Tag Archives: Ուտոպիա

ՎԱՍԻԼ ԲԻԿՈՎ

25 Հնվ

21-րդ դարի սարսափների մասին

Աշխարհում, ցավոք, ավելի շատ չարիք կա, քան բարին: Մենք գիտենք` ինչ է բարին, ինչ-որ պատկերացումներ, կանոններ ու բանաձևեր ունենք: Չարն անվերջ է ու չսահմանագծված, հակված է ձևափոխությունների ու վերամարմնավորումների: Ահա և մշտական սարսափի պատճառը: Կարծում եմ` այս հազարամյակում չարը հազիվ թե շատ տարբերվի այն ամենից, ինչ եղել է 20-րդ դարում: Թե չարից, թե չարի նկատմամբ մեր սարսափից հիանալի օգտվում են տարբեր տեսակի ու մակարդակի արկածախնդիրները` պայծառատեսները, գուշակները, որ ընդհանուր ոչինչ չունեն ոչ գիտության, ոչ իրականության հետ: Փոխարենը հիանալի գիտեն շուկան և պահանջարկները, ահա և ծաղկում են:

Ուտոպիայի մասին

Հիշենք ժողովրդին` ինչ եղել է, այն էլ լինելու է, ամեն ինչ վերադառնում է իր ափերին: Համոզված եմ, սա ապագայի ճշգրիտ բնորոշումն է: Ինչպես էլ այսօր ձգտենք գիտությամբ, փիլիսոփայությամբ, հասարակագիտությամբ ճշգրիտ բնորոշել ապագան, այն երբեք չի տեղավորվելու կանխատեսումների սահմաններում: Ապագան անկանխատեսելի ու անորսալի է, և դա է նրա հմայքն ու հրաշքը, նրա սարսափը: Գուցե այդ պատճառով է անորսալի կյանքի իմաստը:

Ժողովրդավարության մասին

Առարկելու ոչինչ չունեմ Ուինստոն Չերչիլին, որ ինչպես հայտնի է, նկատել է, թե ժողովրդավարությունը մարդկության ամենամեծ հայտնագործությունը չէ, բայց դրանից ավելի լավ բան դեռ չի հայտնագործված: Մարդու գոյության փորձը վկայում է, որ մարդիկ շատ դժվար են միմյանց հետ լեզու գտնում: Իսկ ժողովրդավարական համակարգը փոխըմբռնումի լավագույն պայմաններ է ստեղծում: Ժողովրդավարությունը բնավ էլ առանց արատների չէ, երբեմն էլ նզովյալ է, որ հաճախ է լինում մեզ նման երկրներում` հետխորհրդային տարածքում: Ես հաճախ եմ զգացել այդ միության հակաբնականությունը, թեև բնավ չէի ընդունում նրա փլուզումը գոնե իմ սերնդի օրոք: Բայց պատմությունը կախված է նաև դեպքերից: Ահա և այդ դեպքը կատարվեց ԽՍՀՄ-ում որոշակի տեղում, որոշակի ժամանակին: ԽՍՀՄ-ը պետք է փլուզվեր, որովհետև վերջին կայսրությունն էր, համենայն դեպս` Եվրոպայում:

Խորհրդարանի և միապետության մասին

Խորհրդարանը հասարակության ժողովրդավարական ու քաղաքական կուլտուրայի առաջին ցուցանիշն է: Ինչպիսին է խորհրդարանական կուլտուրան, նույնպիսին է ազգի կուլտուրան: Միապետությունը մեր օրերում կառավարման հնացած ձև է: Մենք գիտենք` ինչ է ռուսական միապետությունը և կարող ենք դատել այդ մասին: Եթե իր ժամանակին հնարավոր չեղավ պահպանել, այսօր առավել քան անհնար ու անիմաստ է վերականգնել:

Տարագրության մասին

Իհարկե դժբախտություն է: Պարտադրանք, որովհետև Աստծո ու մարդկանց օրենքներով բնական է ապրել սեփական տանն ու այնտեղ ինքնաարտահայտման հնարավորություններ ունենալ: Ցավոք, ներկա աշխարհում չափազանց շատ մարդիկ տարբեր պատճառներով (տնտեսական, քաղաքական և այլ) բնակության վայր են ընտրում ուրիշ երկրները: Այլ խնդիր է, որ յուրաքանչյուրն այդ իրավունքն ունի, որն ամրագրված է միջազգային իրավունքի փաստաթղթերով: Մեզնից յուրաքանչյուրին պատկանում է ամբողջ աշխարհը: Կարելի է հասկանալ այն պետություններին, որ կարգավորում են արտասահմանցիների ներհոսքը իրենց պետություններ` պաշտպանելով սեփական ազգային, քաղաքական, տնտեսական, մշակութային շահերը: Արտագաղթի խնդիրը բազմաբարդ է և պահանջում է համընդհանուր լուծումներ:

Նախանձի և հումորի մասին

Պետական խնդիրները շատ ավելի սերտ են առնչվում մարդու բնավորությանը, քան թվում է առաջին հայացքից: Օրինակ, նախանձը: Այդ զգացումը հատուկ է աղքատներին, մերժվածներին ու մարգինալներին: Պատահական չէ, որ չինացիները նախանձն անվանում են կարմիր աչքերի հիվանդություն: Միևնույն ժամանակ, այդ հատկությունը բնորոշ է հոգեբանությանը և բոլոր մարդկանց` դաստիարակության, նյութական վիճակի, նույնիսկ ծնյալ պաթալոգիաների բերումով: Անտարակույս, արգահատելի հատկանիշ է, և կարգին մարդը պիտի իրենից վանի կամ հնարավորինս ձերբազատվի այդ վիճակից: Նախանձն ունի ինչ-որ անբացատրելի ուժ, որ կործանում է և նախանձողին, և նրան, ում նախանձում են: Հումորը կարող է օգնել, երբ չի վիրավորում և բարի նկատառումներով է: Ցավոք, այսօր հումորն էլ վերարտադրվում է ինչ-որ վատորակ տեսակով, որը ես պարզապես չեմ հասկանում:

Գրականության մասին

Գրելը նախևառաջ դժվար, հոգնեցուցիչ աշխատանք է: Լինում են պահեր, երբ թվում է` հեղինակին ամեն ինչ հաջողվում է, բայց արձակագրի համար դա հազվադեպ վիճակ է: Ներշնչանքն առավել հաճախ բանաստեղծների հյուրն է: Գրողները փառասեր ու պատվախնդիր են, շատերը կարծում են` հենց նոր երկը հրատարակվի, Աստծո օրհնանքը պիտի հեղվի իրենց վրա: Ավաղ, առավել հաճախ վրա է հասնում հիասթափությունը: Ինչ արած: Այդ է մեր մասնագիտությունը:
Գրականության մեջ ինձ միշտ գրավել են խառնվածքները: Դա նորություն չէ, և ես ավանդույթի ուժով հավատարիմ եմ մնում սոցիալական կարծրատիպերին և չեմ մոռանում Վ. Բելինսկու խորհուրդը` սոցիալականություն կամ մահ: Ուրիշ հեղինակների դեպքում էլ ես գնահատում եմ սոցիալական ուղղվածությունը, որ ռեալիստական արվեստի հիմքն է: Գրականության մեջ ինչ-որ սինթետիկ կերպարների ստեղծումը, ըստ իս, անարժան զբաղմունք է:

Գրողը և քաղաքականությունը

Գրողն, այնուամենայնիվ, մարդ է: Բացի այդ` քաղաքացի: Նա ապրում է որոշակի հասարակության մեջ, որից չի կարող սահմանազատվել: Ես երբեք չեմ ցանկացել զբաղվել քաղաքականությամբ, բայց ստիպված եմ եղել: Որովհետև բանականությունից բացի մենք օժտված ենք հույզերով, որոնք թույլ չեն տալիս անտարբեր լինել այն ամենին, ինչ կատարվում է մեր հայրենիքում:

%d bloggers like this: