Tag Archives: պանթեոն

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԿՏԱԿԸ

17 Սպտ

Komitas Pantheon in Yerevan, William Saroyan's tomb«23 հոկտեմբերի 1981 թ. Ֆրեզնո

Պարոնյաք,

Ես՝ «Վիլյամ Սարոյան հիմնարկության», ինչպես նաև Վիլյամ Սարոյանի (որն, ինչպես հայտնի է, մահացել է 1981 թ. մայիսի 18-ին) կալվածքի փաստաբան եմ:

Սարոյանն իր կտակի մեջ նշել է, որ եթե հնարավոր է, ըստ կամոք «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալների, իր աճյունի կեսը (1/2-ը) փոխադրվի Հայաստանում որևէ հարմար տեղ: Մենք այդ խնդիրը քննարկեցինք Հայաստանի գրողների միության նախագահ պրն. Վարդգես Պետրոսյանի հետ 1981-ի հուլիսի 26-ին, երբ նա գտնվում էր Ֆրեզնոյում՝ ներկա լինելու Վիլյամ Սարոյանի հիշատակին նվիրված արարողությանը: Այդ ժամանակ 2 խնամակալների՝ իմ և պրն Պետրոսյանի միջև կայացավ ընդհանուր համաձայնություն այն մասին (սա ենթակա էր մյուս խնամակալների համաձայնությանը), որ Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան` Հայաստան, հանուն իր պատվի հատուկ հիշողության:

1981-ի հուլիսի 26-ին պրն Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումից հետո «Վիլյամ Սարոյան հիմնարկության» մյուս խնամակալները (որոնք ներկա չէին պրն Պետրոսյանի հետ հանդիպմանը) նույնպես որոշեցին, որ պրն Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան: Այս լրացուցիչ համաձայնության հետ միասին «Վիլյամ Սարոյան հիմնարկության» բոլոր խնամակալների կողմից միաձայն որոշում ընդունվեց, որ Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան` որպես մշտական հանգչելու վայր:

Այդ որոշման օրինակը ներփակ ուղարկվում է Ձեզ՝ ի գիտություն: Պրն Պետրոսյանին արդեն 1 օրինակ տրվել է այս որոշումից: Ներկայումս «Վիլյամ Սարոյան հիմնարկության» փափագն է ի կատար ածել

որոշումը և որքան հնարավոր է շուտ կազմակերպել աճյունի փոխադրման հետ կապված հարցերը: Մեր կարծիքով այս գործընթացը պիտի բաղկացած լինի 2 իրադարձությունից. առաջինը պետք է լինի աճյունի փոխադրումը, երկրորդը՝ դրա տեղադրումը Երևանի պանթեոնում՝ այն վայրում, ուր ներկայումս քանդակվում է հուշարձանը և ուր այն պետք է կանգնեցվի: Աճյունը պետք է ամփոփվի փոխադրումից 1 տարվա մեջ ընկած ժամանակաշրջանում: Հանուն մեր երկկողմանի պարտականությունների իրագործման՝ առանց ավելորդ ձգձգումների պետք է գնահատենք Ձեր շտապ պատասխանը հետևյալ խնդրանքներին և հարցումներին.

Առաջին՝ արագացվի և դյուրացվի Սարոյանի աճյունը Երևան փոխադրող «Վիլյամ Սարոյան հիմնարկության» պատվիրակության ճամփորդությունը, ինչպես նաև արագացվի աճյունի փոխադրման հետ կապված մաքսատնային թույլտվության ձեռքբերումը: «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալները կցանկանային Ձեր կոմիտեից հրավեր ստանալ՝ հասցեագրված «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալներին, որի մեջ ասվեր, որ պատվիրակություն է հրավիրվում «Վիլյամ Սարոյան հիմնարկությունից»՝ իր հետ Երևան բերելու Սարոյանի աճյունը՝ այն մշտական տեղադրելու նպատակով՝ համաձայն «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալության վարչության 1981  թ. հուլիսի 31-ին կայացրած որոշման, որի պատճենը ներփակ ուղարկվում է այս նամակի հետ: Խնդրո առարկա հրավիրագիրը պետք է ուղարկվի ներքոստորագրյալիս՝ վերոհիշյալ հասցեով:

Երկրորդ՝ կապված այս հրավիրագրի հետ, մեծապես գնահատելի պետք է լինի, եթե Դուք մեզ հայտնեք պատվիրակությանը մաս կազմող անդամների ցանկալի թվի մասին, որը պետք է փոխադրի Սարոյանի աճյունը:

Երրորդ՝ գնահատելի կլիներ իմանալ, թե «Վիլյամ Սարոյան հիմնարկության» համար գոյություն ունի որևէ ֆոնդ՝ հոգալու պատվիրակության ճամփորդության հետ կապված ամբողջական կամ մասնակի ծախսերը: Այս կապակցությամբ Ձեզ պետք է հայտնի լինի, որ թեպետ ժամանակի ընթացքում «Վիլյամ Սարոյան հիմնարկությունը» պետք է սեփականատերը դառնա Սարոյանի ողջ գրական և այլ ունեցվածքի ու պետք է ստանա այդ ունեցվածքի եկամուտ-հասույթը, ներկայումս հիմնարկությունը ֆինանսական աղբյուրներ չունի՝ հոգալու պատվիրակության Երևան այցելության հետ կապված ծախսերը:

Չորրորդ՝ կուզենայինք խորհրդի կարգով իմանալ պատվիրակության Երևան այցելության մասնավոր թվականի մասին: Խնամակալների համար կարևոր է այս մասին իմանալ որքան հնարավոր է շուտ, որպեսզի պատվիրակության անդամները իրենց օրացուցային պլանները կազմեն ըստ այդմ:

Մենք պատրաստ ենք Սարոյանի աճյունը փոխադրել՝ համաձայն նրա սեփական ցանկությունների և անհամբեր սպասում ենք Ձեր հրավիրագրին և վերը առաջ քաշած հարցերի Ձեր պատասխաններին:

Հարգանոք՝ Ռոբերտ Մ. Դեմիր»:

 

 

 «9 դեկտեմբերի 1981 թ. Երևան

Հարգելի պարոն Դեմիր,

Ամենից առաջ կուզենայի Ձեզ տեղեկացնել, որ մեր մեծ հայրենակիցը՝ Վիլյամ Սարոյանը, արժանացավ ՀԽՍՀ Գերագույն սովետի մրցանակին՝ խաղաղության և մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման օգտին կատարած ակտիվ գործունեության համար: Այդ բարձր մրցանակի շնորհումը գոհունակությամբ ընդունվեց մեզանում՝ իբրև մեծ գրողի, հայրենասերի և խաղաղության նվիրյալի կյանքի և վաստակի արժանի գնահատանք: Վստահ ենք, որ սփյուռքահայության զանգվածները նույնպիսի զգացումով կընկալեն մրցանակի շնորհումը:

Ի պատասխան հոկտեմբերի 23-ի Ձեր նամակի (որ մենք ստացանք նոյեմբերի սկզբներին)` հայտնում ենք, որ Հայաստանի գրողների միությունը ուրախությամբ ի գիտություն է ընդունում Սարոյան ֆոնդի վերջնական որոշումը՝ մեծ գրողի աճյունի մի մասը (համաձայն կտակի) Մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան փոխադրելու մասին:

Ինչպես ես Ձեզ արդեն տեղեկացրել էի, Վ. Սարոյանի աճյունը հողին կհանձնենք Երևանում՝ Կոմիտասի պանթեոնում, որտեղ թաղված են մեր մշակույթի մեծերը: Մենք նպատակահարմար ենք համարում, որ աճյունի փոխադրությունն իրականացվի 1982 թ. գարնանը, ավելի ճշգրիտ՝ 1982 թ. մայիսի երկրորդ կեսին, որը զուգադիպում է գրողի մահվան առաջին տարելիցին:

Նպատակահարմար կլինի, որ Սարոյանի ֆոնդի ներկայացուցչի հետ աճյունն ուղեկցեն ամերիկյան մեկ և ամերիկահայ մեկ գրող, այսպիսով՝ երեք մարդ Սովետական Հայաստանում պատվիրակությունը կլինի Հայաստանի գրողների միության և Սփյուռքի կոմիտեի հյուրը, ուր անհրաժեշտության դեպքում

մենք միջոցներ կորոնենք նաև ճանապարհածախսը (առնվազն՝ մի մասը) վճարելու համար:

Գրողի մահարձանի հետ կապված հարցերը մենք կլուծենք իր ժամանակին, ինչպես վայել է մեծ գրողի և քաղաքացու անվանն ու հիշատակին:

Վերջում կուզենայի, որ Դուք իմ բարեկամական ողջույնները հաղորդեիք պարոն Պեաերսին և պարոն Սեդրակյանին, որոնց հետ ունեցած մեր հանդիպումը Ֆրեզնոյում ես հիշում եմ սիրով:

Թեպետ մենք բավական ժամանակ ունենք, բայց կուզենայինք Ձեզանից շուտափույթ պատասխան ստանալ՝ հարցերը վերջնականապես ճշգրտելու համար:

 

Հարգանքով՝ Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Վարդգես Պետրոսյան»:

 

Ծանոթագրություն.- Սարոյանի աճյունը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորվել է 1982 թ. հունիսի 1-ին: Կալիֆոռնիայից Սարոյանի աճյունը տեղափոխող պատվիրակությունը գլխավորել է «Վիլյամ Սարոյան հիմնարկության» փաստաբան Ռ. Դեմիրը: Պատվիրակության կազմում են եղել Ալան Ե. Ջանդյանը, Տիգրան Գույումճյանը, Օշին Քեշիշյանը:503049282_fef17372f2

Կենսաբան նախարարի «մասովկան» ու Դուրյանի չարչարանքները

4 Փտր

Փետրվարի 2-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում` հուշապատի մեջ ամփոփվեց արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը` գանգի բեկորները: Արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահը, քաղաքապետը, վարչապետի «հատուկ հանձնարարություններով անձնական օգտագործման դեսպան» Լևոն Անանյանը, կենսաբան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և նրանց կից անձինք: Այստեղ էին նաև հոգևորականները, ովքեր ընդամենը մեկ շաբաթ առաջ բոլորին համոզում էին, թե անձը չի կարող երկու գերեզման ունենալ և դա դեմ է մեր եկեղեցու կարգին, սակայն բավական էր մատի մի թեթև շարժում-հրահանգ, ու նրանք՝ մոռացած կարգ ու ադաթ, բուրվառներն առած վազ էին տվել Պանթեոն՝ իրենց փեշակը ցուցադրելու: Պանթեոնում հավաքվել էին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ, որոնցից կեսը՝ լրագրողներ: Եկել էին նրանք, ովքեր չէին համարձակվի չգալ, ովքեր այսպիսի վայրեր գնում են ոչ թե սրտի ու հոգու պահանջով, այլ աշխատանքի բերումով: Նրանք այնտեղ էին` ցանկալի «պտիչկան» որքան հնարավոր է արագ ստանալու և ժամ առաջ տուն հասնելու երազանքով: Սակայն բացակայում էր ամենակարևորն ու ցանկալին՝ այն սովորական, շարքային ընթերցողն ու գրքասերը, գրողի պոեզիայի ու տաղանդի իրական երկրպագուն, որի ներկայությամբ է միայն խորհուդ ձեռք բերում յուրաքանչյուր ծիսակարգ: Չէին եկել նրանք, ովքեր իրապես գիտեն պատվել ու հարգանքի տուրք մատուցել մեր մեծերին: Նրանք չկային, բայց չկային ոչ այն պատճառով, որ սերն առ բանաստեղծ հանկարծ դարձել էր անցողիկ ու անհաստատ: Նրանք չկային, որովհետև այդպես՝ իրենց բացակայությամբ ցանկացել էին մերժել այն, ինչ կարարվում էր պանթեոնում:
Ներկա մեծամեծներն ու չինովնիկները երեկ մտահոգված էին ու դժգոհ: Թիկունքը դատարկ էր, ետևում մարդ չկար, իսկ իրենք սովոր են շքախմբերով ու հոծ բազմություններով շրջապատված լինելուն: Հայացքներում, որոնցով դիտում էին արարողությունը, ճիգ կար՝ նմանեցնել չհասկացված մարդու հայացքին, սակայն դրանք այնուհանդերձ մնում էին իբրև սխալ թույլ տված մարդկանց հայացքներ: Ժողովուրդը չէր եկել: Ժողովուրդն իր չգալով պատժել էր այդ «ինքնագործներին», այլ ոչ թե Դուրյանին: Դուրյանը միշտ էլ մարդկանց հետ է՝ գրադարակում դրված գրքույկի տեսքով, պատից կախված դիմանկարի տեսքով, բեմից ասմունքվող բանաստեղծության տեսքով: Իսկ երեկվա թաղման խղճուկ թափորը կարծես պանթեոն էր գնացել ոչ թե Դուրյանի մասունքները, այլ իրեն սեփական վարկի ու հեղինակության վերջին փշրանքները հողին հանձնելու:
Մի քանի շաբաթ շարունակ բազմաթիվ հրապարակումներով ու ելույթներով մարդիկ փորձում էին ապացուցել ու հիմնավորել, որ իրենց համար անընդունելի է Դուրյանի մասունքների զմռսման գաղափարը, որ նա էլ լիովին վաստակել է հայ մյուս մեծերի կողքին շիրիմ ունենալու իրավունքը: Բայց այս դեպքում էլ (ինչպես շատ անգամներ)գործին միջամտեց նորին մեծություն դիլետանտությունը՝ հանձին կենսաբան մշակույթի նախարարի և նրա դուդուլի տակ պարողների: «Թող Դուրյանը փակվի պատի մեջ, այդպես էժան է ու արագ»: Եկեղեցին իր հերթին (դարձյալ՝ ինչպես շատ անգամներ) բերանը ջուր առավ ու չբարեհաճեց գոնե ասել, որ մենք՝ հայերս, պատերի մեջ մարդկանց թաղելու ավանդույթ չունենք, որ պանթեոնը Կրեմլի պատը չէ, և ոչ էլ Դուրյանն է քաղբյուրոյի անդամ: Ու այսպես՝ իրենց արածից գոհ, բանաստեղծին արժանացրին երկու քարի արանքում նոր չարչարանքներ կրելու բախտին:
Սա, իհարկե, վերջը չէ: Դեռ կա այն օրերի հույսը, որ սրանք կգնան, կգան խելացիները, և այդ ժամանակ ժողովուրդն առանց հրավերի ու առանց պարտադրանքի կգա պանթեոն: Կգա հազարներով, դուրս կբերի իր քնարերգուին անմիտների շինած կալանքից և կարժանացնի այն պատվին, որ թելադրում է մեր իրական հարգանքը և կրոնը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: