Tag Archives: Չժան Չաո

ՉԺԱՆ ՉԱՈ

22 Հկտ

ԽՈՐ ՔՆԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
Եթե դուք ունեք գեթ մեկ մտերիմ ընկեր, ապա վայել չէ ճակատագրից տրտնջալը: Դուք ինքներդ միայնակ չեք, եւ ձեր շնորհիվ աշխարհում մի միայնակ մարդ պակասել է:
***
Չեն լինում ծաղիկներ առանց թիթեռների: Չի լինում սար առանց առվի: Չի լինում քար առանց մամուռ: Չի լինում լճակ առանց տիղմի: Չի լինում մարդ առանց թերությունների:
***
Ծաղիկներով հիանալը վայել է գեղեցկուհու ընկերակցությամբ: Լուսնի լույսի ներքո գինի խմելը վայել է բարի ընկերոջ շրջապատում: Քայլել ձյան վրայով վայել է վսեմ այրի հետ:
***
Հնում մի մարդ ասել է`«Եթե աշխարհիս երեսին չլինեին ծաղիկները, լուսինը եւ գեղեցիկ կանայք, ապա չարժեր նույնիսկ ծնվել»: Ինձանից հավելեմ՝ «Եթե աշխարհիս երեսին չլիներ տուշը, տամայաքարը եւ գինին, ապա չարժեր նույնիսկ ապրել»:
***
Հները ձմեռը համարում էին տարվա մյուս երեք եղանակների «մնացուկը»: Ես այդպիսի «մնացուկ» կկոչեի եւ ամառը. ամառային առավոտը` գիշերվա «մնացուկն» է, գիշերային հանգիստը՝ ցերեկային պարապության «մնացուկն» է, իսկ հետմիջօրյա քունը` բոլոր մնացյալ ժամանակի «մնացուկն» է, երբ դու թաքնվում ես մարդկանց հայացքներից:
***
Հմտորեն նկարված ծաղիկը կարող է դեպ իրեն գրավել թիթեռին: Քարերից հմտորեն շարված սարը կարող է դեպ իրեն գրավել մշուշը: Հմտորեն արտահայտված սոճին կարող է դեպ իրեն գրավել քամին, նաեւ՝ ջրամբար փորելով կգրավես ջրոսպին, դարատափ սարքելով կգրավես լուսնին, բանան տնկելով կգրավես անձրեւին, ուռենի տնկելով կգրավես ծղրիդներին:
***
Նա, ով լսել է թռչունների ճռվողյունը գարնանը, ծղրիդների զնգոցը ամռանը, մորեխների ճռռոցն աշնանը եւ ձյան խրթխրթոցը ձմռանը, ով լսել է տամայաքարերի շրխկոցը պարզկա օրը, սրինգի երգը լուսնի ներքո, քամու շրշոցը սոճիների մեջ եւ ջրերի խոխոջյունը գետում, նա իր կյանքն իզուր չի ապրել: Իսկ եթե լսես միայն կռվող պատանյակների ճիչերն ու կռվարար կանանց լուտանքները, ապա ավելի լավ է ամենեւին չծնվես:
***
Բնանկար, որ հազվագյուտ վեհասքանչ է համարվում, իսկ կյանքում անդուր է՝ մշուշն ու անձրեւը: Նկար, որ հազվագյուտ պոետիկ է համարվում, իսկ կյանքում անտանելի է` աղքատ եւ հիվանդ մարդը: Ձայներ, որ մեղեդային են թվում, բայց իրականում ճղճիմ են` ծաղկավաճառների ճիչերն են:
***
Նորալուկ լուսինը մեզ դուր չի գալիս այն պատճառով, որ չափազանց շուտ է անհետում, իսկ նվազող լուսինը` այն բանի համար, որ չափազանց ուշ է հայտնվում:
***
Ուժերիցս վեր է ողջ դաշտը հերկելը՝ կբավարարվեմ այն բանով, որ տնամերձ այգիս կաճեցնեմ: Ուժերիցս վեր է անտառի ողջ ցախը հավաքելը` կսահմանափակվեմ այն բանով, որ շեմիս խոտն արմատախիլ կանեմ:
***
Տասը բան կա, որ դժգոհություն է հարուցում` որդերը գրքերով պարկերում, մոծակներն ամառային գիշերը, շքապատշգամբի վատ կտուրը, խորշոմած ոսկեծաղիկները, մեծ մրջյունները սոճիների տակ, բամբուկի չափազանց շատ թափված թերթերը, փշերը ծաղկած ծաղիկների մեջ, թունավորումը համեղ ձկից:
***
Նա, ով սիրում է կնոջն այնպես, ինչպես ծաղիկներն են սիրում, իր զգացմունքներում կսավառնի ավելի ու ավելի վեր: Նա, ով սիրում է ծաղիկներին այնպես, ինչպես կանանց են սիրում, իր զգացմունքների մեջ կբանա նորանոր խորքեր:
***
Գեղեցկուհին ծաղկից լավ է այն բանով, որ հասկանում է խոսքերի իմաստը: Ծաղիկը գեղեցկուհուց լավ է այն բանով, որ անուշահոտություն է արձակում: Չի կարելի մեկը մյուսին համակցել, այդ պատճառով ավելի լավ է զոհաբերել անուշահոտությունը հանուն հասկացող զրուցընկերուհու:
***
Պատանին կարդում է գրքերը, ասես խորը փոսից լուսնին է նայում: Միջահասակ մարդը կարդում է գրքերը, ասես բակում լուսնին է նայում: Ծերունին կարդում է գրքերը, ասես բարձր դարավանդից հիանում է լուսնով: Նրանց հասկացողության խորությունը կախված է նրանց դիրքի բարձրությունից:
***
Լեռների փայլը, ջրերի խոխոջյունը, լուսնի լույսը, ծաղկանց բույրը, զարգացած մարդու խելքն ու տակտը, գեղեցիկ կնոջ արտաքինն ու շարժմունքը`այդ ամենն անհնար է բառերով արտահայտել, անհնար է ակներեւ դարձնել, բայց այդպիսի բաները հիրավի գերում են մեր սրտերը եւ հավերժորեն պահպանվում մեր հիշողության մեջ:
***
Ավելի լավ է չքավորության մեջ մաքուր լինել, քան աղտոտել քեզ անազնիվ վաստակած հարստությամբ: Ավելի լավ է մեռնել բերկրանքի մեջ, քան ապրել տառապանքի մեջ:
***
Աչքը չի կարող իրեն տեսնել, քիթը չի կարող հոտոտել իրեն, լեզուն չի կարող իր համը փորձել, մատը չի կարող ինքն իրեն դիպչել, եւ միայն ականջն է կարող ինքն իրեն լսել:
***
Ինքդ քո հանդեպ եղիր սառը, ինչպես աշունը։ Այլոց հանդեպ եղիր տաք, ինչպես գարունը:
***
Ռազմական գործերի մասին դատող գիտուն մարդը գրասենյակային ստրատեգ է: Գրականության մասին խորհրդածող գնդապետը` փողոցային գրագետ: յն անբասիր կլինի:
***
Նոր գիրք հորինելը նվաճում է, որը կհիշեն հազար աշուն: Հին գիրքը մեկնաբանելը` արժանիք է, որը չեն մոռանա տասը հազար տարի:
***
Գրական ստեղծագործությունը բնանկար է սեղանի վրա: Բնանկարը՝ գրական ստեղծագործություն է երկրի վրա:
***
Տանը գրքեր պահելը դժվար չէ, դժվարը դրանք բանալն է: Դրանք բանալը դժվար չէ, այլ դժվար է դրանք ընթերցելը: Գրքերն ընթերցելը դժվար չէ, այլ դժվար է դրանց իմաստությունն ի գործ դնելը: Գրքային իմաստնությունն ի գործ դնելը դժվար չէ, այլ դժվար է դա յուրացնելը:
***
Գարունը Երկնքի երաժշտության գլխավոր թեման է, իսկ աշունը` նրա այլացումը: ***
Գրական ստեղծագործությունը բառերով բանված նախշ է, իսկ նախշը՝ գրական ստեղծագործություն է առանց բառերի: Թե մեկը, թե մյուսը նույն ակունքն ունեն:
***
Անասելի ցավալի է տեսնել, թե ինչպես են թափվում ծաղկաթերթերը, թե ինչպես է մայր մտնում լուսինը, թե ինչպես է ժամանակից շուտ մահանում գեղեցիկ կինը:
***
Ճանճերը նստում են մարդու դեմքի վրա, մոծակները տանջում են մարդկային մարմինը: Բայց ինչի՞ տեղ են նրանք դնում մարդուն:
***
Առօրյա կյանքում նշումներ անելու կարիք չկա, իսկ գիրք ընթերցելիս չի կարելի նշումներ չանել: Առօրյա կյանքում լավ չէ ագահ լինելը, իսկ ահա գիրք գնելիս չի կարելի ագահ չլինել: Առօրյա կյանքում վայել չէ խելահեղ լինելը, իսկ բարիք գործելուց չի կարելի խելահեղ չլինել:
***
Նա, ով ընթերցանությունից բան է հասկանում, գրքեր է տեսնում նույնիսկ այնտեղ, ուր նրանք չկան: Նրա համար եւ բնանկարը, եւ տամայախաղը, եւ ուրախ խնջույքը, եւ ծաղիկները, եւ լուսինը` գրքեր են, որոնք նա կարդում է: Նա, ով ճամփորդությունից բան է հասկանում, գեղեցիկ բնանկարներ է տեսնում նույնիսկ այնտեղ, ուր նրանք չկան: Նրա համար եւ պատմական գրքերը, եւ բանաստեղծությունների հորինմամբ խնջույքը, եւ ծաղիկները, եւ լուսինը` բոլորը բնանկարներ են, որոնցով նա հիանում է:
***
Ծղրիդը տաղանդավոր բանաստեղծի վերամարմնավորումն է: Ծաղիկը՝ գեղեցկուհու գրական կեղծանուն:
***
Բոլոր ժամանակների լավագույն գրքերը գրված են արյունով եւ արցունքներով:
***
Ավելի հեշտ է հերոս լինել, քան իմաստուն: Գրողներ հաճախ են պատահում, քան իսկական տաղանդներ:
***
Չժուան Ցզիի համար մեծ հաջողություն էր երազում իրեն թիթեռ տեսնելը, իսկ ահա թիթեռի համար երազում իրեն Չժուան Ցզի տեսնելը բնավ էլ հաջողություն չէր:
***
Միայն նրանք, ովքեր անհաղորդ են սովորական մարդկանց գործերին, կարող են զբաղվել գործերով, որոնց անհաղորդ են սովորական մարդիկ:

%d bloggers like this: