Tag Archives: Շվեյցարիա

Հին դարմանը քամուն տվեցին

1 Ապր

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հայաստանյան այցելության հենց սկզբից պարզ դարձավ, որ հայ-շվեյցարական համագործակցության մասին ավելի քիչ է խոսվելու, քան հայ-թուրքական: Պատճառն, ինչ խոսք, 2009 թվականի Շվեյցարիայի միջնորդությունն էր, որը նույն տարվա հոկտեմբերին պսակվեց Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրմամբ: Սակայն այժմ այդ օրերի մասին կարելի է հիշողություններ պատմել, և, ինչպես տիկին նախագահն ասաց, իր երկրի միջնորդությունն այլևս սպառվել է:
Սակայն մի բան է փակված էջը, բոլորովին այլ բան` հետևանքները: Այս իմաստով ներկա փուլը, որն իր անշարժության մեջ ակտիվ սպասողականության նշաններ է ի հատ բերում, չի կարող չշարժել նաև նախկին միջնորդի հետաքրքրությունը, որն ըստ էության «չի լվացել ձեռքերը» և անտարբեր չէ, թե ինչ է կատարվելու հետո: «Մենք ցանկանում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսվի ու պատրաստ ենք ամեն ինչ անել կողմերին խթանելու համար»,- միանգամից խոստովանեց Միշլին Քալմի-Ռեյը:
Նման բառերից հետո հարկ էր շնորհակալություն հայտնել Շվեյցարիային իր անգնահատելի առաքելության ու ներդրած ջանքերի համար, սակայն անմիջապես էլ ափսոսանքով նշեցել, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից և նման գործելաոճով արժեզրկում թե Հայաստանի նախաձեռնությունը, թե գործընթացում ներգրավված կողմերի աշխատանքը:
Միշելին Քալմի-Ռեյի երկարատև զրույցներն այդ հարցի շուրջ դժվար է գնահատել սոսկ ծանոթ նյութի մասին հեշտ խոսակցություն վարելու անչար խորամանկություն: Այս օրերին հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրի մասին խոսեցին նաև այլ առիթներով, որոնց շարքում առանձնանում էր թուրքական հետևողականությունը: Գոնե Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն առավել քան մեծ հակումներ ի ցույց դրեց այդ թեմայի շուրջ ընդարձակվելու համար: Պատմելով, որ արձանագրությունների վրա հայկական կողմի հետ իրենք իրականում աշխատել են 3 տարի շարունակ, նա նույնիսկ վերհիշեց վեց տարվա վաղեմության դեպքերը, երբ թուրքերի ու հայերի միջև շփումներ սկսվեցին: Բայց դրանով հանդերձ Դավութօղլուն բացահայտեց նաև այնպիսի շերտեր, որոնք հազիվ թե պատիվ բերեին թուրքական դիվանագիտությանը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կորցնել Ադրբեջանը: Մենք խնդրեցինք նախագահ Սարգսյանին, ես քանիցս առաջարկեցի իմ գործընկեր Նալբանդյանին, որպես Ադրբեջանի համար դեմքը փրկելու ժեստ, գրավյալ շրջաններից մեկը կամ երկուսը, օրինակ` Ֆիզուլին կամ Աղդամը վերադարձնել, որի պարագայում Բաքուն պատրաստ կլիներ նույնպես բացելու իր սահմանը: Սակայն Հայաստանը մերժեց»,- անկեղծացավ Թուրքիայի ԱԳ նախարարը:
Դեմք փրկելու իմաստով Դավութողլուն փոքր-ինչ նվազեցնում է քայլի կարևորությունը` մոռանալով հավելել, որ այդ առաջարկով Անկարան պատրաստվում էր փրկել ոչ միայն Բաքվի, այլև սեփական դեմքը: Եվ ընդհանրապես, նման խոսքերը մեկ անգամ ևս հաստատում են այն իրողությունը, որ Թուրքիան փաստացի Ադրբեջանի ձեռքին վերածվել է քաղաքական պատանդի, և այս առումով նրա գործողությունները մեծապես կաշկանդված են ոչ միայն Հայաստանի պարագայում: Պետք է կարծել, որ աշխարհը սա տեսավ ու գնահատեց, ինչպես որ չէր կարող չտեսնել, որ ի տարբերություն թուրքերի, հայերը երկու երկրների հարաբերությունները դիտում էին միայն Հայաստանի և Թուրքիայի միջև առնչություններ, և որևէ այլ բնույթի մոտեցում բացարձակ անթույլատրելի էին համարում: Էլ չենք խոսում այն մասին, որ Դավութօղլուի տեսակետները հակասում են միջազգային պրակտիկայում առկա մոտեցումներին:
Բայց թուրքական մտահոգություններն այսքանով չեն սպառվում: Նույնիսկ ժամանակային առումով նրանք այժմ շատ առաջ են անցել և արդեն իսկ խոսում են Ցեղասպանության 100-ամյակի հետևանքների մասին: Նույն ճարտարախոս Դավութօղլուն այս օրերին անսխալ կանխատեսում արեց այն մասին, որ 2015-ը՝ Հայկական հարցի գլխավորությամբ, լինելու է Թուրքիայի պամության շուրջ հաշվի նստել ցանկացողների հետ առերեսման տարի: Ու եթե նա շեշտեց, թե իրենց նպատակն է միավորվել հարևան երկրների ու տարածաշրջանների հետ, վերացնել առկա հոգեբանական պատնեշները, կարգավորել պատմությունը, միավորել տնտեսությունները և ապահովել ամենաբարձր մակարդակով քաղաքական շփումները, ապա դեպի այս փոփոխությունները տանող ճանապարհի վրա պիտի որ մշտապես տեսներ արդեն հիշատակած մեծ և ծանր խոչընդոտը:
Մեկ այլ բացահայտման հեղինակ էլ դարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` նույնպես խոսելով Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին: Վերջինիս «թիրախն» այս անգամ ԱՄՆ նախագահ Բարք Օբաման էր` իր ապրիլքսանչորսյան ելույթով: Նախագահն ասաց, թե հայերը միշտ կսպասեն այն օրվան, երբ Միացյալ Նահանգների նախագահը կասի «ցեղասպանություն» բառը: «Մենք միշտ ցանկացել ենք, որ ԱՄՆ նախագահը հստակ գնահատական տա կատարվածին: Ես ժամանակին անձամբ եմ խնդրել ԱՄՆ նախագահին անել դա, բայց ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են, և ավելի լավ է, երբ ցանկությունները համընկնում են իրականության հետ»,- նշեց Ս. Սարգսյանը:
Առայժմ իղձերն ու փաստացի հնարավորությունները ընթանում են տարբեր ուղղություններով: Արդի աշխարհում միշտ չէ, որ զարգացումներն ունենում են իրենց կուռ տրամաբանությունը: Առավել հաճախ հանգամանքներն են թելադրում նոր լուծումներ, և այս անկանխատեսելի դիպվածայնությունն էլ կոչվում է մեծ քաղաքականություն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Զայրացած Ազնավուրը և ուրացող Սարկոզին

26 Հնվ

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն այնուամենայնիվ որոշեց իր ուժերը փորձել քաղաքականության ասպարեզում և վերջին օրերին մի քանի աղմկահարույց հայտարարություններ արեց: Դրանք բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվում էին հայ-թուրքական հարաբերություններին, միայն թե հատկանշական էի նրանով, որ այս անգամ խիստ կտրական էին և նույնիսկ ինչ-որ չափով ագրեսիվ: Թե ինչով է պետք բացատրել Ազնավուրի նման հանկարծակի ելույթը, և արդյո՞ք սա կարելի է դիտարկել նոր ամպլուայում հայտ ներկայացնելու տեսանկյունից, դժվար է ասել: Բայց որ դրանք անարձագանք ու անհետևանք չեն մնա, նույնիսկ երգիչն ինքը կասկած չունի:
Ելույթ ունենալով Երուսաղեմի համալսարանի սահմանած միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ, Ազնավուրը դառը խոսքեր արտասանեց թուրքերի հասցեին, հայտարարեց, թե միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը», այդ երկիրը ակնհայտ հակահրեական դիրք է զբաղեցրել բոլոր մերձավորարևելյան խնդիրներում, որից անմիջապես հետո Իսրայելին կոչ արեց պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս ելույթից չէր անցել երկու օր, երբ շանսոնյեն հարկ համարեց երկրորդ անգամ նույն հարցի առնչությամբ հրապարակային ելույթ ունենալ, բայց արդեն իր դժգոհության նետերն ուղղելով Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ: Le Dauphiné Libéré պարբերականին տված հարցազրույցում Ազնավուրն առանց հավելյալ նրբանկատության նախագահին մեղադրեց այն բանի համար, որ վերջինս ուրացել է ընտրություններին ժամանակ տված իր խոստումները: Երգչի խոսքը վերաբերում էր նրան, որ Սարկոզին 2007թ. ապրիլի 24-ին խոստացավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին աջակցել ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի ընդունման հարցում, սակայն արդյունքում ոչինչ չարեց: Եվ այժմ Ազնավուրը կարծում է, որ ուրացողի հետ հաշվեհարդարի իր մեթոդն ունի: «Նա ճիշտ չէ, քանի որ Ֆրանսիայի հայ համայնքը թուրքական համայնքի համեմատ ներկայացնում է մարդկանց զգալի քանակ: Հայ ժողովուրդը պատասխանատու է և համարձակ: Այն արյուն է տվել իր երկրի համար: Առաջին անգամ եմ ես խոսում այս մասին, բայց եթե նախագահը չփոխվի` ես կօգտվեմ նրա ձայներից, երբ գա ժամանակը»,- սպառնաց Ազնավուրը: Երգչի հաշվարկն այս դեպքում պարզ է. «Հայկական ծագում ունեցող յուրաքանչյուր ֆրանսիացի կաջակցի ինձ: Եթե այսպես շարունակվի, ես ամբողջովին կնվիրվեմ այս գործին: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց ես ունեմ զգալի քաղաքական ուժ: Ես գիտեմ, որ վտանգում եմ իմ կյանքը` ասելով սա: Բայց իմ տարիքում, վերջիվերջո, ինչ է նշանակում կյանքը ռիսկի տակ դնել»,- իր միտքն այս խոսքերով ամփոփել է 86-ամյա դիվանագետ-արվեստագետը:
Հավանաբար Ֆրանսիայում ևս նախագահի հետ առճակատման մեջ մտնելը լի է բազում վտանգներով: Սակայն Ազնավուրը կարծում է, որ ռիսկն արդարացված է և այդ քայլը պիտի դառնա իր պատասխանը WikiLeaks կայքէջի հերթական բացահայտմանը, ինչի շնորհիվ հասարակությանը հայտնի դարձավ, որ Նիկոլա Սարկոզին Թուրքիային խոստացել է հայերի ցեղասպանության հերքման համար պատասխանատվություն սահմանող օրինագիծը «թաղել Սենատում»: Մնում է տեսնել, թե երկուսից ո՞ր մեկն առաջինը ձեռնամուխ կլինի «հուղարկավորման» արարողությանը:
Եթե Սարկոզիին ինքնավստահություն կարող է ներշնչել իր զբաղեցրած դիրքը, ապա Ազնավուրը հրաշալի գիտի, որ Ֆրանսիայի հերթական նախագահական ընտրությունները 2012-ին են, ու Սարկոզիի մասնակցության հավանականությունը չափազանց մեծ է: Եվ ահա երգիչը նախագահին մեկ անգամ ևս հիշեցնում է այդ երկրում 500 հազար հայերի գոյության հանգամանը, ինչը թափանցիկ ակնարկ է այն մասին, որ Սարկոզին ընտրությունների ժամանակ կարող է կորցնել հայ էլեկտորատի աջակցությունը:
Թուրքական մամուլի, մասնավորապես Milliyet և Hurriyet թերթերի կողմից Շառլ Ազնավուրի մարտահրավերը բնութագրվեց որպես շանտաժ: Մի պահ թուրքերը հավանաբար մոռացել էին, որ իրենց երկրի ողջ արտաքին քաղաքականությունն է կառուցված այդ մեկ հատիկ բառի վրա, և նրանք Ազնավուրից շատ ու շատ առաջ պաշտոնական Փարիզի հետ բազում առիթներով երկխոսել են հենց այդ «հզոր» զենքի լեզվով: Սակայն փոխարենը գոնե կարող էին վերհիշել այն մասին, որ Ազնավուրն անձամբ մասնակցում էր թուրք-հայկական արձանագրությունների ստորագրման արարողությանը, ինչի առթիվ 2009-ի աշնանը ասում էր. «Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հնարավոր են շատ լավ հարաբերություններ, եթե լինի բոլորի համաձայնությունը: Ինչպես ասում է առածը` պետք չէ վաճառել արջի մորթին նրան սպանելուց առաջ: Ես շատ ուրախ կլինեմ, որ սահմանը բացվի, սակայն պետք չէ սխալվել, նման բաները հեշտ չեն արվում, երկու կողմերում էլ մարդիկ կան, որոնք դա չէին ցանկանա»: Նույն տարվա նոյեմբերին նա արդեն հայտարարում էր, որ Արևմտյան Հայաստանի հողերը պետք է վերադարձվեն հայերին: Այժմ նա այդ մասին դարձյալ հիշեցնում է Անկարային, ինչպես որ փորձում է Սարկոզիին բացատրել այն հանրահատ ճշմարտությունը, որ Ֆրանսիայի համար հայերը մշտապես համարվել են «օրինակելի սփյուռք» և այդ հողում ապրող ժողովուրդը ավելի մոտ է հայերին, քան թուրքերին:
Ի դեպ, Ազնավուրի այս ելույթները առիթ տվեցին հիշելու մեկ այլ բան ևս: Դեռ բոլորովին վերջերս նրա հասցեին թերահավատ կարծիքներ էին հնչում և տխուր կանխատեսումներ էին արվում, որ Ազնավուրը որևէ դեր չի խաղա ու չի կարող խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: «Ընդհակառակը, պաշտոնական ստատուսն ավելի կկրճատի նրա գործողությունների և հեղինակության շառավիղը, քան կար, երբ ազատ արվեստագետ էր… Մինչ օրս Շառլը որևէ հայտարարություն կամ դեմարշ այդ ուղղությամբ չի արել: Համենայնդեպս, դրանք հայտնի չեն: Սա խոսում է նրա ապաքաղաքական դիրքորոշման մասին»,- գրում էր դիվանագիտական կոչումով օժտված մեկը: Այս անբարեհույս գուշակության նվազագույնը կեսը ներկա պահին արժեզրկվեց: Մնում է լինել համբերատար և սպասել մյուս կեսի ճակատագրին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Գյուլի «կարելի»-ն և «չի կարելի»-ն

29 Նյմ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եռօրյա պաշտոնական այցը Շվեյցարիա ավարտվեց, և հազիվ թե այն մեզ համար որևէ նշանակություն ունենար, եթե մեծամասամբ նվիրված չլիներ հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին: Սա Թուրքիայի նախագահի` պատմության մեջ առաջին պետական այցն էր Շվեյցարիա: Տեղի մամուլը, որն այդ օրերին ողողված էր նրա` Բեռն և Ցյուրիխ այցելությունների լուսաբանմամբ, առանձնակի շեշտում էր, թե Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդի հետ Գյուլի զրույցներից մշտապես անբաժան էր Հայաստանի հետ հարաբերությունների առանցքային թեման: Իսկ նման ընդգծված ուշադրությունն ակնհայտորեն մի քանի պատճառներ ուներ: Առաջինն, անշուշտ, այն էր, որ հատկապես Շվեյցարիան ժամանակին միջնորդեց և աջակցեց երկու կողմերի հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների ստորագրմանը: Մյուս կողմից Շվեյցարիան այն երկրներից մեկն է, որտեղ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: 2003 թվականին, երբ այդ երկրի խորհրդարանի ստորին պալատում ընդունվեց հիշյալ բանաձևը, Անկարա- Բեռն հարաբերությունները մի առ ժամանակ սառեցվեցին: Սակայն դա երկար չտևեց, քանի որ Թուրքիայի համար հեշտ է մոռացության տալ վիրավորանքը, եթե կան ավելի կարևոր շահեր:
Եվ վերջապես, պատճառներից մեկն էլ կարող է համարվել այն, որ թուրքերը հակված են ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները քննարկման առարկա դարձնել Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում: Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտություն կա հիշեցնելու խնդրի գոյությունը և հնարավորինս վառ գույներով ներկայացնելու դա, ինչն էլ մեծ հմտությամբ իրագործեց Գյուլը:
Թուրքիայի նախագահն այս անգամ առավել քան պերճախոս էր: Իր մտադրությունները լիովին իրագործելու ճանապարհին նա նույնիսկ չզլացավ գովերգել Հայաստանի նախագահին` հատուկ ելույթում շեշտելով, թե «այս կետին հասնելու գործում կարևոր դերակատարություն ունեն նաև ՀՀ նախագահ պարոն Սարգսյանի մինչ օրս ցուցադրած առաջնորդի և պետական գործչի հմտությունները»: Այդպես էլ չհստակեցնելով, թե ի՞նչ կետի մասին է խոսքը և արդյո՞ք այդ կետն արժանի է խրախուսման, Գյուլը ավելացրեց, որ գործընթացն իր ավարտին հասցնելու համար նա Հայաստանի հարգելի նախագահից նույն ոգևորությամբ շարունակություն է ակնկալում:
Աշխատանքի այսպիսի բաժանումից հետո արդեն կարելի էր նաև ասել, որ «թուրքական կողմը պահպանում է հարաբերությունների կարգավորման հարցում ունեցած իր կամքն ու վճռականությունը և շարունակում է ջանքեր գործադրել Կովկասում տևական և ընդգրկուն խաղաղության ու կայունության հաստատման գործում»:
Այս ամենը մենք շատ անգամներ ենք առիթ ունեցել լսելու, ինչպես և գիտենք, որ, ըստ Անկարայի, անհրաժեշտ է հայ-թուրքական խնդիրը դիտել Կովկասում սառեցված հակամարտությունների լուծման տեսանկյունից։ Ասել է, թե` Ղարաբաղը նախկինի պես շարունակում է նախապայման մնալ, և Թուրքիան ոչ մի առաջընթաց քայլ էլ չի պատրաստվում կատարել առանց ադրբեջանական շահը գերակա դիտելու: «Ես չեմ ուզում այս խնդիրներն իրար կապել, սակայն անհրաժեշտ է այն մեծ պատկերով դիտարկել»,- չուզենալով ուզում և չկապելով կապում է Գյուլը: Ու որքան էլ անկեղծ լինեին Շվեյցարիայի նախագահի մղումները, ով հորդորում էր Հայաստանին և Թուրքիային առաջ ընթանալ կարգավորման գործում, Գյուլի ողջ բառապաշարն ու ոգևորությունը պիտի ծառայեցվեր մեկ հիմնական նպատակի`մոլորեցնել միջազգային հանրությանը՝ երկխոսության շարունակման պատրանք ստեղծելով:
Այն, ինչ վերաբերում է թուրքական կողմին, արդեն քիչ թե շատ հստակ է: Բայց ահա Հայաստանի պահվածն այս առումով փոքր-ինչ տարօրինակ ու անհասկանալի է ի սկզբանե: Քանի դեռ գործընթացի սկիզբը նոր-նոր էր դրվել, ամեն կողմից դա դադարեցնելու և Թուրքիայի հետ շփումների չգնալու կտրական կոչեր էին հնչում: Իսկ այն բանից հետո, երբ Անկարան ինքն էլ սկսեց արհեստական խոչընդոտներ հարուցել, Հայաստանում պատկերն անմիջապես փոխվեց և նրանք, ովքեր դեռ երեկ դատափետում էին Հայաստանի իշխանություններին թշնամու հետ հաշտվելու համար, սկսեցին նույն կրքոտությամբ հայհոյել թուրքերի ոչ կառուցողական դիրքորոշումը, նրանց մեղադրել պայմանավորվածությունները դրժելու, աշխարհի աչքին թոզ փչելու և մեծ ու փոքր այլ մեղքերի մեջ:
Մենչդեռ թե Հայաստանի, թե Թուրքիայի կացությունը իրարից քիչ բանով էր տարբերվում: Հայ-թուրքական գործընթացը մնաց թղթի վրա նախ և առաջ այն պարզ պատճառով, որ հասարակության մեծամասնությունը դրան «ոչ» ասաց ինչպես մեզ մոտ, այնպես էլ հարևան երկրում: Իսկ քանի դեռ չկա միասնական համաձայնությունը, ոչ մի իշխանություն չի համարձակվի սեփական պատասխանատվությամբ ու նախաձեռնությամբ կտրուկ քայլերի գնալ: Այդպես էր վիճակը Հայաստանում, այդպես էր վիճակը նաև Թուրքիայում: Այլ խնդիր է, թե գործընթացի ձախողումից հետո կողմերից յուրաքանչյուն ինչպես փորձեց դրսևորել իրեն ու ջրից չոր դուրս գալ: Բայց երկու թևերն էլ գերազանց գիտակցում են, որ սա ավարտ համարվել չի կարող, ընդամենը ժամանակ է անհրաժեշտ նոր փորձի նախապատրաստման և հանրությանն այդ մտքի հետ հաշտեցնելու համար: Այս իմաստով ամենևին պատահական չէր օրերս Թուրքիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի ղեկավար Մուստաֆա Այդընի արած այն հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են Թուրքիայի խորհրդարանում, սակայն մինչև այդ երկրում խորհրդարանական ընտրությունները կառավարությունը չի փորձի նպաստել դրանց վավերացմանը:
«Նոր հայ-թուրքական գործընթաց կարող են սկսել արդեն 2011-ի աշնանը»,- հստակեցրեց Այդընը:
Նման սառը ուղղամտությունը շատ ավելի նախընտրելի է, քան ամեն կարգի սնամեջ ու գունազարդված դատողությունները: Եվ բոլորովին անսպասելի ու սխալ չի լինի, եթե առաջիկայում այս բովանդակությամբ մի հայտարարություն էլ հնչի Հայաստանից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: