Tag Archives: ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ

26 Ապր

Մարդիկ հավաքվում են խմբերով, պատեր են կանգնեցնում և թույլ չեն տալիս կողմնակի որևէ մեկին խախտել իրենց շարքային գոյությունը: Նրանք արարքներ են թույլ տալիս, որովհետև սովորել են դրանք թույլ տալ, սերտում են անօգտակար առարկաներ, զվարճանում են սոսկ այն պատճառով, որ իրենց ստիպում են զվարճանալ, իսկ մնացյալ աշխարհը թող խելագարվի ինքն իր համար, թող քայքայվի ինքն իրեն: Լավագույն դեպքում նրանք, ինչպես որ մենք ենք շատ անգամներ դա արել, հեռուստացույցով լուրերը կդիտեն՝ միայն հերթական անգամ համոզվելու, որ իրենք երջանիկ են այս աշխարհում, որը լի է խնդիրներով ու անարդարություններով:8084603

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ

9 Հնվ

… Նույնիսկ եթե կյանքը սովորեցրել էր նրան, որ չարժե հավատալ, թե ինչ-որ մեկը կարող է պատկանել ինչ-որ մեկին (ով այդպես է կարծում, ուզում է խաբել ինքն իրեն), խանդը բնական զգացում էր: Երբեք չի հաջողվում զսպել նման զգացումը, ինչպիսին էլ որ լինեն դրան վերաբերող վեհ գաղափարները կամ էլ այն համոզմունքը, որ խանդը թուլության արտահայտություն է:
Ամենամեծ սերն այն է, որ կարող է ցույց տալ իր թուլությունը: Ամեն դեպքում, եթե դա իսկական սեր է (այլ ոչ թե միջոց ցրվելու, իրեն խաբելու, ժամանակ անցկացնելու, որն անվերջ ձգվում է այս քաղաքում), ապա ազատությունը հաղթահարում է խանդը և դրա հարուցած ցավը, քանզի ցավը նույնպես բնական երևույթի մասն է: Նա, ով զբաղվել է մարզաձևերով, գիտի՝ եթե ուզում ես հասնել նպատակիդ, պատրաստ եղիր ցավի և վատ ինքնազգացողության ամենօրյա չափաբաժնին: Սկզբում թվում է, թե այդ անհարմարությունը հիմնավորված չէ, այնուհետև աստիճանաբար սկսում ես հասկանալ, որ դա լավ ինքնազգացողություն զարգացնելու փուլ է, և գալիս է այն պահը, երբ առանց ցավի այն զգացումն ունես, թե մարզանքը ցանկալի ազդեցություն չի գործում: Վտանգն այն է, որ սևեռվում ես այդ ցավի վրա, դրան անուն ես տալիս, անընդհատ պահում ես մտքումդ…
… Հանդիպումները մեզ են սպասում, բայց շատ հաճախ մենք խանգարում ենք, որ դրանք տեղի ունենան: Սակայն եթե հուսախաբված ենք, եթե կորցնելու բան չունենք կամ էլ խանդավառված ենք կյանքով, այդժամ ի հայտ է գալիս անիմանալին, և մեր աշխարհը փոխում է ընթացքը: Բոլորն էլ գիտեն սիրել, դա ի ծնե է: Ոմանք դա անում են անկաշկանդ, բայց մեծ մասը պետք է նորից սովորի՝ վերհիշելով, թե ինչպես են սիրում, և բոլորը, առանց բացառության, պետք է այրվեն իրենց նախկին կրքերի հրում, վերապրեն ուրախություններն ու ցավերը, անկումներն ու վերելքները, մինչև որ գտնեն ուղեցույց թելը, որը թաքնված է յուրաքանչյուր նոր հանդիպման ետևում: Եվ այդժամ մարմինը կսովորի խոսել հոգու լեզվով…

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ

23 Հլս

ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով:
Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
— Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան:
Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչեր ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ-ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին:
Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ:
Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:
Այսպես իրականացան նրանց ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է մեր երազանքների հետ: Դրանք կատարվում են, բայց բոլորովին այլ կերպ, քան պատկերացնում ենք:

Թարգմ. Սևակ Գևորգյան

%d bloggers like this: