Tag Archives: Չապեկ

ԿԱՐԵԼ ՉԱՊԵԿ

29 Մյս

ՃՆՃՂՈՒԿ
Մեծ բան է` սոխա~կ: Մենք` ճնճղուկներս ավելի շատ ենք:

ԿՈՃՂ
Ինչո՞ւ չեն ասում. «Արժանապատիվ կոճղ»:

ԴԻԿՏԱՏՈՐ
Ես հասա համախոհության: Բոլորը պետք է հնազանդվեն:

ԲՌՆԱԿԱԼ
Էյ, դուք, տականքներ: Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի:

ՔՆՆԱԴԱՏ
Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է: Բավական է, որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի:

ՃԱՆՃԸ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԱՊԱԿՈՒՆ
Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը:

ՊԱՏԳԱՄ
Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին:

ՍԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին: Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ:

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել:

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու:

ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ
Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի. երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան:

ԳԱՅԼ
Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ` ուզում էր թաքնվել ինձանից:

ԿԱՐԵԼ ՉԱՊԵԿ

30 Հկտ

ՄԵՆՔ ԱՅՆ ԱԶԳՆ ԵՆՔ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻՆ ՏՎԵԼ Է…
Մեզանում սիրում են ասել. “Մենք այն ազգն ենք, որն աշխարհին տվել է Ժիժկային, Հուսին, Սմետանային, մենք Կոմենսկու ազգն ենք”: Իրենց հերթին գերմանացիներն ասում են. “Մենք Կանտի, Բիսմարկի ազգն ենք, ու էլ չգիտեմ թե ում, մենք Գյոթեի ազգն ենք”:
Բայց դու, որ ասում ես դա, ի՞նչ կապ ունես Գյոթեի հետ, ինչ որ բանով նմա՞ն ես նրան, խելացի ու մարդկայի՞ն ես, աշխարհին օրինակ ծառայո՞ւմ ես: “Մենք Շիլլերի ազգն ենք”: Բայց Շիլլերի հետ ընդվզո՞ւմ ես դու բռնակալների դեմ, նրա հետ պահանջո՞ւմ ես մտքի ազատություն: Եղել են Գյոթեն, Կանտը, եղել են և ուրիշներ, բայց դո՞ւ ինչ ներդրում ունես դրա մեջ: Դա որքանո՞վ է նպաստել այն բանին, որ դու դառնաս ավելի բարեկիրթ, մարդկային: Դու Վո՞լֆն ես, թե՞ Գյոթեն, Կա՞նտը, թե՞ ինչ-որ մի ծախու գրչակ:
Ո՞վ ես դու: Ընթերցո՞ղ: Եթե թերթում տպագրվածի համաձայն դատելու լինենք, ապա նվաճված Բելգիայով հաղթահանդեսով անցել են միայն Գյոթեներն ու Կանտերը… Ինչում էլ արտասահմանը մեզ մեղադրի, որպես պատասխան մենք սկսում ենք թափահարել նշանավոր անունները:
Ընթերցող, դու ևս կառչում ես այն մտքից, որ հանճարեղ նախնիների շարունակողն ես: Ցանկալի է, որ մենք ընդհանրապես չունենանք Ժիժկային, քան Ժիժկայի ազգում ունենանք վախկոտներ: Խնդիրն այն չէ, թե որ ազգի ներկայացուցիչ ենք, այլ այն, թե ինչպիսին ենք մենք ինքներս: Ազգը մարդկանց կարիքն ունի և ո’չ անունների…

%d bloggers like this: