Tag Archives: Չապլին

Վերաշարադրեց

3 Փտր

Մի անգամ Չապլինին հրավիրում են դիտելու նոր նկարահանված ֆիլմը: Ցուցադրման ավարտից հետո մեծ դերասանը լրագրողներին ասում է. «Կարող էր ավելի վատը լինել»:
Այս խոսքերը խիստ վիրավորում են կինոնկարի հեղինակներին: Իրավիճակը մեղմելու համար Չապլինը թերթում այսպիսի մի գրություն է հրապարակում. «Ես սխալվել եմ և ներողություն եմ խնդրում: Ֆիլմն ավելի վատ չէր կարող լինել: Հարգանքներով` Չարլի Չապլին»:chaplin_pop_art_2_by_burtonfan96-d460unc

Էյնշտեյն և Չապլին

20 Նյմ

Էյնշտեյնը մի անգամ Չարլի Չապլինին գրեց. «Ձեր ֆիլմերը աշխարհում բոլորին հասկանալի են և դուք անկասկած կդառնաք մեծ մարդ»:
Չապլինը նրան պատասխանեց. «Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում ոչ մեկին հասկանալի չէ, բայց դուք այնուամենայնիվ դարձաք մեծ մարդ»:

tfb

ԱԼԵԽՈ ԿԱՐՊԵՆՏԻԵՐ

5 Նյմ

Չարլի Չապլինի մի խոսքը

Փարիզում կայացած իր վերջին ֆիլմի ներկայացման առթիվ վերջերս Չարլի Չապլինի տված հարցազրույցներից մեկում ինձ շատ հետաքրքրեց մեծ արտիստի պատասխանը, որում ճշգրտորեն կրկնվում է Չեխովի միտքը, որ նա արտահայտել է սահմանափակ տպաքանակով քիչ ընթերցողների համար լույս ընծայված իր նոթատետրերից մեկում… Ժուռնալիստը հարցրել էր Չապլինին. «Դուք արդեն, ավելի լավ, քան որեւէ մեկը, ցույց եք տվել նոր ժամանակների անհեթեթ եւ անպիտան գծերը… իսկ դուք չե՞ք կարող ստիպել մեզ լալ կամ ծիծաղել, նաեւ ցուցադրելով էկրանին, թե ինչպես կհարմարվի ձեր հերոսը այդ նոր պայմաններին նոր ժամանակներում»: Չարլի Չապլինն անվարան պատասխանեց. «Ես ընդամենը կատակերգակ եմ եւ այդչափ նատուրալիստական փորձն ինձ հավակնոտ կթվար: Այն ամենը, ինչ կարող է անել այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, դա չարիքը մերկացնելն է, թողնելով նրանց, ովքեր ընդունակ են ավելիին, արդի կյանքի բարդ խնդիրները լուծելու առաքելությունը»:
Անտոն Չեխովը գրել էր. «Պահանջելով արվեստագետից գիտակից մոտեցում աշխատանքին՝ երկու հասկացություն խառնում են` հարցի լուծումը եւ ճիշտ հարցադրումը: Միայն երկրորդն է պարտադիր արվեստագետի համար»: Սակայն շատերը մեր ժամանակներում վիպագրից կամ դրամատուրգից պահանջում են «ուղենիշներ տալ», «լուծումներ» առաջարկել, «ցույց տալ», թե մարդ ինչպես կարող է հաղթահարել այս կամ այն փորձություն: Ինձ թվում է, որ նրանից չափազանց շատ բան են պահանջում: Վիպագիրը բնավ էլ պարտավոր չէ փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքագետ լինել: Վիպագիրը մարդ է, ով ի բնե օժտված է զննողի սուր հայացքով, այս կամ այն չափով վարպետություն ունի, անհատական ոճ եւ նկարագրելու արտահայտչաեղանակ, գեղագրելու կամ հաջող կերպով կյանքը վերարտադրելու շնորհք: Արժանահավատ, խորունկ, դրամատիզմով լեցուն պաշարված քաղաքի պատկերը տալու կարողությունը չի ենթադրում պաշարման գլխավոր պատճառները վեր հանելու, կոնֆլիկտի լավագույն լուծումը գտնելու վերլուծական հատուկ կարողություն: Տնտեսագետը կամ ռազմական ստրատեգն ավելի լավ գլուխ կհանի նմանատիպ հարցից: Մենք բազմիցս զննել ենք, թե ինչպես որեւէ բանաստեղծի կամ արձակագրի բարեմիտ քարոզները ամենեւին չեն համընկնում իրականությանը, որի զարգացման թաքուն օրենքները դրսեւորվում են սոսկ պատմական հետազոտման լույսի ներքո: Գրող-ռոմանտիկները կարող էին ավաղել տրտում բախտը ժիրոնդիստների, որոնց նահատակներ էին համարում: Մեկ դար անց Ֆրանսիական հեղափոխության պատմության մասնագետ Ալբեր Մատիեսի աշխատանքները, որոնք անկողմնակալ, նույնքան էլ հետեւողականորեն բացեցին մեր աչքերը այն բանի վրա, թե որքան երկերեսանություն, ստորություն եւ կեղծապատիրություն կար Դանտոնի մեջ, ով իր թատերական շարժմունքով եւ կոչերով կոծկել էր ամենադավաճանական խարդավանքները:
Վիպագիրը բնավ էլ պարտադիր չէ, որ մարգարե, պայծառատես կամ ուսուցիչ լինի: Նրանից «լուծումներ», «ուղիներ», «ապացույցներ» սպասել` կնշանակի՝ գերագնահատել նրա վերլուծական ընդունակությունները: Այնպիսի հայտնի վիպագիր, ինչպիսին Ջոն Դոս Պասոսն է, կարող էր երբեմն իրեն թույլ տալ միանգամայն սխալ քաղաքական դատողություններ արտահայտել: Բարեսը փորձում էր ինչ-որ ուղիներ նշել, որոնք այդպես էլ ոչ մի տեղ չբերեցին: Զոլայի «Աշխատանքը» այլ բան չէ, քան ուտոպիական ժանրով արձակ մի ստեղծագործություն:Սակայն նրանք, ովքեր ցուցանող նախասահմանում, նախազգուշացնող ձայն, «ուսմունք» եւ «ուղերձ» են պահանջում, այնքան են շատացել, որ գրողն իր պարտքն է համարում իր գրքի վերջին գլուխներում «խրատական» օրինակ ցուցադրելը, ձեւակերպելով բարոյականությունը, որը շատ հաճախ հիշեցնում է այն ասացվածքները, որոնցով ավարտվում են Իրիարտեի եւ Սամանիեգոյի առակները, բայց չէ՞ որ դա էլ ելք չէ: Ազնվորեն ինչ-որ խնդիրներ առաջադրելու եւ ուղիներ ցույց տալու համար գոյություն ունեն սոցիոլոգներ, տնտեսագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ: Ինչ վերաբերում է վիպագրին եւ դրամատուրգին` եթե, իհարկե, նա օժտված չէ բացառիկ ընդունակություններով, որոնք գերազանցում են զննելու եւ նկարագրելու սովորական կարողությունը` թող նա լուծի այն խնդիրը, որը նրան մատնացույց է արել Անտոն Չեխովը՝ նկատի ունենալով ինքն իրեն:
«Այն ամենը, ինչ կարող է անել այնպիսի մարդը, ինչպիսին ես եմ,- ասում էր Չապլինը,- դա չարը մերկացնելն է, թողնելով նրանց, ով ունակ է ավելիին, արդի կյանքի բարդ խնդիրները լուծելու առաքելությունը»:

Թարգմ. Վարդան Ֆերեշեթյան

%d bloggers like this: