Tag Archives: շուն

ԳՐՈՂԻ ՓՐԿԻՉԸ

22 Հնս

Երբ Ֆեոդոր Դոստոևսկին դատապարտված էր տաժանակրության և գտնվում էր Օմսկում, մի անգամ փողոցում կերակրեց մի թափառական շան և այս շունը կապվեց նրա հետ: Ամեն քայլափոխի ուղեկցում էր գրողին: Նույն օրերին Դոստոևսկին թոքերի բորբոքումով պառկեց հիվանդանոցում, և ընկերներն իմանալով, որ օգնության կարիք ունի, 3 ռուբլի ուղարկեցին նրան (այն ժամանակների համար պատկառելի գումար): Մի քրեական հանցագործ, որ նույն հիվանդանոցում էր, որոշեց թունավորել Դոստոևսկուն և գումարը գողանալ: Նա թույն լցրեց գրողի կաթի մեջ: Բայց հենց այն պահին, երբ Դոստոևսկին պատրաստվում էր խմել, շունը ներս մտավ, թռավ նրա ծնկներին ու շուռ տվեց բաժակը` լպստելով գետնին թափվածը: Շունը սատկեց` փրկելով հանճարին, որը դեռ չէր գրել «Ոճիրն ու պատիժը», «Ապուշը», «Կարամազով եղբայրները» և այլ նշանավոր գործեր:

pizap.com14979575779721

ԳԱԳԻԿ ԱՐՔԱՅԻ ՎՐԵԺԸ

15 Հնվ

Կեսարիայի հույն մետրոպոլիտ Մարկոսը սաստիկ հայատյաց էր: Նա նույնիսկ իր շան անունը Արմեն էր դրել: Հայոց Գագիկ արքան լսել էր այդ մասին եւ խիստ զայրացել: Մի օր նա գալիս է Կեսարիա ու ցանկություն հայտնում իջևանել մետրոպոլիտի մոտ: Մարկոսը` լսելով այդ, հրամայում իր ամբողջ տունը զարդարել, ապա ընդառաջ է գնում Գագիկին ու մեծ պատիվներով նրան բերում, տեղավորում իր տանը:
Ճաշկերույթի ժամանակ Գագիկը դիմում է Մարկոսին. «Լսել եմ, որ դու մի զորեղ շուն ունես ուզում եմ տեսնել նրան»: Մարկոսը հասկանում է, որ գլխին փորձանք է գալու, և չլսելու է տալիս արքայի պահանջը: Գագիկը կրկնում է ասածը, ստիպված կանչում են շանը, բայց` առանց անունը տալու: Բնականաբար, շունը չի գալիս:
«Անունը տվեք, որ գա»,- խորամանկ ժպիտով հուշում է արքան: Ի վերջո, Մարկոսը գինու ազդեցության տակ կանչում է. «Արմեն, Արմեն»: Ներս է մտնում առյուծանման մի շուն: «Այս շան անունն Արմե՞ն է»,- հարցնում է արքան: «Քաջ է ու ամեհի, դրա համար էլ Արմեն ենք ասում»,- փորձում է ելք գտնել Մարկոսը: «Հիմա կտեսնենք, թե ով է քաջ` Արմե՞նը, թե՞ Հռոմը»,- վրա է բերում Գագիկը:
Նրա թիկնապահները պատրաստել էին մի պարկ, և արքայի ազդանշանով շանը խոթում են դրա մեջ: Մարկոսը, կարծելով, թե շանն ուզում են իրենից խլել, զայրանում ու սկսում է գոռգոռալ թիկանապահների վրա: Բայց վերջիններս բռնում են մետրոպոլիտին ու զոռով խցկում այնտեղ, որտեղ նրա շունն էր: Հետո Գագիկի հրամանով սկսում են դրսից փայտով խփել շանը: Պատմիչ Մատթեոս Ուռհայեցին գրում է. «Ատամների կռճտոց ու սրտի հառաչ էր դուրս գալիս պարկից, այսպիսի տանջանքներով սատակեց չար և պիղծ անարգիչը` դառնալով շան ճարակ: Այնուհետև Գագիկը հրամայեց ավարի մատնել Մարկոսի տունը»:1298827527_skanirovanie0020

ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ԵՎ ՍՈՒԼԹԱՆԸ

20 Օգս

… Մի չարագույժ լուր խռովեց Այվազովսկու հոգու անդորրը: Թուրքիայի բարբարոսները հայերի նոր, արյունոտ ջարդեր էին կազմակերպել: Թեոդոսիայի հայերը այգածագից հավաքվում էին Այվազովսկու ընդարձակ բակում՝ անըդդիմադրելի ցանկությամբ իմանալու Թուրքիայում կատարվող վերջին իրադարձությունները:
Մի անգամ առավոտյան, երբ վաղորդյան մեգն սկսել էր նոսրանալ, երբ խառնիճաղանջ բազմությունը սովորականի նման հավաքվել էր արվեստագետի տան մոտ և անհամբերությամբ սպասում էր Այվազովսկու երևալուն, չափազանց այլայլված տեսքով դուրս թռավ նրա խոնարհ սպասավորը՝ Եղիան և անբնական ձայնով կմկմաց.
— Օ, բարի մարդիկ, գիտե՞ք ինչ է կատարվում:
-Ի՞նչ,- զարմացած հարցրին հավաքվածները:
— Շնորհաշատ տերը՝ Հովհաննես Այվազովսկին, հանեց սուլթան Աբդուլ Ազիզի կողմից իրեն շնորհված բոլոր շքանշանները և կախեց Ռեքս շան վզից:
Սպասավորը դեռ չէր ավարտել այդ շշմեցուցիչ լուրը, երբ ծանրորեն բացվեց շքամուտքի երկաթյա դարպասը և երևաց մեծ նկարիչը՝ իր շան հետ միասին: Բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի շունը: Ռեքսի լայն վզնոցից կախված՝ օրորվում էին ադամանդներով զարդարված թուրքական «Օսմանիե» շքանշանները:
Այվազովսկին իրեն ուղեկցող բազմության հետ միասին ուղղվեց դեպի ծովափ և նստեց ծերունի Անդրեասի նավակը: Երբ լողացին դեպի ծովի հեռուները, նկարիչը Ռեքսի վրայից հանեց վզնոցը, կախեց մի քարից և զայրույթով նետեց ալեծուփ ծովը:

ԼԵՎ ՎԱԳՆԵՐ
«Պատմություններ նկարիչ Այվազովսկու մասին» գրքից

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

6 Դկտ

Հիշատակարան

1942թ մայիսի 7
Փողոցում մի սրճագույն շուն, այս տարվա ծնունդ, նիհար, խեղճ, կարծես անտեր, թափառում է սոված. գլուխը միշտ կախ, գետինը հոտոտելով, ուտելիք է գտնում, ինչ ուտելիք կարող է գտնել այս կիսասով քաղաքում. թերևս ոսկորի կտորները, հացի փշրանքները, ձկան ոսկորները… Խե˜ղճ շուն. ցեխոտ, հողոտ, քաղցած: Ինչու է ծնվել, եկել այս չար աշխարհը, մի ոճրագործ բնության կամքով: Ստեղծում է
բնությունը` առանց մտածելու նրանց կերակրելու մասին, անհաշիվ քանակությամբ ստեղծում է և իրար վրա բաց թողնում այս խեղճ արարածներին: Եվ դարձնում է նրանց գազան. անգութ. այնինչ կենդանիները բարի են հոգով. մարդն է չար, մարդն է բնության արժանի որդին- չարագործ բնության չարագործ զավակներ: Այս խեղճ շունը, որ շփոթված քաշ է գալիս` գալարվելով սովի ձեռքից, փողոցի
տղաները քարով զարկում են, ցավ են պատճառում. վնգստում է խեղճ շունը, և, հաշտված իր վիճակի հետ, նորից թափառում է: Բարի են կենդանիները, ազնիվ են – շունը, ոչխարը, այծը, եզը, գոմեշը, ձին,
ուղտը: Չար են մարդիկ… Պատերազմը մարդկության պատիժն է իր չար սրտի համար:

1954թ ապրիլ
Գյումրեցին ասում է- մարդու պակասություն:
Այսինքն` հաց, հարստություն կա, բայց մարդ չկա, խելոք, ազնիվ, մարդասեր, քաջ մարդ չկա…
— Ի՞նչ կա, ի՞նչ չկա:
— Մարդու պակասություն, ուրիշ ոչինչ:
Բացել եմ ռադիոն և լսում եմ երաժշտություն աշխարհի զանազան վայրերից — Հինդ, Արաբ, Իրան, Բաքու, Հայաստան… Լսում եմ և երազում, բաց աչքերով…
Թափառում եմ երկրե-երկիր, սեր եմ որոնում, սիրածի եմ որոնում… Կարոտ, լաց, մայր, հայրենիք, մանկություն, երիտասարդություն, անցյալ… Երազներ, երազանք, վերացում, սլացում, եսազրկում. անուրջներում ապրում. գոյությունդ մոռանալ, ես-դ մոռանալ, ինքնամոռացում…
Առանց մարդու տիեզերքն ի՞նչ արժեք ունի, ո՞վ է հաստատողը նրա գոյության. նրան բացատրելու…
Ու՞մ համար է նա` տիեզերքը, երբ իրեն պես բոլորը` տարրերը, անզգա են: Ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ է:
Ոչինչ է նա, պարզապես մի անսահման ունայնություն, անմտություն, աննպատակություն:
Բնությունը ամենամեծ հանճարն է: Վարդը, եղնիկը, նժույգը, կարապը, դրախտահավը, քնարահավը… Նրա հանճարագեղ, հանճարեղ գործերն են:

1955թ հուլիս
Մարդը իր ինտելեկտով հիբերֆիզիկ է, նյութականից բարձր, վեր: Նա կենդանական (անասնական), բնական աշխարհի վրա իր աշխարհն է բարձրացրել` կուլտուրան, հոգեկանը: Եվ նա դրա շնորհիվ գոյության կռիվը տանում է ոչ թե մարդու դեմ, մարդը մարդու դեմ, ոչ` մարդը բնության դեմ: Մարդը նվաճում է բնության ուժերը, վերջիններին տիրում է և ծառայեցնում իր շահերի համար. և նա կռվում
է` իր վրա բնազդների դեմ ինքնիշխանության և ինքնատիրապետության համար:

1956թ դեկտեմբերի 27
Մոռանալ և խաբվել: Ուզում եմ մոռանալ անցյալս, բոլոր վատ, տխուր դեպքերը, աղետները: Չհիշեմ, այնպես լինի, որ զգամ` որ բնավ չի եղել: Խաբվել…
Խաբեցե’ք ինձ, բժիշկնե’ր, խաբեցեք, դեղագործնե’ր, խաբեցեք` մինչև վերջին րոպեն, մինչև վերջին շունչս խաբեցեք ինձ.- չիմանամ, որ հիվանդ եմ, որ ծանր հիվանդ եմ, որ չունիմ մռայլ հեռանկար, այլ պայծառ, ուրախ, արևոտ…

%d bloggers like this: