Tag Archives: Պեպո

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂ ՉԿԱ»

12 Նյմ

1935 թվական: Հայկական առաջին հնչյունային ֆիլմի` «Պեպո»-ի նկարահանումները վերջապես մեկնարկում են: Բոլորն անհամբերությամբ սպասում են այդ պատմական պահին: Հանգիստ է միայն հնչյունային օպերատոր Դ. Բլոկը: Մի վերջին անգամ ստուգելով սարքավորումները, նա հանկարծ բոլորից լռություն է խնդրում, ապա մոտենում է միկրոֆոնին և հայերեն լեզվով արտասանում է երեք բառ. «Հայաստանում փող չկա»: Սրանք դարձան այն առաջին բառերը, որոնք Հայաստանում ձայնագրվեցին ժապավենի վրա: Իսկ Բլոկն իր այդ քայլով ընդամենը ցանկանում էր արձանագրել, թե որքան դժվարին ֆինանսական պայմաններում էին մեկնարկում «Պեպո»-ի նկարահանումները:pepo2

ԿԻՆՈ. ՏԵՍԱՆԵԼԻՆ ԵՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ

22 Հնվ

Կինոյի հրաշագործ աշխարհում անհավանական դեպքերն ու իրավիճակները կարող են կատարվել ոչ միայն էկրանի վրա, այլև նրանից դուրս: Նկարահանման հրապարակը այդ արտառոց միջադեպերի ու զարմանալի իրավիճակների լավագույն տարածքներից մեկն է, ինչի մասին կարող են վկայել բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ բախտ են ունեցել մասնակից լինելու կամ գոնե կողքից դիտելու կինոարարման ընթացքը: Եվ այդ ժամանակ ցանկացած քայլ, որը քիչ առաջ պիտի նրանց թվար երևակայությունից ու ակնկալիքներից դուրս, հանկարծ դառնում է բնական ու ներդաշնակ, միանգամայն հնարավոր ու իրական, քանի որ այլ կերպ լինել չէր կարող: Պարզապես չէր կարող: Հանդիսատեսն այս իմաստով միշտ էլ առավելություն ունի: Բայց հաճա՞խ է պատահում, որ որևէ ֆիլմ դիտելիս ինքներդ ձեզ հարց տաք. «Տեսնես ինչպե՞ս են նկարահանել այս հատվածը»: Եվ հենց այդ պահից էլ վրա է հասնում մեր պատկերացումների և իրականության խզումը, քանի որ կան բաներ, որոնք ուղղակի կռահումների սահմաններից այն կողմ են: Կադրերը էկրանին լողում են հեշտ ու անկաշկանդ, իսկ նրանց թիկունքում գաղտնիքներն են, հաղթահարված իրավիճակների ու խոչընդոտների մի երկար շարան, որտեղ հիմնականը միշտ էլ մնալու է կադրից դուրս՝ մեզ մատուցելով միայն այն, ինչը մարդկային մտքի, տաղանդի, արվեստի, վարպետության ու աշխատանքի արգասիքն է:
Եվ որպեսզի մեր նախաբանը վերացարկված չհնչի, կպատմենք ձեզ մի քանի դրվագներ այն հայկական կինոնկարների ստեղծման պատմությունից, որոնք դուք, անկասկած, դիտել եք: Ու այդ ժամանակ ոչ միայն կմտաբերեք տվյալ դրվագը, այլև հետագայում այլ կերպ կամ, ինչպես ասում են, այլ աչքով կսկսեք դիտել վաղուց ծանոթ տեսարանները:

ԱՊՏԱԿ ԱՌԱՋԻՆ

Ինչպես որ ամեն ինչ լինում է առաջին անգամ, այդպես էլ հայ կինոյում այլևայլ բաների շարքում առաջին անգամ եղավ… ապտակը: Իսկ դեպքը պատահեց 1924 թվականին, երբ նկարահանվում էր հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուսը»: Ֆիլմում Բարխուդարի կերպարը բեմադրիչ Համո Բեկնազարյանը վստահեց թատրոնի մեծանուն հայ դերասան Հովհաննես Աբելյանին: Տաղանդավոր արտիստը բեմի վրա անկրկնելի էր, սակայն կինոն նրա համար «մութ անտառ էր», և որպեսզի չմոլորվեր այդ անտառում, հարկ էր լինում մանրամասն բացատրել, թե որ դեպքերում ինչ է անհրաժեշտ անել: Եվ ահա դրվագներից մեկում, ըստ սցենարի, Բարխուդարը պետք է դուրս գար պատշգամբ, տեսներ իր աղջկան Սեյրանի հետ համբուրվելիս և ապտակեր Սուսանին: Սուսանի դերը մարմնավորում էր ոչ պրոֆեսիոնալ դերասանուհի Մանյա Շահուբաթյանը: Փորձի ժամանակ ռեժիսորը զգուշացրեց Աբելյանին, որ կինոյի տարբերությունը թատրոնից հենց այն է, որ այստեղ ամեն ինչ բնական պետք է լինի` եթե հնարավոր է` լաց լինել, ապա արտասուքը պիտի երևա, եթե ծեծել է պետք, ապա դա նույնպես պետք է կատարել բնականորեն: Աբելյանը բեմադրիչի խորհուրդները հաշվի առավ ոչ ավելի, քան բառացիորեն: Եվ երբ դերի մեջ մտած՝ նկատեց Սուսանին համբուրվելիս, այնպիսի մի շառաչուն ապտակ հասցրեց աղջկան, որ կարիք զգացվեց բուժօգնություն ցույց տալ «տուժածին»: Տեսարանը ստացվել էր, սակայն դրանից հետո Մ. Շահուբաթյանը մի քանի օր մնաց տանը` ուռած այտով: Հ. Աբելյանը ամեն օր` ծաղկեփունջը և քաղցրավենիքը ձեռքին` այցելում էր Շահուբաթյանին և հանցավորի պես ասում.
— Ներիր ինձ, Մանյա, մեղավորը Համոն է. նա ասաց, որ բնական պիտի լինի, դե, ես էլ ոգևորվեցի: Ոչինչ, աղջիկս, դու առաջին անգամն ես ոտք դնում արվեստի բնագավառ, թող իմ ապտակը լինի քո մկրտությունը:

ԱՊՏԱԿ ԵՐԿՐՈՐԴ

Նկարահանվում էր «Գիքորը»: Առաջին «Գիքորը»: Գլխավոր հերոսի կերպարը մարմնավորում էր մի շնորհալի պատանի՝ Հակոբ Պողոսյանը: Գիքորի անձրևի տակ ընկնելու և թրջվելու տեսարանը նկարահանվեց Հայկինոյի բակում, որտեղ ստուդիայի հրշեջ խումբը արհեստական անձրև առաջացրեց: Զգուշանալով, որ Հակոբը կարող էր հիվանդանալ թրջվելուց, նախապես նրա զգեստի տակից ամբողջական ռետինե շոր հագցրին, իսկ նկարահանումից հետո մարմինը շփեցին կոնյակով և անկողին մտցրին հենց Հայկինոյի բակում բնակվող բեմադրող ռեժիսորի բնակարանում: Պետք է ասել, որ հաշվի առնելով երեխաների մասնակցությունը ֆիլմին՝ Հայկինոն ապահովել էր հատուկ բժշկի ներկայությունը նկարահանման տաղավարում: Բայց բոլորի հիշողության մեջ առանձնապես դրոշմվեց այն տեսարանի նկարահանումը, երբ Բազազ Արտեմը (այս դերը խաղում էր Ավետ Ավետիսյանը) իր խանութում խժռելով Գիքորի բերած հավի բուդը` ապտակում է նրան ուշանալու համար: Ապտակի մասին Հակոբին նախապես չէին զգուշացրել, և երբ բազազ Արտեմ- Ավետիսյանը ապտակեց նրան, Հակոբն այն աստիճան վիրավորվեց, որ կտրականապես հրաժարվեց հետագա տեսարաններին մասնակցելուց: Բեմադրիչ Ա. Մարտիրոսյանը ստիպված եղավ դիմել խորամանկության: Նա ասաց Հակոբին, որ հիմա, ըստ սցենարի, նա ինքը պետք է ապտակի Բազազ Արտեմին: Եվ իրոք, նկարահանվեց նաև այդ տեսարանը. Գիքորը ամենայն գոհունակությամբ ապտակեց Ավետիսյանին, սակայն բոլորը, բացի Հակոբից, գիտեին, որ նկարահանող տեսախցիկում կինոժապավեն չկար: Միայն թե կարևորն այն էր, որ Հակոբն իր վարմունքից գոհ` մինչև վերջ մասնակցեց նկարահանմանը:

ԱՊՏԱԿ ԵՐՐՈՐԴ

Սա արդեն ավելի ուշ շրջանի պատմություն է: Ֆրունզե Դովլաթյանը նկարահանում էր «Երկունք» կինոնկարը: Այն տեսարանն էր, որտեղ Չարենցի կինը՝ Արփենիկը մի քանի օր շարունակ չէր տեսել ամուսնուն, և այժմ եկել էր Չարենցի մոտ՝ թախծոտ, կարոտած, քաղցած… Արփենիկի դերը խաղում էր Թամարա Հովհաննիսյանը: Դովլաթյանը լուրջ դեմքով նրան բացատրում էր իր անելիքը, բայց դերասանուհին ոչ մի գնով չէր կարողանում լրջանալ ու անընդմեջ ծիծաղում էր: Ափերից դուրս եկած բեմադրիչը հանկարծ արագ մոտենում է նրան, մի ապտակ է հասցնում Թամարային և անմիջապես հրահանգում է.
— Մոտոր…
Տեսարանը նկարահանվում է սպասվածի պես:

ԱՌԱՆՑ ԱՊՏԱԿԻ, ԲԱՅՑ ԽԵՂԴՎԵԼՈՒՑ ՓՐԿՎԵԼՈՎ

Բոլորի սիրելի «Շոր և Շորշոր» կարճամետրաժ ֆիլմի նկարահանման պատմությունից հիշատակության արժանի է ջրաղացի տեսարանը՝ Զանգվի ափին` Էջմիածնի կամրջից ոչ հեռու գտնվող մի հին ջրաղացում: Ըստ սցենարի երկու գյուղացիներ՝ Ղուկասը (Բ. Մուրադյան) և Վարդանը (Ա. Ավետիսյան) նստած են ջրաղացի անշարժ անիվի տակ: Երբ ջրաղացպանը սատանաներից ազատվելու համար զգուշությամբ մոտենում է «ջրտուքին» և բաց անում ջրարգելակը, ջուրը թափով առաջ է մղվում ու սկսում արագ շարժել ջրաղացի քարը, որի վրա տեղավորվել էին Շորը (Խաչանյան) և Շորշորը (Ամիրբեկյան): Միայն թե նախնական հաշվարկները սխալ էին արվել, և դեպքերն ընթացան դրամատիկ լարվածությամբ: Նախ Շորը և Շորշորը պտտվեցին այնպիսի արագությամբ, որ հազիվ հաջողվեց կիսաուշագնաց վիճակում նրանց իջեցնել ջրաղացքարից: Ուշքի գալուց հետո միշտ գործնական Հ Խաչանյանը միանգամից դիմեց Հայկինոյի ներկայացուցչին.
— Կինոարվեստը մենք շատ ենք սիրում, բայց մեր կյանքն ու առողջությունը` ավելի: Այս «տրյուկի» համար մեր հոնորարը պետք է ավելացվի:
Եվ մինչ վերևում լուծվում էր հավելավճարի հարցը, ներքևում՝ ջրաղացի անիվի տակ նստած Ղուկասի և Վարդանի հետ էլ ավելի ահավոր դեպքեր էին կատարվում: Գահավիժող հոսանքը պոկել էր նրանց, մի քանի անգամ շուռ տվել և գետի քարերին զարկելով` քշել դեպի Զանգվի հունը: Քանի դեռ Ավետիսյանը պայքարում էր ալիքների ու քարերի հետ՝ մերթ սուզվելով ու մերթ երես դուրս գալով, սակավաուժ Մուրադյանը արդեն կուլ էր գնացել ալիքներին: Անմիջապես օգնության կանչեցին ձկնորսներին, որոնք էլ ափ հանեցին Մուրադյանին, դժվարությամբ ուշքի բերին, որից հետո կոնյակն ու յոդն էլ կատարեցին իրենց գործը: Հաջորդ օրը «մահացու հնարքի» բոլոր մասնակիցները պարգևատրվեցին տնօրինության կողմից: Նրանցից յուրաքանչյուրին տրվեց… տասական ռուբլի:

ԷՇԸ, ՈՐ ԶՌՈՒՄ ԷՐ 50 ՌՈՒԲԼՈՎ

Հայկական առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն» բացառիկ էր ոչ միայն նրանով, որ «մեծ համրը» հայերեն պիտի խոսեր, այլև իր նախապատրաստական աշխատանքների ծավալներով: Բավական է միայն մի օրինակ բերել, որ պարզ դառնա, թե ինչպիսի աշխատանք էր պահանջում յուրաքանչյուր էպիզոդը: Որպեսզի նկարահանվեր ցարական զորքի երթը փողոցով՝ փողային նվագախմբի երաժշտության ներքո և Զիմզիմովին ծեծելու տեսարանը, հարկ եղավ Երևան քաղաքում կառուցել… ևս մի քաղաք: «Արարատ» գինու գործարանի դիմաց այն ժամանակ գտնվում էր մի փոքրիկ հրապարակ, որը կոչվում էր «Ցախի մեյդան»: Այստեղ մարդիկ վաճառքի էին հանում իրենց անասուններին: Եվ ահա քաղսովետի հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո հրապարակը շրջապատեցին պարիսպով ու սկսեցին կառուցել հին Թիֆլիսի «բազարը»՝ նկարիչ Ս. Սաֆարյանի էսքիզների համաձայն: Դա խոշոր շինարարական աշխատանք էր: Կառուցվեցին ամբողջական փողոցներ, սալահատակներ, տներ, խանութներ: Դրանից հետո խանութները և փողոցները լցրեցին ապրանքով, և ստացվեց գունեղ, կոլորիտային շուկա` իր բոլոր կենցաղային հատկանիշներով: Սակայն պարզվեց, որ այդ ահռելի աշխատանքը շատ ավելի հեշտ է կատարելը, քան այնպիսի աննշան բաները, ինչպես, օրինակ, էշի զռալը: Բանն այն է, որ ըստ սցենարի` էշը պետք է ուտեր Կեկելով հափշտակված Դուլուլու թաբախի խնձորները և ապա զռար: Մի քանի անգամ անգամ էշը ամենայն բարեխղճությամբ ու ախորժակով ճաշակեց խնձորները, սակայն չզռաց, իսկ իշապանը ստանում էր իր հոնորարը` 25 ռ. և հանգիստ հեռանում: Այս տեսարանի նկարահանման 3-րդ օրվա անհաջողությունից հետո իշապանը դիմեց բեմադրիչ Բեկնազարյանին, թե` իմ էշը միայն 50 ռուբլով կարող է զռալ: Եվ երբ նրան խոստացվեց այդ 50 ռուբլի հոնորարը, նա հաջորդ օրը իրոք զռացրեց իր էշին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: