Tag Archives: ոտաբոբիկ

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

15 Օգս

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Եվ հայացքիս դեմ թրթռա վերջին ճառագայթը ջինջ,
Կոպերիս տակով մի վերջին անգամ կվազի, գիտեմ,
Մի ոտաբոբիկ, բարակ մի աղջիկ:

Նա, որ աչքերի առեղծվածներում լույս ուներ ու սև,
Նա, որ անմեղ էր և անմեղորեն չար ու մեղսական,
Նա, որի հետքով պատանութունս վազեց հևիհև,
Վազեց կարոտով, չհասավ սակայն…

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
ՈՒ երբ ճակատիս թրթռա շունչը ուրիշ մի հովի,
Իմ կոպերի տակ մի վերջին անգամ կփռվի, գիտեմ,
Մի արևավոր, հեռավոր հովիտ:

Կխշշա խաղաղ ոսկե մի գետակ ու բարդի մի զով,
Կթախծի լռին կտուրն արևոտ, տունն իմ հայրական,
Հեռու մի հովիտ,ուր կարոտներիս արահետներով
Քայլեցի անվերջ , չհասա , սակայն…

Երբ վերջին անգամ աչքերս փակվեն այս աշխարհի դեմ,
Ու փռվի իմ դեմ անհուն լռության ուրիշ մի եզերք,
Ծարավից ճաքած շուրթերիս վրա կդողա, գիտեմ,
ՄԻ զարմանալի, պարզ ու տաք մի երգ:

Երգ, որ անբառ է իբրև թախծություն ու իբրև հառաչ,
Երգ, որ անհուն է, անմեկնելի է ու անեզրական,
Երգ, որ ողջ կյանքում իմ շրթունքների կարոտին թառած,
Թրթռաց, դողաց, չծնվեց սակայն…Босиком-по-берегу-моря

%d bloggers like this: