Tag Archives: պատժամիջոց

Ճչում է նա, ում վերքն առավել ցավոտ է

23 Դկտ

Եղավ այն, ինչ ենթադրվում էր դեռ շաբաթներ առաջ: Կողմերից յուրաքանչյուրը կատարեց իր խոստումը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծը, իսկ Թուրքիան հայտարարեց Փարիզի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին։ Արդեն երեկ միջազգային մամուլը հեղեղված էր այդ մասին ահազանգող հոդվածներով: «Թուրքիան սպառնում է Ֆրանսիային», «Թուրքիան ավելացնում է ճնշումը Ֆրանսիայի վրա», «Ֆրանսիան ու Թուրքիան վիճում են օրինագծի շուրջ», և նման վերնագրերով նյութերը ի հայտ էին բերում իրավիճակի լրջությունն ու լարման աստիճանը: Իսկ երբ վրա հասավ աղմկելուց գործին անցնելու ժամանակը, առաջին պատասխան քայլը կատարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հրապարակ հանելով իրենց մտադրությունների ողջ փաթեթը:
Ի դեպ, Էրդողանը վշտանալու միանգամից մի քանի առիթներ ուներ: Մասնավորապես նրան խորապես վիրավորել էր այն փաստը, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը հայկական բանաձևն ընդունել էր այն օրը, երբ 1979-ին Փարիզում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանվեց թուրք դիվանագետ։ Սակայն հերոսաբար մի կողմ թողնելով հույզերը, նա արտասանեց արդեն պատրաստի խոսքերը. «Մենք խստորեն քննադատում ենք այս որոշումը։ Ցավոք, այս ամենը Սարկոզիի քաղաքական նկրտումների հետ էր կապված։ Հիմա ես հարցնում եմ՝ Ֆրանսիայում խոսքի ազատություն կա՞։ Եվ պատասխանում եմ՝ ոչ։ Նրանք վերացրեցին ազատ քննարկելու մթնոլորտը»,- ասաց Էրդողանը ու հավելեց, թե այս որոշումը վերքեր բացեց Փարիզի հետ հարաբերություններում, որոնք բուժելը դժվար է լինելու:
Իհարկե, մեծ վերքեր բացելու սովոր ժողովրդի զավակը պիտի իմանա, թե դրանցից որոնք են բուժվող և որոնք՝ ոչ: Միայն թե այժմ ոչ թե բժշկության, այլ պատասխան հարված հասցնելու ժամն էր, և Էրդողանը հրապարակեց այն 8 հիմնական պատժամիջոցների ցանկը, որոնք Թուրքիան կիրառվելու է Ֆրանսիայի դեմ: Ըստ հաջորդականության դրանք ներկայացնում էին այս պատկերը.
1. Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը ետ է կանչվում Անկարա։
2. Չեղյալ է հայտարարվում քաղաքական, զինվորական ու տնտեսական համատեղ գործունեություններում, կրթության և մյուս ոլորտներում կադրերի փոխանակումը։
3. Չեղյալ են համարվում զորավարժությունները։
4. Դադարեցվում է Ֆրանսիայի հետ ցանկացած քաղաքական շփում։
5. Ֆրանսիական ռազմական օդանավերն ամեն անգամ Թուրքիայի օդային տարածքից օգտվելու դեպքում պետք է առանձին-առանձին թույլտվություն ստանան։
6. Եվրամիության հետ տարվող ծրագրերում հրաժարվելու է համագործակցել Ֆրանսիայի հետ։
7. Արգելվելու է ֆրանսիական նավերին խարիսխ գցել Թուրքիայի նավահանգիստներում։
8. Թուրքիան չի մասնակցի 2012-ին նախատեսված Ֆրանսիա-Թուրքիա տնտեսական համաժողովին։
Ահա այսպես՝ մեկը մյուսի ետևից այրելով բոլոր կամուրջները, պաշտոնական Անկարան պատրաստվում է հետայսու Ֆրանսիային ( իսկ մեծ հաշվով՝ Եվրոպային) ցույց տալ, թե որքան տխուր է լինելու աշխարհը առանց Թուրքիայի ընկերակցության: Իսկ կամուրջներ հրկիզելու մոլուցքով միայն իշխանությունները չէ, որ տառապում են: Օրինակ, Թուրքիայի առևտրականնների և արհեստավորների միությունը կոչ է արել 82 այլ միությունների և 13 ֆեդերացիաների՝ խանութների դարակներից իջեցնել ֆրանսիական ապրանքները։ Իսկ Թուրքիայի վարորդների ու ավտոսեփականատերերի ֆեդերացիան Ֆրանսիայի ընդունած որոշումը քննադատող 100 հազարավոր բրոշյուրներ է տպագրելու, որոնք կփակցվեն տաքսիներում ու հասարակական տրանսպորտում։
Առայժմ դժվար է ասել, թե նման հակաքայլերը որքանով կարող են վնասել ֆրանսիական տնտեսությանը կամ երկրի վարկը: Սակայն մի բան հայտնի է. Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև ապրանքաշրջանառությունը 2010-ին կազմել է 12 մլրդ եվրո։ Այդ թիվն ընթացիկ տարում կարող էր հասնել մինչև 14 մլրդ-ի, ընդ որում, ֆրանսիական անմիջական ներդրումները Թուրքիայում կազմում են 10 մլրդ եվրո։ Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ թուրքական բոյկոտը ֆրանսիական խոշոր ընկերություններին կարող է ոչ շահեկան դրության մեջ դնել, ապա չպետք է նաև մոռանալ, որ, ինչպես ասում են, դանակը երկու սայր ունի: Շատերն արդեն իսկ անհիմն են համարում Թուրքիայի սպառնալիքները՝ ելնելով այն իրողությունից, որ Ֆրանսիան համարվում է թուրքական ապրանքների 5-րդ ներմուծողը և 6-րդ արտահանողը Թուրքիա: Նման հարաբերակցության պայմաններում պիտի որ չափազանց դժվար լինի միանշանակ պնդել, թե տուժողը կողմերից միայն մեկն է լինելու: Այդ փաստն արդեն իսկ իր ապացույցն է գտնում այն անհանգստությամբ, որ ունեն բազմաթիվ թուրքական ընկերությունների ղեկավարներ: «Թուրքիայի տնտեսությունը արտահանման ուղղվածություն ունի և արտասահմանյան իր գործընկերների դիվերսիֆիկացիայի կարիքն է զգում` արտադրության ու աշխատատեղերի պահպանման համար»,- նշել է Թուրք գործատուների ասոցիացիայի նախագահ Ումիթ Բոյները: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան Թուրքիայի արտասահմանյան չորրորդ գործընկերն է: Թուրքիան 2010թ. 5,4 մլրդ եվրոյի արտադրանք է արտահանել Ֆրանսիա, և այդ երկիրը հազիվ թե հեշտությամբ համակերպվի այն մտքի հետ, որ պիտի զրկվի նման սպառողից այն դեպքում, երբ տնտեսագետներն առանց այդ էլ 2012թ. տնտեսական ակտիվության նվազում են կանխատեսել:
Եվ մինչ գործարարները հաշվում ու վերահաշվում են իրենց հնարավոր կորուստները, Թուրքիայի իշխանությունները շարունակում են մանևրել հուզական դաշտում: Օրինակ, կառավարությունը սպառնում է, թե Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներում բարձրաձայնելու է «Ֆրանսիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հարցը», իսկ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, որ իրենք Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կկանգնեցնեն Ալժիրում ֆրանսիացիների վայրագությունների մասին պատմող հուշարձան։
Այսպիսի քայլերը հազիվ թե բավարարեն թուրք հասարակությանը, որն այսօր կբոյկոտի, իսկ վաղն իր կաշվի վրա կզգա դրա հետևանքները: Սակայն իրադարձություններից առաջ չընկնենք և հիշենք նաև, որ հայկական օրինագիծը դեռ պիտի քննարկման դրվի Սենատի Վերին պալատում: Ակնակալվում է, որ դրա վերջնական ընդունումը տեղի կունենա փետրվարին, նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Ենթադրվում է նաև, որ այդ ընթացքում Թուրքիան կջանա աննախադեպ ճնշումներ բանեցնել Ֆրանսիայի դեմ: Այս պարագայում բոլորովին կարիք չկա լիովին բացառել նաև այն հնարավորությունը, որ Սենատը կարող է չընդունել օրինագիծը: Չմոռանանք, որ պատգամավորների շրջանում խնդրի մասին տարակարծություններ կան, թեև ընդհանուր կարծիքն այն է, որ պետք չէ խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ, միաժամանակ պետք է գոհացնել հայ համայնքին: Այս հնարավորության կապակցությամբ և մեկնաբանելով բրիտանական The Guardian-ում ներկայացված այն տեսակետը, թե կարճ ժամանակ է մնացել մինչև նախագահական ընտրություններ, ու Սենատը չի հասցնի ընդունել օրինագիծը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչները պատասխանել են. «Այո, ժամկետը կարճ է, Սենատի նիստերը մինչև փետրվարի կեսն են լինելու: Արդեն սենատոր Կալտենբախի կողմից լսումներ են նախաձեռնվել, և հավանաբար նա ու մյուսները կներկայացնեն օրինագիծը Սենատին: Կարծում ենք` քիչ է հավանականությունը, որ չընդունվի»:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: