Tag Archives: որտե՞ղ

Դասերդ սովորիր, հետո գնա խաղալու

11 Հնվ

Ոմանք մինչ այս պահն էլ այն կարծիքին են, թե «Արմենիա» հեռուստաընկերության կողմից եթեր արձակվող «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի շուրջ բարձրացված աղմուկն ուռճացված և նույնիսկ անհիմն է: Նման տեսակետի հետ պիտի չհամաձայնենք մի շարք պատճառներով: Նախ հիշենք, որ մեկ անգամ չէ այդ մասին գրվել ու ասվել, և հարցադրումները համարյա միշտ եղել են տեղին ու հիմնավորված: Ինչու՞ պիտի հայկական հեռուստաընկերությունը հաղորդաշար պատրաստի օտար լեզվով, երբ նրան տրամադրված արտոնագրում հստակ շարադրված են լեզվական պահանջները, իսկ դրանից զատ գոյություն ունի նաև ամրագրված օրենքը, որը Հայաստանում պետական լեզու է սահմանում հայերենը և անխտիր բոլորից պահանջում է հարգել ու խստորեն պահպանել օրենքի ոգին ու տառը: Ավելին, «Լեզվի մասին» և «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքներն իրենց հերթին են արձանագրում, որ հանրապետության տարածքում հրապարակային ելույթները, հաղորդումները պետք է լինինեն բացառապես հայերենով: Էլ չենք ասում, որ «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի գ կետը պահանջվում է հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթներին զուգահեռ հայերեն թարգմանությունը։ Էլ չենք ասում, որ նշված բոլոր դեպքերի համար առանձին հղում է կատարում այս դրույթն ապահովելիս պաշտոնական անձանց պատասխանատվության աստիճանի մասին: Սակայն արի ու տես, որ ձուկը հենց գլխից է հոտած:
Սրա ակնառու ապացույցը ստացվեց խաղի տոնական թողարկման ժամանակ, երբ «Արմենիան» իր հարկի տակ հյուրընկալեց միանգամից մի քանի պատկառելի այրերի՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին և իհարկե, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Եվ հենց նրանք էլ ընդգծված ոգևորությամբ լծվեցին ինտելեկտուալ խաղին՝ ի ցույց դնելով ռուսերենի իմացության իրենց ողջ պաշարը և մոռացության տալով պաշտոնական անձանց պատասխանատվության աստիճանը:
Այստեղ հարկ է նկատել, որ պատասխանատվության չափաբաժնի հարցում մենք կարող ենք փոքր-ինչ սխալվել, եթե հաշվի առնենք շատ էական մի հանգամանք: Բանն այն է, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը վայելում է վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանավորությունը, և նրա անմիջական ենթակաների ներկայությունը կլոր սեղանի շուրջ կարող էր պայմանավորված լինել ոչ այնքան խաղացողների անձնական նախաձեռնությամբ, որքան շեֆի հորդորով և վերջինիս հաճոյանալու բուռն մղումներով:
Ինչևէ, խաղը կայացավ, մարդիկ զայրացան, շատերն այդ մասին բարձրաձայնեցին, խոսեցին լեզվաբաններ, մտավորականներ, հասարակ քաղաքացիներ, իսկ, օրինակ, Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը Facebook-յան էջում գրեց. «… Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀ նախագահը ստորագրեց «Լեզվի մասին» օրենքում իմ նախաձեռնած փոփոխությունը, որով ամրագրվեց, որ ՀՀ պետական և պաշտոնական լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է (մինչ այս միայն հայերեն ամրագրումը կար), նաև պետական պաշտոնյաների կողմից այս նորմի խախտման պարագայում սահմանվեցին վարչական տույժեր (նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով)։ Մի բան էլ է տխուրորեն զավեշտական. այս օրենքի կիրարկման նախանձախնդիրները նախևառաջ կրթության և արդարադատության նախարարությունները պիտի լինեին։ Բայց դե ով չգիտի, որ երկու իրականություններում ենք ապրում՝ թղթի և հայտարարված «ճշմարտությունների» և քրեաապազգային իրարական իրականություն, ուր ազգայինը սահմանափակվում է բազմաչարչար Նժդեհից ցիտատներ բերելով…»:
Վիրավորվեց, շատ վիրավորվեց Աշոտյանն այս ու մյուս խոսքերից: «Ահա թե ինչ է ստացվում, երբ փորձում են անհարկի քաղաքականացնել սովորական խաղը»,- հայտարարեց խռոված նախարարը՝ այդպես էլ չբացատրելով, թե ասվածի մեջ որն էր քաղաքականությունը: Բայց, ինչպես ասում են, սելը ճռալու տեղ սելվորն է ճռում: Ու եթե բանը հասավ պիտակավորումներին, ապա ասելու շատ բան կա: Հենց թեկուզ նրա մասին, որ եթե պարոնայք նախարարներն ու կից պաշտոնյաները մի քիչ պակաս զբաղվեին խաղերով (ինտելեկտուալ ու ազարտային), երևի երկիրը երկրի կնմանվեր, դպրոցը՝ դպրոցի, երեխաներն էլ այս ձմեռվա կեսին ջեռուցված դասարաններ կունենային, այլ ոչ թե երկու-երեք շաբաթ պարապ-սարապ կնստեին տանը, քանի դեռ իրենց նախարարն ու մյուսները խաղեր էին տալիս: Եթե քիչ խաղային, արդարադատության նախարարը մի քիչ կզբաղվեր նրանով, որ արդարադատությունն այսքան անարդար չլիներ, ֆինանսների նախարարն այնպես կաներ, որ ֆինանսները բոլորինը լինեին, այլ ոչ թե մի քանիսինը, նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ իր քայլով չէր ոտնահարի նախագահի ստորագրած օրենքները, և այսպես շարունակ: Իսկ դրա համար պարզ ու հասարակ մի բան էր անհրաժեշտ. նույնիսկ տարրական դասարանի աշակերտը գիտի, որ սկզբում պետք է դասերը սովորել և հետո միայն գնալ խաղալու: Ուրեմն՝ նախ սովորելը…
Ի դեպ, մի քանի խոսք էլ նրանց մասին, ովքեր կատարվածի մեջ որևէ պախարակելի բան չեն տեսնում: Իհարկե, այսպիսինների համար օրենքը երբեք գերակա չէ, եթե նպատակը հակառակը պնդելն է: Այդ ճանապարհին է, որ վերջիններս սկսում են գործածել իրենց թեզին պաշտպան կանգնելու այն կերպը, երբ ցանկություն կա ոչ այնքան հիմնավորելու հակափաստարկը, որքան ասելու. «Չհամարձակվեք ձեռք տալ տիրոջս»: Ձեզ լինեն ձեր տերերը: Մեզ ոչ թե նրանք, այլ մեր լեզուն է հարկավոր: Իսկ եթե վերջիններիս փրկօղակ նետելու ճանապարհին հնչում են նաև այնպիսի հիմնավորումներ, որոնցից եփած հավի ծիծաղը կգա, այդ պարագայում սկսում ես մտածել, որ առողջ բանավեճի հույսն էլ հոգին ավանդեց խաղահրապարակի ճանապարհին:
Ի դեպ, նախարարների և օտար լեզվի պաշտպաններից մեկը այսպիսի մի հիմնավորում գտավ, համաձայն որի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը ընթանում է ռուսերենով, քանի որ դա ռուսական խաղ է: Անմիջապես հիշեցինք, որ հաշված օրեր առաջ մեկ այլ բարձրաշխարհիկ ընտրանի՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը և, ինչ խոսք, դարձյալ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հյուրընկալվել էին «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: Ով կասի, որ այդ խաղը հայկական է, թող առաջինը քար նետի ինձ վրա: Սակայն, ով հրաշք, թվարկված պաշտոնյաներն այնտեղ խոսում էին մայրենի լեզվով… Այնպես որ կարիք չկա խաղերի ազգային պատկանելությունը ճշտել՝ հանուն արդարացման մի բանի, ինչը արդար չէ…
Մի վերջին լրացում էլ: Facebook-ի օգտատերերից Նարինե Կրոյանը, արձագանքելով այս բանավեճին, տեղեկացրել էր, որ իր որդին նախապես հարց էր ուղարկել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին, սակայն տղայի հարցը փոխել էին և նրա նկարի տակ տեղադրել էին չափազանց հեշտ մի հարց: Սա էլ մեր նախարարների ինտելեկտուալության աստիճանի առհավատչյան: Տեսեք, լսեք ու հիացեք…

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: