Tag Archives: Պաբլո Ներուդա

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

20 Սպտ

Սիրում եմ քեզ…
անհասկանալի
չխոստովանվող
իրարամերժ։
Սիրում եմ քեզ…
բոլոր հոգեվիճակներովս
որոնք շատ են
որ շարունակ փոխվում են
թե ինչու` ինքդ գիտես
ժամանակը, կյանքը, մահը։
Սիրում եմ քեզ…
աշխարհով, 
որ չեմ ընկալում
մարդկանցով, 
որոնց չեմ հասկանում
հոգուս երկվությամբ
արարքների հակասությամբ
տրված ճակատագրով
թաքուն ցանկությամբ
երկիմաստ փաստերով։
Նույնիսկ երբ ասում եմ
թե քեզ չեմ սիրում 
սիրում եմ քեզ
նույնիսկ երբ խաբում եմ քեզ
քեզ չեմ խաբում
իրականում այդպես
քեզ ավելի եմ սիրում։
Սիրում եմ քեզ
առանց մտորելու
անգիտակցաբար
առանց պատասխանատվության
ինքնաբերաբար
ակամա
բնազդաբար
հախուռն
չկշռադատված։
Իրականում չունեմ
տրամաբանական փաստարկներ
ոչ էլ նույնիսկ հանպատրաստից
հիմնավորելու այս սերը
որ զգում եմ քո հանդեպ.
որ ծագեց ոչնչից
խորհրդավոր ձևով
որ ոչնչի չհանգեց
կախարդական ձևով
բայց որը քիչ քիչ և հրաշքով 
իմ մեջ վատը լավ դարձրեց։
Սիրում եմ քեզ…
սիրում եմ մարմնով, 
որ չի մտածում
սրտով, որ չի կշռադատում
մտքով, որ չի համակարգում։
Սիրում եմ քեզ…
անհասկանալի
առանց ինքս ինձ հարցնելու 
թե ինչու եմ սիրում
կարևորություն չտալով
թե ինչու եմ սիրում
իմ առջև հարց չդնելով
թե ինչու եմ սիրում։
Սիրում եմ քեզ
պարզապես
որովհետև սիրում եմ։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Պետրոսյանի1434941828_014-ellf.ru

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

2 Սպտ

Ես ուզում եմ ապրել մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր մարդ մարդ է և նա կարիք չունի ուրիշ կոչումների, և նրան պետք չէ գլուխ կոտրել կանոնների, բառերի, պիտակների համար: Ես ուզում եմ, որ արտոնված լինի մտնել բոլոր եկեղեցիներն ու խմբագրատները: Թող այլևս ոչ ոք չհերթապահի դռների մոտ, որպեսզի ուղեկցի բանտ կամ արտաքսի երկրից: Թող ամեն ոք առանց տագնապի մտնի քաղաքապետարան և այնտեղից դուրս գա ժպիտով: Թող ոչ ոք ազատվելու համար փախուստի չդիմի, նույնիսկ գոնդոլներով: Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկին հեռապնդեն մոտոցիկլով: Ես ուզում եմ, որ մեծն մեծամասնությունը, միակ մեծամասնությունը` բոլորը կարողանան խոսել, կարդալ, լսել, ծաղկել: Ես այն պայքարի կողմնակիցն եմ, որը մեկընդմիշտ վերջ կտա պայքարին: Ես այն խստության կողմնակիցն եմ, որը արմատախիլ կանի խստությունը: Ես ուղի եմ ընտրել ու հավատում եմ, որ այդ ուղին մեզ կտանի դեպի բոլոր ժամանակների մարդկայնության: Ես պայքարում եմ բարության համար` համընդհանուր, լայն, անհատնում…pablo-neruda_162616

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

29 Ապր

ՄԻ ԳՆԱ ԱՅԴՔԱՆ ՀԵՌՈՒ

Մի գնա այդքան հեռու, թեկուզ մի օրով, մի գնա
Չգիտեմ ինչպես ասել` օրը ձգվելու է երկար,
ես սպասելու եմ քեզ դատարկ կայարանում
ու ճամփելու եմ քնատ ինչ-որ տեղ հեռացող բոլոր գնացքներին:

Չլքես ինձ, թեկուզ մի ժամով, չլքես,
Թե չէ, գիտես, ցավի փոքրիկ կաթիլները վազքի մրցման կելնեն,
Ծուխը կշրջի ամենուր, կգտնի ինձ տանը,
Դանդաղ կսողոսկի իմ մեջ ու կխեղդի սիրտս` գլուխը լրիվ կորցրած:

Կհալվի՞ նորից քո ուրվագիծը ծովափին,
Կթրթռա՞ն կոպերդ դատարկ տարածության մեջ…
Մի լքիր ինձ, սեր իմ, թեկուզ մի վայրկյան…

Որովհետև այն պահին, երբ հեռանաս ինձնից,
Ես խելագարի նման թափառելու եմ երկրագնդով մեկ ու գոռալու եմ`
Կգա՞ս հետ, հետ կգա՞ս, թե կթողնես ինձ այստեղ` մեռնելու այսքան մենակ:

Անգլերենից թարգմ. Հասմիկ Սիմոնյանը

ՊԱԲԼՈ ՆԵՐՈՒԴԱ

3 Դկտ

ՊՈԵԶԻԱՆ ԱՄԵՆԱԶՈՐ Է

Մենք ծանր ժառանգություն ենք ստացել` մեր ժողովուրդները կրում են դարավոր անեծքի ծանրությունը: Այդ ժողովուրդներն արժանի են ամենափառահեղ կյանքի, ժամանակին նրանք կառուցել են քարից ու մետաղից հրաշալի աշտարակներ, ստեղծել են ապշեցուցիչ գանձեր, որ հետո բազում դարեր հավասարեցրել են հողին, և գաղութային ստրկության պարտադրանքով նրանք լռել են ու լռում են նույնիսկ հիմա: Մեզ ճանապարհացույց աստղեր են պայքարը և հույսը: Բայց ոչ պայքարը, ոչ հույսը միայանակ չեն լինում: Մարդու մեջ համադրվում են անցյալ դարերը, մոլորությունները, սխալները, կրքերը, հանապազ կարիքները, պատմության վազքը:
… Ես ընտրել եմ դժվար ճանապարհ, ես մարդկանց հետ կիսում եմ պատասխանատվությունը, խոնարհումը անհատականությանը իբրև աշխարհաստեղծության կենտրոնի, նախընտրում եմ համեստ ծառայությունը բազմաթիվ մարդկանց, որոնք ժամանակ առ ժամանակ կարողեն մոլորվել, սակայն առանց հոգնության առաջ են շարժվում` ամեն օր դեմառդեմ բախվելով ժամանակից հետ մնացած համառներին ու անհամբեր գլուխգովաններին: Ես հավատում եմ, որ բանաստեղծի իմ պարտքը հրամայում է հարազատանալ ոչ միայն վարդին ու համաչափությանը, խանդավառ սիրուն ու անպարագիծ կարոտին, այլև մարդկանց դաժան գործերին, որոնք մասն են իմ պոեզիայի:
Ուղիղ 100 տարի առաջ մի աղքատ ու հրաշալի բանաստեղծ, ամենադաժանը բոլոր հուսահատներից` Արթյուր Ռեմբոն մարգարեացել է. «Արշալույսին, զինված հրդեհի համբերությամբ,մենք կտեսնենք փառահեղ քաղաքները»: Ես հավատում եմ պայծառատես Ռեմբոյի մարգարեությանը: Ես ծնվել եմ խուլ մի գյուղում, աշխարհից լեռներով բաժանված մի երկրում: Ես բանաստեղծներից ամենակորուսյալն էի, իմ պոեզիան ամենատխուրն էր ու մռայլը, բայց ես միշտ հավատում եմ մարդուն: Ես երբեք չեմ կորցրել հույսս: Եվ հենց այդ պատճառով եմ հայտնվել այստեղ` իմ պոեզիայով ու իմ երկրի դրոշով: Մարդկության ապագան ամփոփվում է Ռեմբոյի բառերում` զինված հրդեհի համբերությամբ մենք կգրավենք փառահեղ քաղաքները և կտանք լույս, արդարություն ու արժանապատվություն բոլոր մարդկանց: Իսկ դա նշանակում է, որ պոեզիան ամենազոր է:

%d bloggers like this: