Tag Archives: շրջակա

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ

15 Հնվ

… Անկարելի է անցնել կյանքի կողքով, պատահմամբ չնայել նրան և իսկույն էլ գոնե որևէ բան չմոռանալ: Թող օրհնյալ լինի այն ամենը, ինչ ես չեմ արել, բաց եմ թողել, վայր եմ գցել, կորցրել, արձակել, ներել, ինչին հրաժեշտ եմ տվել: Թող օրհնյալ լինի ծուլությունս, թող անիծյալ լինի ագահությունս, որ ոչինչ դեն չեմ նետել, չեմ շպրտել, չեմ թաքցրել, այլ շարունակ սպասել եմ որևէ բան կորցնելու բախտաբեր առիթին:
… Ես երբեք չեմ մտածել մահվան մասին (չե՞մ վախեցել), բայց միայն ներկա ժամանակում գոյություն ունեցող իրականության հետ ձուլվելու ցանկությունից ու անկարողությունից բխող այս հարատև տառապանքը չգոյության իմ եռանդուն (բնածի՞ն) ցանկությունը չէ՞ արդյոք: Ես կարող էի երջանիկ լինել (չիմանալ) նաև իմ անիրականության մեջ, անցյալի և ապագայի միջև ձգված ճոճքում, եթե այդ անիրականությունն իմը համարեի: Վերջիվերջո, ես միշտ այսպիսին եմ եղել և երբեք գիտակցաբար չեմ կեցել իմ ծրագրային-ցանկալի-իրական իմաստի մեջ, ուրեմն` ինչի՞ս է պետք շրջակա աշխարհը: Բայց եթե սերն ու երջանկությունը, համաձայն փորձիս, լոկ այն ակնթարթներն են, երբ ես չեմ եղել, նորածին- չեմ եղել, չի եղել- չեմ հիշում, չի եղել- գործողություն, չի եղել- մահ,- ապա ուրեմն, նախ և առաջ, հենց անհետանալու ցանկությունն է տիրել ինձ իմ ողջ «գիտակցական կյանքում»:

Թարգմանիչ` Ա ն ա հ ի տ Խ ա չ ա տ ր յ ա ն

%d bloggers like this: