Tag Archives: պատշգամբ

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ

1 Ապր

Մարդ պիտի բախտ ունենա: Թե որ չեղավ` թեկուզ երկնքից մանանա թափվի, իզուր է:
Ասենք թե ուշ գիշերով տուն ես գալիս: Աշխարհի հետ ոչ մի առնելիք-տալիք չունես: Ուզածդ մի բան է միայն. չհարցնեն, թե որտեղ էիր: Ասեին` ինչ լավ է, որ եկար, տաք սուրճը քեզ է սպասում, հետո հանվիր, անկողին մտիր` հոգնած կլինես: Չէ, ո՞նց կլինի: Ախր դու բախտ չունես, է… Չունես ու վերջ: Չկա: Նյետու: Ոտքդ դեռ շեմքից ներս չես դրել` հարցդ ուզես:
Դու, իհարկե, տղամարդ ես: Շվարած չես կանգնի, չէ: Ոչ էլ սուտ կասես (մեկ է` չեն հավատա): Ուրեմն ի՞նչ ես անելու: Ճիշտ է: Սկսիր բախտից բողոքել: Ասա, որ էդ անտերից մի գրամ էլ իսկի չկա, ասա, որ կյանքում երեսն էլ տեսած չկաս, որ բախտ բաժանելիս դու ընդհանրապես հերթի մեջ չէիր, որ… Մի խոսքով, մի բան ասա… Չկասկածես: Մի վայրկյան անգամ չկասկածես: Որովհետև քեզ արդեն հարբածի տեղ են դրել: Դեռ կոշիկներիդ կապերն էլ իրենք կարձակեն, մինուճար շալվարդ հագիցդ կհանեն ու շրմփ` լվացքի մեջ (մինչև առավոտ չորացավ` չորացավ, չէ, ուրեմն ճարդ տես), կասեն, որ խմելը մի օր տունդ քանդելու է (չփորձես հակաճառել, թե իբր արդեն ինչքան պետք է` քանդել է), թևերդ ընկած կհրեն ննջարան ու լույսը կանջատեն: Դու էլ չկաս: Էս տանը չես: Ի՞նչ ես անելու: Ճիշտ է, քնելու ես: Ինչքան շուտ ու խորը` այնքան քո շահն է…
Ի՞նչ: Քունդ չի՞ տանում: Դե գիտե՞ս ինչ, դա արդեն տնաքանդություն է: Ասենք` դու գիտես, քեզ համար էինք ասում: Կուզե՞ս, թեկուզ հենց հիմա մի բարակ շապիկ քաշիր վրադ ու վեր կաց: (Կմտածեն` երևի սիրտն է խառնում, թասը կսեղմեն բկիդ. առ ու պահիր): Հետո՞: Հետո էն, որ կես ժամից քեզ շատ հանրամատչելի ձևով կբացատրեն, թե ինչ ասել է բախտ չունենալ (մռփեիր, էլի…):
— Չասացիր, է՞, թե էս ուշ ժամին որտեղից ես գալիս…
(Տանը մուրճ ունե՞ք. վերցրու ու խփիր գլխիդ, օգնում է):
Դու, իհարկե, լռում ես, իբր` բերանս մի բացեք, հոգնած եմ, իբր` իմ դարդը քիչ էր, հիմա էլ սրանք: Բայց չէ, հույս չունենաս, քանի կենդանի ես, քանի դեռ բերանդ շունչ կա, հարցնելու են: (Արդեն լուրջ եմ հարցնում` մուրճ ունե՞ք):
Վեր կաց, հիստերիկ շարժումներով ծխախոտ վառիր ու դուրս արի պատշգամբ, իբր` գլուխս առնեմ ու՞ր գնամ էս տնից: Դուրս եկա՞ր: Ապրես: Հիմա կանգնիր: (Մուրճը չգտա՞ր):
Կանգնեցի՞ր: Կեցցես: Հիշում ես, չէ՞, որ շալվարդ արդեն մի կես ժամ կլինի` հագիդ չէ: Լավ է, որ հիշում ես: Ուրեմն ի՞նչ պիտի անե՞ս… Բա կասեիր, էլի… Տո ցնդած, ո՞նց պիտի գնաս հագնես, թե որ ջրի մեջ է… Հագնեմ… Թան էլ չէ, բրդած մածուն: Քեզ ասում են` կանգնիր, ուրեմն կանգնիր: Այդպես: Հիմա ինձ լսիր:
Նախ, վերև չենք նայում: Ինչու, հա ինչու: Որովհետև, քաղցրիկ ջան, էս աշխարհում քո բարեհաճ թույլտվությամբ ուրիշ մարդիկ էլ են ապրում, օրինակի համար, վերևիդ հարևանը… Հասկացար, հա՞: Դե, փառքդ շատ, աստված, էս մի բանը շուտ հասկացար: Ուրեմն չես նայում: Հիմա լսիր, թե ինչ եմ ասում: Դու որ չես նայում, դեռ չի նշանակում, թե նա էլ չի նայում: Այն էլ ոնց է նայում: Ասենք, դու շատ էլ վատ մի զգա. քեզ չի նայում, շալվար չեղած տեղին է նայում: Կնայի, կնայի, հետո կհոգնի, կգնա, հո քեզ պես չի առնելու` չորանա պատշգամբում:
Բայց չէ, սպասիր, ոնց որ թե բան է հարցնում, հը՞… Ասա` ֆուտբոլ էի նայում, դրա համար եմ էս շորերով… Ի՞նչ, խաղի հաշի՞վն է հարցնում: Այ մարդ, ասա, իմ սև սիրտ, քո վարդագույն… Կամ հակառակը… Վերջը, մի բան ասա:
Ի՞նչ: Գնա՞ս: Ու՞ր, նե՞րս: Ախ, հա, մյուս կողմի վրա: Դե դա արդեն բախտի հետ կապ չունի: Դրան դժբախտ պատահար են ասում:
Հիմա ի՞նչ անես: Ես ի՞նչ գիտեմ` ինչ անես: Ժամանակին տուն գայիր, այ թե ինչ անես… Լավ, սպասիր, մի բան կմտածեմ:
Ինձ լսիր, ինչ ասեմ` նույնությամբ արա: Ձայն տուր հարևանիդ: Ո՞նց թե` որ մեկին: Նա, որ քեզնով էր հիանում: Ասա` իջիր, նարդի խաղանք… Ջհանդամը, թե խաղալ չգիտի: Բանուգործ թողնեմ, նստեմ խաղալ սովորեցնե՞մ: Համոզիր, մի բան հնարիր: Ասա թող իրենց մուրճն էլ հետը վերցնի (ընկերով մահը հարսանիք է):
Ի՞նչ, չի գալի՞ս: Վայ քո… Նամարդ: Ասենք` ճիշտ է անում: Ո՞ր խելառը գիշերով տկլոր մարդու հետ գլուխ կդնի: Հերիք չի` բախտ չունի, դեռ մուրճ էլ չունի: Երևի պարան էլ չունեք, չէ՞, որ կախվեիր ու ազատեիր քեզ էլ, մեզ էլ: Ասում էի, չէ՞, որ չեն ունենա: Վատ է: Շատ վատ է: Ես կասեի` համարյա անհույս է… Մնաց միայն մի տարբերակ: Այլընտրանք չկա: Հայ-հայդ գնացել` վայ-վայդ է մնացել: Ապրել ես ուզում` պիտի տառապես: Երևի Տերն այդպես կամեցավ…
Բայց ներս գնալուց առաջ սպասիր` մի բան էլ ասեմ: Չգիտեմ, թե էդ գեհենը ինչքան կտևի, թե առավոտյան քանի կապտուկ կհաշվեմ դեմքիդ, սակայն եթե գիտակցությունդ կորցրած չլինես, էս մի բանը լավ միտքդ պահիր. ճիշտ է, որ մարդը պիտի բախտ ունենա, բայց իմացած լինես, որ բախտն էլ իր հերթին երազում է խելքը գլխին բախտատեր ունենալու մասին…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: