Tag Archives: ուրան

Ղարաբաղը, Վրաստանը, Իրանը, «Արաբական գարունը»…

2 Փտր

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերը ԱՄՆ Կոնգրեսի սենատային կոմիտեի լսումներին ներկայացրեց իր զեկույցը աշխարհի անցուդարձի մասին: Սովորաբար ընդունված է կարծել, որ հետախուզական տվյալներն ու դիտարկումները լայն հանրությանը ներկայացնելու նյութ չեն, շատ ավելի տրամաբանական պիտի լինի, եթե դրանք պահվեն փակի տակ և կամ հասանելի լինեն մարդկանց նեղ շրջանակին: Բացի այդ, մեծ չէ այն երկրների թիվը, որտեղ համար մեկ հետախույզը բարձրաձայնում է իր ղեկավարած կառույցի տեսակետն ու ինֆորմացիան: Այս իմաստով Միացյալ Նահանգներին կարելի է նույնիսկ հանդիմանել ավելորդ ինքնավստահության համար: Մյուս կողմից՝ կարծիք կա, թե այս կարգի զեկույցներն այլ բան չեն, քան դեկլարատիվ բնույթի հրապարակումներ, որոնք անպայման ունեն քաղաքական ենթատեքստ:
Նման դատողության հետ հնարավոր էր համաձայնել, եթե չլինեին նույն երկրի պետքարտուղարության համանման զեկույցները: Այս պարագայում լիովին ընկալելի է թե մտադրությունը, թե այն, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը կատարում է իրեն վերապահված գործառույթը: Բայց եթե հարկ է լինում դրան հավելել նաև հետախույզների խոսքը, ուրեմն այն ոչ միայն չի կարող նախորդի կրկնությունը լինել, այլև հետապնդում է միանգամայն այլ բնույթի նպատակ, որի մասին միայն ենթադրել կարելի է:
Իսկ Ջեյմս Կլեպպերը Կոնգրեսում այլ հարցերի շարքում վերհիշեց նաև մեզ և խոսեց Լեռնային Ղարաբաղի մասին: Ի դեպ, նա այդ բանը հաճախ է անում և ոչ այնքան հաջող: Ամիսներ առաջ էր, որ հենց նա նույն ամբիոնից ահազանգում էր, թե ուր որ է՝ Ղարաբաղում սարսափելի պատերազմ է ծավալվելու: Պատերազմն, իհարկե, չբռնկվեց, բայց այդ խոսքերից հետո որոշ խուճապային տրամադրություններ իսկապես նշմարվեցին: Հիմա էլ, նախկինի նման, նա որևէ լուսավոր բան մեզ չի խոստանում և տեղեկացնում է, թե իր երկիրը և նրա փառապանծ հետախուզությունը խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի իրավիճակով և Եվրասիայում նոր թեժ կետերի առաջացման վտանգով: «Կովկասի չկարգավորված հակամարտությունները և Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների անկայունությունը «թեժ կետերի» առաջացման առավել հավանական պատճառներն են: Ռազմատենչ հայտարարությունները, երկուստեք անվստահությունը և շարունակվող բռնությունը շփման գծում ավելացնում են այնպիսի սխալների ռիսկը, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա լարվածության առանց նախազգուշացման»,-ասվում է նրա զեկույցում:
Մեջբերված ձևակերպումներում դժվար է գտնել այնպիսի մի միտք, որը նորություն լինի որևէ մեկի համար և կամ էական բացահայտում կատարի տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական մթնոլորտի մասին: Նույն պատկերը կրկնվում է նաև մյուս պարբերություններում՝ այլ երկրների առնչությամբ: Օրինակ, Վրաստանի մասով մենք կրկին իմանում ենք այն, ինչը գիտեինք շատ վաղուց, այսինքն որ «Մոսկվայի շրջափակումը և ռազմական ներկայությունը, ինչպես նաև Վրաստանի առանձնացված շրջանների, Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ քաղաքական-տնտեսական կապերի ընդլայնումը որոշակի լարվածության արդյունք է»: Սրանից հետո Կլեպպերը կոնգրեսականներին ի գիտություն է հայտնում, թե Վրաստանի նոր Սահմանադրությունն ավելի է ուժեղացնելու վարչապետի ինստիտուտը 2013 թվականի ընտրություններից հետո, որի արդյունքում շատերը սպասում են, որ նախագահ Սահակաշվիլին կփորձի իշխանության ղեկին մնալ, որն էլ կարող է ազդել լարվածության նվազման գործընթացի վրա:
Այս իմաստով շատ ավելի հատկանշական է նրա փոխանցած տեղեկությունները Իրանի միջուկային ծրագրերի մասին: Բանն այն է, որ Կլեպպերը հայտարարեց, թե Իրանը տիրապետում է գիտական, տեխնոլոգիական ու արդյունաբերական պոտենցյալի՝ ատոմային ռումբի ստեղծման համար: Կլեպպերի խոսքերով՝ Իրանը շարունակում է ընդլայնել իր միջուկային տեխնոլոգիական հնարավորությունները, որպեսզի պատրաստ լինի միջուկային զենքի արտադրությանը՝ այդ մասին որոշում ընդունելու դեպքում. «Մենք չգիտենք՝ արդյոք Իրանը կվճռի՞ սկսել միջուկային զենքի արտադրություն: Իրանը շարունակում է ընդլայնել ուրանի հարստացման իր հնարավորությունները, ինչը կարող է գործածվել թե քաղաքացիական, թե ռազմական նպատակների համար: ԱԷՄԳ-ի տվյալներով՝ նախորդ տարվա հոկտեմբերի վերջին Իրանն իր տրամադրության տակ ուներ մինչև 3.5 տոկոս հարստացված մոտ 4150 կիլոգրամ ուրան և մինչև 20 տոկոս հարստացված 80 կիլոգրամ ուրան»: Իսկ այսպիսի տեղեկությունները լիովին բավարար են, որպեսզի ԱՄՆ հետախուզությունը հանգի մեկ հիմնական հետևության. Իրանը ռումբ կստեղծի և դեռ նախապատվությունն էլ կտա հրթիռներին՝ միջուկային զենքը նպատակին հասցնելու փոխադրամիջոցին, քանի որ ներկա դրությամբ Իրանը ողջ Մերձավոր Արևելքում ունի ամենաշատ բալիստիկ հրթիռները և շարունակելու է կատարելագործել իր հրիթռային ուժերը:
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ թվարկված երեք իրավիճակներում՝ (Ղարաբաղյան խնդիր, վրաց-ռուսական լարվածություն, Իրանի միջուկային ծրագիր) որևէ ընդհանրություն չկա: Բայց ամերիկյան հետախուզությունը վարպետորեն դրանք մատուցում է իբրև մեկ հիմնական առանցքի բաղկացուցիչներ, իսկ այնուհետև մոտենում շատ ավելի անսպասելի ու յուրահատուկ կետի, որի անունն է «Արաբական գարուն»: Հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերն ահազանգ է հնչեցնում այն մասին, որ «Արաբական գարունը» հանգեցրեց ծայրահեղականների գործունեության ակտիվացմանը, դրանք նաև ահաբեկիչներին «օպերատիվ գործելու» հնարավորություն են ընձեռել: Իսկ դա այլ բան չի նշանակում, քան այն, որ արաբական երկրների անկայուն իրավիճակը կարող է ուժեղացնել ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրներում հասարակության դժգոհությունը և հանգեցնել տնտեսական խնդիրների:
Տնտեսականից մինչև քաղաքականը մեկ քայլ է: Եվ Ջեյմս Կլեպպերն այժմ տեսնում է հենց այդ քայլը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ուրանի հետ խաղ են անում

9 Նյմ

Դժվար է ասել, եթե չլինեին օտարալեզու ԶԼՄ-ների հրապարակումները, մենք երբևէ կիմանայի՞նք այն, ինչ, օրինակ, The Telegraph-ի կամ The Guardian-ի լրագրողներին հայտնի էր ամենայն մանրամասնությամբ: Սակայն միայն այն բանից հետո, երբ հիշատակված աղբյուրները տպագրեցին սենսացիոն պատմությունը, մեր իշխանությունները հարկ համարեցին ասել. այո, Հայաստանի ու Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում բացահայտվել է հարստացված ուրանի մաքսանենգության դեպք, կան ձերբակալվածներ: Եվ պարզվեց, որ դեռևս 8 ամիս առաջ` մարտին Հայաստանի երկու քաղաքացիներ փորձել էին իրենց վտանգավոր գողոնը վաճառել մարդկանց, որոնք նրանց ներկայացել էին որպես իսլամական ահաբեկիչներ: Հայերն, իհարկե, թքած ունեին` իրենց գնորդը ծայրահեղական կլինի, թե պահպանողական, և սիրով ձեռնամուխ են եղել ,,սաղացնելու,, գործընթացին: Ապրիլին սահմանային հսկիչ սարքերը շրջանցելու համար կապարե թիթեղներով պատված ,,Մալբորոյի.. տուփի մեջ զետեղելով 18 գրամ մինչև 89,4 տոկոս հարստացված ուրանը, նրանք գնացքով հասել էին Թբիլիսի, միջուկային նյութով հետաքրքրված մի ,,լուրջ.. կազմակերպության անդամի ներկայացրել իրենց ապրանքը և դրա դիմաց պահանջել ոչ ավել, ոչ պակաս`8 միլիոն դոլար: Ընդ որում, կոմերսանտները պնդել էին, թե եղածն ընդամենը փորձանմուշ է ու որ իրենք կարող են հայթայթել նույնիսկ 120 գրամ ուրան: Քիչ ավելի ուշ` տեսնելով, որ գնի հարցում չափն անել են, նվազեցրել էին մինչև 1,5 միլիոն ու հենց այդ պահին էլ վրա էր հասել խոր հիասթափությունը: Հյուրանոցի համարի դուռը բացվել էր, ներս էին լցվել վրացի իրավապահներն ու ի չիք էին դարձրել հայերի ռադիոակտիվ երազանքը: Շուտով հայտնի էր դարձել, որ գնորդն էլ վրացական հատուկ ծառայությունների աշխատակից էր եղել:
Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած փակ դատավարության ժամանակ հրապարակվեցին հայ անունները` Հրանտ Օհանյան, ով Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթման բաժնում գիտաշխատող է եղել, գործարար Սմբատ Տոնոյան և այս գործին առնչություն ունեցող, Հայաստանում ձերբակալված Գարիկ Դադայան, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ք.օր.-ի 215 հոդվածի 2-րդ մասով (ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն): Հիմա արդեն նրանք բոլորն էլ իրենց մեղավոր են ճանաչել:
Սակայն այս ամբողջ պատմության արժեքը կխամրեր, եթե այն զետեղվեր սովորական քրեական գործողության շրջանակներում: Մինչդեռ ամեն բան շատ ավելի ընդարձակ հարթության վրա է դիտարկելի: Կծիկը քանդվել է, և տարբեր ուղղություններով ձգված թելերը նորանոր առնչություններ են բացահայտում` առիթ տալով մի շարք բազմիմաստ հետևություններ կատարելու:
Արևմուտքում արդեն շտապեցին արձանագրել, որ այն կարծիքը, թե ատոմային մաքսանենգները առաջվա պես շատ ակտիվ են նախկին Խորհրդային Միության սահմաններում, հորինվածք չէ, և հիմա Հայաստանը կարող է դիտարկվել իբրև դրա օջախներից մեկը: Նման պարագայում քիչ հետաքրքիր է, որ խոսքը ռազմական ռեակտորներում օգտագործվող հարստացված ուրանի մասին է, մի բան, որը Հայաստանում տեխնիկապես ստանալ ուղղակի հնարավոր չէ: Կարևորն այստեղ աղմուկն է ու մեղավորների մատնանշումը: Տվյալ դեպքում ստվերում կմնա այն փաստը, որ վտանգավոր բեռը ստացվել էր Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքից, որտեղ կա միջուկային վառելիքի վերամշակման գործարան։ Դեռ տարիներ առաջ տեղեկություններ էին հրապարակվել, այն մասին, որ հիշատակված գործարանում միջուկային նյութի որոշ քանակի անհետացում էր արձանագրվել:
Նման կերպ կհիշեն միայն այն մասին, որ դեռևս այս տարվա գարնանը Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հայտարարել էր, թե իր երկրի հատուկ ծառայությունները բացահայտել ու խափանել են գերհարստացված ուրանը իսլամական ծայրահեղական խմբավորմանը վաճառելու դավադրությունը: Եվ ոչ մի բառ այն մասին, որ ոչ մի ծայրահեղական էլ իրականում չկար: Ու քանի որ մենք չափազանց քիչ բան գիտենք ատոմային մաքսանենգության ոլորտում ապօրինի առևտրի և այն մասին, թե որքան գողացված նյութեր են գտնվում շրջանառության մեջ, ապա այդ չիմացությունն իր սև գործը կկատարի: Եթե մասնագետը տեղյակ է, որ նման քանակությունը բավարար չէ ատոմային ռումբ ստեղծելու համար, ապա ոչ մասնագետներին առանձնապես դժվար չէ համոզել, թե իբր հայերի ձեռքում եղած չափաքանակը բավարար էր դա օգտագործվել միջուկային մարտագլխիկի մեջ, իսկ խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար նաև հավելել, որ հարստացված ուրանը կարելի է օգտագործել ռազմական նպատակներով, որի մեկ կրիտիկական զանգվածը բավարար է Հիրոսիմայի աղետը կրկնելու համար:
Եկեք նաև հիշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ նույն Արևմուտքում հայտարարեցին, թե Հայաստանը տարանցիկ ճանապարհ է հանդիսանում ռազմական նպատակներով օգտագործվող հարստացված ուրան-235-ի համար: Իբրև ասվածի հիմնավորում մեջբերվում էր ԱՄՆ գլխավոր դատախազության եզրակացություններից մեկը, որտեղ խոսք էր գնում Կոլումբիայի ահաբեկիչներին ուրան փոխանցելու երթուղու մասին` նշելով հետևյալ մեխանիզմը. հարստացված ուրանը Հայաստանից տեղափոխվել է Ռումինիա, որտեղից էլ իր ճամփան շարունակել է Դանիա-Հոլանդիա-Անթիլյան կղզիներ-Կոլումբիա երթուղով: Իսկ ԱՄՆ Պետքարտուղարությունը` հրապարակելով Ահաբեկչության դեմ պայքարի 2009 թվականի տարեկան հաշվետվությունն ըստ երկրների, Հայաստանին վերաբերող հատվածում գրում էր, որ թեև մեր երկիրը առաջընթաց է արձանագրել զանգվածային բնաջնջման զենքի թրաֆիքինգի դեմ պայքարում, այդուհանդերձ ,,համատարած կաշառակերությունը շարունակեց խոչընդոտել օրենքների լիակատար իրագործմանը, որոնք կբարելավեին հակաահաբեկչության ոլորտում Հայաստանում տիրող իրավիճակն ու ահաբեկչական գործողություններին արձագանքելու հնարավորությունները,,:
Ահա այսպիսի բաներ: Իսկ շարադրված պատմության մեջ իսկական սենսացիայն ոչ թե այն է, որ երեք հայեր որոշեցին ուրան վաճառել, այլ այն, որ Հայաստանում նման բան կա ու դա կարելի է առանց դժվարության ձեռք բերել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: