Tag Archives: ոգի

ԻՎԱՆ ԻԼՅԻՆ

4 Դկտ

Մեր խնդիրները

Մարդը ծարավի է ազատության, քանզի նա կենդանի մարմին է և կենդանի ոգի: Ցանկացած կենդանի մարմին (բույսից մինչև մարդը) ինքնուրույն էակ է` ներքին խորհրդավոր ինքնագործունեությամբ և յուրահատուկ կենսական բնազդով: Նման բնազդային ինքնագործունեության վրա հնարավոր է որոշակի ազդեցություն գործել դրսից, սակայն անկարելի է զսպել կամ արգելել այն:
Մարմինն ապրում է ինքնուրույն, իր ներքին օրենքներով: Ուսումնասիրելով վերջինները, ներհյուսվելով դրանց ու զուգակցելով դրանք` կարելի է որոշ ուղղություն տալ մարմնի գործունեությանը, սակայն մարել նման ինքնագործունեությունը հնարավոր է միայն ընդհատելով նրա գոյությունը: Մարդն ի բնե ինքնագործ է. ինքն է իրեն կերտում` առողջության և հիվանդության պահանջմունքների և նողկանքների, սնվելու և աշխատանքի, սիրո և բազմացման պարագաներում: Մարդու բնազդին հատուկ է ներքին նպատակահարմարությունը: Մարմնի ինքնագործունեությունն անկարելի է փոխարինել որևէ մեխանիզմով, ազդել նրա վրա հիպնոսով, հրամանով կամ սարսափով: Այդպիսի փորձերը դատապարտված են անհաջողության, մարմնի խեղման, նրա գործունեության թուլացման, հոգու և ոգու նսեմացման:
Սակայն մարդը միայն կենդանի մարմին չէ. նա նաև կենդանի ոգի է: Իսկ ոգուն վայել է հավատքի, սիրո, հայեցողության, համոզմունքների և ստեղծագործության ազատություն: Ոգին կենդանի անհատականություն է` պատասխանատու Աստծո և մարդկանց առաջ հավատամքների, մտածելակերպի, արածի ու չարածի համար: Սակայն պատասխանատվությունը ենթադրում է ազատություն: Խոսքը ոչ թե «կամքի մետաֆիզիկական ազատության», օրենքների բացակայության, մարդու սանձարձակման, իրավունքների և առավելությունների չարաշահման, այլ հոգևոր ինքնորոշման մեջ հասարակական- քաղաքական հարկադրանքի բացառման, մարդու ներքնաշխարհի օրինապաշտպանության մասին է:
Պետք է ըմբռնել նաև, որ սիրել, հայել, ուսումնասիրել և ստեղծագործել մարդը կարող է միայն բնատուր օժտվածությամբ և մղումներով, սրտի ներշնչանքի ու խղճի պահանջարկով: Անհնար է սիրել կամ դադարել սիրելուց հրամանով: Հարկ չէ սպասել արվեստի գործի` սովի և սարսափի ուժով ամրապանդված սոցիալական պատվերներից, քանզի ստեղծագործությունն ազատության և առարկայական ներշնչանքի պտուղ է:

ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆ

17 Հկտ

ԽՈՏԻ ՏԵՐԵՎՆԵՐԸ

…Ի՞նչ է իմաստությունը, որ լցնում է տարվա չնչին ժամանակահատվածը կամ յոթանասուն կամ ութսուն տարիներն ի՞նչ են իմաստության առջև, որը դարերով է չափվում և ամրացած վերադառնում է ժամանակին` իր հետ բերելով հարուստ նվերներ և հարսանիքի սեղանի շուրջ նստած հյուրերի` ձեզ նայող ուրախ դեմքեր: Միայն հոգին է ինքն իրեն պատկանում… մնացած ամեն ինչ կապված է հաջորդ եկողի հետ: Այն ամենը,, ինչ մարդ ասում կամ անում է, իր ետևից ինչ- որ հետևանք է թողնում: Տղամարդը կամ կինը չեն կարող այնպիսի քայլ անել, որը օրվա ընթացքում կամ ամսվա, կամ ընդհուպ մահ նրանց հատկացված ցանկացած ուղղակի ժամանակահատվածում չազդեր նրանց կյանքի վրա և որը չշարունակեր ազդել նրանց վրա իրենց ամբողջ անուղղակի ժամանակում: Անուղղակին միշտ այնքան մեծ է և իրական, որքան ուղղակին: Ոգին մարմնից ստանում է այնքան, ինչքան ինքն է տալիս մարմնին: Ոչ մի բառ կամ արարք… ոչ շատակերների կամ ռոմ խմողների ուռած երակները… ոչ գանձարանի կողոպուտը կամ խորամանկությունը, դավաճանությունը կամ մարդասպանությունը… ոչ կանանց գայթակղողների օձի թույնը… ոչ կանանց անմիտ զիջողականությունը… ոչ երիտասարդության ցոփությունը… ոչ անազնիվ միջոցներով հարստություն դիզելը… ոչ զզվելի ագահությունը… ոչ սպաների դաժանությունները շարքայինների հանդեպ, ոչ դատավորների դաժանությունը բանտարկյալների հանդեպ, կամ հայրերինը` որդիների, կամ` որդիներինը` հայրերի, կամ` ամուսիններինը` իրենց կանանց, կամ` տերերինը` աշխատավորների…. ոչ պագշոտ հայցքները կամ ստոր ցանկությունները, ոչ… խարդախությունները, որոնցով մարդիկ իրենք իրենց են խաբում… ոչինչ չի կարողացել և ոչ ոք չի կարող հիշատակվել ու մոռացվել, ամեն ինչ արժանիորեն հաշվի է առնվում և հատուցվում է, և հատուցվածը հետագա գործերում նորից է հատուցվում… և նրանք նորից են հատուցվում: Գթասրտության ալիքը կամ մարդու մեջ թաքնված ուժերը չեն կարող խորագույն անհրաժեշտություն չունենալ և կարևոր չէ` նրանք կերևան, թե ոչ: Կարիք չկա ապացուցել դա… գումարել, հանել կամ բաժանելը անօգուտ աշխատանք է: Ինչպիսին էլ լինի մարդը` նշանավոր թե աննշան, կրթված թե անկիրթ, սպիտակ թե սև, իրավահավասար թե օրենքից դուրս, հիվանդ թե առողջ,- կոկորդ մտնող առաջին շնչից մինչև կոկորդից ելնող վերջին շունչը,- այն ամենը, ինչ տղամարդը կամ կինը անում են, եթե բարի սրտով են անում, և արարքը ուժի ու մաքրության մասին է խոսում, անկասկած, տիեզերքի անսասան համակարգում և բոլոր տարածություններում հավերժ օգտակար կլինի նրանց…

%d bloggers like this: