Tag Archives: չեխ

ԿՈՒՅՐ ԶՈՐԱՎԱՐԸ

31 Հլս

Չեխերը ազգային հերոս ունեն` Յան Ժիժկան: Այս զորավարը մի աչքից կույր էր: 15-րդ դարի սկզբին, երբ երկրում ներքին կռիվներ էին, նա զրկվեց նաև երկրորդ աչքից: Բայց դրանից հետո էլ շուրջ 3 տարի ղեկավարում էր բանակը և ոչ մի ճակատամարտում պարտություն չկրեց: Հենց այդ մարդն էր, որ կտակեց իր մաշկը քաշել թմբուկի վրա, որ նույնիսկ մահից հետո կարողանա ոգևորել իր զինվորներին:

36287_original

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

28 Հնվ

1971 թ. հունիսի 14-ին Հայաստանում գտնվող չեխ լրագրող Իրժի Սկոումալը (ճանաչված թանրգմանչուհի Լյուդմիլա Մոտալովայի ամուսինը) ուղևորվում է Չանախչի՝ հանդիպելու Պարույր Սևակին, նրան ձայնագրելու, ինչպես նաև բանաստեղծին «Անլռելի զանգակատան» գրական կոմպոզիցիայի չեխերեն տարբերակի ձայնագրությունը բանաստեղծին հանձնելու նպատակով: Անհնար էր պատկերացնել, որ այդ զրույցից երեք օր անց Սևակն այլևս ողջ չէր լինելու:
Պահպանվել է այդ կարճ հարցազրույցի սղագրությունը, որը ներկայացնում ենք անփոփոխ:

-Ինչո՞վ եք այժմ Դուք զբաղված, Պարույր:
-Ուրեմն, նախ և առաջ, երկու տարի է արդեն գիրք եմ հանձնել, շուտով լույս կտեսնի, զբաղված էի այդ գրքով` պետական հրատարակչության գծով: Եվ երկրորդ` հիմա քանի որ աշխատում եմ նաև Ակադեմիայում, Գրականության ինստիտուտում, «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» այդ գրքի վրա եմ աշխատում: Հավանաբար, մինչև տարեվերջ կվերջացնեմ: Առայժմ իմ ամենաշտապ գործերը դրանք են: Ծրագրեր, պլաններ շատ ունեմ: Դա էլ արդեն հետագայի գործ է: Որից հետո պետք է զբաղվեմ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (պոեմի) թարգմանությամբ, նույնպես Ակադեմիայի գծով: Ոչ թե բանաստեղծական թարգմանություն դա պետք է լինի, այլ գիտական թարգմանություն: Ըստ որում պիտի ավելացնեմ, որ դա եղել է իմ տարիների, ամբողջ կյանքի մեծ երազանքներից մեկը: Հենց որ «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» վերջացնեմ, անմիջապես անցնելու եմ այդ գործին:
-Իսկ Ֆրիկը չե՞ք թարգմանելու:
-Երևակայեք, որ Նարեկացուց առաջ իմ մտադրություններից մեկը հենց Ֆրիկ թարգմանելն էր: Բայց որովհետև հիմա ծրագրվեց Նարեկացի, Նարեկացուց հետո անպայման կանցնեմ, հաջորդ գործս՝ գիտական, կլինի Ֆրիկը:
-Ի՞նչն եք, Պարույր, Դուք համարում ամենահիմնականը գրողի համար:
-Նախ և առաջ ինքնուրույն մտածողությունը, ազատ մտածելը, ճշմարտությունը կիսատ չասելը: Առանց դրա, եթե Աստված նույնիսկ մեծ տաղանդ տված լինի, որևէ բան դուրս չի գա:
-Ասում են, որ վատ փորձը շատ օգտակար է գրողին…
-Վատ փո՞րձը… Անպայմա՛ն, և ով որ ասել է, միանգամայն ճիշտ է ասել: Բայց, դժբախտաբար, կարելի է վատ փորձ ունենալ և, օգտվելով այդ փորձից, նորից վատ գործ կատարել: Դա էլ կա: Այնպես որ եթե վատ փորձի վրա չես սխալվում, չես էլ զգում, որ սխալվել ես, կարող ես ամբողջ կյանքում վատ աշխատել: Եվ, փառք Աստծու, այնքան գրողներ կան, որ հետո վատ փորձը շարունակեցին մինչև վերջ:
-Ունե՞ք ինչ-որ ծրագիր, որը դեռևս վախենում եք իրագործել:
-Շատ-շատ: Այդպիսի ծրագրեր շատ ունեմ: Նախ և առաջ, վախենում եմ իմ սեփական ուժերից, որ չեմ կարողանում կատարել: Բայց քանի որ արդեն շուտով հիսուն տարեկան եմ դառնում, եթե հիմա էլ չկարողանամ կատարել, ուրեմն երբևէ չեմ կարող կատարել: Հավանաբար, շուտով ինչ որ մտածել եմ, ինչ որ հետաձգել եմ տարիներ շարունակ, այսուհետև կաշխատեմ անել:
-Ըստ Ձեզ, Պարույր, որո՞նք են ժամանակակից հայոց գրականության հիմնական գծերը:
-Նախ և առաջ, մեր գրական նոր մտածողությունը, մի բան, որ մի տասը տարի առաջ շատ քիչ էր: Ամենակարևոր բանը դա եմ համարում:
-Ինչ-որ մեկը ինձ ասել է կամ ես եմ ինչ-որ տեղ կարդացել, որ մարդկանց պետք է նախապատրաստել կոսմիկական դարաշրջանի համար: Դուք ի՞նչ եք մտածում այդ մասին:
-Իմ կարծիքով կոսմիկական դարաշրջանի և գրականության հարցերը բոլորովին տարբեր են: Կարելի է թռնել-գնալ Լուսին, վերադառնալ` մնալով միևնույն մարդը: Այնպես որ հարկավոր է մարդուն պատրաստել ոչ թե թռիչքների երկրագնդից դուրս, այլ այնպես անել, որ երկրագնդում կարողանա այդ թռիչքները գործել, թեկուզ մի երկրից մյուս երկիր:
-Շուտով արդեն չեխ ընթերցողը կծանոթանա Ձեր գրքին: Կուզենայի՞ք որևէ բան ասել նրան:
-Ամենից առաջ ես շատ կուզենայի, որ Ձեր ունկնդիրները իմանային, թե մի ամբողջ ժողովուրդ, հայ ժողովուրդը ինչքան է սիրում և իրեն երախտապարտ զգում Լյուդմիլա Մոտալովային, որի շնորհիվ է, որ հայոց գրականությունը այսօր հնչում է Չեխոսլովակիայում: Գալով Չեխոսլովակիային և առհասարակ չեխ և սլովակ ժողովուրդներին` ամբողջ սրտով, ինչպես եղբայրը եղբորը կարող է ցանկանալ, ցանկանում եմ բարեբախտություն, երջանկություն և լավագույն ապագա:

ԻՐԺԻ ՎՈԼԿԵՐ

28 Նյմ

… Զմայլանքի մեջ նա մոռացավ ամեն ինչ և միայն անսահման ու անծայրածիր տարածությունն էր տեսնում: Իսկ տիեզերքը լուսավորված էր ինչ- որ աստվածային լույսով. աղջկա հանդերձանքի ծայրը կպչում էր Վլադյայի շրթունքերին, իսկ հայացքը թափանցում էր սրտի խորքը: Այդ հայացքից հանգստություն ու ներդաշնակություն էր գալիս: Համբույրները նոր աշխարհներ ու նոր անսահմանություններ էին ծնում: Վլադյայի հոգում բացվում էին իրեն իսկ անհայտ գաղտնարաններ, որտեղ նրա միտքը, ասես ամպրոպից հետո, խաղաղ ապաստարան էր փնտրում: Նա երջանիկ էր:
Այսպես է ցավը վրեժ լուծում: Որովհետև նա պարտքի տակ չի մնում: Իսկ իսկական սերը ցավ է: Եվ միայն նա ունի ոգեշունչ, միայն իրեն հատուկ քնքուշ հաճույքներ, որոնք նա պարգևում է արյունաշաղախ սրտերին: Այդպես է իր պարտքը մարում ցավը՝ շռայլ, հարյուրապատիկ….

«Մշուշոտ երեկո» պատմվածքից

ԻՆԴՐԺԻԽ ՀՈՐԺԵՅՇԻ

9 Հկտ

ԶՐՈՒՅՑ

«Մայրս քնքշանքներ չէր սիրում այնքան,
Բայց երբ պառավեց, ես ակամայից
Շուրթս ականջին կպցրի մի անգամ,
Որ կարողանար լավ լսել նա ինձ»:

«Հորս մի անգամ ես համբուրեցի,
Երբ ընկավ արկղը՝ թևը ճզմելով:
Ձեռքը շատ ամուր վիրակապեցի՝
Պրկելով հանգույցն իմ ատամներով»:

Թարգմ. Ա. Պողոսյան

ՅԱՆ ԿՈՄԵՆՍԿԻ

8 Ապր

Դժբախտ համարիր այն օրը կամ ժամը, երբ դու ոչ մի նոր բան չես յուրացրել և ոչ մի բան չես ավելացրել քո կրթությանը: Իմաստության ուսումնասիրումը մեզ վեհացնում է և դարձնում ուժեղ ու մեծահոգի: Հեշտ է ճիշտ հետևել նրան, ով առջևում ճիշտ է ընթանում: Խելքը լուսավորում է կամքի ճանապարհը, իսկ կամքը կառավարում է գործողությունները:
Նույնիսկ ծառը կարիք ունի քամիների, անձրևների, ցրտերի օգնությամբ գոլորշիացման և հաճախակի զովացման, այլապես նա հեշտությամբ նվաղում է ու թառամում: Ճիշտ այդպես էլ մարդուն անհրաժեշտ է շարժումը, գործունեությունը: Ով, նույնիսկ մեծահասակ լինելով, կարողանում է խոսել միայն բառերով, այլ ոչ թե գործերով, նրան մարդ համարելն էլ իրավացի չէ: Բարոյականություն ասելով մենք հասկանում ենք ոչ միայն արտաքին պատշաճությունները, այլ մղումների ամբողջ ներքին հիմքը: Ոչ մի շինծու բան չի կարող երկարատև լինել: Հարկավոր է մարդկանց հիշողության մեջ թարմացնել ոսկե կանոնը` ոչ մի ավելորդ բան: Թող ամենուրեք նա հնարավորինս իրեն պաշտպանի գերհագեցումից: Ինչի հակում չունեն ընդունակությունները` դրան մի հարկադրիր գնալ:

%d bloggers like this: