Tag Archives: պատմական

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

2 Ապր

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:
Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ:
Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական` մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարևաններին, ուժեղացնելով` հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարևանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը և երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարևանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա…
Մենք կռահել ենք նպատակասլացություն կոչվող բանի ավերիչ ուժը ու երազող ենք: Մենք կասկածում ենք, ուրեմն մոտ ենք սթափվելուն: Մենք հազիվհազ սթափվելու ճանապարհին ենք, իսկ խժդժության տասնապետները վայրահաչում են մեր մասին` իբր թուլամորթ, աննպատակ սերունդ դուրս եկանք, իբր մեր կյանքում վեհություն չկա…
Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանն ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակն է Հայաստանը: Հայաստանն իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս` համեմատելու կարիք չկա…

%d bloggers like this: