Tag Archives: Նիկոլ Աղբալյան

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ

29 Մրտ

Ամեն մարդ իր խաչն ունի կրելու այս աշխարհում: Իմ խաչը ես տանում եմ արիաբար և կուզեի, որ դու ևս քոնը կրել կարողանաս: Բոլոր կյանքերը նույն արժեքն ունին հավերժության տեսակետով: Բայց վերջապես մարդկային է կամենալ, որ փուշ չլինենք կյաքնում… կամ տատասկ: Մի տարածություն է, որ պիտի լցվի` ծնունդից մինչև մահ. բայց ներելի է ցանկանալ, որ այդ տարածությունն անցնենք առանց չարիք բերելու մեր կողքից անցնողներին: Պետք է սովորել տառապանքի քաղցրության: Ոչ մի կերպ տառապանքն ավելի անարժեք է, քան հաճույքը. երկուսն էլ ստեղծագործ կարողություններ են և կարող են խորին վայելք տալ մարդուն: Անկասկած, մենք մարդ ենք, և կպատահի, որ խաչի ճամփին նախանձով նայենք վայելքի անձնատուր մարդուն կամ վայելքի սեղանի վրա նախանձենք անապաստան դերվիշին, որ ազատ է շատ մտահոգիչ հույզերից, բայց կարևորն այն գործն է, որ տրվում է մեզ ճակատագրով…

1927 թ, դեկտեմբերի 30
ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ նամակը կնոջը` Հրարփիին09d586d4bbd4bfd588d4bcd4b1d582d4b2d4b1d4bcd585d4b1d586

ՉԱՐԵՆՑ ԵՎ ԶԱՎԱՐՅԱՆ

23 Հկտ

Ինչպես հայտնի է, 1920 թ. հունվարի 1-ին Եղիշե Չարենցը նախարար Նիկոլ Աղբալյանի հրամանով նշանակվեց Հանրային կրթության և արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով կոմիսար: Այս շրջանի նրա գործունեությունը դեռևս ամբողջապես ուսումնասիրված չէ: Սակայն մի փոքրիկ դրվագի մասին արժե այսօր հիշատակել:

Արխիվային ֆոնդերում պահպանվել է գրությունների մատյան, որտեղ 1920 թ.  հունիսի 3-ին կատարվել է հետևյալ գրառումը. «Արտաքին գործոց մինիստր պ. Համազասպ Օհանջանյանին պահանջ. N2181 չեզոք շրջանի Այգահատ գյուղի  Սիմէոն Զավարյանի անունով դպրոցի տնտեսական ծախքերը հոգալու համար: Գումարը՝ 2400 ռ.»: Այս գրության դիմաց շեղ, անբնորոշ թեքությամբ գրված է. «Չարենց»:

Ի՞նչ կրող է սա նշանակել: Հայտնի է, որ պաշտոնի բերումով Չարենցը շատ անգամներ գործուղվում էր տարբեր բնակավայրեր` այս կամ այն հանձնարարությունը կատարելու համար: Սրա հետ մեկտեղ նախարարության տարեկան աշխատանքային ծրագրում կարդում ենք. «Հանրային կրթության և արվեստի մինիստրությունը պարտականություն է համարում հոգալ այն ծնողազուրկ զավակների մասին, որոնց ծնողները զոհ են գնացել պատերազմի դաշտում Հայաստանի ազատագրական պայքարին: 1920  ուսումնական տարվա ընթացքում պետական գանձարանի հաշվին ձրի դասական պիտույքներ մատակարարել կամավորների, զինվորների, սպաների, բժիշկների և գթության քույրերի զավակներին, որոնց ծնողները զոհ են գնացել  պատերազմի դաշտում սկսած 1914 թ. սեպտեմբերի 1-ից»:

Չեզոք գոտու Այգահատ գյուղը նախկին Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառում գտնվող Այգեհատ բնակավայրն է, հետագայում Թումանյանի շրջանի Դանուշավան գյուղը: Հենց այդ գյուղում է ծնվել հասարակական-քաղաքական գործիչ Սիմոն Զավարյանը: Պետք է ենթադրել, որ հենց Չարենցին է վստահվել Զավարյանի անվան դպրոցին օգնություն ցուցաբերելու գործը:pizap.com13825297587281

ԻՆՉՊԵՍ ԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑԻՆՔ

6 Փտր

Հայտնի է, որ անցյալ դարասկզբին Անիի ավերակներն ու նրան հարող տարածքները գտնվում էին Ռուսաստանի Կայսերական հնագիտական ընկերության հովանու ներքո, ուր պեղումներն իրականացնում էր մեծանուն գիտնական, պրոֆեսոր Նիկողայոս Մառի հնագիտական արշավախումբը:
Հայ հասարակությունը ուշի ուշով հետևում էր այդ աշխատանքներին` յուրաքանչյուր նոր հայտնագործությանն արձագանքելով առանձնակի ոգևորությամբ, իսկ երբեմն իրենց զգացմունքներին տալով հիվանդագին հնչերանգներ: Պեղումների նկատմամբ անտարբեր չէին նաև ռուս բարձրաստիճան անձինք, որոնք պարբերաբար տեղեկանում էին դրանց ընթացքին և նոր բացահայտումներին:
1913թ. ամռան սկզբին Մառը ժամանում է Թիֆլիս և իսկույն ուղևորվում Անի` պեղումները շարունակելու: Մեկ ամիս անց տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Անի է այցելում Կովկասի փոխարքայի քաղաքացիական մասի օգնական Վատացին` Կարսի նահանգապետի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ: Ահա այստեղ էլ տեղի է ունենում մի անախորժ միջադեպ, ինչը պատրվակ է դառնում աննախադեպ սկանդալի: Միջադեպի մանրամասները հետևյալն կերպ են ներկայացվել այն օրերի հայ մամուլում:
Սենատոր Վատացիին և բարձրաստիճան հյուրերին դիմավորելու համար ընդառաջ է գնում Անիում Էջմիածնի միաբանության ներկայացուցիչ Միքայել վարդապետը: Սենատորը կոպտորեն ընդհատում է ողջույնի խոսք ասող հոգևորականին` պատասխանելով, թե իր համար տարօրինակ է, երբ իրեն ընդունում է Էջմիածնի ներկայացուցիչը, որին Անիում ոչինչ չի պատկանում, քանի որ հնագույն մայրաքաղաքի ամբողջ տարածքը պետության ենթակայության ներքո է:
Վերոհիշյալ դեպքը թերևս դիտվեր իբրև մասնակի անախորշություն, և բազմապիսի մեկնաբանությունների չարժանանար, եթե դրան չհաջորդեին իշխանությունների դրդմամբ Մառի` Միքայել վարդապետին ներկայացված պահանջները` հանձնել Անիի բանալիները և հեռանալ քաղաքից: Պատահածը, որն արդեն չէր կարող դիտվել որպես բարձրաստիճան պաշտոնյայի կամակորություն, այլ պետական կոշտ մոտեցման արդյունք էր, առաջ է բերում հայ մտավորականության, եկեղեցու, ինչպես նաև ազգայնականների բուռն վրդովմունքը` հատարվածի հետ մեկտեղ թարմացնելով հին մեղքերը:
Առաջին արձագանքները հնչում են Էջմիածնից, ուր կատարվածն ընկալվել էր իբրև վիրավորանք պետականությունից զրկված ժողովրդի հանդեպ, և եկեղեցին պատրաստվում է իրավաբանորեն ապացուցել իր իրավունքները: Այնուհետև ընդվզում է մամուլը: Առանձնապես «Մշակում», «Հորիզոնում», «Կովկասի լրաբերում», մյուս պարբերականներում ևս իրար են հաջորդում անհաշտ, հասարակական վրդովմունքով համեմված հրապարակումներ: Շուտով այդ ելույթները ձեռք են բերում նոր որակներ, որոնցում ոչ միայն փոխվում են հարցադրումները, այլև նյութն ընդգրկում էր նախապատմություն ունեցող մեկ այլ կռվան: Առաջին պլան է մղվում Անիի պեղումների նախաձեռնող և իրականացնող Նիկաողայոս Մառի անձն ու գործունեությունը:
Հարձակողական տրամադրված բանավիճողների մեծ մասը մեղադրում է Մառին այն բանում, որ նա համարձակվել է հայտարարել, թե հնագիտական պեղումների ժամանակ Անիում նշմարել է վրացական, արաբական և թաթարական մշակույթի հետքեր: Այս ոգով տրամադրվածների առաջնորդը գրականագետ, հասարակական գործիչ Նիկոլ Աղբալյանն էր, որին էլ բաժին է հասնում ընդդիմախոս թևի անսանձ գրոհների մեծ մասը: Վերջիններս, ընդհակառակը, աստվածացնում էի Մառին և գտնում, որ նա անգնահատելի ծառայությունը խնկարկման է արժանի` չմոռանալով հիշեցնել նաև, որ դրանից մի քանի տարի առաջ, երբ Մառը փորձեց հիմնավորել 4-րդ դարում հայ մշակույթի ազդեցությունը վրացականի վրա, բազմավաստակ գիտնականը ստիպված էր ճաշակել վրաց մեծապետականների հայհոյանքներն ու մամուլի արշավանքը:
Երկրորդ հիմնական մոտեցումը խնդրին հետևյալն էր. բանակռվի մասմակիցների մեծ մասը գտնում էր, որ Անիի ավերակները խնամել և լիովին ուսումնասիրել կարող է միայն Կայսերական հնագիտական ընկերությունը, քանի միայն նա ունի նյութական բավարար միջոցներ և այնպիսի բանիմաց մասնագետներ, ինչպիսիք են Ն. Մառը, Հ. Օրբելին, որոնք ի զորու են մոռացության փլատակներից հանել հայ մշակույթի ուսումնասիրման առատ նյութեր և նրանց պահպանման համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Միաժամանակ, այդպես կարծողները դատափետում էին Էջմիածնին` պատճառաբանելով, թե նրա տնօրինության տակ գտնվող բազմաթիվ պատմական կոթողներ առանց այդ էլ վերածվում են ավերակների: Հակառակ թևում գտնվողները համաձայն էին, որ «ազգային արժեքները ձեռքից գնում են», և անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռք առնել այն կանխելու համար: Եվ եթե սրանք երբեմն մեղադրում էին եկեղեցուն, ապա միայն այն բանի համար, որ վերջինս շրջահայաց չի եղել` ժամանակին այդ տարածքները վարձակալելու համար:
Բազմաշերտ այս բանավեճը ձգվեց բավական երկար: Եվ այսօր, թերթելով անցյալի խունացած էջերը, ցավով ենք արձանագրում, որ անցան տարիներ, և կատարվեց այն, ինչը չէին կարող ենթադրել բոլոր նրանք, ում համար թանկ էր Անիի ճակատագիրը: Պետրոգրադից Թիֆլիս տեղափոխելու ճանապարհին անհետացավ Անիի ողջ գիտական արխիվը` հազարավոր փաստաթղթեր, գծագրեր, օրագրեր, լուսանկարներ: 1918-ին թուրքերը գրավեցին քաղաքը` ավերելով ու փլատակների վերածելով անգնահատելի արժեքները, իսկ երկու տարի անց այն արդեն կտրվեց Հայաստանից` դառնալով կորսված հայրենիքի մի բեկորը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ

4 Նյմ

… Մեր անհատապաշտ դարում հաճախ է պատահում, որ մարդիկ ընկերանում են` առանց մտածելու, թե ընկերությունը փոխադարձ զիջում է, որ կամ պետք է սիրով կատարել կամ արդարությամբ: Լավ է, անշուշտ, որ սիրով կատարվի, այն ժամանակ հաշիվ չի պահվի, ինչպես մայրն իր երեխայի հանդեպ, բայց գոնե արդարությամբ պետք է զիջեն կողմերը, որ կարենան հաշտ ընթանալ: Զուր չէ, որ լուծ են ասել ամուսնության մասին, կամովին առած լուծ` կյանքի ակոսը վարելու: Բարդ է նոր մարդու հոգին և շատ զգայուն, սերն անշուշտ ամենագետ է և կարող է ամեն սուր անկյուն մաշել մեղմորեն, բայց սերն այնքան նույնացած է հիմա սեռի հետ, որ անտեսվում է և է մարդու աչքին երևում, որ կարող է կորցնել իր թարմությունը: սիրելով պետք է առնել և ոչ կին սիրելով մարդ որոնել նրա մեջ: Երբ մարդը սիրվի կնոջ մեջ` նա վախ չունի տարիքից, որին օգնել չեն կարող ոչ հագուստի նոր ձևը և ոչ շպարը…
Երկար ապրելու չեք. ամենաշատը հարյուր տարի. ուրիշ անգամ աշխարհ գալու չեք. այս է, որ կա. հետո գալու է հավերժական խավար և հանգիստ: Պետք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամփան. հաշտ ու համերաշխ: Եթե մարդիկ սովորություն դարձնեն վշտի, բարկության, սրտնեղության և սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջևները մահ կա` ամեն ինչ կդյուրանա և անսահման ներողամտությամբ կհամակվեն և թեթև կապրեն այս աշխարհում: Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունորեն բարձրացնում է ամեն մի վայելքի և հաճույքի արժեքը: Եթե մտածենք, որ այսօրը անցնում է և վերադարձ չունի` պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնություն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանավանդ մեր սիրածին: Ինչ պիտի տար սրտնեղությունը, վիրավորանքը, անուշադրությունը, արհամարհանքը, մռայլ կնճիռը, զայրացկոտ խոսքը, հարգանքի պակասը, հնարավորի մերժումը և սրանց նման աննշան բաները, որ խանգարում են սիրած մարդոց ներդաշնակությունը. հավիտյան ապրելու՞ ենք, միշտ երիտասա՞րդ պիտի մնանք, դյուրի՞ն է լավ կին ու բարեկամ գտնելը. տիեզերական ուժերը վարում են մեզ դեպի մահ, ինչու՞ իրար սիրտ կոտրենք այդ խուճապի մեջ, ինչու՞ իրար չօգնենք, իրար վրա չգուրգուրանք, իրար չսիրենք, խեթ-խեթ իրար նայելով, իրար զարկելով, իրար սիրտ կոտրելով ավելի դանդա՞ղ պիտի վարե տիեզերքը մեզ դեպի մահ, նա, որ չգիտե իսկ, թե մարդիկ սիրել ու ապրել գիտեն…

%d bloggers like this: