Tag Archives: ոսկի երիտասարդություն

ՈՍԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

31 Օգս

Այսօր ձեռքիս տակ եղած հին թերթերից մեկում մի փոքրիկ լուր կարդացի և մտածեցի, որ ձեզ էլ կհետաքրքրի այդ պատմությունը, կամ ավելի ճիշտ, դրա զուգորդումը մեր օրերի հետ: Թերթը մոտ 100 տարվա վաղեմություն ունի, «Ռուսկոյե սլովո»-ի 1913 թվականի օգոստոսի համարներից մեկն է: Ահա թե ինչ է գրված այնտեղ «Պատահարներ» խորագրի ներքո. «Հուլիսի 24-ին Մոսկվայի Պետրովսկի պարկի «Մավրիտանիա» ռեստորանի առանձնասենյակներից մեկում քեֆ էին անում «Բրև-Բոյա» նժույգի տեր Հ. Մանթաշյանը, իշխան Գ. Բեհբությանը և Մոսկվայի ձիարշավների ընկերության ստարտեր Ա. Բերսը: Առանձնասենյակից լսվում էր երգի ձայնը, կոտրատվող ամանների շրխկոցը, ճչոցները և պարողների դոփյունները: Մի խոսքով, ամեն ինչ իր տեղն էր: Լուսաբացին առանձնասենյակից ատրճանակի կրակոց լսվեց: Դա արդեն սովորական «քեֆերի» ծրագրի մեջ չէր մտնում, և «Մավրիտանիայի» վարչությունը կարծելով, թե դժբախտություն է տեղի ունեցել ներսում, անմիջապես ոստիկանություն կանչեց: Սակայն պարզվեց, որ ոչ մի դժբախտ դեպք էլ չի պատահել: Իշխան Բեհբությանի քեֆը այդ է ուզել և կրակել է առաստաղին: Նրանց տարել են ոստիկանատուն: Ոչ մեկը չի կամեցել կառքով գնալ, և Տվերսկայա զաստավա են հասել ոտքով: Թե ճանապարհին և թե ոստիկանատանը Հ. Մանթաշյանն ու Ա. Բերսը խոսքով վիրավորել են պրիստավի ավագ օգնական Վասկովսկուն՝ անվանելով «նախալ» և այլն, և այլն: Վերջապես, երբ ոստիկանատանը կազմում են արձանագրություն, Հ. Մանթաշյանը հրաժարվել է ստորագրել և իր մերժումը պատճառաբանել է՝ ասելով.
— Ես հարուստ եմ, ինձ համար միևնույն է, փողով կազատեմ ինձ:
Արձանագրությունը ուղարկված է դատարան…»:
Սա ինչ-որ բան ձեզ հիշեցրե՞ց: Կարծես անցած 100 տարին չի էլ եղել, այնպես չէ՞: Միայն մի տարբերությամբ, որ կառքերին այժմ փոխարինում են մեքենաները…

Հովիկ Չարխչյան

%d bloggers like this: