Tag Archives: չվերթ

«Օդային» մենամարտ` թղթի վրա

20 Մրտ

Ղարաբաղը մոտ ժամանակներս սպասում է կարևոր իրադարձության: Շուրջ 20 տարվա դադարից հետո առաջին ինքնաթիռները Ստեփանակերտում կարող են վայրէջք կատարել արդեն մայիսին: Տեղի նորակառույց օդանավակայանի շինարարությունը մոտենում է ավարտին, ընթացքի մեջ են սարքավորումների տեղադրման աշխատանքները: Տերմինալն ամբողջովին պատրաստ է, օդանավակայանը հագեցած է արդիական տեխնիկայով, վերջին կահավարումները կիրականացվեն ապրիլին: Առաջին փուլում ԼՂՀ մայրաքաղաքից չվերթներ կիրականացվի միայն դեպի Երևան:
Թվում է` ոչինչ այլևս չի կարող ստվերել այդ դժվարին խնդիրն իրականացրած մարդկանց տրամադրությունը: Սակայն ո՞վ է հիշում, թե վերջին անգամ երբ է արցախցիներին հաջողվել իրենց ձեռքբերումները նշանավորել առանց ադրբեջանցիների տհաճ միջամտության: Օդանավակայանի պատմությունը ևս բացառություն չդարձավ:
Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները մեկնարկելուն պես ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին սպառնալիքներ տարածել այն մասին, թե ոչ մի թռիչք էլ չի կայանա, և իրենք կդիմեն հնարավոր բոլոր քայլերին չվերթները կասեցնելու համար: Սկզբում հայկական կողմը դեռ հույսեր էր փայփայում, թե դրանք ընդամենը դատարկ խոսակցություններ են և որ Ադրբեջանը, լինելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` ԻԿԱՕ-ի անդամ, ու ստորագրելով մի շարք միջազգային կոնվենցիաներ, կմնա իր խոսքի տերը, չի խոչընդոտի թռիչքների անվտանգությանը:
Բայց բոլորովին վերջերս Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը միանշանակ կերպով հայտարարեց հետևյալի մասին. «Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է, և համաձայն «Ավիացիայի մասին» օրենքի՝ մենք կարող ենք վերացնել օդանավերը, որոնք ուղևորվում են այդ տարածաշրջան»: Այնուհետև հայտնի դարձան խնդրին առնչվող մի շարք մանամասներ: Պարզվեց, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Բաքվի իշխանությունները տեղեկացրել էին ԻԿԱՕ-ին, որ դեպի Ստեփանակերտ ուղևորվող ցանկացած չվերթ կհամարվի անօրինական, և ադրբեջանցիներն այդ պարագայում իրենց իրավունք կվերապահեն ֆիզիկապես ոչնչացնել թռչող օբյեկտը: Չսահմանափակվելով այս նախազգուշական քայլով, Ադրբեջանի համապատասխան մարմինները երկրի պաշտպանության նախարարության հետ հարցը համաձայնեցնելուց հետո երկրորդ նամակն ուղարկեցին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը` խորհուրդ տալով միջադեպերից խուսափելու համար հնարավոր հետևանքների մասին նախապես իրազեկել հակառակորդ կողմին: Ըստ տեղեկությունների, ԻԿԱՕ-ն այդ գրությունը փոխանցել էր Հայաստանին: Մի խոսքով դառնում էր ակնհայտ, որ որևէ միջազգային պարտավորություն ու կոնվենցիա Բաքվին չի կաշկանդի` ետ կանգնել վտանգավոր արկածախնդրությունից: Իսկ նման իրավիճակում հայկական կողմը այլ ընտրություն չուներ, քան համարժեք պատասխան տալը: Այդ պատասխանը չուշացավ:
«Եթե Ադրբեջանը փորձի իրականացնել ասածը, դա անկանխատեսելի հետևանքներով հղի կլինի հենց Ադրբեջանի համար»: Սա ԼՂՀ նախագահի աշխատակազմից ստացված արձագանքի մի հատվածն է, ինչը ենթադրել է տալիս, որ խոսքը տվյալ դեպքում պատասխան հարվածներ հասցնելու հնարավորության մասին է: Իսկ եթե մի պահ ընդամենը երևակայենք զարգացումների այսօրինակ հեռանկարը, ապա կասկած չի մնում, որ ամեն ինչ կարող է գլորվել դեպի լայնածավալ ռազմական գործողություններ:
Թերևս Բաքվում գերազանց հասկանում են, որ Ստեփանակերտի օդանավակայանը հնարավորություն կունենա ընդունելու ոչ միայն ուղևորատար ինքնաթիռներ: Նաև դրա վտանգն է, որ հակառակորդ կողմին մղում է ծայրահեղության: Սակայն ինչպիսին էլ լինեն նրանց մտավախությունները, հազիվ թե գտնվի մի արդարացում նման հիվանդագին արձագանքի համար: «Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը կոչնչացնի Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները, վկայում է այն մասին, որ Ադրբեջանում միջնադարի մթնոլորտ է տիրում: Նման հայտարարությունների հեղինակները ոչ միայն անհավասարակշռված մարդիկ են, այլ առնվազն նացիստական գաղափարախոսության կողմնակիցներ ու կրողներ»,- ասում է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Ներկա պահին տեղի իշխանությունները հավաստիացնում են, որ հարյուր տոկոսով լուծված է թռիչքների անվտանգության խնդիրը: Իսկ Ադրբեջանն իր անմիտ սպառնալիքներով պարզապես փորձում է ահաբեկել արցախցիներին ու վախի մթնոլորտ ստեղծել: Չնայած նման շանտաժային հայտարարություններին` ԼՂՀ բնակչությունը պատրաստ է օգտվել Ստեփանակերտի օդանավակայանից: «Արցախը երբեք նման սադրիչ գործողությունները կուլ չի տալու»,- վստահաբար ասում են այստեղ:
Սրա հետ մեկտեղ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում ակնկալում են, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական կտա Բաքվի հայտարարություններին: Կասկածից վեր է, որ այս կարգի մոտեցումները սոսկ քրեական տարրեր չեն պարունակում: Ադրբեջանի պահվածը բացահայտ ահաբեկչության սպառնալիք է, մի բան, ինչի դեմ կարծես թե քաղաքակիրթ աշխարհն անխնա պատերազմ է հայտարարել և պատրաստ է պայքարել միասնական ճակատով: Իսկ եթե, այնուամենայնիվ, դեպի Արցախ ուղևորվող օդանավերի ուղղությամբ ոտնձգությունների դեպքեր գրանցվեն, ապա տարածաշրջանում որակապես նոր իրավիճակ կստեծվի:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: