Tag Archives: ոչխար

ՄԱՐԿ ՏՎԵՆ

17 Հլս

Սատանան բազում անգամներ է ինձ ասել, որ մարդկային կյանքը մշտական, մշտատև ինքնախաբեություն է: Օրորոցից մինչև գերեզման մարդիկ ներշնչում են իրենց կեղծ պատկերացումներ, դրանք իրականության տեղ են ընդունում և դրանցից կառուցում են երևակայական աշխարհը: Մարդկանց անհնար է հասկանալ: Ստիպված ես ընդունել նրանց այնպես, ինչպես կան: Ճշմարիտ եմ ասում, երբեմն ուզում ես կախել մարդկային ողջ ցեղը, որպեսզի վերջ տաս այս կատակերգությանը: Մարդու արարումը հրաշալի և ինքնատիպ մտահղացում էր: Սակայն դրանից հետո ստեղծել ոչխարին` նշանակում է կրկնվել…

Կան միայն երկու տեսակ իմաստուններ: Առաջինները ինքնասպան են լինում, մյուսները խմում են, որպեսզի լռեցնեն մտքերի ձայնը: Միայն մեռածները ունեն խոսքի ազատություն: Միայն մեռածներին է արտոնված ասել ճշմարտությունը:

mark-twen

ԱՈՒԳՈՒՍՏՈ ՄՈՆԹԵՐՈՍՈ

16 Նյմ

ՄՆԱՑԱԾ ՎԵՑԸ

Ավանդույթն ասում է, որ մի հեռավոր երկրում մի ժամանակ կար-չկար մի Բվեճ, ով այնքան երկար էր տքնում գրքերի վրա, խորհրդածում, հետազոտում, ըմբռնում, թարգմանում, դասախոսություններ էր կարդում, բանաստեղծություններ, պատմվածքներ, կենսագրականներ, կինոյի մասին նոթեր, ճառեր, գրական էսսեներ և այլ բաներ էր գրում, որ արդյունքում յուրացրեց մարդկային գիտելիքի բոլոր բնագավառները, ընդ որում, հասնելով այնպիսի հանրահայտության, որ հիացած ժամանակակիցները շուտով նրան հայտարարեցին Երկրի Յոթ Իմաստուններից մեկը, թեեւ մինչև այժմ չհաջողվեց պարզել, թե ովքեր էին մնացած վեցը:

ՍԵՎ ՈՉԽԱՐ

Շատ տարիներ առաջ մի հեռավոր երկրում կար-չկար մի սև Ոչխար: Նրան գնդակահարեցին: Մեկ դար անց հոտը զղջաց և նրա պատվին ձիով հուշարձան կանգնեցրեց, որը զբոսայգում բավական լավ էր նայվում: Այդ ժամանակից ի վեր ամեն անգամ հենց սև ոչխարներ են հայտնվում, նրանց տեղնուտեղը տանում են գնդակահարության, որպեսզի սովորական ոչխարների գալիք սերունդները նույնպես կարողանան հմտանալ քանդակագործության մեջ:

ՋԵՅՄՍ ԹԸՐԲԵՐ

18 Փտր

ԳԱՅԼԸ ԴՌԱՆ ՄՈՏ

Տեր և տիկին Ոչխարները նստած էին իրենց հյուրասենյակում` իրենց դստեր հետ, որը որքան ուտելի, նույնքան էլ սիրուն էր, երբ շքադուռը բախեցին:
— Մի պարոն է այցի եկել, — ասաց դուստրը:
— Հագուստ Մաքրողն է,- ասաց մայրը:
Զգուշավոր հայրը վեր կացավ, լուսամուտից նայեց:
— Գայլն է,- ասաց նա:- Պոչը երևում է:
— Հիմար չլինես, — ասաց մայրը:- Հագուստ Մաքրողն է, դա էլ նրա խոզանակն է:- Եվ գնաց ու դուռը բացեց: Գայլը ներս մտավ, աղջկան առավ ու փախավ:
— Դու իրավացի էիր,- ի վերջո ընդունեց մայրը ոչխարաբար:
Առակս գալիս է ասելու, թե մայրը միշտ չէ, որ ամենաշատը գիտի: (Ընդգծումը հորն է, աղջկանը և իմը):

Թարգմ. Շ. Ավագյան

%d bloggers like this: