Tag Archives: Պաուլո Կոելիո

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

22 Դկտ

Նոր Տարվա նախօրեին ամուսինները գնահատում էին անցնող տարին: Ռեստորանում ճաշի սեղանի շուրջ ամուսինը սկսեց դժգոհել, թե գնացել է ոչ այն ճանապարհով, որով, ըստ իր կարծիքի, պիտի անցներ: Կինը ակնդետ նայում էր ամանորյա տոնածառին, որ դրված էր ռեստորանում: Ամուսնուն թվաց, թե նրան այլևս չի հետաքրքրում իրենց զրույցը և փոխեց թեման.
— Տես ինչ հրաշալի են եղևնու լույսերը,- ասաց նա:
— Այո, դա այդպես է,- պատասխանեց կինը:- Բայց եթե դու ավելի ուշադիր նայես, ապա կտեսնես, որ բազմաթիվ լույսերի մեջ կա մեկը, որը չի վառվում: Ինձ թվում է, նրա փոխարեն, որ անցնող տարվան դիտես բազմաթիվ հաջողված գործերի տեսանկյունից, որոնք լուսավորել են տարին, դու կառչել ես այն միակ մարած լամպին, որը ոչինչ չի լուսավորում:

1295192205_EDEEE2FBE920E3EEE4

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

18 Մյս

ԲԱՑ ԵՂԻՐ ՍԻՐՈ ԱՌԱՋ

Լինում են պահեր, երբ դու մեծ ցանկություն ես ունենում օգնելու նրան, ում սիրում ես, բայց ինչ-որ բան անել անկարող ես լինում. կամ իրադրությունն այնպիսին է, որ քեզ հնարավորություն չի ընձեռում մոտենալ նրան, կամ էլ այդ մարդն ինքն իր մեջ ամփոփվել ու մերժում է քո կարեկցանքն ու աջակցությունը:
Նման դեպքերում մնում է ուղղակի սիրելը: Երբ ամեն ինչ թվում է անիմաստ, մենք դեռևս կարող ենք սիրել` չհուսալով փոխադարձ սեր, մեր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, չակնկալելով երախտագիտություն: Եթե դա ստացվում է, ապա սիրո էներգիան մեր շուրջն ամեն ինչ փոխում է: Սկիզբ առնելով` նա անպայման ինչ-որ բանի է վերափոխվում: «Ժամանակը չի փոխում մարդկանց: Կամքի ուժը չի փոխում մարդկանց: Մարդկանց վերափոխում է սերը»,-ասում է Էնրի Դյումոնդը…
«Վարդը զօր ու գիշեր երազում էր ընկերանալ մեղուների հետ, բայց նրանք ոչ մի անգամ չէին իջում նրա ծաղկաթերթերի վրա: Սակայն, միևնույն է, վարդը շարունակում էր երազել: Երկար գիշերները նա անրջում էր երկնքի մասին, որտեղից մեղուները մեկը մյուսի հետևից շտապում էին քնքշորեն հպվել վարդի թերթիկներին: Նրա ծաղկաթերթերը վերստին կբացվեին արևի շողերի հետ, սակայն նա չկարողացավ ապրել մինչև առավոտ:
Գիշերը, լուսինը նկատելով միայնակ վարդին, հարցրեց.
— Չե՞ս ձանձրացել սպասելուց:
— Թերևս ձանձացել եմ: Բայց, չի կարելի, չէ,՞ հանձնվել:
— Ինչո՞ւ:
— Որովհետև եթե չբացվեմ, ապա կթոշնեմ»:
Երբ գեղեցկությանը միայնություն է սպառնում, դա պահպանելու միակ միջոցը սիրո առջև բաց մնալն է:

Թարգմ. Ն. Մովսիսյան

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

15 Մյս

ԲԱՆԱՆՆԵՐԻ ԻՄԱՍՏԸ

Մի ճանապարհորդ որոշեց մի քանի շաբաթ անցկացնել նեապոլյան մենաստանում: Մի օր` կեսօրին, մտավ մենաստանի բազմաթիվ տաճարներից մեկը և տեսավ խորանում նստած ժպտացող հոգևորականին:
-Ինչո՞ւ ես ժպտում,- հարցրեց նա:
-Որովհետև հասկացել եմ բանանների խորհուրդը,- ասաց հոգևորականը և պարկից հանեց մի հոտած բանան.- սա կյանքն է, որն անցել է անիմաստ և ոչ մի բանի պետք չի եղել, իսկ հիմա արդեն շատ ուշ է:
Հետո պարկից հանեց մի ուրիշ բանան, որը դեռևս կանաչ էր, ցույց տվեց մարդուն և հետ դրեց պարկի մեջ:
-Սա կյանքն է, որը դեռ չի սկսել իր ուղին և հարմար պահի է սպասում,- ասաց նա:
Վեջապես հանեց մի հասած բանան, կիսեց այն ճանապարհորդի հետ և ասաց.
— Սա էլ իրական պահն է, սովորիր, թե ինչպես ապրես առանց վախենալու:

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ

27 Նյմ

Լույսի զինվորի գիրքը

Լույսի զինվորը նա է, ով ընդունակ է հասնելու կյանքի հրաշքին և մինչև վերջ պայքարելու այն ամենի համար, ինչին հավատում է: Եվ չնայած ոչ ոք ինքն իրեն լույսի զինվոր չի համարում, այնուամենայնիվ յուրաքանչյուր ոք կարող է լույսի զինվոր դառնալ:
1
Լույսի զինվորը չի մոռանում բարիքը:
Կռվում նրան օգնում են հրեշտակները. երկնային ուժերը ամեն ինչ այնպես են դասավորում, որ հնարավորություն են տալիս նրան լավագույնս դրսևորելու իրեն: «Ո՛նց է բախտը բերում»,- ասում են ընկերները:
Իսկ լույսի զինվորին հաճախ է հաջողվում այն, ինչ վեր է մարդկային ուժերից: Դրա համար էլ ամեն արևածագի նա ծնկի է գալիս ու գոհացում հայտնում իրեն պահպանող բարեգութ հովանավորության համար:
Սակայն լույսի զինվորի երախտագիտությունը միայն հոգևոր ոլորտով չի սահմանափակվում. նա երբեք չի մոռանում ընկերներին, որովհետև իրենք միասին են արյուն թափել մարտի դաշտում:
Կարիք չկա լույսի զինվորին հիշեցնելու ուրիշների ցուցաբերած օգնության մասին: Նա ինքը միշտ հիշում է դա և բոլոր պարգևները կիսում նրանց հետ:

2
Աշխարհի բոլոր ճանապարհները տանում են դեպի լույսի զինվորի սիրտը. նա առանց երկմտելու նետվում է հորձանուտը կրքերի, որոնցով մշտապես լի է նրա կյանքը:
Զինվորը գիտե, որ ինքն ազատ է իր ընտրության մեջ, նա խիզախորեն է որոշում կայացնում` առանց ետ նայելու, իսկ հաճախ նաև` գլուխը կորցրած:
Նա սիրում է իր կրքերը և քաղում դրանց պրուղները: Նա գիտե` պետք չէ հրաժարվել հաղթանակների նվիրած բերկրանքից: Հաղթանակները կյանքի մի մասն են, և ուրախացնում են նրանց հոգիները, ովքեր հասել են դրանց:
Բայց երբեք զինվորը տեսադաշտից չի կորցնում այն, ինչ ստեղծվում է դարերի համար, հիշում է, թե որքան ամուր են այդ կապերը, և ժամանակն ինչքան անզոր է դրանց դեմ:
Լույսի զինվորը կարողանում է զանազանել անցողիկը հաստատունից:

3
Լույսի զինվորը հույսը դնում է ոչ միայն սեփական ուժերի վրա, այլև օգտագործում է իր հակառակորդի էներգիան:
Նա մարտի է նետվում` զինված միայն արվեստով խանդավառության և հարվածելու ու հակահարված տալու. մարտի հնարքներ, որոնք նա երկար սովորել է: Սակայն հետո գիտակցում է, որ ո՛չ խանդավառությունը, ո՛չ էլ հմտությունները բավարար չեն հաղթանակի հասնելու համար. անհրաժեշտ է նաև փորձառություն:
Եվ այդ ժամանակ նա բացում է իր սիրտը տիեզերքի առաջ ու խնդրում, որ Աստված խելք տա ու ոգևորի իրեն՝ հակառակորդի յուրաքանչյուր հարվածից «պաշտպանություն» գիտության դասեր քաղելու: «Նա լի է նախապաշարումներով,- ասում են ուղեկիցները: -Դադարեցնում է մարտը և աղոթում: Իսկ հակառակորդին հենց դա էլ հարկավոր է»:
Լույսի զինվորը բանի տեղ չի դնում ծաղրական խոսքերին, քանզի գիտե, որ ամեն մի ուսումնառություն, առանց խանդավառության ու փորձի, իզուր կորած է:

4
Լույսի զինվորը երբեք չի գնում խարդավանքների, բայց կարողանում է շեղել հակառակորդին և մոլորության մեջ գցել:
Որքան էլ նրա հոգին տոչորում է հաղթական նպատակին հասնելու անհագ ծարավը, միևնույն է, նա չի խուսափում խաղեր տալուց և այսպես ռազմավար է դառնում:
Զգալով, որ ուժերը տեղի են տալիս՝ նա ստիպում է հակառակորդին մտածել, թե ինքը չի շտապում, պատրաստվելով հարձակվել աջ թևի վրա, նա իր զորքերը տեղափոխում է ձախակողմ:
Պատրաստվելով անհապաղ սկսել ճակատամարտը` ձևացնում է, թե իրեն պատել է նինջը և իբր ուր որ է՝ քնելու է:
‹‹Տեսե՛ք` ոնց է ընկել նրա մարտական ոգին››,- ասում են ընկերները: Այնինչ լույսի զինվորը բանի տեղ չի դնում այդ դիտողությունները, քանզի բարեկամներին անգամ անհասանելի են այն խորամանկություններն ու հնարքները, որոնք նա կիրառում է ռազմադաշտում:
Լույսի զինվորը գիտե, թե ինչ է ուզում: Եվ իր ծրագրերը բացատրելու կարիքը չունի:

5
Ահա թե ինչ է ասում լույսի զինվորի ռազմավարության մասին չինացի իմաստունը:
‹‹Քո թշնամուն հարկադրի՛ր հավատալ, որ նա քիչ բանի կհասնի` քեզ վրա հարձակվելով, և դրանով դու կթուլացնես նրա մարտական եռանդը:
Եթե հասկացել ես, որ հակառակորդը գերազանցում է քեզ, մի՛ ամաչիր ռազմի դաշտը նրան զիջելուց, քանզի կարևոր է ոչ թե մի ճակատամարտի արդյունքը, այլ պատերազմի վերջնական ելքը:
Եթե քո ուժերը բավարար են, մի կո՛ղմ նետիր կեղծ ամոթը և թու՛յլ ձևացիր: Դա կստիպի հակառակորդին կորցնել զգուշավորությունը և հաձակվել քեզ վրա` չսպասելով հարմար պահի:
Հակառակորդին հանկարծակիի բերելու ունակությունը հաղթանակի գրավականն է պատերազմում››:

6
‹‹Տարօրինակ է,- ինքն իրեն խորհում է լույսի զինվորը,- ինձ այնքան շատ մարդիկ են հանդիպել, ովքեր առաջին իսկ հնարավորության դեպքում ձգտում են ներկայանալ իրենց ամենավատ կողմերով: Զինվորական ճնշման տակ նրանք թաքցնում են իրենց ներքին ուժը, մենակության վախը ծածկում են անկախության դիմակով: Նրանք չեն հավատում սեփական հնարավորություններին, բայց ամեն անկյունում ազդարարում են իրնց առաքինությունների և արժանիքների մասին››:
Զինվորը տեսնում է այդ հատկանիշը շատ կանանց ու տղամարդկանց մեջ, որոնց ճանաչել է: Բայց նա երբեք չի տրվում խաբեությանը, չի հավատում առաջին տպավորությանը, իսկ եթե ցանկանում են հետաքրքրել ու զարմացնել նրան, համառորեն լռություն է պահպանում: Սակայն անխտիր օգտվում է նա ցանկացած հարմար պահից, որ շտկի իր թերությունները, քանզի, ինչպես հայելու մեջ, ինքն իրեն տեսնում է ուրիշ մարդկանց մեջ:
Լույսի զինվորը միշտ բաց է` ամեն մի նոր բան սովորելու համար:

Թարգմ. Թամար Ղահրամանյան

%d bloggers like this: