որքան էլ տարօրինակ թվա, քիչ համակիրներ ունի հենց բուն Ռուսաստանում: Ասենք ավելին, ռուսները հատկապես վերջին շրջանում ծայրահեղ հոռետեսությամբ են տրամադրված և մեկը մյուսի ետևից զգուշացնում են մեզ այդ մասին: Մեջբերենք դրանցից մի քանիսը: Այսպես, Քաղաքական տեխնոլոգիաների ռուսաստանյան կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Միխեևը կարծում է, որ այսօրվա դրությամբ ղարաբաղյան կարգավորման մեջ միակ իրական խնդիրը զանգվածային արյունահեղության կանխումն է, իսկ այն կարող է շատ ավելի զանգվածային լինել, քան՝ թվում է: Նրա տեսակետը բաժանում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ըստ որի լարվածությունը Ղարաբաղի շուրջ նկատելիորեն աճել է ու այդ միտումը շարունակվում է, ինչն առանց հետևանքների չի մնա:
Ռուասաստանի Արևելագիտության ինստիտուտի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովն էլ ավելի խիստ է իր գտնահատականներում` կարծելով, որ յուրաքանչյուր ամիս ավելանում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններն սկսելու հնարավորությունը, և դրա մասին են վկայում բազմաթիվ գործոններ: Վերջինս գտնում է, որ մինչև ամառ ռազմական իրադարձություններ պետք չէ սպասել, սակայն դրանից հետո երաշխիքներ չկան:
Այս անորոշության բացը գալիս է լրացնելու «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում օրերս հրապարակված հոդվածը, համաձայն որի Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների: «Հավանաբար, ադրբեջանական զորքերի կողմից «գրավյալ տարածքների ազատագրման» փորձ կձեռնարկվի 2011թ. վերջում կամ, հավանաբար, 2012թ. ամռանը»,- գրում է թերթը:
Ինչպես տեսնում ենք, այն ռուսները, ովքեր, ըստ նախագահի, եթե ցանկանան` կարող են զսպել ռազմական գործողությունների վերսկսումը, առայժմ այնքան էլ վճռական տրամադրված չեն: Իսկ նրանց պեսիմիզմի ջրաղացին ջուր են լցնում եվրոպացի քաղաքական գործիչները, որոնք վերջին շրջանում նույնպես ընդգծված ուշադրություն ու ակտիվություն են հանդես բերում: Օրերս ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը հայտարարեց. «Ինձ անհանգստացնում են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»: Նրանից ետ չմնաց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, որի գնահատմամբ, Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և յուրաքանչյուր միջադեպ ցույց է տալիս, որ պետք է էլ ավելի շատ ջանքեր ներդնել խնդրի կարգավորման ուղղությամբ: Վերոհիշյալ միտքը կրկնեց նաև Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը` ասելով, որ հակամարտության գոտու իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և իր կարծիքը հիմնավորեց զորքերի շփման գծում հրադադարի խախտման հաճախացած դեպքերով ու միջադեպերով:
Վերջին դիտողությունն իրոք համապատասխանում է իրականությանը: Այս փաստի առթիվ նույնիսկ պաշտոնական Ստեփանակերտը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` փաստելով, որ
սահմանին արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ: Իսկ թվերը գալիս են պատկերն ամբողջացնելու: Այսպես, հունվարի 22-ին ու 23-ին ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շուրջ 90 անգամ խախտելով հրադադարը` հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 300 կրակոց: Հունվարի 24-25-ին 14 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը: Կորուստներով միջադեպքեր արձանագրվեցին Հորադիզի և Աղդամի շրջանի Ջավահիրլի գյուղի մերձակայքում:
Իսկ այս ամենի մասին ի՞նչ են ասում ու մտածում Հայաստանում: Պարզվում է` ոչ մի տագնապալի բան: Ընդհակառակը, ոմանք շարունակում են պնդել, թե ադրբեջանցի զինվորը պատրաստ չէ միայնակ պատերազմի գնալ, նրան առնվազն պետք է Թուրքիայի աջակցությունն ու թույլտվությունը, իսկ Թուրքիան ներկա փուլում պատերազմ չի ուզում` կապված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական զարգացումների հետ:
Բաքվի` միայնակ կռվի չգնալու թուլությունը դատապարտողները սակայն հաջորդ պահին հենց իրենք են հայտնվում նույն գայթակղության ցանցում, երբ սկսում են խոսել այն մասին, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի վերջին պայմանավորվածությունները ստրատեգիական գործընկերների հետ թույլ են տալիս ավելի վստահությամբ նայել խաղաղության պահպանման ապագային: Ստացվում է այնպես, որ մենք էլ հույսներս դրել ենք կողմնակի օգնության վրա և անհրաժեշտության դեպքում հազիվ թե կարողանանք ինքնուրույն պատերազմել:
Եվ վերջապես, մեկնաբանելով Բաքվից անդադար հնչող ռազմատենչ հայտարարությունները, շատերն էլ սկսել են դատողություններ անել այն մասին, որ իրականում ոչ ոք պատերազմ չի ուզում, քանի որ դա չի բխում կողմերից որևէ մեկի շահերից` նկատի առնելով տարածաշրջանում թափ հավաքող նոր էներգետիկ նախագծերը: «Դրանց ֆոնին քիչ հավանական է, որ որևէ մեկը թույլ տա ռազմական գործողությունների վերսկսում այդ նախագծերի մոտ»,- պնդում և իրենց ասածին հավատում են որոշ վերլուծաբաններ:
Իսկ միակ ճշմարիտն այն է, որ մենք երբեք չպետք է մեզ ներշնչենք այն գաղափարը, թե պատերազմի վերսկսումն անհնար է, քանի որ դրա հնարավորությունը միշտ կա, իսկ դրա բացառումը կարճատեսություն է ոչ միայն քաղաքական առումով:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: