Tag Archives: Նիկոլ Փաշինյան

Կեցցե գրականությունը, որ քաղաքական կյանքի ուղղորդիչ է դառնում. Հովիկ Չարխչյանը՝ Փաշինյանի ասմունքի մասին

19 Փտր

Armdaily.am-ի հետ զրույցում, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասմունքների մասին, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն ասաց, որ միայն խրախուսել կարող է այն փաստը, որ երկրի ղեկավարը գիտի գրականություն և պատեհ առիթներով հնչեցնում է բանաստեղծական միտքը: ‹‹Ինձ համար էական չէ, թե որտեղ է դա արտասանվում և ինչպես է արտասանվում: Այնտեղ, որտեղ առկա է պոեզիան, ամեն բան նոր երանգ է ստանում: Սա ոչ միայն զգացմունքային շեշտադրում է, այլև վերաբերմունք ու աշխարհընկալում: Եվ ուրեմն կեցցե գրականությունը, որ քաղաքական կյանքի ուղղորդիչ է դառնում››,-նշեց նա: Մեր այն հարցին, թե շուտով նշվելու է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակը, ինչ միջոցառումներ են նախատեսվում, գրականագետը նկատեց.‹‹Անկեղծ ասած, ես կարիք չունեմ սպասելու որևէ հոբելյանական տարեթվի, որ հայացք նետեմ թումանյանական աշխարհի վրա: Իսկ ընդհանուր առմամբ բանաստեղծի 150-ամյակի տոնակատարությունները լավ հնարավորություն են ևս մեկ անգամ արժևորելու մշակույթի, գրականության դերը մեր կյանքում: Դա թույլ կտա ոչ միայն մեր հարգանքն արտահայտելու մեծերի հանդեպ, այլև խթանելու նոր ժամանակների մեջ ծնունդ առնող գրավոր խոսքը՝ իբրև արարման, վերաիմաստավորման գործընթացների անբաժանելի բաղկցուցիչ: Թումանյանը եղել է ու կա: Սակայն կյանքն առաջ է ընթանում և պահանջում է նոր թումանյանների հայտնություն››:

1արխիվ

Նիկոլը իմ հոդվածի փոխարեն պատմվածքս է տպագրել․ Հովիկ Չարխչյան

22 Հկտ

«AD TV հարցազույց»-ի հյուրն է մտավորական Հովիկ Չարխչյանը: Եթե չկա թշնամի,նրան հորինում են: Հենց այդ հորինված թշնամուց է վախենում Չարխչյանը: Նա նաև աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ,վաղուց ճանաչում է նրան : Դրվագներ համատեղ աշխատանքից և ոչ միայն:

 

Հեղափոխությունը պետք է ատամներով պահել, իսկ հասարակությունը պետք է դառնա նոր իշխանության ընդդիմությունը

16 Հնս

«Ծնողներ կան, որ երբ շատ են սիրում իրենց զավակներին, մի քիչ խստություն են հանդես բերում, որպեսզի երեխան լավ մեծանա: Ես սիրում եմ այս հեղափոխությունը, ուզում եմ ծնողական հայացքով այդ ամեն ինչին նայել, և ուզում եմ խստություն դրսևորվի, որ ոգևորության ալիքի մեջ շատ արժեքավոր բաներ չկորչեն»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանը: Նրա դիտարկմամբ՝ հեղափոխությունը նոր է սկսվում. հեղափոխությունը համակարգային փոփոխությունն է, որն իրականանում է բոլոր ոլորտներում:
Չարխչյանի խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ քաղաքական մեծ ցնցումներն առանձնապես մեծ ազդեցություն չեն ունեցել մշակույթի վրա. «Մշակույթն իր հունն ունի, հոսում է՝ երբեմն քաղաքական գործընթացներին զուգահեռ, երբեմն նրանից առանձնացած, բայց ավելի շատ քաղաքական իրադարձություններն են գալիս մշակույթի կողքով անցնում, քան մշակույթն է թեքվում դեպի քաղաքական իրադարձությունները: Բոլոր այն մշակույթի գործիչները, ովքեր առնչվել են քաղաքականությանը, ավելի շատ կորուստեր են ունեցել, քան ձեռքբերումներ, որովհետև մշակույթը վերքաղաքական հասկացություն է»:
«Մենք պետք է հասկանանք պետություն-մշակույթ հարաբերակցությունը, այստեղ մենք միշտ սայթաքել ենք՝ ով ում ունի տալիք՝ պետությյո՞ւնը մշակույթին, թե՞ մշակույթը պետությանը… Գալիս է մի նախարար, ասում՝ մշակույթը պետք է կապիտալիզացնենք: Խեղճ մշակույթ. սովամահ մշակույթը հազիվ իր գոյությունը պահպանում է, ինչպե՞ս կարող է կերակրել: Մշակույթը պիտի կերակրվի… Մենք կերակրել ենք կեղծ մշակույթը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

ՆԻԿՈԼՆ ՈՒ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

9 Մյս

Իմ թղթերի մեջ պահվող այս վավերագիրը, որ 20 տարվա վաղեմություն ունի, հիմա արդեն կրկնակի արժեք է ձեռք բերում: Մի դեպքում այն պիտի առնչվի գրապատմությանը, մեկ այլ դեպքում` Հայաստանի նորագույն քաղաքական ժամանակաշրջանին: Ի դեպ, 20 տարի առաջ եզակի մարդիկ պաշտպան կանգնեցին Նիկոլին: Ու Հրանտ Մաթևոսյանը նաև այդ հարցում մնաց եզակի:

Հ. Չ.

IMG_20180508_034331

Հովիկ Չարխչյան. «Նոր սերնդի ու նոր որակի ականատեսն ենք՝ իշխանությունները տագնապելու բոլոր հիմքերն ունեն»

4 Մյս

Շարունակվող հանրահավաքներն ու ակցիաները, ըստ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի, նախկին կանխատեսումների տրամաբանական զարգացումն են:
«Օրեր, ամիսներ շարունակ ահազանգվում էր, որ հասարակության համբերությունն անսպառ չէ, որ մի օր պայթելու է, այդ հեղեղը լցվելու է քաղաքի փողոցներն ու այլևս շատ դժվար է լինելու այն կասեցնել: Մենք այսօր այդ կանխատեսելի զարգացման ականատեսն ենք և այստեղ ես որևէ զարմանալի, անսպասելի ու չնախատեսված բան չեմ տեսնում: Այլ խնդիր է, որ իշխանությունները մինչև վերջին պահն էլ փորձում են այս ամենը «մի խումբ մարդկանց խժդժություններ» ներկայացնել, թեև իրենց հոգու խորքում շատ լավ հասկանում են, թե երկրում ինչ է կատարվում, և սա ինչի հետևանքն է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Չարխչյանը:
Ինչ վերաբերում է հասարակության տրամադրություններին, նա նկատեց. «Բնության մեջ գոյություն չունի այնպիսի հասարակություն, որ զուրկ է պայքարելու, ընդվզելու ընդունակությունից: Հասարակության սպասումները և դադարները չպետք է նույնացվեն ապատիայի կամ իր հիասթափությունների հետ: Ամեն ինչ իր ժամանակն ու պահն ունի: Այնպես որ՝ ոչ ոք չի կարող օրացույցային ժամկետներ նշել ու ասել, թե՝ գիտեք, ամսվա մեջ կոնկրետ ժամանակահատվածում հասարակությունը պետք է ընդվզի, իսկ մյուսում՝ դադար տա: Գուցե շատերին թվա, թե այն, ինչ մեզ մոտ կատարվում է, ուշացած է կամ ավելի վաղ պետք է լիներ: Բայց այդ ասելուց առաջ փորձեք հասկանալ. ինչու չեղավ, ենթադրենք, մեկ կամ կես տարի առաջ: Երբ նորից վերանայում ենք իրադարձությունների ամբողջ շղթան, տեսնում ենք, որ ամեն ինչն իր բնական ընթացքի մեջ է: Ես քիչ առաջ եմ փողոցից եկել. երբ տեսնում ես հսկայական բազմությունը, հոսքը, նրանց փայլող աչքերը, մինչև վերջ գնալու պատրաստակամությունը, բոլոր տեսակի կասկածները ցրվում են»:
Մեր զրուցակցի խոսքով՝ կարևորագույն առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ոտքի է կանգնել հատկապես երիտասարդությունը. «Իսկ երիտասարդությունը յուրաքանչյուր ժողովրդի, երկրի ու հասարակության ամենապայծառ, ամենաակտիվ, ամենաանկասելի, էներգիայով լի ու բոլոր տեսակի վախերից ազատված հատվածն է: Նրանց հեշտ չէ բերել ու գցել ցանկացած հունի մեջ: Այնպես որ՝ իշխանություններն այսօր մտահոգվելու, անգամ տագնապելու բոլոր հիմքերն ունեն: Առհասարակ, շատ ուշադիր եմ հետևել եմ այն ամենին, ինչն իրականացնում էր Նիկոլն իր խմբի և մյուս ակտիվիստների հետ: Պետք է ասեմ, որ բավականին գրագետ ու նաև շատ յուրահատուկ քայլեր են: Այսօր կյանքի են կոչվում պայքարի մեխանիզմներ, որոնք նախկինում երբեք չեն իրագործվել: Բացի այդ, դրանք ապացուցում են իրենց կենսունակությունը: Այսինքն՝ մենք տեսնում ենք և՛ գործողությունը, և՛ դրա հետևանքը, և՛ արձագանքը: Տա Աստված՝ մեր երեխաներից և ոչ ոքի մատը փուշ չմտնի, խուսափենք կորուստներից, ցավալի իրավիճակներից: Կազմակերպիչներն իրենք են ասում, որ քաղաքացիական անհնազանդություն է, բայց առանց բռնությունների: Իսկ ովքեր ամբիոն են բարձրանում նման կոչերով՝ հեռացվում են: Սա դրական է ու կարևոր հենց իրենց համար. մյուս կողմը չի կարող կառչել նման կոչերից, քանի որ դրանք չկան»:
Հովիկ Չարխչյանը շեշտեց՝ երկրի իշխանությունները հակափաստարկներ չունեն:
«Նրանց հակափաստարկը ոստիկանությունն է ու պատժիչ գործողությունները: Սա նշանակում է, որ իշխանությունները լիովին սպառված են և գործի են դրել ուժային մեթոդներով այս ամենը ճնշելու, խեղդելու ու նման կերպ ասպարեզից հեռացնելու գործողությունները, ինչը երբեք արդյունքի չի բերել: Ի դեպ՝ բոլորովին կարևոր չէ, թե շարժումը կհաղթի, թե՝ ոչ: Կարևորն այն է, որ այսօր մենք նոր որակի ականատեսն ենք: Տեսնում ենք այն սերնդին, որն այլևս ոչ մի գնով թույլ չի տա ոտնահարել իր իրավունքները, կեցության ձևերը: Նրանք, ովքեր այսօր փողոցում են՝ արդեն հաղթել են: Իսկ հաղթողին չեն դատում»,-եզրափակեց Հ. Չարխչյանը:

Աննա Բադալյան
22 ապրիլի, 2018 «Փաստ»

օօօօօ

Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի, որ այն, ինչ իրագործեց, արժանի է հեղափոխություն կոչվելու․Հովիկ Չարխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 Մյս

«Նիկոլ Փաշինյանը շատ հիմար վիճակում դրեց բոլոր այն քաղաքական վերլուծաբաններին, քաղտեխնոլոգներին, որոնք հաշված օրեր առաջ ասում էին, թե Հայաստանում դեռևս չկա կրիտիկական զանգված, և առաջիկա մեկ-երկու տարում փոփոխություն իրականացնել գրեթե անհնար է»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։ Նա միևնույն ժամանակ շեշտում է, որ մենք հիմա թևակոխում ենք վտանգավոր մի փուլ, երբ անցած կլինի էյֆորիան և կգա սառը դատողությունների, հաշվարկների ժամանակը․ «Այն, ինչ կոչում ենք հակահեղափոխություն, անպայման գլուխ է բարձրացնելու, քանի որ այն ուժերը, որոնք մեկ տասնյակից ավել տարի իշխանության գլուխ էին կանգնած, մեկ անձի փոփոխությամբ չեն պայմանավորելու իրենց հեռացումը քաղաքական դաշտից և ոչ միայն»։ Մեր զրուցակիցը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա համակիրները ներկա պահին հնչեցնում են հեղափոխական լոզունգներ՝ ընդհանուր դրույթներով, բայց որևէ առարկայական խոսակցություն չի եղել, թե ինչ է կատարվելու համակարգի հետ․ «Նիկոլ Փաշինյանը պետք է ապացուցի, որ այն, ինչ իրագործեց, ընդ որում՝ իրագործեց ժողովրդի աջակցությամբ, արժանի է հեղափոխություն կոչվելու։ Մենք հաղթել ենք ճակատամարտը, բայց պատերազմը դեռ առջևում է»։ Նա հավելում է, որ եթե Ն․Փաշինյանը կարողանում է երկրից մաքրել աղբը, նա կկարողանա երկիրն ազատել նաև գարշահոտությունից։

Աննա Բաբաջանյան

ԱԺ նիստը ինքնախարազանման, ինչնամերկացման ու քաղաքական մազոխիզմի եզակի դրսեւորում էր. Հովիկ Չարխչյան

4 Մյս

Նախօրեին իրավունքի ուժով գումարված հատուկ նիստին Ազգային ժողովը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու՝ 45 կողմ, 56 դեմ քվեարկությամբ: Դեմ քվեարկեց մասնավորապես ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունները: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ:
-Պարո՛ն Չարխչյան, Ազգային ժողովը, մասնավորապես ՀՀԿ-ն` մեկ բացառությամբ, դեմ քվեարկեց վարչապետի թեկնածությանը: Ի՞նչ տպավորություն ունեք այս պրոցեսից:
-ՀՀԿ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի դեմ չէր: ՀՀԿ-ն քվեարկեց ժողովրդի կամքի դեմ` ապացուցելով, որ ինքը հակաժողովրդական երեւույթ է: Երկիրը վարչապետը չէ, երկիրը ժողովուրդն է: Մերժել նրա ցանկությունները, նշանակում է ոտքի տակ տրորել ազգային ու պետական շահերը: Աթոռներից կառչած մնալու հիվանդագին մոլուցքը կուրացրեց առողջ բանականությունը եւ խլացրեց իրավիճակը սթափ գնահատելու ինքնապաշտպանական բնազդը: Հիմա ՀՀԿ-ին այլեւս գերեզմանափոր պետք չէ: Այդ վայրկյանից ի վեր նրանք սկսել են փորել սեփական գերեզմանները: Բայց արդեն ոչ ոք հանգուցյալի համար արցունք թափելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ պատճառ:
-Ի՞նչ կասեք նախօրեին Ազգային ժողովում հատուկ նիստի ժամանակ հնչած ելույթների առնչությամբ:
-Ազգային ժողովի նիստը` թե՛ Նիկոլ Փաշինյանի ելույթով, թե՛ հարցուպատասխաններով, թե՛ առանձին պատգամավորների տեսակետների շարադրմամբ, անչափ կարեւոր էր: Կարեւոր էր առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր փողոց են դուրս եկել: Այդ հազարավոր մարդիկ մեկ անգամ եւս համոզվեցին, թե 10 տարի շարունակ այս երկիրն ինչ կեղտի մեջ է թաթախված եղել, եւ ովքեր են եղել այդ աղտեղության արտադրողները: Սրանից էլ ավելի ամրապնդվեց այն համոզմունքը, որ ախոռները մաքրել է պետք եւ անհապաղ: Ընդ որում, պետք է մաքրել մաքրություն իրականացնելու բոլոր հնարավոր ձեւերով ու եղանակներով: Խորհրդարանը նաեւ ցուցադրեց, թե ում տնօրինությանն ենք հանձնել մեր երկրի ճակատագիրը, եւ դա ինչպիսի մեծ ողբերգություն է ցանկացած ժողովրդի համար: Ավելի մեծ, ծանր ու կործանիչ հարված իշխանական թեւը հազիվ թե կարողանար ստանալ մեկ ուրիշից, որ նա ստացավ ինքն իր ձեռքից: Սա ԱԺ հատուկ նիստ չէր միայն: Սա ինքնախարազանման, ինքնամերկացման ու քաղաքական մազոխիզմի եզակի դրսեւորում էր: Այս պահից ի վեր մենք կարող ենք խոսել ոչ միայն համաժողովրդական շարժման կարեւորության, այլեւ այն մասին, թե անձնապես յուրաքանչյուրիս համար որքան մեծ կարեւորություն ունի այդ շարժման հաղթանակը, քանի որ դա բերելու է ոչ միայն նոր իշխանություն, այլեւ երկրի օդափոխություն: Ինչ-որ մեկը կարող է չսիրել Նիկոլին, բայց այդ մեկը չի կարող հրաժարվել իր թոքերն ու շնչառական համակարգը ախտահանելու հնարավորությունից:
-Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանի հնչեցրած փաստարկների կապակցությամբ, դրանք, ըստ Ձեզ, համոզի՞չ էին:
-Որտե՞ղ պիտի Նիկոլ Փաշինյանը համոզեր` խորհրդարանու՞մ, թե՞ հրապարակներում: Երբ շարժումը սկսեց, այն օրերին եւս համոզում էր: Ո՞վ լսեց, ո՞վ համոզվեց: Շատ քչերը: Բայց նա եկավ ու համոզիչ դարձավ հազարավորների համար: Հիմա նույն պատկերը կրկնվում է Ազգային ժողովում: Ու՞մ պիտի համոզեր Նիկոլն այստեղ. ՀՀԿ-ականների՞ն, որոնք առանց Փաշինյանի խոսքը լսելու արդեն նիստի էին ներկայացել պատրաստի գրավոր ելույթներով եւ այնտեղ արդեն գրել էին, որ Նիկոլի խոսքն իրենց համար համոզիչ չէր: Երեկ գրել էին, որ այսօր չի համոզել: Եվ այս ամենով հանդերձ այլեւս էական չէ` Նիկոլը համոզի՞չ էր, թե՞ ոչ: Էականն այն է, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու խնդիր ի սկզբանե դրված չէ:
-Հիմա ո՞րը պետք է լինի ժողովրդի անելիքը:
-Ժողովուրդը պիտի անի այն, ինչ արդեն անում է: Ամեն օր, ամեն ժամ պայքարել սեփական իրավունքների, երկրի բարեկեցության ու անվտանգության համար: Դա մի պայքար է, որը երբեք ավարտ չի ունենում:

Աննա Բաբաջանյան31711038_1734287209985671_5151390178618638336_n

%d bloggers like this: