Tag Archives: պարկեշտություն

ՍԵՆ-ԺՈՆ ՊԵՐՍ

26 Օգս

Լվացեք, օ, Անձրևներ, քարաշեն տեղ բացեք ուժեղների համար: Մեծ սեղանների շուրջ, իրենց ուժի հովանու ներքո կնստեն նրանք, ովքեր չեն արբել գինուց մարդկային, ովքեր չեն պղծվել ոչ արցունքների, ոչ էլ անուրջի գաղջ դառնահամից, ովքեր մտահոգ չեն, թե անուններն իրենց աղավաղվում են ոսկրե շեփորականչերում… մեծ սեղանների շուրջ կնստեն նրանք, իրենց ուժի հովանու ներքո, քարաշեն տեղում՝ ուժեղների համար:

Լվացեք կասկածն ու խոհեմությունը գործի ընթացքում, լվացեք կասկածն ու պարկեշտությունը ձեր տեսադաշտում: Լվացեք, օ, Անձրևներ, ակնափառը բարեգործ մարդու, ակնափառը բարեխոհ մարդու, լվացեք ակնափառը նրբաճաշակ մարդու, ակնափառը նրբակիրթ մարդու, ակնափառը արժանավոր մարդու, ակնափառը տաղանդավոր մարդու, լվացեք աչքի եղջերաթաղանթը Վարպետի ու Մեկենասի, ակնահատը Արդարադատի ու Տիտղոսավորի… ակնահատը մարդկանց՝ խոհեմ ու պարկեշտ հորջորջված:

Լվացեք, լվացեք բարեսիրությունը մեծ Հովանավորների սրտում, լվացեք բարեձևությունը մեծ Դաստիարակների դեմքին և լեզվի ախտը՝ հասարակաց շուրթերին: Լվացեք, օ, Անձրևներ, ձեռքը Դատավորի ու Վերակացուի, ձեռքը տատմերի ու պատանքողի, անկյալի ու կույրի լիզված ձեռքերը, լվացեք նաև այն ստոր ձեռքը՝ մարդու ճակատին, որը երազում է նորից մտրակ, երասան… մեծ Հովանավորների ու մեծ Դաստիարակների բարեհաճությամբ:

Լվացեք, լվացեք ժողովուրդների պատմությունը հիշողության ամենաբարձր հարթակներին, հսկա տարեգրքերը պաշտոնական, մեծ ժամանակագրությունները Կղերականների և տեղեկագրերը ակադեմիական: Լվացեք կոնդակներն ու հրովարտակները, նաև Տետրականները Երրորդ դասի, Դաշինքները, Ուխտագրերը միաբանական և մեծ պայմանագրերը դաշնակցային: Լվացեք, լվացեք, օ, Անձրևներ, բոլոր մագաղաթներն ու մորթագրերը՝ անկելարանների ու բորոտանոցների պատերի գույնի, փղոսկրե բրածոյի և ջորիների հին ատամների գույնի… Լվացեք, լվացեք, օ, Անձրևներ, ամենաբարձր հարթակները հիշողության…

%d bloggers like this: