Tag Archives: պապ

ԱՌԱՋԻՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

6 Ապր

Տարիներ առաջ էր, երեխա էինք: Մի օր դպրոցում ասացին, որ պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանն է եկել մեր գյուղ և ակումբում պիտի սլայդներ ցուցադրի Արևմտյան Հայաստանից: Այն տարիներին դա նույնն էր, թե Լուսնի հակառակ երեսը տեսնեինք: Տուն եկա ու այդ մասին ասացի պապիս: Պատվիրեց, որ իրեն էլ հետս տանեմ: Պապս 80 տարեկան ամուր, խստաբարո, անժպիտ մարդ էր, քայլում էր ձիգ, դեմքին` արժանապատիվ հպարտություն: Պատկառում ու երկյուղում էինք նրանից:
Իսկ այդ երեկո ակումբի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Մթի մեջ լույսի փունջն ընկնում էր ճերմակ պաստառի վրա, պատկերները հաջորդում էին մեկը մյուսին ու պրոֆեսորի ձայնը խլանում էր ցուցադրող սարքի աղմուկի մեջ: Կլանված դիտում ու լսում էին, երբ հանկարծ մի պահ աչքս ընկավ պապիս դեմքին, ու ես ապշանքից քար կտրեցի: Նա լալիս էր: Լալիս էր ժայռի պես իմ պապը, արցունքները հատիկ-հատիկ գլորվում էին այտերի վրա, իսկ նա ասես չգիտեր էլ այդ մասին, անշարժ նայում էր էկրանին, որտեղ իր կյանքի կողոպտված աշխարհն էր:
Այդ օրը պապիս ամրության մասին առասպելն ինձ համար փշուր-փշուր եղավ: Բայց նրա արտասուքի մեջ ես ավելի մեծ ամրություն գտա, որ եկել էր նրա ներսից թափանցիկ արցունքի տեսքով: Երկրի սերն էր: Ամրակուռ մի սեր, որ այդքան տարիներ լցվել, ամբարվել, լռել էր խորքում ու հանկարծ դուրս հորդեց մի մութ դահլիճում, բոլորից ծածուկ, առաջին ու վերջին անգամ:

Հովիկ Չարխչյան136225567-600x450

ԵՐԵԿՎԱ ՈՒ ՎԱՂՎԱ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

15 Փտր

Հայոց ցեղասպանությունը փաստող հազարավոր վավերագրերի մեջ ես մշտապես պիտի առանձնացնեմ աշակերտական տետրի խունացած թերթերի վրա գրված այն տասը էջերը, որնք պահվում են մեր տանը մասունք պահելու երկյուղածությամբ: Դրանք իմ մեծ պապի` Սիմոն Չարխչյանի ձեռքով գրված թերթերն են: Վանի նահանգի Խոշաբ գավառի Զեյնիս գյուղից Արևելյան Հայաստան տեղափոխված պապիս ընտանիքը պիտի ի վերջո դադար առներ Արարատների հովանու տակ, հիմներ այն գյուղը, որն այսօր Վանաշեն է կոչվում (իսկ դարասկզբին դեռ Թայթան օտարահունչ անունն ուներ), ու պիտի հույսից առավել հավատ ունենար, որ դեռ կգա այն օրը, երբ ինքն իր զավակների հետ կրկին տուն կդառնա` Վանա լճի ափերին մոտիկ իր Զեյնիս գյուղը, որովհետև ով է մարդ արարածն առանց իր երկրի, և ինչ է կյանքն առանց հայրենի հողի…
Մեծ պապիս հավատը երազանք մնաց: Իսկ փոխարենը եղավ բոլորովին ուրիշ մի պատմություն, որ ժառանգվեց իր թոռներին ու ծոռներին տասը խունացած էջերի լեզվով…
…1933 թվի աշնանային մի օր Թայթան գյուղի հասարակության ժողովում, «ժողովուրդների հոր» մեծադիր նկարի ներքո գլխահակ կանգնել էր 65-ամյա իմ մեծ պապը, իսկ դահլիճից Ջալիլ անունով մի թուրք կուրծք էր ծեծում ու կոկորդ պատռում` հավաքվածներին համոզելով, որ Սիմոն Չարխչյանը ժողովրդի թշնամի է ու դաշնակ, քանի որ հանդգնել է Մեծ Եղեռնի օրերին զենք բարձրացնել «անմեղ» ու «աշխատավոր» թուրք ժողովրդի դեմ…
Ծեր, հոգնած ու հուսահատ վանեցին, որ կյանքից առավել պատվախնդրության և հպարտության կորստի համար պիտի դառնանար, այդ գիշեր գրեց դեգերումների ու մաքառումի իր պատմությունը: Գրեց ոչ այնքան փրկության համար, որքան վտարված Ճշմարտությունը դարձի բերելու, իր զավակների ու խղճի առաջ ազնիվ լինելու անկեղծ մղումով:
Չէ, մեծ պապս չի եղել ոչ դաշնակ ու ոչ էլ հայդուկապետ: «… Ես բնիկ վանեցի եմ: Սովորել եմ Վան քաղաքին մոտիկ Վարագա վանքի դպրոցում: Ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ իմ հայրենի գյուղ, որտեղ իմ զբաղմունքը եղել է հողագործությունը… Եվ ապրել եմ այդպես մինչև համաեվրոպական պատերազմը»,- պատմում էր նա:
Իսկ հետո եկավ մեծ արհավիրքը: Թուքերի ամենօրյա հարձակումներից ավերված գյուղի բնակիչների վերջին խմբերը ետ են քաշվում Վան և միանում քաղաքի հերոսական պաշտպանությանը: Մեծ պապս, զենքը ձեռքին, նախ պարիսպների վրա էր, իսկ հետո, երբ նահանջի հրամանն է հնչում` 25- հազարանոց գաղթականության անվերջանալի երթը հսկող կամավորականների թվում: «…Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ եմ ես մեղավոր, որ ինձ այսօր դաշնակ են անվանում: Չէ որ 25- հազարանոց զինված ժողովուրդը կռվում էր իրեն կոտորողի դեմ: Այո, մենք կռվում էինք, այնտեղ գոյության կռիվ էր, անողոք թշնամին հետապնդում էր մեզ: Այո, կոլխոզնիկ հայ ընկերներից շատերն էին կռվում այնտեղ: Մի՞թե նրանք բոլորը դաշնակներ էին…»:
Նահանջի դժվար ու երկար ճանապարհն անվերջ ուղեկցվում էր թուրք և քուրդ հրոսակախմբերի հարձակումներով: Անցնող խմբերը բաց դաշտերի մեջ թողնում էին վերքերից, քաղցից ու հալածանքից զոհվածների անհաշիվ մարմիններ: Մեծ կորուսների ու արյունաքամ մարտերի գնով նրանք Վանից անցնում են Սալմաստ, ապա Համադան, որտեղ ի վերջո հանդիպում են անգլիացիներին: Սրանք զինաթափում են բոլորին, և գաղթականներին տեղափոխում են Բաղդադից քիչ հեռու գտնվող Բաքուբայի անապատը, որտեղ արդեն հավաքվել էին կորուսյալ երկրի տարբեր անկյուններից գաղթած շուրջ 50 հազար փախստականներ:
Մեծ պապս նրանց թվում էր, ովքեր փախստականների ճամբարում հիմնում են «Տարագիր» կոմիտեն: Բացում են դպրոց ու որբանոց, ձևավորում են դատական հանձնաժողով: Այդ հանձնաժողովին անդամակցում է նաև ուսյալ Ս. Չարխչյանը: Նա ինչ իմանար, որ տարիներ անց իրեն պիտի մեղադրեն նաև դրա համար, թե իբր ծառայել է… ցարին, դատավոր է եղել: «… Այդ հանձնաժողովի կազմում ժողովրդի քվեարկությամբ ընտրվել եմ նաև ես, որի համար այսօր ինձ անվանում են ցարական «սուդիա»: Ես ցարի ժամանակ երբեք ցարի երկիր չեմ մտել, հապա ինչպե՞ս կլինի, որ մի թուրք տղա կարողանա գիտենալ, թե ես Տաճկաստանում ինչ եմ եղել…»,- զարմանում էր իմ միամիտ մեծ պապը:
Օտարության մեջ մեծ գերդաստանի վերջին մոհիկաններն ապրեցին մինչև 1921 թիվը: Ապրեցին` ցավը հոգիների մեջ, առավել դժբախտ, քան մեռածները: Վերջապես մի օր շատերի հետ մեկտեղ նրանց էլ ծովով տեղափոխեցին Բաթում, իսկ այնտեղից էլ` Հայաստան:
Գուցե նաև պատմեմ, թե ինչ եղավ հետո` 1933-ի այն չարաբաստիկ օրը: Նախ, եղավ անհավատալին: Երբ քվեարկության դրվեց Սիմոն Չարխչյանին կոլտնտեսությունից վտարելու հարցը, կողմ քվեարկեց ընդամենը… 5 հոգի` ժողովի նախագահության կազմը: Ձեռնպահ մնաց ամբողջ դահլիճը` շուրջ 100 մարդ… Բայց նույնիսկ դա էլ փրկություն չդարձավ…
Սա պատմություն է մի մարդու մասին: Հարյուր հազարավորներից` ընդամենը մեկի: Ուրեմն, դեռ կան անթիվ ու անթիվ այլ պատմություններ, որ հնչելու են իբրև արյան կանչ ու մնալու են ժամանակների հիշողության մեջ:
Անընդգրկելի կորուստների առաջ երբեմն այլևս ոչինչ չի մնում, քան մխիթարվել մնացյալ հույսով և իրողությամբ: Աշխարհի վրա կա հեռու մի վայր, որն իմ պապերի ծննդավայրն է: Ուրեմն նաև իմ երեկվա, այսօրվա և վաղվա հայրենիքը: Բայց կա նաև հեռավոր Վանի հուշերն արթնացնող մի գյուղ` Վանաշեն, և այդ նոր գյուղում Սիմոն Չարխչյանի հին տոհմածառը նոր ճյուղեր է տվել: Շարունակում է ապրել: Ի հեճուկս ճակատագրի, ի տես բոլոր նրանց, ովքեր տառապանք ու մահ սերմանեցին այն հողում, որտեղ կենաց ծառն էր արմատներ նետել:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: