Tag Archives: Շելլինգ

ՖՐԻԴՐԻԽ ՇԵԼԼԻՆԳ

2 Նյմ

Լեզուն որպես ինքն իրեն կենսականորեն դրսևորող անվերջ հաստատում քաոսի գերագույն խորհրդանիշն է, որ հավերժորեն ներդրված է բացարձակ իմացության մեջ: Որ կողմից էլ լեզուն դիտելիս լինենք, նրանում ամեն բան առկա է որպես միասնություն: Հնչյունային կամ ձայնային առումով դիտելիս` նրանում գտնում ենք բոլոր հնչյունները` նրանց որակական տարբերություններով հանդերձ: Մարդկային լեզվում այս բոլոր տարբերությունները միախառնվում են, այդ իսկ պատճառով խոսքը չի նմանվում հատկապես որևէ հնչման կամ հնչյունի, այլ հավասարապես պարունակում է դրանք բոլորը: Բացարձակ նույնությունը լեզվում էլ ավելի բացարձակ արտահայտություն է գտնում, երբ այն դիտվում է նրանում եղած նշանակությունների հայեցակետից: Զգայականն ու ոչ զգայականն այստեղ նույնական են, ամենաընկալելին դառնում է ամենաոգեղենի նշան: Ամեն ինչ դառնում է ամեն ինչի պատկեր, իսկ ինքը` լեզուն, հենց դրանով վերածվում է բոլոր իրերի նույնության խորհրդանշանի: Լեզվի ներքին կառուցվածքում ամեն մի եզակի տարր սահմանվում է ամբողջի միջոցով. հնարավոր չէ որևէ ձև կամ առանձին խոսք, որ չենթադրի այդ ամբողջը:
Բացարձակ առումով կամ ինքնին դիտված` լեզուն մեկ ամբողջություն է, ինչպես և մեկ ամբողջություն է բանականությունը: Սակայն ճիշտ այնպես, ինչպես բացարձակ նույնությունից առաջ են գալիս տարբեր իրեր, այդպես էլ այդ միասնությունից բխում են տարբեր լեզուներ, որոնցից ամեն մեկն իր համար տիեզերք է` բացարձակորեն անջատված մյուսներից, բայց և այնպես դրանք բոլորը էականորեն նույնական են ոչ միայն ըստ բանականության ներքին արտահայտման, այլև առանձին տարրերի վերաբերմամբ. տարրեր, որոնք, մի կողմ թողած փոքրաթիվ երանգները, համընկնում են բոլոր լեզուներում: Չէ՞ որ այդ արտաքին մարմինն ինքնին դարձյալ հոգի և մարմին է…
… Ինչպես հայտնի է, լեզվի նախասկզբնական ծագման հարցը խորապես հետաքրքրել է փիլիսոփաներին ու պատմաբաններին, որոնք հնարավոր են համարել լեզուն ըմբռնել` ելնելով հոգեբանորեն մեկուսացած մարդու բնույթից, մինչդեռ այն հասկանալի է դառնում միայն ողջ տիեզերքը ելակետ ընդունելու դեպքում: Փիլիսոփային հետաքրքրում է միայն իդեաներից լեզվի ծագման հարցը, իսկ այդ առումով լեզուն անպայմանորեն առաջանում է ճիշտ այնպես, ինչպես տիեզերքը` բացարձակ ճանաչողական ակտի հավերժական ներգործմամբ. ակտ, որը, սակայն, հնարավորություն է գտնում ինքն իրեն արտահայտելու բանական տարերքում…

Թարգմ. Է. Աթայան

%d bloggers like this: