Tag Archives: պատերազմ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՆՔՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՕՐԵՆՔԸ

10 Հլս

Հիշել եմ՝ պատմեմ:
Երասխի կռիվների ամենաթեժ պահին ռուսական զորքը եկավ, նստեց սահմանին, իրավիճակը վերցրեց իր ձեռքը: Մեր կամավորները հայտնվեցին անորոշ դրության մեջ: Ոչ ոք դիրքերը լքելու մտադրություն չուներ, բայց որպեսզի հեռու մնային տհաճ միջադեպերից, մի խորամանկ ելք գտան: Գյուղի տների մեծ մասը դատարկված էր: Ու որոշեցին հրացանավոր մարդկանց խումբ-խումբ տեղակայել հենց այդ տներում, որ և աննկատ մնային, և ներսից հսկեին սահմանը:
Մեզ բաժին հասավ մի տուն, որ հենց սահմանի մոտ էր: 7-8 հոգի էինք: Պատուհանների մոտ հերթապահ կանգնեցրինք, մենք էլ նստոտեցինք հյուրասենյակում՝ կիսամութի մեջ: Քաղցած էինք: Սնունդն ուշանում էր: Ճարահատյալ տղաներից մեկը պտտվեց սենյակներում, հետո մտավ նկուղ ու վերադարձավ մի բանկա կոմպոտը ձեռքին: Մեր քաղցած հայացքների ներքո գունեղ մրգահյութը և նրա մեջ լողացող պտուղները երկնային մանանայի պես մի բան թվացին: Ու այն է՝ ուզում էինք բացել կափարիչը, երբ հանկարծ մերոնցից մեկն ասաց.
— Չբացեք:
— Ինչու՞
— Դա մերը չի:
— Եղածն ընդամենը կոմպոտ է:
— Հետո՞ ինչ: Մենք էստեղ նրա համար չենք, որ ուրիշի ունեցվածքը յուրացնենք:
— Ի՞նչ ես խոսում, ի՞նչ յուրացնել: Մենք նրանց տունն ենք պահպանում, մի կոմպոտ չարժի՞:
— Դու ոչ թե նրա, այլ քո տունն ես պաշտպանում: Տար, դիր տեղը…
Կոմպոտն այդպես էլ չբացվեց: Ոչ ոք ոչնչի ձեռք չտվեց: Սնունդն, իհարկե, բերեցին մեկ օր անց, իսկ մենք այդ տանը մնացինք երեք օր: Հետո շատ ուրիշ բաներ պատահեցին, բայց կոմպոտի պատմությունը չմոռացվեց:
Ես ցանկություն չունեմ փոքրիկ բաներից մեծ ընդհանրացումներ անելու, ոչ էլ ուզում եմ մարդու արժեքը գնահատել մի կոմպոտի օրինակով: Պարզապես այդ պատկերը մտքիցս չի ջնջվում, ու նաև հիշում եմ, որ պատերազմ էր: Իսկ պատերազմում ոչինչ հենց այնպես չի լինում, որովհետև նա ընդմիջում չի տալիս կշռադատումների համար: Նրա ամուր ձեռքը պարզապես ճանկում ու դուրս է քաշում այն, ինչն արդեն կա ներսում: Դու ժամանակ չես ունենում այլակերպման համար: Նա ժամանակ չի ունենում զանազանման համար:
Մարդիկ սրան ասում են պատերազմի օրենք, իբրև թե նա է թելադրում վարքականոնը՝ օրերի էության հանգույն: Մարդիկ նաև ասում են, որ լավ պատերազմ չի լինում՝ ինչ նպատակի համար էլ այն ծառայի, և հետևաբար նրա օրենքները նույնպես լավը լինել չեն կարող: Այդ օրենքները պահանջում են ոչնչացնել, որպեսզի քեզ չոչնչացնեն, զրկել, որ զրկված չլինես, հարվածել, քանի դեռ քեզ չեն հարվածել: Ու դժվար է վիճել նրանց հետ, ովքեր ուզում են լինել՝ չլինելու պահանջին հակընդդեմ:
Չէ, վիճաբանել եմ ուզում: Բայց ուզում եմ նույն օրերի մի դրվագ էլ հիշել, որի ականատեսը եղա:
Հավանաբար ձմեռ էր: Կամավորներով լի մեքենան կանգ առավ մի փոքրիկ կրպակի մոտ: Երկուսն իջան ու սկսեցին առևտուր անել: Լցրեցին ուսապարկերը, հետո ասացին, որ չեն վճարելու: «Կռվող տղերքի համար է»,- ասացին: Վաճառողը խեղճացավ, սկսեց բացատրել, որ ապրանքն իրենը չէ, ինքն ընդամենը աշխատող է ու չի կարող ձրի ոչինչ տալ, թեև շատ հարգում է զինվորներին: Բայց բացատրությունն իզուր էր: Վեճը շուտով վերածվեց քաշքշուկի, ապա սկսեցին փշրվել շշերը, ապրանքը փողոց շպրտվեց, իսկ «առևտրականներն» իրենց ավարն առած՝ նստեցին մեքենան ու գնացին:
Սա էլ է եղել: Ցավոք: Եվ երբ դա հիշում եմ, պատերազմի չգրված օրենքները դառնում են անընթեռնելի, պատերազմի վարքը ինձ սփոփանք չի բերում: Փոխարենը մխիթարվում եմ մեկ ուրիշ պատմությամբ, որ լսել եմ իմ ծանոթից: Դեպքն այսպես է եղել: Ազատագրված տարածքներում մերոնք մի դատարկված գյուղ են մտնում: Անցնում են տնետուն, հետո տեսնում են գրադարանը: Ներս են գնում ու կռվողներից մեկը, որ պատմաբան էր, զարմանքով նկատում է, որ դարակներում բազմաթիվ հազվագյուտ ու արժեքավոր գրքեր կան: Սկսում է ընտրել: Մի 15-20 գիրք է առանձնացնում, թելերով կապում ու դնում է մեքենայի մեջ: Բայց հենց շարժվում են, խնդրում է կանգ առնել: Դուռը բացում է, գրքերը թղնում է ճամփեզրին ու ասում է.
— Դատարկ ձեռքերով եկել եմ, դատարկ ձեռքերով էլ տուն եմ գնալու…
Փշրված շշերի, ընտրված գրքերի ու դատարկ ձեռքերի մեջ պատերազմի ի՞նչը պիտի փնտրեմ, որ ինձ տանի դեպի մարդը: Որքանո՞վ է ազնիվ ամեն անգամ մեղքը բարդել պատերազմի վրա կամ պատերազմի տիղմի մեջ պահ տալ մաքրության երաշխիքները: Ես չեմ հավատում այդ խաղին: Ես չեմ հավատում պատերազմի օրենքի գոյությանը, և երբ մարդիկ սկսում են խոսել դրա մասին, միշտ սպասում եմ, թե երբ նրանք կմտաբերեն մյուսը՝ մարդու օրենքը: Միայն թե ոչ ոք դա մտաբերելու պատճառ չունի, քանի որ չկա այդպիսի բան, երբեք չի եղել ու լինել չի կարող: Ի՞նչ մարդու օրենք: Ո՞վ կարող է սահմանել անսահմանելին, համակարգել արարքների ու մտքերի օրինակելի աստիճանակարգը, եզրագծել, թե որտեղ է սկսվում ու ավարտվում մարդը: Սա սոսկ ներքին մի պահանջ է, որ որակական տարբերակման միջոցով պիտի փորձի տարանջատել թույլատրելին անթույլատրելիից, հաստատականը՝ ժխտականից և վերջապես՝ մարդկայինը անմարդկայինից:
Գայլը չի մտահոգվում գայլ լինելու համար, թռչունը չի ջանում մնալ թռչուն, մրջյունը չի պնդում, թե ինքը մրջյուն է, և միայն մարդն է, որ տվայտում է մարդ լինելու պահանջից, որովհետև վստահ չէ, որովհետև դեռ կասկածը կրծում է սիրտը, որովհետև հեշտ չէ լինել այն, ինչը լինելը բավարար չէ, դեռ կայանալ է պետք:
Ես գիտեմ, թե ինչ կարող է անել պատերազմը մարդու հետ: Ես գիտեմ, թե ինչ է անում մարդը պատերազմի հետ: Բայց վստահաբար գիտեմ նաև մի բան. երբ մարմնիդ մեջ թույն է ներարկվում, դու սկսում ես հակաթույն որոնել:
Ուրեմն փնտրենք և գտնենք այդ փրկագործ շիճուկը: Ու եթե ձեզ անհրաժեշտ է պայմանականությունը, եթե պետք է մի բան, ինչից կառչելը կազատի անկումներից, եթե կարիք ունեք փոխարինել առկան թեականով, ուրեմն թող լինի, ապրելու իրավունք առնի մարդու օրենքը: Ու մի օր, երբ արհավիրքը կրկին կգա ու կանցնի, ես էլ պիտի ձեզ հետ միասին ասեմ. «Այնուամենայնիվ, մարդը կա»: Կնշանակի՝ մարդկանց օրենքը դեռ հաղթում է: Դեռ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆhov

«Երկիրը դու ես, ոչ թե քո վերնախավը»

7 Մյս

Հարցազրույց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ: Նա 1996-98 թթ. եղել է պաշտպանության նախարարության քարոզչության և տեղեկատվության վարչության պետի տեղակալ:

Պիտի կանգնես, նայես քո ժողովրդի աչքերին ու բացատրես

Պարոն Չարխչյան, մեկ ամիս է՝ այնքան խոսք է ասվել ապրիլյան քառօրյա պատերազմի մասինոր երբեմն, թվում է, այդ թեմայով հարց տալը դառնում է անիմաստԿա՞ մի բան, որ, այնուամենայնիվ, դեռ չի ասվել:

-Ոչ ոք ճշմարտությունը չի կարող ասել պատերազմի մասին, որովհետև քո խոսքի ու ճշմարտության արանքում թանկ զոհերի հիշատակն է, նրանց հանդեպ մեր խոնարհումն ու երախտագիտությունն է: Եվ այդ երևույթը մեզ միշտ կստիպի շրջանցել այն, ինչ պիտի ասվի, մեզ միշտ կստիպի մանևրել, ընտրություն կատարել բառերի միջև՝ ավելի մեղմելու համար: Մերկ ճշմարտությունների մասին սովորաբար գիտենք մեր ներսում, բայց երբեք չենք համարձակվում բարձրաձայն ասել: Պատերազմն այդպիսին է, մենք մեղավոր չենք, որովհետև լավ կամ քիչ վատ պատերազմ չի լինում: Պատերազմը սարսափելի երևույթ է՝ անկախ թե ինչի համար է մղվում, արդա՞ր է, թե՞ անարդար է, ճի՞շտ է, թե՞ սխալ: Դժբախտություն է, որը փլվում է մարդու գլխին, և դու ընտրություն չունես: Դրա համար այսօր ցանկացած խոսք պատերազմի մասին թերի է: Եվ դա արդարացված է:

Օրինակ, հիմա ի՞նչն է Ձեզ մտահոգում:

-Գիտե՞ք ինձ ինչն է մտահոգում… Եթե ասեմ հետևանքները, վաղվա օրը, իմ զավակների ապագան, շատ տափակ կհնչի: Իմ մտահագությունը հիմա այն որոշումներն են, որոնք կայացվում են: Արդյո՞ք ճիշտ են այդ որոշումները:

Մի փոքրիկ դրվագ ասեմ այս օրերի հետ կապված. հիշո՞ւմ եք, երբ ժամանակավոր հրադադար ձեռք բերվեց, հասարակության մի շերտ ընդվզեց՝ ասելով, որ պիտի չկագնեինք, պիտի շարունակեինք: Սովորական տարակարծություն է, բայց դրա հիմքում էլ ճշմարտություն կա: Իսկապես մտածում ես, ո՞րն էր ճիշտը, գուցե ճիշտը շարունակե՞լն էր, որը գուցե այլ ելքի կբերեր: Մարդն այսպիսի էակ է: Ցանկացած ելքի դեպքում արդյունք է ուզում: Երբ այսօր սովորական, շարքային մարդը, որ ոչ քաղաքականությունից է հասկանում, ոչ ռազմական գիտելիքներ ունի, պարզագույն տրամաբանությամբ հարցնում է՝ ես այսքան կորուստ տվեցի և ի՞նչ շահեցի, պիտի պատասխանել նրան:

Բայց կա՞ պատասխան:

-Կան մարդիկ, ովքեր պարտավոր են պատասխանել: Մենք անընդհատ թաքնվում ենք ռազմական իրավիճակի պայմաններում գաղտնիություն պահպանելու շերտերի թիկունքում, սկսում ենք դառնալ սակավախոս և չենք ասում ամենակարևոր բաները: Դրանց մեջ ռազմական գաղտնիք չկա: Դու պիտի կանգնես, նայես քո ժողովրդի աչքերին ու բացատրես՝ ինչո՞ւ կայացվեց այս որոշումը: Որովհետև քո ժողովուրդն է կռվում այնտեղ, ինքը չիմանա՞, թե ինչի համար է թափվում այդ արյունը, ինչի համար են այդ հսկայական զոհողությունները: Մարդը պարզագույն հարցերի պատասխանների պահանջ ունի, որոնց պետք է պատասխանել: Հո չենք ասում, որ դիրքերի դասավորությունն ասեն և այլն:

Չի կարելի մարդկանց անընդհատ պահել վերջին լարի վրա

Ինչո՞ւ չեն ասում՝ վախենո՞ւմ են, խուսափո՞ւմ են:

-Երկու պատճառ կա՝ կամ չունեն այդ պատասխանը, կամ էլ այն պատասխանը, որ պիտի ասեն, ժողովրդին չի բավարարելու, և վախենում են ժողովրդի հակազդեցությունից: Անընդհատ չի կարելի ասել մարդկանց՝ «այ, դուք չգիտեք, այնտեղ հարցեր կան, որ…»: Իսկ ո՞վ ասաց չգիտենք, ինչո՞ւ ենք թերագնահատում մեզ, գուցե շատ ավելին գիտենք:

Մարտական գործողությունների շրջանում խոսում էին ռազմական իրավիճակներում պատերազմական քարոզչություն վարելու կանոններից: Այդ ամենին հետևելով՝ իմ կարծիքն ասեմ. անգրագետ, պրիմիտիվ մեթոդներ էին աշխատում: Հազարավոր ընտանիքներ զավակներ ունեն սահմանին, պարզագույն մարդկային մղում է իմանալ, թե իմ երեխան ինչ վիճակում է: Դրա մեջ ո՞րն է ռազմական գաղտնիքը: Տարրական տեղեկատվություն է:

Երբ Սերժ Սարգսյանը հեռուստացույցով հայտարարեց 18 զոհի մասին, Հայաստանի կեսը գիտեր, որ մեր զոհերի թիվը 50-ից ավել է: Դա՞ է տեղեկատվական պատերազմը: Դա խաղ է մարդկային զգացմունքների հետ: Աննշան դետալ ասեմ. այդ օրերին Տավուշի մարզի մի գյուղի բնակիչներ գրել էին ինձ և խնդրում էին գտնել իրենց 4 երեխաներին: Նրանց մասին շաբաթներով տեղեկություն չունեին և մտածում էին, որ զոհվել են: Ինձնից ընդամենը 15 րոպե պահանջվեց այդ 4 երեխաներին ողջ-առողջ գտնել և ասել, որ հանգիստ լինեն: Իմ գտնելու փորձի մեջ ոչ մի հակաքարոզչական կամ մեր երկրի շահերը վնասելու գործողություն չկար, բայց 4 ընտանիքները և նրանց հարազատները հանգստացան: Չի կարելի մարդկանց անընդհատ պահել վերջին լարի վրա: Պետք է շատ արագ, օպերատիվ տեղեկություններ տարածես, դու պիտի լցնես անորոշությունը, որպեսզի աղբով չլցվի: Հետո արդյո՞ք պրիմտիվ չէ մարդկանց ասել. ինչ մենք ենք ասում՝ ճշմարիտ է, ինչ թշնամին է ասում՝ կեղծիք է: Այդ խաղերը վաղուց անցել են:

Մեր զոհերին զուգահեռ հրապարակում էին հակառակորդի զոհերի թիվը և ասում՝ տեսեք, նրանց զոհերը եռապատիկ են: Եվ դա պարբերաբար է շեշտվում: Արդյո՞ք տեղին են նման վիճակագրություններով պարբերական համեմատությունները:

-Այսօր Հայաստանում չկա որևէ պատմաբան, որ հստակ կասի, թե Սարդարապատի ճակատամարտում մենք ինչքան զոհ ենք տվել, մոտավոր, իրարից շատ հեռու թվեր են ասում: Ինչքան էլ դաժան հնչի՝ պատմության համար կարևորն արդյունքն է՝ կա հաղթանակ, կա երկիրը փրկելու քայլ, իսկ թե ինչ գնով եղավ, սարսափելի անմարդկային բան եմ ասում, բայց այդպես է՝ պատմությունը չի հանդուրժում վիճակագրություն, հաշվի չի նստում դրա հետ: Ինձ համար գրոշի արժեք չունի Ադրբեջանը 18.000 զոհ է ունեցել, թե՞ 18, 40 գյուղ ավերվեց, թե՞ 35: Երբ երևույթը վերածում ես սովորական մրցության, մեր մեդալների քանակն այսքան է, նրանց՝ այսքան, մենք այսինչերորդ տեղում ենք, նրանք՝ այնինչ վարկանիշային աղյուսակում: Մեր քարոզչական պատերազմը շատ էժանագին նոտաների վրա գնաց, ավելի խորը պիտի նայեինք:

Եվ ի՞նչ պիտի արվեր:

-Ինչի՞ համար է արվում քարոզչական պատերազմը… Հասարակական կարծիք ստեղծելու համար: Ընդ որում՝ ոչ միայն քո երկրի ներսում, այլև դրսում: Հիմա ի՞նչ բան է դրսի հասարակական կարծիքը: Օրինակ, ի՞նչ գիտեք Կոնգոյում ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, կողմերից ո՞րն է արդար, ո՞րն է անարդար: Մեզ ընդհանրապես հետաքրքիր չէ դա: Իսկ ինչո՞ւ է մեզ թվում, թե աշխարհին շատ հետաքրքիր է ղարաբաղյան պատերազմը: Ի՞նչ հասարակական կարծիքի մասին է խոսքը, երբ մեզ կրակում են, մենք կրակում ենք, հասարակական կարծիքը որտե՞ղ է կանգնած, այդ կրակոցների ո՞ր հատվածում է կանգնած՝ ոչ մի տեղում: Նրա համար միևնույնն է:

Գուցե աբսուրդ թվա, բայց նույնն է նաև դիվանագիտությունը: Վերջին 25 տարվա ընթացքում ղարաբաղյան հարցի շուրջ քանի՞ որոշում, բանաձև, փաստաթուղթ կա, եթե այդ ամբողջ թվաբանությունը հավաքեինք, այս ամբողջ փողոցը ծայրից ծայր կլցվեր: Ի՞նչ տվեց մեզ այդ ամեն ինչը, երբ այն կողմից կրակում են: Դիվանագիտությունն աշխարհում դեռ ոչ մի պատերազմ չի փրկել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհի դիվանագիտական միտքն աշխատում էր կանխել պատերազմը, նույն էլ՝ երկրորդի ժամանակ, բայց չկանխեց: Միտքը չի կարող կանխել պատերազմը, երբ դու որոշել ես, որ պիտի կրակես: Պատերազմի մղումներն այլ պատճառներով են: Ոչ ոք չի կարող սահման դնել, կարգավորել: Մի ուրիշ բան ասեմ. գնացեք մեր տեղական մամուլի վերջին 2-3 տարիների համարները նայեք, տեսեք քաղաքական, պետական գործիչները, քաղաքական վերլուծաբանները, տեխնոլոգներն ինչպես էին հավաստիացնում մեզ, որ պատերազմ չի լինելու: Հիմա այդ մարդկանց խոսքն ի՞նչ արժեք ունի ինձ համար: Հիմա եթե այդ նույն մարդիկ ինձ բացատրեն, որ վաղը պետք է այսինչ բանն անել, ո՞նց կարող եմ վստահել նրանց: Երբ երկրի ղեկավարը Ռուսաստանի արտգործնախարարին հարցնում է՝ ինչո՞ւ այսպես եղավ, այդ հարցի մեջ ամփոփված է ամբողջ դիվանագիտական աշխատանքի դատարկությունը:

Բանակը կայացած կառույց չէ, այն անձնազոհ կառույց է

Առաջնագծում մեր զինվորների գործից հետո, թվում էր, թե դիվանագիտական ճակատում մեր մեջքը կուղղվեր: Ինչո՞ւ այդպես էլ կորամեջք մնացինք:

-3 օրերի մեջ հերոսականության, անձնազոհության այդպիսի քանակություն, և այդպիսի դրսևորումներ անհնար էր պատկերացնել: 4-5 տարվա պատերազմում այդքան բան չի լինում: Երբ կարդում եմ նրանց այդ պատմությունները, զարմանում եմ: Այդ մի մատ էրեխեքի մեջ որտեղի՞ց կուտակվեց այդքան հերոսականություն, անձնազոհություն: Այ, դա մեր հարստությունն է, դա է, որ պիտի վերցնենք ու սնվենք դրանով:

Շատ անգամներ ենք լսել այս անհեթեթ արտահայտությունը՝ «մեր երկրի ամենակայացած կառույցը բանակն է»: Բանակը չի կարող լինել երկրի ամենակայացած կառույց, եթե ամբողջ երկիրը կայացած չէ: Բանակը կարող է դառնալ կայացած երկրի հանրագումարը: Պատկերացրեք՝ տուն եք կառուցում, որտեղ չորս ամուր պատեր են և էլ ոչ մի բան, և ասում եք՝ տունը կայացած պատեր ունի: Շատ լավ է, որ տունն ամուր պատեր ունի, բայց այդ խեղճ պատերն ինչքան այդպես կանգնեն, եթե ներսում բովանդակություն չկա: Էն էրեխեքը, ովքեր կանգնած են սահմանին, ամրություն պետք է զգան իրենց թիկունքում: Եվ դա պիտի լինի ամուր պետության տեսքով, բոլոր կառույցներով: Բանակը կայացած կառույց չէ, այն անձնազոհ կառույց է: Դա է խնդիրը: Բանակն արեց ավելին, քան դու արել էիր իր համար: Ինքը քեզ փրկեց:

Մենք ջահ վառեցինք, մեր ճամփան տեսանք

Երբ մի տարի առաջ զրուցում էինք, ասացիք՝ մեր թոնիրը չի վառվում: Էս օրերին վառվե՞ց:

-Չէ, դա թոնիրը չէր: Դա ուրիշ կրակ էր: Թոնիրն այն է, որտեղ հաց է պատրաստվում, որը պիտի կերակրի քեզ: Դա թոնիր չէր, ջահի նման մի բան էր, որ ճամփա էր լուսավորում: Մենք ջահ վառեցինք, մեր ճամփան տեսանք: Եվ այդ ճամփան մեր միասնության մեջ է, պետք չէ թիկունքից օգնություն սպասել, օգնությունը դու ես քո էությամբ, քո մարդ տեսակով, քո թեկուզ թուլություններով:

Թոնիրը նոր պիտի վառենք, ջահի կրակը կբերենք, կկպցնենք կպչանին, երևի մի օր կկարողանանք հավաքվել և մեր հացը թխենք, որովհետև այս ժողովուրդն իսկապես քաղցում է: Շատ-շատ բաների քաղց ունի՝ արդարության քաղց ունի, ազնվության քաղց ունի, իր վաստակը տեսնելու քաղց ունի, լավ երկիր ունենալու քաղց ունի: Եթե չկերակրես, ինքը քեզ կուտի: Չեմ իմանում՝ հասկանո՞ւմ են վերևներում, թե՞ չեն հասկանում: Ես նույնիսկ ապշում եմ:

Մի ամիս է՝ մեր երկրի ղեկավարը չկանգնեց իր ժողովրդի առջև խոսի: Գնաց խոսեց Գերմանիայում, խոսեց գերեզմանոցում, խոսեց անվտանգության նիստին, բա մի անգամ չկանգնե՞ս քո ժողովրդին ասես՝ էս է վիճակը, պարտավոր եք իմանալ: Ո՞նց կարելի է մարդուն տեղեկություն չտալ: Ենթադրենք, էս գյուղը գրավել են, բա ես չիմանա՞մ: Կարո՞ղ է վաղը մեքենա եմ նստում ու գնում եմ այդ գյուղը: Ինչո՞ւ ամենատարրական բաները չես ասում: Բա ես քո նման ձրիակերին պահում եմ էսքան տարի իմ հաշվին, որ էդ ամեն ինչն իմանամ: Ինչո՞ւ պիտի էսօր տանը նստած ծնողը չորս կտոր լինի, չիմանա՝ իր երեխան էսօր ապրո՞ւմ է, թե՞ չի ապրում:

Մենք բոլորս գիտենք, որ ղարաբաղյան պատերազմը քաղաքական լուծում չունի: Այն միայն կռվով է լուծվելու:

Մենք, կարծես, միշտ սպասում ենք, որ դրսից ինչոր մեկը կգա և կօգնի մեզ՝ Ռուսաստանը կգա կօգնի, Մինսկի խումբը կօգնի….

-Մոլորակի վրա մեկը չկա, ում մենք հետաքրքրում ենք: Բոլոր դարերի մեջ միայն ինքներս ենք կարողացել պահել մեզ: Աշխարհի մեծերի հոգսը մենք չենք: Մեր հոգսը մեր հոգսն է, արյունը մեզնից են քամում-տանում, մեր երկիրն է ավերվում: Կան մարդիկ, ովքեր մտածում են այդ մասին, այլապես հիմա փլատակների տակ կլինեինք:

Խնդիրը միայն պատերազմի մեջ չէ: Խնդիրը երկիրը երկիր դարձնելու մեջ է: Ուժեղի հետ չեն կռվում, որովհետև պարտվելու հավանականությունը մեծ է, թույլի հետ են գնում կռվելու: Կառուցենք, սարքենք, շենացնենք, դարձնենք այնքան ուժեղ պետություն, որ ոչ մեկի մտքով չանցնի մեզ հետ կռվի: Դա է պատերազմը կասեցնելու միակ ճանապարհը, ոչ թե կռվելը: Ամբողջ աշխարհի համար պարզագույն լուծումն է:

Տեսեք, թե մեր սերունդ ինչ սերունդ եղավ՝ դժբախտագույն սերունդ. տեսավ, թե ոնց է փլուզվել հսկայական կայսրությունը, երկրաշարժ տեսավ, պատերազմ տեսավ, սոցիալական դժվարություններ տեսավ, արտագաղթ տեսավ, ոչ մի լուսավոր բան չտեսավ: Լավ, հո մենք դատապարտված չէինք: Հիմա մենք տանգնապ ունենք, որ այս նույնը ժառանգում ենք եկող սերունդներին: Մենք ուզում ենք նրանց ժառանգել ապրելու իրավունք, վաստակն ունենալու իրավունք, հայրենիք հետ գալու իրավունք ժառանգենք նրանց, ովքեր դրսում են: Ո՞նց անենք դա՝ թաքնվելո՞վ, դրսի ուժեղներին օգնության կանչելո՞վ: Դա ելք չէ:

Երկիրը դու ես, ոչ թե քո վերնախավը

Եվ ո՞րն է ելքը:

-Ելքը գործն է, որն ինչ գնով էլ լինի պետք է տանել-հասցնել ավարտի : Ես հասկանում եմ՝ մի մարդու կորուստը մի ամբողջ տիեզերքի կորուստ է՝ նայած այդ մարդն ում համար ով է: Երկու երիտասարդ, առաջին կանչի ենթակա տղաներ ունեմ տանը, Աստված մի արասցե, այդ զոհը կարող է նաև իմ տղան լինել: Բայց լավ, այդ դեպքում ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ այս ամենը վերջանա: Պետք է, չէ՞, ինչ-որ ձևով վերջացնել, չի կարելի խնդրից անընդհատ փախչել, այստեղ թաքնվել, այնտեղ թաքնվել, էն հաշտության բանակցության, խաղաղության պայմանագրի, մադրիդյան սկզբունքների ետևում: Ինչքա՞ն: Մի կրակոցն այդ ամեն ինչը հողին է հավասարեցնում: Բայց էդ կրակոցն իմ էրեխու սրտին է գալիս: Սա է ամբողջ ողբերգությունը: Քանի՞ կյանք մեռնենք, որ մի նորմալ ապրել վաստակենք: Մենք էլ ենք աստծու ստեղծած, ի վերջո, մենք էլ ենք ապրել ուզում:

Ու ի՞նչ պիտի արվի:

-Մենք պիտի մի քիչ լրջանանք: «Բաքվում թեյ խմելու» արտահայտությունները պիտի հանենք: Մենք թերագնահատում ենք մեր թշնամուն: Ինքը բավական ուժեղ և կազմակերպված էր: Լեգենդներն ու առասպելները, թե հեսա ծափ կտանք ու ամբողջ թուրքական բանակը կնահանջի՝ ևս 15 շրջան թողնելով, հեքիաթային ժանրից են: Սա պատերազմ է 21-րդ դարի նորագույն մահաբեր զենքի գործադրմամբ, որտեղ այլևս ֆիդայական պատերազմներն ու ֆիդայական կռիվները տեղ չունեն:

Նոր խոսում էինք ձեռքբերումների մասին: Ինչքան էլ զարմանալի լինի, պատերազմում կարող է նաև ձեռքբերումներ լինեն, այն համախմբվածությունը, որ կար, որ տեսանք, քի՞չ էր: Մի հարյուր տարի մեր ժողովրդին էլի հայ կպահի: Այդպիսի բաներով է երկիրը երկիր դառնում, քեզ նորից արթնացնում է, ասում է՝ ամեն ինչ մեռած չէ, դու դեռ շանս ունես, էնքա՜ն ներուժ ունես քո թիկունքում, մի հուսահատվիր: Եվ ասում է, որ երկիրը դու ես, ոչ թե քո վերնախավը, քո իշխանությունը: Նրանք գալիս-գնում են: Երկիրը դու ես, էս հողին կպած, երկրի դարդ ու ցավով ապրող մարդն է երկիրը: Ու բոլորն են զինվոր, միայն սահմանի վրա կանգնածը չէ, դաշտում աշխատողն էլ, գործարանում աշխատողն էլ, առավոտյան ժամը 9-ին աշխատանքի գնացող ու վեցին տուն եկողն էլ: Ամեն մեկն իր խրամատում իր գործը պետք է նորմալ անի, որ երկիրը երկիր մնա:

Հարցազրույցը վարեց Մարինե Մարտիրոսյանը

http://hetq.am/հովիկ չարխչյան hovik charkhchyan

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ

22 Ապր

1941 թվականին Վիկտոր Համբարձումյանը Լենինգրադում էր, երբ սկսվեց պատերազմը: Նա տեղի պետական համալսարանում էր աշխատում: Ցանկանում էր մեկնել գործող բանակ, բայց համալսարանն էվակուացվեց Թաթարստանի Ելաբուգա քաղաք, գիտնականն էլ՝ նրանց հետ: Ստեղծված կացությունը նրան հուսահատության հասցրեց: «Ախր ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող է աստղագիտությունն օգնել բանակին»,- սա դարձավ Համբարձումյանի ամենամեծ մտահոգությունը:
Եվ նա գտավ լուծումը:
Օրվա մեջ մի քանի անգամ սկսեցին ճիշտ ժամանակի ազդանշանը հաղորդել: Դա օդաչուներին օգնում էր կույր թռիչքի ժամանակ իմանալ իրենց կոորդինատները: Աստղագետը բացահայտեց նաև կապի անակնկալ ընդհատումների գաղտնիքը, որն այնքան անհրաժեշտ էր նավատորմի ու բանակի համար: Է՞լ ինչ կարելի էր անել:
Պղտոր միջավայրում լույսի ցրման նրա ուսումնասիրությունները նույնպես լուրջ նշանակություն ունեցան ռազմական բնագավառում՝ լուծելով տեսանելիության խնդիրը մթնոլորտում և ջրի տակ: Իսկ թե որքան էին կարևոր այդ աշխատանքները հաղթանակի համար, պատասխանը ստացվեց 1946-ին, երբ Վիկտոր Համբարձումյանն արժանացավ գիտության ասպարեզում առաջին Ստալինյան մրցանակին:
Ասելիքս այն է, որ եթե ցանկություն կա մասնակից դառնալ համընդհանուր գործին, ճանապարհներն ու ձևերը միշտ էլ կգտնվեն՝ անկախ ամեն ինչից:

Հովիկ Չարխչյանhamb

Պետք է հասկանանք, թե ինչու չօգտագործվեց առավելագույն հզորությամբ զինտեխնիկան. Հովիկ Չարխչյան

10 Ապր

NewsBook-ի զրուցակիցն է գրականագետ, 1996-98 թթ. ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետի տեղակալ Հովիկ Չարխչյանը:

— Պարոն Չարխչյան, Սերժ Սարգսյանը Գերմանիայում հայտարարեց, որ մենք հակառակորդին դիմակայում ենք 80-ականների զենքերով: Ի՞նչ է սա նշանակում, որ մենք իմանալով, որ պատերազմի մեջ ենք, գումար չենք ունեցել կամ ունեցել ու չենք տրամադրել ԶՈւ զինանոցը թարմացնելու համար:

— Մինչ այս գործողությունները մեզ բազմիցս հավաստիացրել են, որ հայոց բանակը ստանում է նորագույն սպառազինություն՝ գիտության, տեխնոլոգիաների վերջին նորություններով համալրված: Տվյալներ էին տրամադրվում, թե որ զինատեսակը որ երկրից է ներկրվում, ու հիմա նախագահի նման հայտարարությունն առնվազն տարօրինակ է, այն էլ մարտական գործողությունների ժամանակ: Մյուս կողմից կա տպավորություն, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ թե իրականությունն էր արձանագրում, այլ փորձում էր ռազմական գործողությունների պատկերն ավելի տպավորիչ երանգներով ներկայացնել, իսկ իրականում, որքան ես հասկացա, մեր կողմից օգտագործված զինատեսակներն այնքան էլ հին չէին, որքան կարող էր տպավորություն ստեղծվել: Ամեն դեպքում, կարծես թե փաստեցին, որ մեր ԶՈւ-ն այն աստիճան համալրված չէ, որքան մենք կցանկանայինք, իսկ վկայություններից մեկն այն է, որ այսօր համաժողովրդական դրամահավաք է զինտեխնիկա գնելու համար և նաև այն, որ ՌԴ-ի 200 միլիոնի վարկի դիմաց զենքերը դեռևս տեղ չեն հասել: Սրանք հարցեր են, որոնք շատ ավելի լուրջ ու փաստարկված պատասխաններ են ակնկալում, քան թե հիմնվենք ենթադրությունների ու կասկածների վրա: Կարծում եմ՝ վերջին 4-5 օրվա պատերազմից հետո ավելի լուրջ կվերաբերեն այս խնդիրներին:

— ՀՀ-ն այս կամ այն ծրագրի իրականացման համար միլիոնավոր վարկեր էր վերցրել, գումարներ ծախսել, բայց փաստն այն է, որ հայտարարվեց, թե մենք հին ռազմական տեխնիկա ունենք:

— Այս պատերազմը շոշափեց մեր հիվանդոտ տեղերից մեկը՝ պետական միջոցների մսխում և արդյունավետ օգտագործման խնդիր: Հիմա ինչ ինֆորմացիա կարդում են, հասկանում են, որ մարդիկ ավելի շատ այս խնդիրներին են ուշադրություն դարձնում, թե ինչու այս կամ այն ոլորտներում հսկայական ծախսեր կատարվեցին, մինչդեռ դրա դիմաց կարող էր արդիականացնել պաշտպանական համակարգը: Նկատեցի, որ նույնիսկ հիշել են 170 հազար արժողություն ունեցող չարաբաստիկ բիոզուգարանները, այնինչ դրանց փոխարեն կարելի է մի երկու անօդաչու սարք գնել:

— Այս ամենի համատեքստում ի՞նչ եք կարծում՝ արժե, որ շարունակվի եկեղեցաշինության մոլուցքը:

— Հիշենք Րաֆֆու խոսքերը, ով 150 տարի առաջ ասում էր` փոխանակ եկեղեցիներ կառուցելու պետք է բերդեր կառուցենք: Բայց չեմ կարծում, թե մեր մեծագույն ողբերգությունն այն է, որ մենք եկեղեցի, այլ ոչ թե բերդեր ենք կառուցում, համենայն դեպս, պետք է ամեն ինչ արվի չափի մեջ, քանի որ երբ չափի զգացողությունը խախտվում է, ապա դա անպայման իր վատ հետևանքները թողնում է: Ամեն դեպքում ես հակված եմ մտածելու, որ Հայաստանն ու Արցախը ներկա պահին անհրաժեշտ քաղաքականության զենքեր ունեն իրենց իրավունքներն ու սահմանները պաշտպանելու համար: Կարծում եմ, որ մեր կողմը ընդամենն իր ունեցածն առավելագույն կերպով չօգտագործեց՝ ելնելով իրավիճակից: Եթե իրադարձությունները շատ ավելի հեռու գնային, ապա մենք առիթ կունենայինք տեսնելու մեր իրական ուժի ծավալներն ու հզորությունը: Ես այսպես եմ կարծում և չեմ ցանկանում իրավիճակն այդքան ողբերգական գույներով ներկայացնել, թե մենք պատերազմի գնացինք պարսատիկներով, հաստատ այդպես չէր: Սակայն պետք է նաև փորձեն հասկանալ, թե ինչո՞ւ չօգտագործվեց առավելագույն հզորությամբ զինտեխնիկան, քանի որ սա էլ հարց է, որ պետք է պատասխան ստանա: Ես լավ հասկանում եմ, որ հիմա էմոցիոնալ դաշտը բարձրացել է վերին շերտ և մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի կրքերը հանդարտվեն, ու մենք անցած 4 օրերի իրադարձությունները մի փոքր ավելի սթափ և ռեալ գնահատենք:

— Այս պահին մեզ մոտ սրվել է հակառուսական տրամադրվածությունը, նույնիսկ մարդիկ, ովքեր կողմ են արտահայտվել ԵՏՄ-ին, հիմա այլ բան են ասում: Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ-ն դասեր կքաղի, կմտածի, որ տարածաշրջանում իր վերջին դաշնակցին է կորցնում, թե պատմությունը կկրկնվի, և ՌԴ-ն, ինչպես Արցախյան գոյամարտի ժամանակ, աջակցում էր Ադրբեջանին, այնպես էլ կշարունակի հիմա:

— Իմ տպավորությունն այլ է, քանի որ այս պահին ես ոչ թե հակառուսական տրամադրություն են տեսնում, որքան վատ տրամադրվածություն մեր արտաքին քաղաքականության դեմ: Խոսքն ավելի շատ գնում է այն մասին, որ մենք սխալ ենք կառուցել մեր արտաքին քաղաքականությունը, ոչ թե հասցեագրված է կոնկրետ երկրի: Եթե մենք ակնկալիքներ ենք ունցել ինչ-որ երկրից և դրանք չեն արդարացվել, գուցե մեղավորն ինքներս ենք, որ չափից ավելին ենք սպասել և հիմա դա չենք ստանում, այլ ոչ թե նրանք, ովքեր պետք է գային ու մեզ հովանավորեին կամ օգնության ձեռք մեկնեին: Կարծում եմ՝ մենք պետք է մի փոքր ավելի լրջանանք և շեշտենք, որ կա ազգային և պետական շահ, արժանապատվություն, որպեսզի ամեն անգամ վիրավորվածի ու մոռացվածի կարգավիճակում չհայտնվենք: Պետք է մի քիչ ավելի խելացի լինենք, ուշադիր ընտրենք այն խմբերը, որոնց անդամակցում ենք, այն դաշինքներն, որոնց անդամակցում ենք և ամեն պատահական փաստաթղթի տակ չստորագրենք՝ չիմանալով, թե իրականում ինչ է մեզ սպասում: Հիմա շատ բաներ կարող են գրել ՌԴ-ի, Բելոռուսի, Ղազախստանի և մյուսների հասցեին, սակայն դրանից բան չի փոխվում և մեր վիճակը չի լավանում, այլ ավելի ճիշտ կլինի մի քիչ լրջանանք և մտածենք, թե այս ամեն ինչից հետո ինչպես են շարունակելու կառուցել մեր արտաքին քաղաքականությունը:

— Անկախ ամեն ինչից` ի՞նչ եք կարծում՝ պատմության կրկնություն կլինի նույն ՌԴ-ի պահվածքի հարցում, ինչպես եղավ Արցախի ազատագրական շարժման ժամանակ:

— Պատմությունը մի վատ սովորություն ունի, այն է` անընդհատ կրկնվելու, մոռացվածը դարձյալ վերհիշելու սովորությունը: Ընդունված է ասել, որ մարդիկ միայն իրենց սխալներից են դասեր քաղում, սակայն կարծես թե ոչ մի դաս էլ չեն քաղում, այլ ամեն ժամանակաշրջան գալիս են ու նորից մատը դնում են ցավոտ վերքի վրա և կրկին հիշեցնում, թե ինչն ինչպես պետք է անեինք ու չենք արել: Միակ ուրախալի և ոգևորող հանգամանքն այն է, որ ներկա պահին մեր երկրում համախմբվածության այնպիսի աստիճան գոյություն ունի, որով, նույնիսկ, կարելի է սարեր շուռ տալ ու չօգտագործել այս պահի տրամադրությունները, համաժողովրդավարական միասնությունը կլինի մեր մեծագույն բացթողումներից, իսկ մնացած բոլոր խնդիրները ժամանակին լուծվող խնդիրներ են: Կորցնել ժողովրդի վստահությունը հերթական անգամ, նորից հասցնել հիասթափության դա ոչ մի կերպ որևէ մեկին երբեք չի ներվի: Միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ պետք է լինեն պատժվողներ, քանի որ այս ընթացքում ունեցանք ձեռքբերումներ, բայց ունեցանք նաև բացթողումներ: Այս ամենը պետք է դիտարկել և հասկանալ` որտեղ էին սխալները, ովքեր էին սխալների պատասխանատուները, քանի որ եթե հիմա չպատժենք սխալների մեղավորներին, ուրեմն՝ վաղը նորից ենք սխալվելու:

— Ռազմական գործողությունները նախկին 4 օրերի նման հուժկու չեն, բայց այսօր խոսվում է Արցախում խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին: Ձեր գնահատականը` որքանո՞վ է ճիշտ, որ այսքան տղաների զոհվելուց հետո այդ հողը խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ անցնի:

— Մեծագույն սխալ է և դրա մասին, նույնիսկ, երկրորդ կարծիք լինել չի կարող, քանի որ ցանկացած օտար զինվորի ներկայությունը մեր երկրի տարածքում, դա արդեն վատ է մեր ազգային անվտանգության համար: Ես չեմ կարծում, որ մենք այնքան անհույս վիճակում ենք կամ կորցրել ենք ինքներս մեզ պաշտպանելու կարողությունը, որ մեր տարածքը միայն կարող են խաղաղապահ ուժերը վերահսկել: Խաղաղապահ ուժերին բերում են ծայրահեղ դեպքերում, երբ իրավիճակը անվերահսկելի է և այլևս տեղի ուժերն ի զորու չեն լուծել իրենց առջև դրված խնդիրները: Այսօր մենք շատ լավ ապացուցեցինք, որ պատրաստ էինք դիմանալ այդ հզոր ու անակնկալ հարվածին և հսկայական կորուստներ էլ չունեցանք՝ տարածքային իմաստով: Այս դեպքում ի՞նչ խնդիր պետք է լուծի խաղաղապահ զորքն այս տարածքում, ես կոնկրետ ոչ մի կերպ չեմ հասկանում: Այս խոսակցությունների մեջ ավելի շատ տեսնում եմ 3-րդ երկրների միտումն իրենց զինուժն այս տարածաշրջանում տեղակայելու մեծ ցանկությամբ:

Հարցազրույցը՝ Անի Արամիes-1

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

ՄԱՅՐԸ ԵՎ ՈՐԴԻՆ

9 Մյս

«Սիրելի մամա ջան, ես վաղուց եմ իմացել, որ պաշտպանության ֆոնդին նվիրել ես խալիչա և 14 գրամ ոսկի: Ես այդ մասին դեռ թերթում կարդացի: Այդ նվիրատվությունը մի անգամ ևս ապացուցում է քո հայրենասիրությունը և նվիրվածությունը դեպի մեր հայրենիքը…
Հետագայում, եթե ողջ լինեմ՝ լավ, եթե ոչ՝ իմացիր, որ մեր գործի համար ընկա, փառքի և պատվի համար ընկա, թեկուզ այդպես, մեծահոգի եղիր և մի վրդովվիր:
Քո որդի Միշա, 10 հունիսի, 1942 թ.»:

Մուշեղ Բալագյոզյանը զոհվեց Լենինգրադի մատույցներում:Pismo-s-fronta

«ՄԽԻԹԱՐԻՐ, ՆՐԱՆՔ ՄԵՆԱԿ ԵՆ ՄՆԱՑԵԼ»

6 Մյս

«…Աշխեն ջան, մի խնդրանք ունեմ, հաճախ գնա մեր տուն, մխիթարիր իմ ծերացած հայրիկին ու մայրիկին, ուրախացրու նրանց, սիրտ ու հույս տուր, չէ՞ որ նրանց վիճակը շատ ծանր է: Նրանք մենակ են մնացել: Նրանց երեք տղաները պատերազմի դաշտ են գնացել: Ինչ արած, պատերազմ է: Հայրենիքը պաշտպանել է պետք:
Աշխեն ջան, դու ընդմիշտ իմացիր ու հավատա, որ Կոլյան քեզ երբեք չի մոռանա…
Նիկոլայ Աղաջանյան, 2 հոկտեմբերի, 1943 թ.»:

Քսանամյա այս երիտասարդը շուտով պիտի զոհվեր անհավասար մարտում:24

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

5 Մյս

«Բարև, սիրելի հայրիկ,
Ես հիմա ուզում եմ խոսել քեզ հետ՝ ինչպես տղամարդը տղամարդու հետ: Ես Սամարղանդում թողել եմ մի աղջկա, ես նրան իմ հարսնացուն եմ համարում, ներիր, որ դրա մասին չեմ գրել: Վատ աղջիկ չէ, խելոք, դաստիարակված, լավ է սովորում: Հասարակ, լուրջ, մտախոհ, պարկեշտ: Մամային ես գրել եմ դրա մասին:
Մեր մեջ ամենաանկեղծ, լավ հարաբերություններն են: Ես կուզեի, որ շատ աղջիկների ու տղաների միջև լինեին այդպիսի հարաբերություններ: Այս հարցը հարկավոր է լուծել և վերջ դնել անորոշությանը: Դուք պետք է ամեն ինչ իմանաք, ձեզնից ոչ մի բան չեմ ուզում թաքցնել:
Քո Վարդան»:

Կարմիր դրոշի ու Կարմիր աստղի շքանշանակիր Վարդան Տոնյանը զոհվեց 1945-ի փետրվարին, Քյոնիքսբերգի մոտ:553dfb1182f4c541832812

«ԻՄ ՀՈԳԻՆ ԿԳԱ ՍԵՎԱՆ»

4 Մյս

«… Նա խանգարեց բոլորի անդորրը: Նա խանգարեց իմ և քո երջանկությունը: Գիտեմ, չես մեղադրում ինձ, որ ամուսնանալուց հետո ես քեզ մոտ մնացի հազիվ 25 օր: Ես չէի կարող նստել տանը: Եվ ինչպե՞ս նստեի, երբ թշնամին մոտենում էր մեր տանը:
Կուզենայի ապրել, ապրել քեզ համար: Բայց ես երբեք վախկոտի պես կյանք չեմ հայցի բախտից: Եթե ես ընկնեմ, իմ հոգին կգա Սևան և կշրջի գեղածիծաղ ծովափի մեր նախկին ժամադրավայրում…
Քո Գևորգ: 26 հունվարի, 1942 թ.»:

Գևորգ Քոլոզյանը զոհվեց 1944 թ. իտալական Սարլինո բնակավայրի մատույցներում:pizap.com14307349731591

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑԻ ՈՐԴՈՒ ՆԱՄԱԿԸ

3 Մյս

«… Հիշու՞մ ես, մամա ջան, մի անգամ գնացել էի ֆուտբոլ խաղալու և ուշացել էի: Լավ հիշում եմ, որ ուղիղ յոթ ժամ բացակայել էի և ոչինչ չէի կերել: Դու զարմանում էիր, թե ինչպես այդքան երկար սոված դիմացա: Սիրելիներս, բա ինչպե՞ս նույն տղան ուղիղ երեք օր բացարձակապես ոչ մի բան չկերավ, ոչ մի փշրանք: Այդ եղավ այսպես: Պերեվալումն էինք, միանգամից ստացել էինք հինգ օրվա հաց և կոնցենտրատ: Երկրորդ օրը, գիշերը, երկու ընկերներիս հացն էլ միանգամից, մի ուսապարկի մեջ, կորավ: Ի՞նչ անեին խեղճերը, ոչինչ չունեին: Ստիպված եղա հացս բաժանել երեք տեղ, ինչպես նաև կոնցենտրատը: Մյուս օրը կերանք պրծանք՝ հույս ունենալով, որ մթերքը կստանանք ժամանակից շուտ: Այնինչ մթերքը, ճանապարհը փակվելու պատճառով, ոչ թե շուտ եկավ, այլ բոլորովին չեկավ: Մենք ստիպված եղանք, երեք օր բան չկերած, թուլացած, պերեվալով գնալ մեր հին տեղը՝ մթերք ստանալու համար…
Քո Լևիկ, նոյեմբեր 1941 թիվ»:

19 տարին նոր բոլորած Լևոն Թոթովենցը զոհվեց Կերչում, դեսանտի ժամանակ:maxresdefault

ԹԱԹՈՒԼ ՀՈՒՐՅԱՆ

2 Մյս

ՎԱՂԸ ՄԵՌՆԵՄ ԳՈՒՑԵ

Վաղը մեռնեմ գուցե, գուցե վաղը մեռնեմ
Եվ շեփորը շողա գարնան արևի տակ,
Ձայնը արձագանքի, հասնի ձոր ու լեռներ,
Լեռներ, չքնաղ լեռներ, գուցե վաղը մեռնեմ:

Գուցե վաղը մեռնեմ մեր արևի ներքո,
Կյանքն էլ, մահն էլ այնքան քաղցր է ու թանկագին,
Ահա իմ սիրտը ձեզ՝ լի կարոտով, երգով,
Ահա իմ սիրտը ձեզ,- հուրը արեգակի:

Առեք նրան, լցրեք ձեր հույզը կրկնակի,
Թող փոթորկուն լինի, լինի մաքառասեր,-
Ինչքան մահը դաժան իմ դռները թակի,
Այնքան կյանքի գովքը ես կարոտով կասեմ:թաթուլ հուրյան

ԻՆՉՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻՆՔ ԵՍ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ

18 Հնվ

Պատերազմն ի՞նչ բան է: Երեխա էինք, կռիվ-կռիվ էինք խաղում, լսում էինք տարեցների պատմությունները, գրքեր էինք կարդում, ֆիլմեր էինք դիտում: Ուրիշ պատերազմ մեզ համար չկար:
Դպրոցում շարադրության մրցույթում հաղթեցի, ինձ Վոլգոգրադի ճամբարի ուղեգրով պարգևատրեցին: Ճամբար ասվածը հեքիաթային մի վայրում էր` քաղաքից դուրս, անտառի մեջ, լճակների ափին: Ամեն ինչ նոր էր ու անսովոր: Այստեղ իմացա, որ գետը ոչ միայն մեր գյուղի կողքով անցնող ցամաք վտակն էր, այլև Վոլգայի պես անեզր մի տարածություն, որի կղզիների վրա մեր ամբողջ գյուղը կարելի էր տեղավորել: Իմացա, որ հուշարձանը կարող է 85 մետր բարձրություն ունենալ, առաջին անգամ նավ նստեցի…
Մի անգամ էլ հերթական զբոսանքից վերադարձել, սենյակում փոխվում էինք ու պատրաստվում էինք ճաշի գնալ: Եվ հենց այդ պահին պատուհանի տակ ուժգին պայթյուն որոտաց: Բոլորս սարսափած դուրս նետվեցինք: Այն, ինչ տեսանք` ահավոր էր: Պարզվեց, երեխաներից մեկը անտառում պատերազմի ժամանակներից մնացած նռնակ էր գտել: Փոքրիկը չէր հասկացել, թե դա ինչ բան է: Բերել էր լվացարանի մոտ, որ մաքրի-լվանա: Ու հենց ձեռքի մեջ էլ պայթել էր…
Մի քանի ժամ անց ճամբարը լցվեց զինվորականներով ու սակրավորներով: Ճամբարի պետին ձերբակալեցին ու տարան: Մեզ ասացին, որ այլևս մնալ չենք կարող, տեղափոխեցին հյուրանոց, իսկ առավոտյան ինքնաթիռով վերադարձանք Հայաստան: Ահա այսպես առաջին անգամ ես տեսա պատերազմի դեմքը:

Հովիկ Չարխչյանphoto_141435

ԵՐԵԿՎԱ ՈՒ ԱՅՍՕՐՎԱ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԸ

17 Հլս

Այս օրերին, երբ լրատվական դաշտը հեղեղված է ադրբեջանցի դիվերսանտների մասին պատմություններով, կատարվածն առիթ տվեց հիշելու, որ Հայաստանի տարածքում նման իրավիճակները, ցավոք, նոր չեն: Հավանաբար քչերին է հայտնի, որ Հայրենական պատերազմի տարիներին մեր երկիրը ևս բախվել է այդ սպառնալիքի հետ: Պատմությունը վկայում է, որ դեռևս 1941-ի հունիսի 29-ին` պատերազմի սկզբից մեկ շաբաթ անց, որոշում ընդունվեց Հայաստանում թշնամու պարաշուտային դեսանտի դեմ պայքարելու նպատակով կործանիչ գումարտակներ ստեղծելու մասին: Կազմակերպվեցին շուրջօրյա հսկիչ կետեր առավել կարևոր օբյեկտներում և դեսանտի իջեցման համար առավել հարմար տեղանքներում:

Իսկ թշնամու լրտեսներն իսկապես Հայաստանի տարածք էին թափանցում: Այսպես, 1942 թ. սեպտեմբերի 18-ին Սիսիանի շրջանում որսացին երկու պարաշյուտիստ-դեսանտայինների, որոնց մոտ հայտնաբերվեց մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ և զենք: Նրանք առաջադրանք ունեին դիվերսիոն գործողություններ կատարել արդյունաբերական ձեռնարկություններում, տրանսպորտում: Հայտնի են նաև լրտեսների հայտնաբերման մի քանի դեպքեր ևս:

Հ. Չարխչյանc2f8eb122e3f42dc86b329aa298

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

28 Հնվ

Մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի: Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է: Մեզ ավելի մեծ փորձություններ չեն սպասվում, քան արդեն ունեցել ենք:

Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածե՞նք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915 թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից մեկ ու կես միլիոն կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այդ ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95 թթ. 5000 հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե ոչ…Vazgen-05

ՍԵՎԱԿԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԸ

27 Հնվ

Պարույր Սևակի ստեղծագործություններին ու կյանքին առնչվող շատ ու շատ էջեր դեռ սպասում են իրենց բացահայտմանը: Այսօր ուզում ենք ներկայացնել երեք նորահայտ վավերագրեր, որոնք ոչ միայն գրված են Սևակի ձեռքով, այլև հնարավորություն են ստեղծում մի շարք էական շտկումներ ու լրացումներ կատարել հատկապես բանաստեղծի կենսագրության վաղ շրջանին վերաբերող տեղեկություններում, առավել ևս, որ այդ ժամանակահատվածն անհամեմատ քիչ է ուսումնասիրված: Մյուս կողմից այս անտիպ փաստաթղթերը թույլ կտան լրացուցիչ պատկերացում ձևավորել Սևակի գրական ճաշակի և սկզբունքների կազմավորման նախնական փուլի մասին` տրամաբանական կապ ստեղծելով հետագա տարիների հետ:getImage

Եվ այսպես, 1952 թ. հուլիսի 20-ին Պարույր Սևակը Գրողների միությանն է ներկայացնում իր 1949-1951 թթ. ստեղծագործական հաշվետվությունը, ինչպես նաև ինքնակենսագրականն ու անձնական թերթիկը: Դրանք երեքն էլ ստանդարտ ձևաթղթեր էին, և հեղինակից պահանջվում էր պատասխանել ներկայացված հարցերին: Հաշվետվության մեջ Սևակը գրում է, որ նշված ժամանակահատվածում աշխատել է «բանաստեղծությունների ժողովածուի և հայկական սոցիալիստական գյուղի հետպատերազմյան շրջանի մարդկանց մասին պատմող պոեմի վրա»: Նշում է, որ 1949-51 թթ. ստեղծագործական գործուղման է մեկնել Ստեփանավանի շրջան: «1949-51 թթ հրապարակված գործեր» տողի դիմաց լրացնում է. «Անմահները հրամայում են» բանաստեղծությունների ժողովածու 1949 թ., թարգմանել եմ ռուս, ուկրաինական, վրացական, ադրբեջանական պոեզիա՝ ժողովածուներում»: «Ներկա պահին ինչի՞ վրա եք աշխատում» հարցին Սևակը պատասխանում է. «Բանաստեղծությունների նոր ժողովածուի: Աշխատանքը կավարտեմ հավանաբար ընթացիկ տարվա վերջին»:

«Հետագայում ենթադրում եմ աշխատել» տողի դիմաց լրացված է. «Լենինի մասին պոեմի վրա, համալրել Մոսկվայի մասին բանաստեղծությունների շարքը, ինչպես նաև ուժերս փորձել արձակում»:

Հաշվետվության վերջում Սևակը գրում է. «Աշխատանքը հաջող ավարտելու համար ինձ առաջին հերթին անհրաժեշտ է լինել Մոսկվայում և հետևողականորեն ժողովել անհրաժեշտ նյութերը»:Sevak1

Նույն օրը Սևակը մեկ այլ ձևաթղթի վրա գրում է իր ինքնակենսագրությունը, ռուսերենով:

«Ծնվել եմ 1924 թ. հունվարի 26-ին, Հայկական ՍՍՀ Վեդիի (նախկին Ղարաբաղլարի) շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում: Ծնողներս հողագործությամբ են զբաղվել ինչպես Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո: Մտել են կոլտնտեսություն:

Նախնական և միջնակարգ կրթություն ստացել եմ 1929-1939 թթ., տեղի լրիվ միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել եմ  Երևանի Վ. Մ. Մոլոտովի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և ավարտել եմ 1945 թվին: 1946 թվից սովորել եմ Հայկական ՍՍՀ  Գիտությունների ակադեմիայի Գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: Ասպիրանտուրան ավարտել եմ 1948 թվի վերջին:

Բանաստեղծություններ գրել եմ դեռ աշակերտ եղած ժամանակ: Սկսել եմ տպագրվել 1942 թ, հանրապետական մամուլում ու «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում:

Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1949 թվին, «Անմահները հրամայում են» խորագրի ներքո:

Վերջին տարիներին աշխատել եմ հետպատերազմյան շրջանի հայկական կոլտնտեսային գյուղի մարդկանց ու առօրյայի մասին պոեմի վրա: Այդ պոեմը՝ «Անհաշտ մտերմություն» խորագրի ներքո, տպագրվել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում և առանձին գրքույկով ինչպես Հայպետհրատի, այնպես էլ «Սովետսկի պիսատել» մոսկովյան հրատարակչության կողմից:

Պատրաստ է և հրատարակման է հանձնված նաև բանաստեղծությունների ժողովածու՝ «Խաղաղության խրամատներում» վերնագրով:

Համալսարանն ավարտելուց հետո նախ աշխատել եմ «Ավանգարդի» խմբագրությունում որպես բաժնի վարիչ (1945 թ. սեպտեմբերից 1946 թվի ապրիլը), իսկ հետո՝ Արտասահմանի հետ մշակութային կապերի հայկական ընկերության մամուլի բաժնում որպես ավագ ռեֆերենտ ( 1946 թվի ապրիլից մինչև 1947 թ. մայիսը): Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել եմ Հայաստանի ՍԳՄ օրգան «Գրական թերթում» որպես պոեզիայի բաժնի վարիչ:

ՀամԼԿԵՄ անդամ եմ 1938 թվից:

Ինչպես դպրոցական և ուսանողական տարիներին, այնպես էլ աշխատանքի ժամանակ մասնակցել եմ հասարակական կյանքին. եղել եմ ագիտատոր, պատի թերթի խմբագիր, ՀամԼԿԵՄ սկզբնական կազմակերպության քարտուղար, շրջկոմի բյուրոյի և քաղկոմի պլենումի անդամ և այլն:getImage (2)

Հայրենական Մեծ պատերազմին չեմ մասնակցել, քանի որ ճանաչվել եմ զինվորական ծառայությանը ոչ պիտանի:

Ներկայումս սովորում եմ ԽՍՀՄ ՍԳՄ կից Մոսկվայի Գորկու անվան գրական ինստիտուտի երրորդ կուրսում:

Պ. Ղազարյան (Սևակ), 20.7.1952 թ.»:

Շրջանցելով գրառման մեջ տեղ գտած մյուս փաստերը` անդրադառնանք դրանցից մեկին: Խոսքը զինվորական ծառայությունից ազատվելու մասին է: Այս առնչությամբ նախ պետք է նկատել, որ Սևակի բացատրությունը համապատասխանում է թատերագետ Ռուբեն Զարյանի վկայությանը, ըստ որի վերջինս 1942 թ. մայիսին միջնորդել է Սևակը ազատվել բանակից և այդ նպատակով դիմել է ճանաչված բժշկուհի Արշա Նիկիտիչինա Վարդազարյանին, որը սկզբում կտրականապես մերժել է, սակայն ծանոթանալով Սևակի գործերին, համաձայնել է: Այնուհետև Զարյանն ասում է, որ բժշկուհուն օգնել է նաև Արամ Պապայանը, որն այդ տարիներին պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում ռազմական հաստատություններում:

Բայց ահա 1965 թվականին գրված «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրականում բանաստեղծը այս հարցի առնչությամբ շարադրում է մեկ այլ հիմնավորում: Սևակը գրում է. «…Պատերազմին չմասնակցելու պատճառը տարիքս էր (միայն երկրորդ կուրսի վերջում զինվորական գրքույկ ստացա) և որովհետև երրորդ կուրսը փաստորեն վերջին կուրսն էր (չորրորդ-հինգերորդ կուրսերը միանգամից ավարտեցին ու բանակ տարան), ապա, ըստ գործող օրենքի, մեր կուրսեցիք броня -ի տակ եղան մինչև պատերազմի վերջը: Իմ փոխարեն 50-ամյա հայրս էր բանակում…»:

Նույն փաստի մասին այս` եթե ոչ իրարամերժ, ապա գոնե անհամապատասխան տեղեկությունները ենթադրել են տալիս, որ Սևակի ռազմաճակատ մեկնելու պատճառ կարող էր լինել թե մեկը, թե մյուսը:

Ինչպես արդեն նշեցինք, նույն օրը Սևակը լրացրել է Հայաստանի ԳՄ անդամի անձնական թերթիկը: Այստեղ կրկնվում են վերը շարադրված կենսագրական տվյալների շատերը: Այնուհետև հաջորդում է «Լեզուներ, որոնց տիրապետում է» տողը, որի դիմաց Սևակը գրել է. «Հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն»: Կնոջ մասին ասված է. «Ավագյան Մայա Վարդանովնա, ծնված 1922 թ, Թբիլիսիում, աշխատում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայում»: Ներկա հասցեն` «Մոսկվա, Տվերսկոյ բուլվար, 25, Գորկու անվան գրական ինստիտուտ»:

«ՀԼԿեՄ անդամ լինելիս տույժի ենթարկվե՞լ եք» հարցին Սևակը պատասխանել է. «Ենթարկվել եմ: 1950 թ. ՀԼԿԵՄ Մոլոտովի շրջկոմի կողմից, ք. Երևան: Ոչ ճիշտ ելույթի համար: Հանվել է»:

Ի՞նչ ելույթի համար կարող էին Սևակին նկատողություն հայտարարել: Թերթելով արխիվային աղբյուրներն ու այդ օրերի վավերագրերը, մենք հանդիպեցինք մեկ տասնյակից ավելի վկայությունների այն մասին, որ 1950 թվականին այս կամ այն հավաքի ժամանակ բանաստեղծը հրապարակավ հայտնել է իր տեսակետը: Ընդ որում, ելույթների նյութը խիստ բազմազան է եղել` սկսած գրական քննարկումներից մինչև սպասվելիք Գերագույն սովետի ընտրությունների քարոզչությունը (այդ օրերին Սևակը ագիտատորի պարտականություններ էր կատարում): Ի վերջո մեզ հաջողվեց գտնել մամուլի մի հրապարակում, որտեղ շարադրվածն էլ հենց կարող էր հիմք հանդիսանալ անցանկալի հետևանքների համար:

1950 թ. հոկտեմբերին տեղի է ունենում մայրաքաղաքի Մոլոտովյան շրջանի կոմերիտական կազմակերպության 8-րդ կոնֆերանսը: Հոկտեմբերի 21-ին «Ավանգարդ» թերթը, տեղեկացնելով այդ մասին, ներկայացնում է զեկուցողի խոսքն ու հավաքի ժամանակ հնչած ելույթները: Այդ առթիվ թերթը նաև գրում է. «Կոնֆերանսում հանդես եկած դելեգատների մեծ մասն իրենց ելույթները նվիրեցին ԼԿԵՄ ռայկոմի կողմից սկզբնական կազմակերպություններին ցույց տրվող ղեկավարության հարցերին: Երիտասարդ բանաստեղծ Պարույր Սևակը քննադատեց ռայկոմին այն բանի համար, որ նա անհրաժեշտ ղեկավարություն չի ցուցաբերել Գրողների միության ԼԿԵՄ կազմակերպության աշխատանքներին:

— Մեր ռայկոմը,- ասաց նա իր ելույթում,- մեզ հիշել է միայն այն դեպքում, երբ այս կամ այն առիթով անհրաժեշտություն է զգացել հանդիպումներ կազմակերպել երիտասարդ ստեղծագործողների հետ»:

«Հասնել յուրաքանչյուր սկզբնական կազմակերպության լավ աշխատանքին»:

Դժվար չէ կռահել, որ նման համարձակությունն այն օրերին հազիվ թե անպատիժ մնար: Ի դեպ, ասվածի ապացույցը դարձավ այն, որ շատ շուտով մեկ այլ «անհնազանդ քայլի» համար Սևակը ստիպված էր գործուղվել (նույնն է թե`հարկադրաբար հեռանալ Հայաստանից) և մի քանի տարի անցկացնել Մոսկվայում:

 ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆgetImage (1)

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՐԱՔՍԻ ԱՓԵՐԻՆ

25 Նյմ

Տարածված կարծիք կա, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին Հայաստանը թեև տասնյակ հազրավոր զոհեր տվեց և իր ուսերին կրեց այդ արհավիրքի ողջ ծանրությունն ու ողբերգությունը, սակայն ռազմական ակտիվ գործողությունների թատերաբեմ չդարձավ: Ցավոք, սա ընդամենը ենթադրություն է: Պատմական վավերագրերն ու ականատեսների վկայությունները թույլ են տալիս պնդելու, որ մեր հանրապետությունը ևս ռազմաճակատային գոտի էր այս բառի բուն իմաստով և իրադրության բոլոր դրսևորումներով: Ասվածը հիմնավորելու համար բավարար է շարադրել սոսկ մի քանի դրվագներ պատերազմի առաջին ամիսներից:970257_237701019713610_299335025_n

Ինչպես պատմում է ծառայությունը Հայաստանում անցկացրած ռուս հրետանավոր Գրիգորի Կարպովը, պատերազմի մասին առաջին տեղեկությունները ստացել էին զինվորականները: Նույն օրն իսկ սահմանապահ գնդերը դիրքեր գրավեցին Արաքսի առափնյա հատվածներում: Գործողությունն իրականացվում էր գիշերով: Հրետանայյին դիվիզոններից մեկը` չկողմնորոշվելով տեղանքում, սխալմամբ անցել էր սահմանը և դիրքավորվել Թուրքիայի տարածքում: Առավոտյան թուրքերը բացահայտեցին դա, սակայն բանը առճակատման չհասավ: Կողմերը դեռևս ձեռնպահ էին մնում ակտիվ գործողություններից: Ավելի ուշ դիվիզիոնի հրամանատարին ռազմադաշտային դատարանը դատապարտեց մահվան: Նրան գնդակահարեցին ողջ անձնակազմի աչքի առաջ:408-rd divizian, 1942 meknymic araj

Սակայն բոլորի համար էլ հստակ էր, որ օգտվելով Խորհրդային Միության համար անբարենպաստ իրավիճակից, Թուրքիան ծրագրում էր զավթել Անդրկովկասը: Հապշտապ կարգով թուրքերը սահմանի երկայնքով ռազմական պատրաստություններ էին տեսնում` կառուցվում էին օդանավակայաններ, ճանապարհներ, կապուղիներ, ինժեներական ամրություններ: Արաքս գետի ափերին կենտրոնացվեցին 18 դիվիզիաներ: Թուրքական ինքնաթիռները սկսեցին պարբերաբար հետախուզական թռիչքներ կատարել Հայաստանի տարածքում: Երևանում ստիպված էին սահմանել պարետային ժամ, լուսաքողարկում, բարձր պատրաստության վիճակի բերվեցին հակաօդային պաշտպանության ուժերը: Քաղաքում սահմանվեց սննդի բաշխման քարտային համակարգ: Իսկ երբ Հայաստան հասան Ուկրաինայից էվակուացվածների առաջին մեծ խմբերը, կյանքն ավելի դժվարացավ:

Ողջ ամռան ընթացքում հայ-թուրքական սահմանին արձանագրվեցին մի քանի ռազմական բախումներ: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է նաև, որ թուրքական կողմը 8 անգամ հրակոծության է ենթարկել հայկական սահմանապահ ուղեկալները: Մեկ տարվա ընթացքում սահմանի այդ հատվածում հաջողվեց որսալ 47 թուրք գործակալների:1942

Արտաքին սպառնալիքից բացի ակտիվացել էր նաև ներքին թշնամին: Տիրում էր համընդհանուր լարվածություն: Շշուկներ էին տարածվում, թե թուրքերի հետ պատերազմն անխուսափելի է: Այդ մշտական տագնապն ու անորոշությունն ավելի էր ճնշում մարդկանց, խուճապային տրամադրությունների պատճառ դառնում: Նույն օրերին հատուկ ծառայությունները հանրապետության տարբեր շրջաններում բացահայտեցին դասալքության աղմկահարույց դեպքեր: Մեղավորվերի հետ դաժան հաշվեհարդար տեսան:

1941 թ. նոյեմբերին Ախտայի (Հրազդանի) շրջանում բացահայտվեց մուսաֆաթական ընդհատակյա մի կազմակերպություն, որի պարագլուխն էր Ազիզ Բադալօղլին: Խմբի թուրք անդամները լուրեր էին տարածում, թե եկել խորհրդային իշխանության վախճանը, և ամեն կերպ փորձում էին ձախողել Ախտայում իրականացվող պաշտպանական միջոցառումները: Կազմակերպության 13 ակտիվիստների դատապարտեցին պատերազմական ժամանակների օրենքներով:paterazm

Նույն տարվա դեկտեմբերին Ալավերդու և Ստեփանավանի շրջաններում ձերբակալվեցին 16 դասալիքներ, որոնք գործում էին ավագ Գիկոլյանի գլխավորությամբ: Վերջիններս 138-րդ հրաձգային դիվիզիայի զինվորներ էին: Իմանալով, որ իրենց ուղարկելու են ճակատ, նրանք էշելոնից փախուստի էին դիմել` իրենց հետ վերցնելով զենք և զինամթերք: Օրեր շարունակ խումբը ավազակային հարձակումներ էր կատարում Լոռու գյուղերի և կոլտնտեսությունների վրա: Իսկ ընդհանուր առմամբ, 1941-ին Հայաստանում բացահայտվեցին ու վնասազերծվեցին ևս 3 ավազակային խմբեր` իրենց 37 անդամներով:

Ոչ պակաս բարդ էր իրավիճակը նաև հայ-իրանական սահմանին: Խորհրդային հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեին, որ Գերմանիան պատրաստվում էր այդ երկրում հեղաշրջում իրականացնել և այն օգտագործել հարավից հարվածելու համար: Հասկանալով, թե նման շրջադարձն ինչպիսի աղետալի հետևանքներով էր հղի, արդեն 1941-ի օգոստոսին ձևավորվեց Անդրկովկասյան ճակատը: Մինչ այդ իրականացվել էր տեղի բնակչության մոբիլիզացիա, այնպես որ շարք մտած զինվորական ստորաբաժանումները կազմված էին գերազանցաապես հայերից: Քիչ չէին նաև քրդերն ու ադրբեջանցիները: Նորակոչիկներն արագացված կարգով մարտական պատրաստություն էին անցնում և ուղարկվում զորամասեր:0_8130f_538a29f6_L

Օգոստոսի 25-ին, լուսաբացից առաջ` ժամը 3.30-ին ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովն իր մոտ հրավիրեց Իրանի դեսպանին և նրան հանձնեց կառավարության նոտան` միաժամանակ տեղեկացնելով, որ Կարմիր բանակը մուտք է գործում Իրանի տարածք: Մինչ դիվանագետները փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում ու բացատրություններ պահանջում, ռազմական օպերացիան արդեն սկսվել էր: Ժամը 2-ին 65 զինված խմբեր անցել էին Արաքսը: Ընդամենը 2 ժամվա ընթացքում ոչնչացվեցին իրանական 121 սահմանային կետեր: Այդ ընթացքում իրանական 5 ինքնաթիռներ ռումբեր նետեցին Մեղրիի կամուրջի շուրջը, սակայն կամուրջը վնասել չհաջողվեց:

Այստեղ հարկ է պատմել գործողություններից մի դրվագ, որը լիովին բնորոշում է այն օրերին իշխող մարտական ոգին և նպատակին հասնելու ծայրահեղ միջոցները: Խոսքը Մեղրիի զորամասի 12 մարտիկների հերոսական արարքի մասին է:

Իրան ներխուժելու օպերացիան իրականացվում էր մթության քողի տակ, խիստ գաղտնիության պայմաններում: Հրամանատարության մշակած պլանի համաձայն, միայն այդպես էր հնարավոր հանկարծակիի բերել իրանական ուժերին և առանց մեծ կորուստների հաջողության հասնել: Այդ իսկ պատճառով հրահանգվել էր պահպանել մեռելային լռություն, որևէ կերպ չմատնել զորքերի առաջխաղացումը: Մեղրիի սահմանային գումարտակի մարտիկներին առաջադրանք էր տրվել նավակներով հատել Արաքսը և ափ իջնելուն պես վնասազերծել հակառակորդին: Եվ ահա այն պահին, երբ նավակներն արդեն լողում էին դեպի իրանական ափ, դրանցից մեկը ընկավ ուժգին ջրապտույտի մեջ ու շրջվեց: 12 զինվորներ խեղդվեցին, սակայն նրանցից և ոչ մեկը նույնիսկ չփորձեց օգնություն կանչել: Այդ լուռ հերոսությունը ցնցել էր բոլորին:

Զոհված մարտիկները հետմահու պարգևատրվեցին իրենց չլսված արիության համար, իսկ Մեղրիի զորամասում նրանց հիշատակին հուշարձան կանգնեցվեց:

Օգոստոսի 25-ի առավոտյան ժամը 7-ին մարտական առաջադրանքը կատարված էր: Դեպի Իրանի խորքը տանող ճանապարհները բաց էին բանակային խոշոր կազմավորումների համար:

Բայց սրանք ընդամենը պատերազմի առաջին ամիսներն էին: Մինչև 1945-ի մայիսը դեռ փորձությունների երկար ճանապարհ կար և օրերի անվերջանալի մի շղթա` լի մաքառումներով, կորուստներով ու քաջությամբ:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆՌազմաճակատ մեկնելուց առաջ-1941 թ. Երևան

Մի հայտարարված պատերազմի մասին

14 Նյմ

Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի պատմվածքներից մեկը, որի վերնագիրն է «Մի հայտարարված սպանություն», պատմում է այն մասին, թե ինչպես ամբողջ քաղաքը գիտեր հերոսի սպանության նախապատրաստման մասին, սակայն ոչ ոք այդպես էլ ոչինչ չձեռնարկեց ողբերգությունը կանխելու համար: Գրական ստեղծագործության ու քաղաքական իրավիճակի միջև զուգահեռներ անցկացնելու անհրաժեշտություն հազիվ թե զգացվեր, եթե այս օրերին Իրանի շուրջ շիկացող մթնոլորտը ակամա չհիշեցներ մարկեսյան պատմվածքը և երկու կացությունների նմանությունը: Այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակեց իրանական ատոմային ծրագրի իրագործմանը վերաբերող իր վերջին զեկույցը, տարածաշրջանում կարծես թե նոր պատերազմական սպառնալիքներ են ի հայտ եկել՝ ընդդեմ Թեհրանի: Համենայն դեպքս, Իսրայելի և ԱՄՆ- ի կողմից հնչող զգուշացումները և գործադրվող քայլերը որևէ լավ բան չեն կանխատեսում, իսկ Թեհրանին որպես միջուկային սպառնալիքի աղբյուր դիտարկելու միտումները էլ ավելի լայն տարածում են ձեռք բերում:
Սրա հետ մեկտեղ մարտականորեն տրամադրված երկրները կարծես թե գիտակցում են, որ Իրանի հետ չի կարելի խաղ անել: Այդ երկիրը ոչ միայն ի զորու է հսկել Պարսից ծոցի անցուդարձը և ազդել նավթի և գազի շուկայի վրա, այլև այն բանից հետո, եթե ռազմական սպառնալիքները ձեռք բերեն գործնական բնույթ, կօգտագործի իր ամբողջ ռազմական ներուժը՝ պատասխան հարվածի համար: Արևմուտքում փորձագետները նույնիսկ հաշվարկել են Իրանի դեմ հնարավոր պատերազմի ռիսկերը և հանգել այն եզրակացության, որ հետևանքները հազիվ թե գոհացնեն նախահարձակներին:
Բայց և այնպես, առայժմ չափազանց դժվարացել է բորբոքված հույզերը խաղաղեցնելու խնդիրը: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը օրերս հայտարարեց, թե «Իրանի դեմ ռազմական հարձակումն ավելի մոտ է, քան միջուկային ծրագրի դիվանագիտական լուծումը»: Իսկ դրանից մեկ օր առաջ էլ բացահայտ կերպով ասել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի: Իհարկե, սա առաջին անգամը չէ, երբ քննարկվում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը, բայց առաջին անգամ է, որ նման բան հնչում է երկրի նախագահի շուրթերից: Որպես դրա հավելում, Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն իր հերթին հայտարարեց. «Իրանի դեմ պատերազմի դեպքում իսրայելական կողմի կորուստները չեն գերազանցի 500 մարդը։ Ոչինչ չի սպառնում հրեական պետության գոյությանը։ Մենք Մերձավոր Արևելքի ամենաուժեղ պետությունն ենք»։
Այսօրինակ խոսքերից հետո միանգամայն բնական է, որ շատերը պիտի ձեռնամուխ լինեին կամխատեսումներին, թե հատկապես ե՞րբ տեղի կունենա անխուսափելին և ի՞նչ հետևանքների կհանգեցնի այն: «Itar-Tass» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Daily Mail» բրիտանական պարբերականին, շտապեց հանրությանը տեղեկացնել, թե այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին Իսրայելը կարող է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Մասնագետները հապշտապ հաշվարկներ արեցին, թե Իրանի դեմ պատերազմի դեպքում որքան կաճի նավթի գինը և հանգեցին այն հետևությանը, որ նման զարգացումը տնտեսական շուկայում իսկապես աղետ կլինի: Նույնիսկ Միացյալ Նահանգներում գտնվեցին մարդիկ, որոնք չթաքցրեցին իրենց մտավախությունները: Օրինակ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան նշեց, որ բանակցություններից պատերազմին անցնելու ճիգերը միայն կխափանեն միջուկային ծրագրի հարցում գործադրված բոլոր ջանքերը: Այնինչ նույն ԱՄՆ-ում շատերը, օրինակ, նախագահության հանրապետական թեկնածու Ռիկ Փերին դեռ կարծում են, թե Իրանի դեմ Իսրայելի գրոհի դեպքում ԱՄՆ-ը պետք է աջակցի նրան «բոլոր հնարավոր միջոցներով, ներառյալ ռազմական գործողությունները»:
Հասկանալի է, որ այս խնդրում կտրուկ զարգացումները չեն կարող շրջանցել տարածաշրջանի մյուս երկրներին և վերջիններս այս կամ այն կերպ մասնակցություն կունենան այդ գլոբալ արկածախնդրությանը: Մասնավորապես Թուրքիան հնարավոր պատերազմի դեպքում որպես ԱՄՆ դաշնակից երկիր, անուղղակի կներգրավվի պատերազմում՝ հաշվի առնելով նրա տարածքում առկա ամերիկյան ռազմաբազաները, որոնք անմիջապես գործի կդրվեն ընդդեմ Իրանի։ Իբրև դրա հակազդեցություն, ինչպես արդեն տեղեկացրել է մամուլը, Իրանում նախապատրաստվել են ցանկացած երկրի հարձակման դեպքում հարվածներ հասցնել Թուրքիային և Ադրբեջանին:
Այս իմաստով Թեհրանի պահվածքը ոչ միայն հասկանալի է, այլև կանխատեսելի: Իրանցիները թեև ասում են, որ չեն հավատում իրենց երկրի վրա ռազմական հարձակման հնարավորությանը, բայց և այնպես զգուշացնում են, որ Իրանը «անհապաղ պատասխան կտա»: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին, հանդես գալով Թեհրանում սպաների դպրոցի շրջանավարտների արարողության ժամանակ, հայտարարեց, որ Իրանի հաստատուն և համարձակ ժողովուրդը չի հանդուրժի սպառնալիքներ կեղծ նյութապաշտ պետություններից: «Ցանկացած ագրեսիային մենք կպատասխանեք ժողովրդի ուժեղ ապտակով և երկաթե բռունցքներով»,- ասաց նա:
Բայց մինչ ապտակների փոխանակումը իրանցիները նաև գիտեն, որ այդ մրցության մեջ իրենք այնքան էլ միայնակ չեն: Այս օրերին նրանք զգում են հատկապես ռուսների ընդգծված աջակցությունը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն արդեն առիթ ունեցել է զգուշացնելու, որ «ռազմատենչ հայտարարություններին, թե Իսրայելը կամ որևէ այլ երկիր պատրաստ է ուժ կիրառել Իրանի կամ Մերձավոր Արևելքի որևէ այլ երկրի նկատմամբ, ծայրահեղ վտանգավոր հռետորաբանություն է»: Իսկ ՌԴ ԱԳ նախարարությունն իր հերթին վերջերս հայտարարեց. «Իրանի ուղղությամբ հարված հասցնելը լինելու է լուրջ սխալ, որը կարող է ունենալ անկանխատեսելի արդյունքներ»:
Իրանին իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել նաև այլ երկրներ և քաղաքական-կրոնական կառույցներ: Մասնավորապես, Եգիպտացի շեյխը Իսրայելին սպառնաց Իրանի վրա ռազմական հարձակում իրականացնելու դեպքում «ջիհադի» ֆեթվա արձակել, իսկ բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ պարզապես հանգեցին այն եզրակացությանը, որ արևմտյան դաշնակիցների օժանդակությամբ Իրանի վրա Իսրայելի հարձակումը հերթական անգամ կծառայի Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի ուժեղացման գործին, այն կմիավորի իրանցիներին ու այնպես կանի, որ նույնիսկ իրանական ընդդիմությունը կսկսի հանդես գալ ոչ թե Իրանի բռնապետական ղեկավարության, այլ հենց նույն Իսրայելի եւ Արևմուտքի դեմ: Թերևս նաև այս տրամադրություններն են պատճառը, որ ներկա պահին շատերը գրեթե բացառում են նոր պատերազմի հավանականությունը և նշում, որ ծայրահեղ դեպքում կարող են իրագործվել ինչ-որ հարվածներ, սակայն դրանք կլինեն «կետային»: Հետզհետե գերիշխող է դառնում համոզմունքն այն մասին, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների մասին հայտարարությունները ընդամենը տարածաշրջանի խաղացողների տրամադրությունները շոշափելու փորձեր են։
Հայաստանը ստեղծված կացության պայմաններում չունի այլ անելիք, քան լինել հնարավորինս զգույշ և պահպանել չեզոքություն: Իրանի նկատմամբ պատժամիջոցները պիտի չխանգարեն, որ մեր երկիրը Իրանի հետ շարունակի իր լավ հարաբերությունները: Ու եթե Հայաստանը անփոփոխ թողնի իր վերաբերմունքը, միջազգային հանրությունն էլ իր հերթին կհասկանա, որ մեր երկիրն իրավունք չունի վտանգելու սեփական անվտանգությունը: Սա վերաբերում է նաև այն հեռանկարին, որ գտնվելով պայթյունավտանգ տարածաշրջանում, Իրանի դեմ ռազմական հարձակումից կարող է օգտվել Ադրբեջանը և ռազմական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի նկատմամբ: Ուրեմն ամեն պարագայում մենք սպառնալիքներ պիտի սպասենք ոչ թե հարավից, այլ արևելքից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Կրկին հիշելով պատերազմի մասին

2 Նյմ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում «Ժողովուրդների ինքնորոշման իրավունք» և «Ռասիզմի, ռասայական խտրականություն ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» թեմաների շուրջ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը: Այս փաստն արդեն իսկ հետաքրքական էր, քանի որ մեր դեսպանի լռությունը երբեմն այնքան երկարատև է լինում, որ նույնիսկ Հայաստանում են սկսում կասկածել, թե արդյո՞ք մենք ՄԱԿ-ում ունենք մեր ներկայացուցիչը: Եվ այսպես, Կ. Նազարյանը խախտեց այդ լռության ուխտը ու Նյու Յորքից մեզ բոլորիս տեղեկացրեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ոտնձգությունները հանգեցրեցին ավերածությունների, տեղահանումների ու ագրեսիայի, և այսօր էլ Հայաստանի ու առհասարակ հայերի նկատմամբ ատելություն քարոզելով` Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի:
Պատերազմի վերսկսման հավանականության մասին նման կանխատեսում-զգուշացումը մեկ այլ իրավիճակում կարող էր ընկալվել սոսկ որպես անհանգստություն՝ հաշվի առնելով հարևան երկրի հռետորաբանությունն ու սպառազինվելու տեմպերը: Սակայն այս անգամ այս ահազանգը միակողմանի չէր: Բանն այն է, որ վերջին օրերին Բաքվից վերստին հնչում են հստակ նախազգուշացումներ այն մասին, որ ստեղծված փակուղին ադրբեջանցիներին այլ ելք չի հուշում, քան իր խնդիրները լուծել կոշտ միջոցներով: Իսկ եթե ավելի հստակ արտահայտվենք, ապա պատերազմ սկսելու համար Ադրբեջանը սպասում է միջազգային պայմանների ձևավորմանը։ Հենց այսպիսի նոր մարտավարություն են այժմ որդեգրել ադրբեջանցիները և նույնիսկ նպատակահարմար են գտնում այդ մասին տեղեկացնել ամենքին: Եթե համադրելու լինենք նույն բովանդակությամբ մի քանի ելույթները, ապա պատկերը կլինի մոտավորապես այսպիսին. Ադրբեջանը կարող է առանց Թուրքիայի զինված ուժերի աջակցության ջախջախել հայկական բանակին, թեև Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է բոլոր բնագավառները ընդգրկող երկարատև ռազմական համագործակցություն։ Մի խոսքով, եթե հիմա պատերազմ սկսվի, այնքան էլ կարևոր չէ՝ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին, թե ոչ։ Դա կարևոր էր մի քանի տարի առաջ։ Իսկ հիմա Ադրբեջանն ընդունակ է օկուպացվցած տարածքներից միայնակ դուրս մղել հայերին։ Սակայն խնդրի կարգավորումը մարտադաշտ տեղափոխելու համար Ադրբեջանն ուղղակի սպասում է միջազգային պայմանների ձևավորմանը: Ընդ որում, չգիտես ինչու, ադրբեջանցիները վստահ են, որ եթե իրենք պատերազմ սկսեն, ապա այդ երկիրը չի անտեսվի միջազգային հանրության կողմից։ Ամենայն հավանականությամբ, նրանց թև է տալիս այն միտքը, թե միջազգային իրավունքը արտոնում է նման գործողությունները: «ՄԱԿ-ի համապատասխան հոդվածում նշվում է այն մասին, որ օկուպացիայի ենթարկված երկիրը կարող է ցանկացած միջոցով ազատագրել իր հողերը։ Այսինքն, իր հողերի ազատագրման համար Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելը, ըստ միջազգային իրավունքի, ճիշտ է և արդարացի»,- այսպես է խնդիրը բացատրում ադրբեջանցի պատգամավորներից մեկը։
Մի կողմ թողնելով այս ճանապարհով հաջողության հասնելու հավանականության ու անհավանականության աստիճանների քննությունը՝ նկատենք, որ օրերս պատերազմի վերսկսման հնարավորությունների մասին տագնապալի տեսակետներ հնչեցին նաև Արևմուտքից: Մասնավորապես, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրին տված հարցազրույցում Հարավային Կովկասում 2006-2011թթ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին անդրադարձել էր ղարաբաղյան հարցին և նշել հետևյալը «Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած ճգնաժամը շարունակում է խորանալ, և իրավիճակն առ այսօր թվում է փակուղային ու անլուծելի: Ղարաբաղյան հակամարտության ներքին տրամաբանությունը և զարգացումը հղի են լուրջ ռիսկերով: Կտրուկ սրացման իրական վտանգ կա: Հակամարտության կողմերը սպառազինությունների չթուլացող եւ ապակայունացնող մրցավազք են սկսել»: Այս ամենից հետո Սեմնեբին հիշեցրել էր նաև, որ առայժմ կողմերի միջև գոյություն ունի միայն հրադադարի անկայուն համաձայնագիր, և Եվրամիության էական ավանդը տվյալ պահին կարող է լինել այն, որ նրա միջնորդությամբ վերստին ամրապնդվի հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Այս և վերը շարադրված տրամադրությունների համտեքստում է պետք դիտարկել այն փոփոխությունները, որոնք նշմարելի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններում և դիրքորոշումներում: Եռանախագահներն այժմ ավելի հաճախ են կրկնում այն միտքը, թե «շփման գիծը չի կարող հավերժ պատնեշ լինել հարևան ժողովուրդների միջև»: Նման ձևակերպումն, ինչ խոսք, միայն լուսավոր ապագայի մասին նրանց գեղեցիկ տեսլականների արտահայտությունը չէ: Առաջին հերթին սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումն այսուհետև ոչ միայն անցանկալի է, այլև անթուլատրելի: Շեշտադրումների նման որակական ու բովանդակային ձևափոխումը այսօր շատերին է թույլ տալիս ենթադրելու, որ Մինսկի խմբի նոր հայտարարություննները ոչ միայն էականորեն տարբերվում են նրանց նախորդ հայտարարություններից, այլև այն, որ եթե ոչ հեռու անցյալում նրանք ասում էին, թե հանդես են գալիս խնդրի լուծման զանազան առաջարկություններով կամ մոդելներով՝ ջանալով հակամարտող կողմերին բերել փոխզիջման, ապա այժմ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության աճման լույսի ներքո կոչ են անում թույլ չտալ լարվածության սրում:
Ընդհանուր մթնոլորտին հավելյալ լիցքներ են հաղորդում ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք վերջին շաբաթների ընթացքում վերստին սկսել են ողողվել պատերազմ վերսկսելու մասին հոդվածներով ու վերլուծություններով: Սևեռվելով այն հեռանկարի վրա, որ ստատուս քվոն պետք է փոխվի, ադրբեջանցիներն անմիջապես հարց են տալիս, թե հօգուտ ո՞ր կողմի է լինելու այդ փոփոխությունը, և իրենք էլ գտնում են դրա պատասխանը. «Ղարաբաղյան հակամարտության ոչ Ադրբեջանի օգտին լուծումը ճանապարհ է բացում նոր պատերազմների: Դա անխուսափելի է»,- եզրակացնում են նրանք:
Իհարկե, այսպիսի լարված իրավիճակում որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինի: Դրա սպառնալիքը միշտ է եղել, կա ու դեռ երկար ժամանակ կախված կմնա օդից: Չենք կարող նաև չնկատել, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանի դիրքորոշումը նույնպես դարձել է ավելի կոշտ: Մեր իշխանության ներկայացուցիչները սկսել են ավելի կտրուկ հայտարարություններ անել ղարաբաղյան թեմայով, ինչին զուգահեռ աճում է Ադրբեջանի անվստահությունը, քանի որ մի կողմից նրա համար բացահայտվում է, որ գերտերություններից ու դաշնակից երկրներից ոչ մեկը, նախևառաջ Թուրքիան, հազիվ թե աջակցի իրեն, մյուս կողմից էլ Ռուսաստանը, որ փորձում է «կտրուկ շարժումներ» չանել ու չխախտել Հայաստանի հետ ավանդական հարաբերությունները, հիմքեր չի թողնում Բաքվի ակնկալիքների համար: Եվ այժմ պատերազմի սպառնալիքով խնդիրը մեռյալ կետից առաջ մղելու մտադրությունը թեև լիովին բացառել չի կարելի, սակայն դրա հետ մեծ հույսեր կապելը ևս հեռանկարային չէ:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ԵՐԵՎԱՆ, 1945 Թ. ՄԱՅԻՍԻ 9

9 Մյս

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՑՆԾՈՒԹՅՈՒՆ

Մայիսի լույս 9-ի գիշեր: Անկրկնելի, ըղձալի, անմոռանալի: Հայրենական մեծ պատերազմի պատմագիրը խորին ակնածանքով ու իր քաջարի նախնիների նկատմամբ անհուն երախտագիտությամբ կշարադրի այդ գիշերվա նկարագրությունը: Օրացույցների մեջ ոսկե տառերով կգրվի մայիսի 9-ը որպես հաղթանակի օր, համաժողովրդական ցնծության օր:
Հաղթանակորեն ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը:
Ռադիոյով հաղորդված այդ ցնծագին լուրը մայիսյան գիշերվա խաղաղ անդորրության մեջ տարածվեց կայծակի արագությամբ: Ընդարձակածավալ սովետական աշխարհը թնդաց հաղթանակի բերկրալի որոտից:
Երևան: Վերածնված հայ ժողովրդի չքնաղ ոստանը: Այգաբացի անդորրը ճեղքում են հազարավոր բարձրախոսներ, որոնք քաղաքի հրապարակներից, դարպասներից ու տներից ավետում են հաղթանակ, հաղթանակ…
Եվ այժմ սովետական ժողովուրդը քաղաքում ու գյուղում ցնծությամբ է դիմավորում իր հաղթանակը, որպես իր չորս տարվա անձնազոհ պայքարի, անխոնջ աշխատանքի, թափված արյան ու քրտինքի ծնունդ, որպես իր մեծագործության անմահ հուշարձան:
Երևանը ոտքի վրա է:
Այգաբացի աղջամուղջի մեջ մարդիկ լցվում են փողոցները, հրապարակներն ու պուրակները: Տարերային անկապտելի մի ուժ նրանց դուրս է բերել տնից, հրդեհել նրանց սրտերը խելահեղ ցնծության կրակով: Կիսախավարի մեջ բոցկլտում են նրանց աչքերը: Մարդիկ ցնծության արբեցումով մղված ողջագուրվում են միմյանց, գրկախառնվում, ցնծագին աղաղակում, ուրախությունից լալիս: Պատանիներն ու ծերերը դռնեդուռ են վազում որպես մունետիկներ, ծեծում են լուսամուտներն ու դռները:
— Հայրենական պատերազմը պսակվեց հաղթանակով, հաղթանակ, հաղթանակ,- հևասպառ ձայն են տալիս նրանք և մայիսյան այգաբացի պաղ-բուրումնալից օդի մեջ նրանց ձայնը հնչում է որպես ամենադուրեկան, ամենաքաղցր երգի ղողանջ: Ոմանք իրենց դուրս են նետում կիսահագնված` մոռանալով վայելչության տարրական կանոննները:
Դեռատի աղջիկները` մայիսյան վարդի պես փթթուն ու հյութեղ շուրթերով, երանության ժպիտը սևորակ աչքերում, փաթաթվում են միմյանց, բոթբոթում, քաշքշում` չիմանալով ինչպես արտահայտել իրենց հոգու ծով բերկրանքը: Նրանց բորբոքուն երևակայության առաջ հավանաբար այդ պահին պատկերանում են ռազմաճակատից հաղթանակորեն վերադարձող սիրած տղաների հարազատ դեմքերը, նրանք մտովի պատկերացնում են այն երջանիկ ժամը, երբ հանդիպելու են երազած սիրեցյալներին, գրկախառնվելու են նրանց, և քաղցր այդ հեռապատկերը նրանց աչքերը լցնում է ուրախության արցունքով:
Հապա մայրերը… Դժվար է արտահայտել բերկրանքի, վշտախառն ցնծության այն խորին ապրումները, որ լուսավորում են նրանց խոհուն հայացքները: Այո, սովետական մայրերը իրենց հոգու վեհությամբ ու անսասան ամրությամբ ողջ ժողովրդի հետ միասին կոփեցին այս մեծ հաղթանակը և պարծանքի ու հպարտության իրավունք նվաճեցին:
Մի պառավ կին հևիհև վազում է` բարձրաձայն կրկնելով.
— Արևիդ մատաղ, ազիզ, պատերազմը հաղթանակով վերջացավ:
14-15- ամյա մի պատանի կտրում է նրա առաջ ու գրեթե փաթաթվելով նրան ճչում. «Մայրիկ, շնորհավոր, պատերազմը վերջացավ…»: Պառավը գրկում է պատանուն, սեղմում կրծքին ու լացակումած ասում.
— Հա, ազիզ ջան, վերջացավ, գնում եմ մեր հարևանին իմաց տամ, ուրախանա, չէ՞ որ տղան շուտով վերադառնալու է… Իմը չեկավ… Խաբար բան էլ չունեմ,- պառավի ձայնը փոխվեց հեկեկոցի,- գոնե նրանը կենդանի է, կգա, կուրախանանք:
Ու բռնելով պատանու ձեռքից` միասին վազում են փողոցն ի վեր:
Չայկովսկու փողոցում ես ականատես եղա այսպիսի մի տեսարանի: Փոքրիկ դարպասներից մեկը բացվեց ու այնտեղից դուրս նետեց իրեն մի միջահասակ կին, կտրելով առաջին պատահած երիտասարդի դեմը` գրկեց ու համբուրեց:
— Գուրգենիս կարոտն եմ առնում, որդի ջան, չնեղանաս: Նրան էլ հիմա մի ուրիշ մայր է համբուրում: Չեմ կարող սպասել, մինչև որ նա գա:
Երիտասարդը, որ մի պահ շփոթվել էր, մեղմորեն ժպտաց և ապա ինքն էլ իր հերթին համբուրեց կնոջ ձեռքը:
— Հենց իմացիր, թե քո Գուրգենն եմ, մայրիկ,- ասաց նա հուզված:
Ապա կինը առաջ վազեց և կտրելով իր հասակակիցների առաջը` բացականչեց.
— Խաղաղություն է, կնանիք, կնանիք, աչքներդ լույս, բարով գան ձեր տղաներն ու հարազատները, ու ամենավերջին էլ իմ Գուրգենը, արժանանանք նրանց թագին ու պսակին:
Կանանց խումբը ուրախ աղմկում է, փաթաթվում նորեկ կնոջը, համբուրվում, շնորհավորում:
— Շնորհավոր հաղթանակ:
— Շնորհավոր կյանք, նոր, երջանիկ, խաղաղ կյանք…

Զ. ՄՈՎՍԻՍՅԱՆ
10 մայիսի, 1945 թ., «Գրական թերթ»

ՀԱՅՆՐԻԽ ԲՅՈԼ

22 Ապր

ԻՄ ԹԱՆԿ ՈՏՔԸ

Հիմա նրանք ինձ հնարավորություն են տվել: Նրանք ինձ հաշվառման են վերցրել: Ես պիտի ներկայանայի աշխատանքային գրասենյակ և ես ներկայացա գրասենյակ: Պաշտոնավայրում նրանք շատ սիրալիր էին: Վերցրեցին իմ հաշվառման քարտը և ասացին. «Հըմ»: Ես էլ ասացի «հըմ»:
— Ո՞ր ոտքն է,- հարցրեց պաշտոնյան:
— Աջ:
— Ամբողջությա՞մբ:
— Ամբողջությամբ:
— Հըմ,- նորից արեց նա: Հետո սկսեց քրքրել տարբեր թղթեր: Ես կարող էի նստել:
Վերջապես մարդը գտավ մի թերթիկ, որն, ըստ երևույթին, ճիշտ իր ուզածն էր: Ասաց.
— Կարծում եմ, Ձեզ համար ինչ-որ բան կճարվի: Մի լավ գործ: Դուք հնարավորություն կունենաք նստած տեղը աշխատել: Կոշիկ մաքրող, հանրապետության հրապարակի հասարակական զուգարաններից մեկում: Ինչպե՞ս է:
— Ես չեմ կարող կոշիկ մաքրել, ես արդեն վատ մաքրողի համբավ ունեմ:
— Դուք կարող եք սովորել,- ասաց նա:- Մարդը կարող է ամեն ինչ սովորել: Գերմանացին ամեն ինչ կարող է: Ցանկության դեպքում դուք կարող եք անվճար դասընթացների մասնակցել:
— Հըմ,- արեցի ես:
— Բարի՞, ուրեմն:
— Ոչ,- ասացի,- ես չեմ ուզում: Ես ավելի բարձր ռոճիկ եմ ուզում:
— Դուք խելքներդ թռցրել եք,- մեղմ ու բարեկամաբար հանդիմանեց նա:
— Ես խելքս չեմ թռցրել, ոչ մեկը չի կարող ետ բերել իմ ոտքը, ես այլևս չեմ կարող սիգարեթ վաճառել, հիմա արդեն դա ինձ համար դժվար է:
Մարդը ետ ընկավ աթոռին և խոր հոգոց հանեց:
— Սիրելիդ իմ,- սկսեց նա,- ձեր ոտքը խելքից դուրս թանկ ոտք է: Տեսնում եմ` քսանինը տարեկան եք, առողջ սիրտ ունեք, առհասարակ կատարյալ առողջ եք, ոտքից գլուխ: Կապրեք յոթանասուն տարի: Խնդրեմ, հաշվեք, ամսական յոթանասուն մարկ, տարվա մեջ` տասներկու անգամ, ուրեմն` քառասունմեկ անգամ տասներկու անգամ յոթանասուն: Հաշվեք խնդրեմ, տոկոսները հանած: Մի կարծեք, թե ձեր ոտքը միակն է: Դուք ինքներդ նույնպես միակը չեք, ով հավանաբար դեռ երկար կապրի: Եվ այդ ամենով հանդերձ` ռոճիկը բարձրացնե՞լ: Ներող կլինեք, բայց դուք խելքներդ թռցրել եք:
— Պարոնս,- ասացի ես, իր նման ետ ընկա աթոռին և խոր հոգոց հանեցի,- կարծում եմ, որ դուք իմ ոտքը խիստ թերագնահատում եք: Իմ ոտքը շատ ավելի թանկ է: Շատ-շատ թանկ ոտք է: Ոչ միայն իմ սիրտն է կատարյալ առողջ, այլև, դժբախտաբար, գլուխս: Մի րոպե լսեք:
— Ժամանակ չունեմ:
— Լսեք մի րոպե,- ասացի ես,- նույն ինքը` իմ ոտքը շատ-շատերի կյանք է փրկել, այդ մարդիկ այսօր լավ ռոճիկ են ստանում:
Ահա թե բանն ինչպես եղավ: Բոլորովին մենակ պառկել էի առջևի գծում մի տեղ և հսկում էի, թե երբ նրանք կգային, որպեսզի մերոնք ճիշտ ժամանակին կարողանային հեռանալ: Հետին գծում շտաբները կազմ-պատրաստ սպասում էին. նրանք չէին ուզում ոչ շուտ, ոչ էլ ուշ հեռանալ: Սկզբում երկու հոգով էինք, բայց նրան սպանեցին, նա էլ ոչինչ չարժեր: Ճիշտ է, ամուսնացած էր, բայց կինը ողջ է և ի վիճակի է աշխատելու. այնպես որ դուք վախենալու կարիք չունեք, նա ուրեմն սարսափելի էժան էր: Ընդամենը չորս շաբաթվա զինվոր էր և մի փոստային բացիկից ու զինվորի մի կտոր հացից ավելին չարժեր: Այնքան ազնիվ ու քաջ էր, որ առնվազն իրեն սպանել տվեց: Լավ, ուրեմն մենակ պառկել էի այնտեղ և վախենում էի, և ցուրտ էր, ես էլ էի ուզում հեռանալ, այո, և այն է` ուզում էի հեռանալ, երբ մեկ էլ…
— Ես ժամանակ չունեմ,- ասաց մարդը և սկսեց փնտրել մատիտը:
— Ոչ, լսեք մինչև վերջ,- ասացի,- ամենահետաքրքիրը հիմա է: Հենց որ ուզում էի հեռանալ` ոտքիս այս պատմությունը եկավ գլխիս: Եվ որովհետև, ինչ խոսք, այդպես ընկած պիտի մնայի, մտածեցի ինքս ինձ` հիմա դու կարող ես արդեն ազդանշան տալ, և ես ազդանշան տվեցի, և նրանք բոլորը արանքը ճղեցին, հերթով, ըստ կարգի, նախ զորամասը, հետո գունդը, հետո գումարտակը և մնացածները` իրար ետևից, շարեշար: Տխմար պատմություն. նրանք մոռացան ինձ հետները վերցնել, պատկերացնո՞ւմ եք: Այնպես էին շտապում: Իսկապես որ տխմար պատմություն. թե որ ոտքս չկորցնեի, բոլորն էլ կմեռնեին` գեներալը, գնդապետը, մայորը` հերթով, ըստ կարգի, և դուք հիմա ստիպված չէիք լինի նրանց ռոճիկ տալ: Դե հիմա ինքներդ հաշվեք, թե ինչ արժե իմ ոտքը: Գեներալը հիսուներկու տարեկան է, գնդապետը` քառասունութ, մայորը` հիսուն, բոլորն էլ ոտքից գլուխ առողջ, առողջ սիրտ, առողջ գլուխ, իրենց զինվորական կենցաղն էլ վրադիր` կապրեն առնվազն ութսուն տարի, Հինդենբուրգի չափ: Դե, խնդրեմ, հաշվեք. հարյուր յոթանասուն անգամ տասներկու անգամ երեսուն, միջինը վերցնենք թեկուզ երեսուն, այո՞: Իմ ոտքը դարձել է խելքից դուրս թանկ, մեկը ամենաթանկ ոտքերից, որ ես կարող եմ երբևէ երևակայել, հասկանու՞մ եք:
— Չէ, դուք խելքներդ թռցրել եք,- ասաց մարդը:
— Ոչ,- պատասխանեցի,- ես խելքս չեմ թռցրել: Ափսոս, որ սիրտս գլխիս պես առողջ է, ափսոս, որ ոտքս կորցնելուց գոնե մեկ րոպե առաջ ինքս էլ չսպանվեցի: Մենք շատ փող խնայած կլինեինք:
— Հիմա ինչ, ուզու՞մ եք այս տեղը,- հարցրեց մարդը:
— Ոչ,- ասացի ես և դուրս եկա:

ՌԱՅՄՈՆԴՈ ՄՈՆՏԵԿՈՒԿԿՈԼԻ

20 Ապր

Պատերազմ վարելու համար երեք բան է պետք` փող, փող և փող: Պատերազմը երկու տարբեր եղանակներով մարտնչող բանակների գործողություն է, մինչդեռ երկուսի նպատակն էլ նույնն է` հասնել հաղթանակի: Ոչ թե խաղաղ ու շքեղ կացարանում, այլ ցրտին ու տապին, անձրևի ու ձյան տակ, քաղցով ու ծարավով է հառնում զորական արվեստը: Որտեղ զինվորին չեն մեծարում, այնտեղ ողջ բանակին են քամահրում:
Որ տերության մեջ զենքը բարգավաճում է, այնտեղ գիտությունները, արվեստները, վաճառականությունը և ողջ ժողովուրդը բարօրության մեջ են: Եթե զենքը սկսի ժանգոտել, իսկ դափնիները` թոշնել, ապա տերության մեջ ոչ անվտանգություն կլինի, ոչ զորություն, ոչ փառք, ոչ արիություն, ոչ անդորր: Դաշնագրերից այնքան ժամանակ օգուտ և հաջողություն չի լինի, քանի դեռ զենքն այն չի ամրագրել:

%d bloggers like this: