Tag Archives: ոչինչ

ՀԵՆՐԻ ՖԻԼԴԻՆԳ

18 Փտր

Քանի որ Ոչինչը Ինչ-որ բանը չէ, ապա այն ամենը, ինչը Ինչ-որ բան չէ, Ոչինչ է: Իսկ այն փաստը, որ Ինչ-որ բանը Ոչինչը չէ, հանդիսանում է չափազանց ծանրակշիռ հիմնավորում հօգուտ Ոչնչի, հատկապես այն մարդկանց համար, ովքեր գայթակղված են առտնին խնդիրներում: Ավելի օգտակար է ընդունակ լինել գուշակելու մարդկանց արարքներն այս կամ այն հանգամանքներում՝ հիմք ընդունելով նրանց բնավորությունը, քան դատել նրանց բնավորության մասին՝ որպես հիմք ունենալով նրանց արարքները:
Շողոքորթությունը մեզ միշտ դուր է գալիս, երբ այն վերաբերում է որակներին, որոնք մենք չունենք: Ասեք հիմարին, թե նա շատ խելացի է, ու խաբեբային, որ նա աշխարհի ազնվագույն մարդն է, և նրանք երկուսն էլ ձեզ իրենց գիրկը կառնեն: Սակայն հիմար մարդիկ միշտ չէ, որ անվտանգ են: Նրանց խելքը բավականացնում է ասել ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է նրա համար, որպեսզի վիրավորեն կամ զրպարտեն մերձավորին…

ԽՈՒԱՆ ՌԱՄՈՆ ՀԻՄԵՆԵՍ

16 Հկտ

***
Երկնի կապույտն ահավո՜ր է:
Սև՜ է այնքան:
Սևավոր է օրը ամռան:
Ահավո՜ր է:

Կապույտ կեսօրն ահավո՜ր է:
Սև է, մթին:
Սև է գետը, թուփը վարդի:
Ահավո՜ր է:

Օրն իմ երկրում սևավոր է:
Հագած սևեր:
Սևը` ճերմակ պատերն ի վեր:
Ահավո՜ր է:

***
Ոչինչ չկա: Ջուրն է: — Ոչի՞նչ:
Ինչպե՞ս, ջուրը ոչի՞նչ է: — Չէ,
ոչինչ չկա: Ծաղիկն է ջինջ:
-Բայց ոչի՞նչ է ծաղիկն, ինչ է:

— Ոչինչ չկա: Հողմն է: — Ոչի՞նչ:
Մի՞թե հողմը ոչինչ է: — Չէ,
ոչինչ չկա: Երազն է ջինջ:
— Բայց ոչի՞նչ է երազն, ինչ է:


Թարգմ. Ֆրունզիկ Կիրակոսյան

ՊԱԿԱՍԸ

6 Մրտ

Կար-չկար` ինչ-որ բանի պակաս կար: Ու այդ պակասը այնքան շատ էր, որ չգիտեին, թե ուր լցնեն: Փնտրեցին-փնտրեցին, վերջապես գտան մի տեղ, որը ոչ մի տեղն էր: Բայց այդ ոչ մի տեղի տեղը ոչ ոք չգիտեր, բացի ոչ մեկից: Եկան, գտան այդ ոչ մեկին, խնդրեցին-աղաչեցին, թե` ի՞նչ կլինի, մեզ ասա դրա տեղը, մենք ոչ մեկին չենք ասի: Սա էլ չեմուչում արեց, թե` մինչև մի բան չտաք` չեմ ասի: Գնացին, որ մի բան գտնեն, բերեն, տան սրան: Ուր ասես, որ չհարցրեցին` ուրիշ ինչ ասես կար, բայց ոչ մի բան չկար: Վերջը հանդիպեցին մեկին, սա էլ ասաց, որ չգիտեմ որտեղ ոչ մի բան է տեսել, բայց ինչ իմանաս` ու՞մ մոտ է: Սրանք էլ վեր կացան, գնացին չգիտեմ որտեղ, տեսան ոչ մի բան էլ չկա, բայց այնքան պակաս բան կա, որ չեն իմանում ` ինչ անեն: Ճարները կտրած առան սրանց պակասը, բերեցին, խառնեցին իրենց պակասին ու հետո վեր կացան, որ գնան, մի տեղ գտնեն, եղածը լցնեն: Ու մնաց այս պատմությունը` ասելու, որ եթե մի բան չես իմանում ` մի ասա:

Հովիկ Չարխչյան

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

13 Դկտ

Ամեն ինչ էլ ոչինչ է. մարդն էլ է ոչինչ: Միայն այդպես, և միայն լույսն է, որի կարիքը զգում են և, իհարկե, մաքրությունն ու կարգուկանոնը: Ոմանք ապրում են և երբեք դա չեն զգում, իսկ ինքը գիտի, որ այդ բոլորը ոչինչ է ու միայն ոչինչ, ոչինչ ու միայն ոչինչ: Մենք ոչինչ ենք ոչնչության մեջ, ոչինչ լինի քո անունը, քո թագավորությունը, ոչինչ թող լինի ոչինչը ոչնչության մեջ, քանզի այն արդեն ոչնչության մեջ է: Տուր մեզ այդ ոչինչը, մեր օրհասական ոչինչը և ոչնչացրու մեզ մեր ոչինչը, քանզի մենք ոչնչացնում ենք մեր ոչինչը, բայց ոչնչացնելով մեզ` ոչ թե ոչինչ դարձրու, այլ ազատիր մեզ ոչնչից: Կեցցե ոչինչը` ոչնչով լի. ոչինչը մեզ հետ է:

%d bloggers like this: