Tag Archives: նստաշրջան

Մենք, ԵԽԽՎ-ն ու Չավուշօղլուն

25 Հնվ

Երեկ Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Հայաստանյան պատվիրակությունն արդեն այնտեղ է, և նույնիսկ այսօր պատրաստվում է ի նշանավորումն Եվրախորհրդին Հայաստանի անդամակցման 10-ամյա հոբելյանի մշակութային բնույթի մի շարք միջոցառումներ կազմակերպել: Բայց հազիվ թե ներքին լարվածությունը լիարժեք դարձնի տոնական տրամադրությունը: Ճիշտ է, նստաշրջանի օրակարգում ներառված չեն Հայաստանին ու ԼՂՀ-ին վերաբերող կոնկրետ հարցեր, այսուհանդերձ սպասվում է, որ դրանք ի հայտ կգան փախստականներին ու տարածրջանային այլ խնդիրներին առնչվող զեկույցների քննարկման համատեքստում: Անհետևանք չի անցնի նաև Թուրքիայի արտգործնախարար Դավիթօղլուի ելույթը, ում հարցեր տալու համար հայաստանյան պատվիրակության երկու անդամներ են հերթագրվել: Եվ վերջապես գլխավոր ինտրիգը սպասվում է ուրբաթ օրը` չարաբաստիկ ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովը ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուի կողմից վերակենդանացնելու փորձերի առնչությամբ: «Մենք ցանկանում ենք վերականգնել ԵԽԽՎ Ղարաբաղյան ենթահանձնաժողովի աշխատանքը»,- ձմեռային նստաշրջանի բացումից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չավուշօղլուն: «ԵԽԽՎ Բյուրոն ենթահանձնաժողովի վերականգնման մասին որոշում կընդունի և կընտրի նախագահին»:
Ինչպես հայտնի է, Հայաստանի պատվիրակությունն արդեն վաղօրոք տեղեկացրել էր, որ եթե իրենց չհաջողվի կասեցնել հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, ապա հայերին այլևս ուրիշ ոչինչ չի մնա անելու, քան բացահայտ կերպով բոյկոտել այդ կառույցի աշխատանքները: Չավուշօղլուին նման պահվածքը խիստ է վիրավորել: Թուրք նախագահն այս առիթով նույնիսկ չզլացավ բարձրաձայն բոլոքել` ասելով, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժեր ԵԽԽՎ բյուրոյում Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ կոմիտեի վերստեղծման նախաձեռնությունը փորձում են վերագրել հենց իրեն, մինչդեռ, ըստ նրա, դա սխալ է: «Դա շահարկում է: Ես դա շատ լավ բացատրել եմ Երևան կատարած իմ պաշտոնական այցի ժամանակ: Դա իմ նախագիծը չէ, դա Վեհաժողովի որոշումն է: Եվ նախագահի պաշտոնում ցանկացած ոք, լինի դա Թուրքրիայի, թե Գերմանիայի, կամ, նույնիսկ, Հայաստանի խորհրդարանական, նշանակություն չունի, պետք է այդ հարցը ներկայացնի բյուրոյում»:
Սա իրավիճակն լիովին չտիրապետող մարդու պատասխան է: Հասկանալի է, որ առանց հայկական կողմի մասնակցության նման ենթահանձնաժողովի գործունեությունը կվերածվի ֆարսի, իսկ Չավուշողլուին սկանդալներ, հեղինակության սասանումներ և նվաստացումներ պետք չեն: Բայց նույնիսկ նրա հավաստիացումներն այն մասին, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մտադիր է 2011 թվականին ավելի շատ ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավորման համար, որևէ կերպ կացությունը շտկել չեն կարող: Այնպես որ, որքան էլ Չավուշօղլուն պնդի, թե ուրբաթ օրը ԵԽԽՎ բյուրոյի նիստում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծման հետ մեկտեղ քննարկվելու է նաև այդ կառույցի ղեկավարի նշանակման հարցը և պաշտոնում կընտրվի օբյեկտիվ թեկնածու, միևնույն է, համաձայնության գալու մասին խոսք առայժմ չկա:
Ի դեպ, երեկ երեկոյան Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն կայացած ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությամբ կրկին ընտրվեց ԵԽԽՎ նախագահ։
Վերադառնալով մեր պատվիրակների աշխատանքներին, նշենք, որ երկու օր առաջ հայկական կողմը ԵԽԽՎ անդամ բոլոր երկրների ներկայացուցչություններին է հանձնել ԵԽ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված ադրբեջանահայության ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասված է այն մասին, որ այցելելով Բաքու, խորհրդարանականները արարողակարգի շրջանակում Շահիդների պուրակում ծաղկեպսակ եք դնում, մինչդեռ այնտեղ թաղված են Բաքվի ու Սումգայիթի հայերին կոտորող ջարդարարները, և հարգանքի տուրքը նրանց հիշատակին պատիվ չի բերում քաղաքակիրթ եվրոպացիներին:
Մյուս դրվագը, որը վերստին առնչվում է մեր պատվիրակությանը, այն էր, որ Հերմինե Նաղդալյանը մեկ տարով ընտրվեց ԵԽԽՎ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ:
Ինչ վերաբերում է ձմեռային նստաշրջանի բուն օրակարգին, ապա հարցերը բազմաթիվ են ու բազմաբնույթ: Այստեղ հունվարի 24-28-ը ուշադրության կենտրոնում կլինեն Կոսովոյում մարդու օրգանների ապօրինի առևտրի մասին զեկույցի շուրջ բանավեճերը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի և Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշի ելույթները: Կքննարկի նաև ԶԼՄ-ների տեղեկատվության աղբյուրների պաշտպանության մասին զեկույցը:
Նստաշրջանում արդեն ընդունվել է քրիստոնյաների հալածանքները դատապարտող բանաձև: Հիշյալ փաստաթուղթն ըստ էության Եգիպտոսում, Նիգերիայում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Կիպրոսում, Իրանում ու Իրաքում քրիստոնյաների հանդեպ վերջերս ձեռնարկված բռնարարքների արձագանքն է: «Եվրամիությունն այլևս աչք չի փակի ողջ աշխարհում քրիստոնյաների հալածանքների վրա»,- իր ելույթում շեշտեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Մասնակիցները լուրջ բանավեճեր են ակնկալում նաև վրացական պատվիրակության դեմարշից: Վերջիններս պատրաստվում են կրկին առաջ քաշել Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման և երկրի տարածքի դեօկուպացման հարցը: Վրացիների նպատակն է հասնել Եվրոպայի Խորհրդի որոշման իրականացմանը, Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերմանը, այդ երկրամասերի անկախության ճանաչման ետկանչին: Սակայն միշտ չէ, որ համառությունը հաջողության գրավականն է դառնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: