Tag Archives: ոսկի

ՇԱՀԵՑ ՈՒ ԽՄԵՑ

9 Հկտ

1842 թվականին Ռուսաստանում` Ուրալում հայտնաբերվեց ամենախոշոր ոսկու բնակտորը: Այն կշռում էր 36, 2 կիլոգրամ և ստացավ «Մեծ եռանկյունի» անունը (այժմ պահվում է ՌԴ Ալմաստե ֆոնդում):
Ճորտին, որ գտել էր այդ հարստությունը, ոչ միայն ազատություն պարգևեցին, այլև նվիրեցին այնքան փող, որով կարելի էր գնել 10 գյուղ` իր բնակիչներով հանդերձ: Սակայն երջանիկ հաջողակը իրեն առանձնապես նեղություն չպատճառեց և ամբողջ գումար տվեց խմիչքին: Ինչպես ասում են, ջրի բերածը ջուրն էլ տարավ:

Верстка-170_51.cdr

ԵՐԿԱԹ ՈՍԿՈՒ ԴԻՄԱՑ

19 Օգս

1813 թվականին Նապոլեոնի դեմ պատերազմի ժամանակ Պրուսիայի արքայադուստր Մարիանան բանակի կարիքները հոգալու համար առաջարկեց ոսկե իրերն ու զարդերը փոխանակել համանման երկաթե իրերով, որոնց վրա հետևյալ մակագրությունը կար. «Gold gab ich für Eisen» («Կտամ ոսկին երկաթի փոխարեն»): Այդ առաջարկն անմիջապես լայն արձագանք գտավ, և շուտով երկաթե զարդ կրելը համարվեց հայրենասիրական դրսևորում: Ի դեպ, հենց նույն շրջանում էլ ծնունդ առել նաև գերմանական հայտնի շքանշանը` «Երկաթե խաչը»:

0_67217_b223daa1_XL

 

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՀՐԱՇԱԼԻ «ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

27 Մրտ

Բոլոր նրանք, ովքեր Էջմիածին այցելելիս եղել են Նոր վեհարանում և բախտ են ունեցել ծանոթանալու երկրորդ հարկում ցուցադրվող արվեստի և պատմության բարձրարժեք ցուցանմուշներին, երբեք չեն կարող մոռանալ այն, ինչ տեսել են այդ սրահներում: Բայց կա մի բան, որի տպավորությունը դժվար է նկարագրել բառերով: Ձեր առաջ բացվում են պատի մեջ տեղադրված չհրկիզվող պահարանի դռնակները, իսկ նրանց  ետևում ոսկեձուլ ու ադամանդակուռ սալիկներն են, որոնց վրա պատկերված են հայոց այբուբենը և սրբազան խաչը: Մինչ դուք կլնված դիտում եք այդ ձեռակերտ հրաշքը, ուղեկցող հոգևորականը տեղեկացնում է, որ «Հայոց Այբուբեն» և «Ոսկե Խաչ» աշխատանքները պարտաստվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ ու պատվերով: Սակայն այս ժլատ խոսքերի ետևում զարմանալի մի պատմություն է թաքնված, որը ցանկանում ենք շարադրել ստորև:

Դա 1976 թվականին էր: Սովորական օր էր Մայր Աթոռում: Ինչպես միշտ, վանքի տարածքը լի էր ուխտավորներով ու զբոսաշրջիկներով: Նրանցից շատերն էին ցանկանում տեսնել վեհափառին ու համբուրել նրա աջը: Այդ մարդկանց թվում էր նաև ոչնչով աչքի չընկնող մի կին:112700_original

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ժամանակին առիթ է ունեցել անձամբ կաթողիկոսից լսել հիշարժան օրվա պատմությունը: «Մի անգամ,- ասել էր Վազգեն Առաջինը,- վեհարան եկավ տարեց մի կին: Պատմեց, որ գաղթի տարիներին թողեր էր հայրենի տունը և ոտքով, բազում զրկանքներ կրելով հասել էր Արաքսի մյուս ափը: 50-60 տարի պահել էր իր միակ հարստությունը` գերդաստանից ժառանգություն մնացած  ոսկիները, և այժմ` կյանքի մայրամուտին ցանկանում էր դրանք հանձնել եկեղեցուն: Հետո կինը զգեստի տակից հանեց թաշկինակի մեջ փաթաթած թանկարժեք իրերը` ոսկեդրամներ, մատանիներ, շղթաներ, գրպանի ժամացույց և այդ ամենը լցրեց սեղանին: Ես շատ հուզվեցի նրա արաքից: Շնորհակալությամբ ընդունեցի նվիրատվությունը, բայց չգիտեի, թե ինչպես պիտի տնօրինեմ դրանք: Տեղյակ էի, որ վանքի գանձատանը ևս կային համանման իրեր: Ու հենց այդ ժամանակ միտք հղացա հավաքել նվիրաբերված բոլոր ոսկեղենը և դրանցից ձուլել հայկական տառերը: Խորհրդանշական է, այնպես չէ՞»:

Անշուշտ, գաղափարը ոչ միայն խորհրդանշական էր, այլև բացառիկ: Կաթողիկոսի մտահղացման մասին լուրը կայծակի արագությամբ տարածվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Մարդիկ Էջմիածին էին բերում իրենց զարդերն ու նվիրաբերում այդ նպատակի համար: Հատկապես ակտիվ էին սփյուռքահայերը: Այդպես հավաքվեց շուրջ 23 կիլոգրամ ոսկի:

Սակայն, ինչպես հայտնի է, ոչ մի լավ բան հեշտությամբ չի տրվում: Այս պարագայում` հատկապես: Ցանկության իրագործումն իր հետ բազմաթիվ ենթադրելի ու չենթադրված դժվարություններ էր բերելու: Նախկինում երբևէ նման կարգի աշխատանք չէր արվել և դեռ հայտնի չէր, թե ինչպիսի տեսք կունենար այն: Իսկ դա իր հերթին ծնում էր մտահոգություններից առաջինը` ու՞մ վստահել այբուբենը պատրաստելու գործը:79046159_large_LOM_7096

Այս հարցում, ինչպես ժամանակն ու արդյունքները պիտի ցույց տային, կաթողիկոսն անթերի ընտրություն կատարեց: Հայտնի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը, ով անուրանալի վաստակ ունի հայկական ճարտարապետական հուշարձանների վերականգման ու պահպանման գործում, մեծ անակնկալ ապրեց, երբ մի օր նրան հրավիրեցին վեհարան, և Վազգեն Առաջինը նրան առաջարկեց ձեռնարկել «Հայոց այբուբենի» պատրաստում: «Վեհափառ տեր, ախր ես ոսկերիչ չեմ, ես քարի մարդ եմ»,- տարակուսած պատճառաբանեց ճարտարապետը: Սակայն կաթողիկոսը հրաշալի գիտեր, թե ում և ինչ էր հանձնարարում: Ճարտարապետը պիտի ներկայացներ տառերի ոճային էսքիզները` հավատարիմ մնալով հայ զարդագրության դարավոր ավանդույթներին ու միջնադարյան ծաղկողների կողմից կիրառված գեղարվեստական լուծումներին: Իսկ Արզումանյանին ընկերակցելու և նրա պատկերներին կյանք էր տալու  հայտնի ոսկերիչ ԺիրայրՉուլոյանը, ով գեղարվեստական կոմբինատի գլխավոր նկարիչն էր:

Պատմում են, որ նրանք աշխատում էին կիրակի օրերին, հենց վեհարանում: Այբուբենի յուրաքանչյուր տառի էսքիզը պիտի հաստատվեր կաթողիկոսի կողմից: Տառերն ունեին 15 սանտիմետր երկարություն և տեղադրված էին 80 x 130 չափերով օնիքսե տախտակի վրա: Վեհափառի գիտական քարտուղար ու թարգմանիչ Պարգև Շահբազյանն իր հուշերում պատմում է. «Երբ տառերի էսքիզները պատրաստ էին, վեհափառը կանչել է ոսկերչին, տվել ձուլածո ոսկին և ասել` նույնությամբ պատրաստեք»:

Այբուբենի ստեղծման աշխատանքներն այնպիսի հաջող ընթացք ստացան, որ դրանից ոգևորված կաթողիկոսն այս անգամ ձեռնամուխ եղավ հաջորդ գաղափարին` ոսկուց և ադամաններից պատրաստել սրբազան խաչը: Շուտով նաև հայտնի դարձավ, որ Մարսելում բնակվող մի ֆրանսահայ մեծահարուստի ընտանիք պատրաստվում է իր վրա վերցնել ողջ ծախսը` այսինքն տրամադրել անհրաժեշտ քանակությամբ ոսկին: Նման խոշոր նվիրատվությունը կարող էր էապես հեշտացնել գաղափարի իրագործումը: Սակայն ստցվեց ճիշտ հակառակը:

Խորհրդային երկրում, որտեղ քարոզվում էր աթեիզմը, կաթողիկոսի նախաձեռնությունը չէր կարող հիացմունք առաջացնել: Մյուս կողմից իշխանություններն անընդունելի և նույնիսկ վիրավորական պիտի համարեին այն փաստը, որ ԽՍՀՄ-ում ինչ-որ բան իրագործելու եկեղեցին պատրաստվում է օգտվել կապիտալիստների նվիրատվություններից: Իսկ այսպիսի հակադարձությունը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն ծրագրի իրագործման, այլև ընդհանրապես պետություն-եկեղեցի հարաբերությունների վրա: Անհրաժեշտ էր գտնել այնպիսի մի լուծում, որը թույլ կտար ոչ միայն գործը հասցնել իր ավարտին, այլև խուսափել ամեն կարգի անախորժություններից:BaghdasarArzoumanian

Եվ հնարամիտ ելքը գտնվեց: Կողմերը փոխադարձ համաձայնության եկան, ինչից հետո Ֆրանսիյում ոսկու ձուլակտորը բաժանվեց բազմաթիվ փոքր կտորների, դրանցից զանազան զարդեր պատրաստվեցին և բաժանվեցին այն բոլոր զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում էին Հայաստան մեկնել: Մարդիկ գալիս էին իրենց հայրենիքը, այցելում էին Մայր Աթոռ և այնտեղ էին թողնում նախապես ստացած թևոնոցները, մատանիներն ու շղթաները: Ըստ տեղեկությունների, ֆրանսահայ վանեցինեի նվիրաբերած ոսկին Էջմիածին տեղափոխվեց ավելի քան 70 զբոսաշրջիկների օգնությամբ: Խաչի պատրաստման համար անհրաժեշտ եղավ մոտ 20 կիլոգրամ ոսկի և շուրջ 200 թանկարժեք քար: Դա 1979 թվականին էր:

Աշխատանքներն արդեն մոտենում էին իրենց ավարտին, երբ Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարին զեկուցեցին Էջմիածնում նկատվող տարօրինակ ակտիվության մասին: Չեկիստներն արձանագրել էին ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների տարօրինակ ու «առատաձեռն» վարքը, այլև տեղյակ էին ոսկերիչների հետ հոգևորականների բազմաթիվ հանդիպումների մասին: Իսկ Արզումանյանի ու Չուլոյանի պարբերական այցերը Մայր Աթոռ նոր երանգ էին հաղորդում կասկածներին: Ձեռքի տակ եղած տեղեկությունները հենց սկզբից նրանց հիմք տվեցին ենթադրելու, որ ինչ-որ բան «մաքուր» չէ և եկեղեցականները զբաղվում են թանկարժեք մետաղների ու քարերի մաքսանենգությամբ: Ահազանգը ստուգելու համար Էջմիածին մեկնեցին ՊԱԿ-ի մի քանի աշխատակիցներ: Այն, ինչ նրանք պարզեցին տեղում, գերազանցեց բոլոր սպասելիքները:

Գաղտնիքը բացահայտված էր: Եկեղեցու և հատկապես Վազգեն վեհափառի գլխին ամպեր էին կուտակում: Սակայն ո՞րն էր լինելու իրավապահների և իշխանությունների հաջորդ քայլը: Նրանցից ո՞վ կհամարձակվեր որևէ մեղադրանք ներկայացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ու մինչ վերևներում մտմտում էին ձեռնարկվելիք քայլերի մասին, հենց Մայր Աթոռում գտնվեց փակուղուց դուրս գալու ամենահնարամիտ տարբերակը: Վազգեն Առաջինն ասաց, որ որոշում է կայացվել ոսկուց պատրաստել նաև Հայկական ԽՍՀ պետական զինանշանը: Առաջարկը իշխանությունների սրտով էր: Բոլորը թեթևացած շունչ քաշեցին: 1982-ին եռյակը լրացրեց «Հայաստանի գերբեը»: «Թող սրանք լինեն իմ նվերը հայ ժողովրդին»,- հետագայում պիտի ասեր Վազգեն վեհափառը:

Եկար ժամանակ այդ չհրկիզվող պահարանի բանալիները գտնվում էին միայն կաթողիկոսի մոտ: Պատվավոր հյուրերի առաջ նա անձամբ էր բացում գանձարանի դռնակը և հպարտությամբ ցուցադրում արվեստի երեք կատարյալ ստեղծագործությունները: Հասարակ մահկանացուների առաջ այդ դռները մնում էին փակ ոչ թե կաթողիկոսի, այլ իշխանությունների պահանջով: Միայն 1991 թվականից հետո մարդիկ կարողացան տեսնել ու գնահատել եկեղեցու ամենաթանկ գաղտնիներից մեկը:

«Ի՞նչ արժեն այդ երեք սալիկները»,- պիտի հարցնեն ոմանք: Մի քանի տասնյակ կիլոգրամ ոսկի, ադամանդակուռ, բազմաթիվ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, գերազանց գեղարվեստական աշխատանք: Գլուխգործոց:

Հետաքրքրասերներին հիասթափություն է սպասվում: Ոչ ոք չի փորձել հաշվել այդ գանձերի արժեքը: Քանի որ դրանք անգին են: Քանի որ դրանք մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր գանձարանի անբաժանելի մասն են, իսկ այդ հարստությունը գնապիտակ ունենալ չի կարող:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆLOM_7087

 

Լռությունը ոսկի չէ

27 Ապր

Վերջին շրջանում վրացի դիվանագետները Հայաստանը ջրի ճամփա են դարձրել: Սովորաբար նման դեպքերի համար ասում են, որ եկվորի կամ աղն է պակաս, կամ մաղը: Իսկ եթե խոսքը Վրաստանի մասին է, ապա եղած ենթադրություններին կարելի է հավելել ևս մեկը. ամենայն հավանականությամբ նրանք կրկին այնպիսի մի բան են արել, որի համար արդարանալու են շտապում:
Եթե դիտելու լինենք սոսկ ժամանակագրական կարգով, ապա դժվար չի լինի վերհիշել, որ միայն վերջին չորս ամիսների ընթացքում արդեն կայացել են Վրաստանի նախագահի ու վարչապետի այցերը Երևան: Դրանից հետո իրենց այցերով մեզ պատվեցին նույն երկրի ներքին գործերի, պաշտպանության և տրանսպորտի նախարարները: Էլ չենք խոսում առավել ցածր կարգավիճակի այն անհատների ու խմբերի մասին, որոնք եկան ու գնացին զանազան պատրվակներով ու գործերով: Հայաստանի պաշտոնյաները բոլոր առիթների համար անմիջապես մատնանշեցին, որ այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է «Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլև իրական բարեկամական հարաբերությունների մասին», սակայն նման խոսքերը հյուրընկալողի նրբանկատություն լինելուց ավելին չէին:
Այս անգամ էլ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Շատ դժվար էր կռահել, թե հատկապես ինչ նպատակով էր նա ճանապարհ ընկել Երևան, քանի որ ոչ դրանից առաջ և ոչ էլ այստեղ գտնվելու օրերին որևէ հստակ տեղեկատվություն չտրվեց հանդիպումների բուն նպատակի մասին: Ընդհանուր ձևակերպումների ընդգրկման տարածքներն այնքան լայն ու տարողունակ էին, որ տպավորություն էր ստեղծվում, թե Վաշաձեն պատրաստվում է հայաստանցիների հետ զրուցել ամեն ինչի մասին և անվերջանալիորեն: Սակայն նույնիսկ թեմաների նման առատության պայմաններում վերստին պահպանվում էր նախկին տպավորությունը, երբ կարելի էր հանգիստ խղճով ասել` երկխոսություն վասն ոչնչի:
Վաշաձեն հանդիպում ունեցավ հայաստանցի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ: Հետո պաշտոնական հաղորդագրությունը պիտի տեղեկացներ, որ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրներ, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել վիրահայությանը հուզող թեմաներին: Իսկ որո՞նք էին վրահայությանը հուզող խնդիրները: Պարզվում է այն, որ Թբիլիսիում վերանորոգվել է հայկական թատրոնի շենքը: Ինչ խոսք, դա հաճելի լուր է, բայց մի՞թե արժեր տվյալ քայլը որակել իբրև մեծագույն ծառայություն հայ ժողովրդին և այնպիսի տպավորություն թողնել, թե իբր Վրաստանը շենքի վերանորոգմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները տեղաբնակ հայերի հանդեպ: Իսկ Ջավախքը՞, իսկ էթնիկ խտրականությա՞ն բազմաթիվ աղաղակող փաստերը, իսկ ավերվող եկեղեցիներն ու փակվող դպրոցնե՞րը: Այս հարցերը չե՞ն ներդաշնակում այն պոզիտիվ գույների հետ, որ պարտադրվում է մեզ իբրև բարեկամության և համագործակցության առհավատչյա:
Մինչ Վաշաձեն Հայաստանում էր, վրացի քաղաքագետ Լևան Ուրուշաձեն կարծիք էր հայտնել այն մասին, թե չի բացառում, որ Վրաստանի ԱԳ նախարարը իր Երևան այցելության ժամանակ կքննարկի նաև ռուսական ռազմական բեռների տարանցման մասին ռուս-վրացական համաձայնագիրը օրերս Վրաստանի խորհրդարանի կողմից չեղյալ համարելու խնդիրը: Գուցե և դա քննարկվել է: Միայն թե այս պարագայում էլ Վաշաձեն կարող էր իրեն առանձնապես անհարմար չզգալ: Հայ գործընկերներն արդեն շտապել էին նրա ժամանումից առաջ ասել, որ այդ որոշումը չի կարող անդրադառնալ վրաց-հայկական հարաբերությունների վրա: Մի խոսքով, ցանկացած քայլ իր արդարացումն ու բացատրությունը ունի, եթե նույնիսկ դա էապես վնասում և հարված է հասցնում մեր երկրի շահերին: Իսկ ահա սահմանից այն կողմ այդ կարգի բարդույթներով չեն կաշկանդվում: Նույն որոշման մասին վրացիները շատ հանգիստ անկեղծացան և հայտարարեցին, որ իրենց երկիրը չի վստահում Հայաստանին ռուսական ռազմակայանի պատճառով, թեպետ արտաքուստ հայ-վրացական հարաբերությունները ընկերական են թվում: Այս մասին նույնիս գրեց վրացական Journalist.ge լրատվական գործակալությունը` դժգոհությունը հիմնավորելով այն կարծիքով, որ հայերը չափից ավելի շատ զենք են տեղափոխում, իսկ դա բոլորովին էլ Թբիլիսիի սրտով չէ:
Նույն իրավիճակին կարելի է ականատես լինել նաև շատ ավելի թարմ օրինակի հիշատակմամբ: Օրերս հայտնի դարձավ, որ վրացիներն այժմ էլ Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանը շրջանցող մայրուղի են կառուցում: Իսկ սա, ինչպես հայտնի է, ոչ միակ, ոչ էլ վերջին դեպքն է, երբ վրացիները թեթև ձեռքով Հայաստանին դուրս են հրում տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերից: Հավանաբար շատ շուտով պաշտոնական Երևանը դրա առիթով էլ կասի, թե եղածը ընդամենը երկու ժողովուրդների ամուր կապերի վկայությունն է և անարդար ոչինչ տեղի չի ունեցել:
Իսկ բոլորովին վերջերս էլ հանրությունը տեղեկացվեց, որ Վրաստանը Հայաստանի 17 միլիոնանոց պարտքը կմարի միայն 2025 թվականին: Սա բարեգործությանը հավասարազոր առատաձեռնություն է, որի համար ցանկացած բացատրություն, միևնույն է, համոզիչ լինել չի կարող:
Որքան էլ փորձեր արվեն կանխակալություն որոնել վերը հիշատակված որակումների մեջ, միևնույն է, ճշմարտությունից հեռու փախչել չի հաջողվի: Միշտ չէ, որ լռությունը ոսկի է: Իսկ հաջորդ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի վրացական քաղաքականությունը և հայ-վրացական հարաբերությունները արմատապես վերանայելու անհրաժեշտություն են զգում: Եվ այդ պահանջը ոչ նոր է, ոչ էլ անհիմն կերպով չափազանցված:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: