Tag Archives: ներշնչանք

ՉԵԶԱՐԵ ԼՈՄԲՐՈԶՈ

26 Հլս

ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԵԼԱԳԱՐՆԵՐԻՆ

Ինչքան էլ դաժան ու տխուր լինի նման պարադոքսը, սակայն դիտարկելով այն գիտականորեն` մենք կտեսնենք, որ որոշ իմաստով այն լրիվ հիմնավոր է, չնայած առաջին հայացքից անհեթեթ է թվում:
Մեծ մտածողներից շատերը խելագարների նման ենթակա են մկանների ջղաձգման ու տարբերվում են կտրուկ, այսպես կոչված «խորեիկ» մարմնաշարժումներով: Այսպես, պատմում են, որ Լենաուի և Մոնտեսքոյի գրասեղանների մոտ` հատակին կարելի էր տեսնել փոսընկածություն, որ առաջացել էր նրանց ոտքերի անընդհատ դոփդոփումներից: Բյուֆոնը մի անգամ մտածմունքների մեջ բարձրացել էր զանգակատուն և այնտեղից իջել պարանով` լրիվ անզգայության մեջ, ինչպես լուսնոտը` նոպայի պահին: Սանթեյլը, Կրեբիլիոնը, Լոմբարդինին տարօրինակ, ծամածռության նմանվող դիմախաղեր ունեին, Նապոլեոնը տառապում էր աջ ուսի և շրթունքների մշտական ցնցումներով, իսկ կատաղության նոպայի պահին ցնցվում էր նաև փորոտիքը: «Ես հավանաբար խիստ բարկացած էի,- խոստավանել է նա մի անգամ Լոուի հետ թունդ վիճաբանելուց հետո,- որովհետև զգում էի իմ փորոտիքի ցնցվելը, ինչը վաղուց չէր եղել»: Պետրոս Մեծը տառապում էր դեմքի մկանների մշտական ցնցումներով, ինչը սարսափելի այլանդակում էր դեմքը: «Կարդուչիի դեմքը,- ասում է Մանտեգացան,- ժամանակ առ ժամանակ փոթորիկ էր հիշեցնում, աչքերից կայծեր էին ճայթում, իսկ մկանների ցնցումները նմանվում են երկրաշարժի»:
Ամպերն այլ կերպ չէր կարողանում խոսել, քան քայլելով և բոլոր անդամները շարժելով: Հայտնի է, որ մեզի սովորական բաղադրությունը և հատկապես նրա մեջ միզանյութի պարունակությունը նշանակալիորեն փոխվում է մոլագարության նոպաներից հետո: Նույնն է նկատում նաև մտավոր պարապմունքներից հետո: Շատ տարիներ առաջ Հոլդինգ Բյորդը դիտարկել է, որ ողջ շաբաթը հանգստացող և միայն կիրակի օրերը մեծ ոգևորությամբ քարոզող մի քարոզչի մեզի մեջ հենց այդ (կիրակի) օրերը մեծանում էր ֆոսֆորաթթվային աղերի պարունակությունը, այն դեպքում, երբ սովորական օրերին այն չնչին էր: Հետագայում Սմիթը բազմաթիվ դիտարկումներով հաստատեց, որ ցանկացած մտավոր լարվածության պահին մեզի մեջ միզանյութն ավելանում է և որ այս իմաստով հանճարեղության և խելագարության նմանությունն անվիճելի է:
Միզանյութի նման աննորմալ առատության կամ` ավելի շուտ կենդանի գոյերի ողջ աշխարհը կարգավորող ուժի և մատերիայի հավասարակշռության օրենքի այս նոր ապացույցի հիման վրա կարելի է և այլ, ավելի զարմանահրաշ համանմանություններ ապացուցել: Օրինակ, ճերմակելն ու ճաղատանալը, մարմնի նիհարությունը, ինչպես նաև վատ մկանային ու սեռական գործունեությունը, որ հատուկ են բոլոր խելագարներին, շատ հաճախ են պատահում նաև մեծ մտածողների մոտ: Կեսարը վախենում էր դժգույն և նիհար Կասիուսներից: Դ,Ալամբերը, Ֆենելոնը, Նապոլեոնը երիտասարդ տարիքում կմախքի պես նիհար էին: Վոլտերի մասին Սեգյուրը գրում է.«Նիհարությունն ապացուցում է, թե ինչքան շատ է նա աշխատում, հոգնատանջ և կորացած մարմինը միայն թեթև, համարյա թափանցիկ շղարշ է, որի միջով կարծես տեսնում ես այդ մարդու հոգին ու հանճարը»:
Գունատությունը միշտ էլ մեծ մարդկանց մենաշնորհն ու նույնիսկ զարդն է համարվել: Բայց այս մտածողներին, ինչպես խելագարներին, հատուկ են ուղեղի մշտական չափազանց լցվածությունը արյամբ (գերարյունություն, հիպերեմիա), գլխում ուժեղ տաքությունը և վերջույթների սառածությունը, ուղեղի` սուր հիվանդությունների հակվածությունը և սովի ու ցրտի թույլ զգացողությունը:
Հանճարների, ճիշտ, ինչպես խելագարների մասին կարելի է ասել, որ նրանք ողջ կյանքում լինում են միայնակ, սառը, անտարբեր` ընտանեկան և հասարակական պարտականություններին: Միքելանջելոն միշտ կրկնում էր, որ իր արվեստը փոխարինում է կնոջը: Գյոթեն, Հայնեն, Բայրոնը, Չելինին, Նապոլեոնը, Նյուտոնը թեև նույնը չէին ասում, սակայն իրեն արարքներով ավելի վատն էին ապացուցում:
Քիչ չեն դեպքերը, երբ նույն պատճառները (հիվանդություն, գլխի վնասվածք), որ հաճախ խելագարություն են առաջացնում` սովորական մարդկանց հանճարներ են դարձնում: Վիկոն մանուկ հասակում ընկել է շատ բարձր աստիճաններից և փշրել աջ գագաթոսկրը: Գրաթրիուսը, որ սկզբում վատ երգիչ էր, նշանավոր արտիստ դարձավ գլխին գերանի ուժեղ հարված ստանալուց հետո: Երիտասարդ տարիներին խիստ տկարամիտ Մոբիլյոնը իր տաղանդով ճանաչում ձեռք բերեց գլխի վերքից հետո: Այդ դեպքի մասին հայտնած Հալը գիտեր նաև մի կիսախելագար դանիացու, որի մտավաոր կարողությունները փայլուն կերպով արտահայտվեցին երեսուն տարեկանում` աստիճաններով գլխիվայր գլորվելուց հետո (Մոսկվայի մետրոպոլիտ Մակարին այնքան հիվանդոտ ու բթամիտ էր, որ բացարձակապես չէր կարողանում սովորել: Սակայն սեմինարիայի ընկերներից մեկը խաղի ժամանակ քարով հարվածեց նրա գլխին, և դրանից հետո Մակարիի կարողությունները փայլուն կերպով դրսևորվեցին, իսկ առողջությունը ամբողջովին կարգավորվեց):
Սրանից մի քանի տարի առաջ սավոյացի մի ապուշ կատաղած շան կծելուց հետո միանգամայն խելոք մարդ դարձավ իր կյանքի վերջում: Հալեն սահմանափակ թվով մարդիկ գիտեր, որոնց մտավոր կարողություններն արտակարգ զարգացել էին ուղեղի հիվանդությունից հետո:
«Շատ հնարավոր է, որ իմ հիվանդությունը (ողնուղեղի հիվանդությունը) իմ վերջին ստեղծագործություններին ինչ-որ աննորմալ երանգ է հաղորդել»,- զարմանալի պայծառությամբ ասում է Հայնեն իր նամակներից մեկում: Պետք է ընդսմին ավելացնել, որ հիվանդությունն ազդել էր ոչ միայն նրա վերջին ստեղծագործությունների վրա, և դա ինքն էր խոստովանում: Դեռևս մինչև հիվանդության ուժեղանալը Հայնեն գրում էր. «Իմ մտավոր բորբոքումն ավելի շուտ հիվանդության, քան հանճարեղության արդյունք է: Որպեսզի գոնե փոքր-ինչ մեղմանան տառապանքներս, ես բանաստեղծություններ էի հորինում: Այդ սարսափելի գիշերներին ցավից խելագարված իմ խեղճ գլուխը մի կողմից մյուսն է ցնցվում և ստիպում այդ մաշված հիմար կափարիչի դափին հնչել դաժան զվարթությամբ»:
Բիշան և ֆոն-դեր Կոլկը նկատել են, որ ծռված պարանոցով մարդկանց միտքն ավելի սուր է, քան սովորական մարդկանց: Կոնալին մի հիվանդ ուներ, որի մտավոր կարողությունները արթնանում էին վիրահատության պահին և մի քանի հիվանդներ, որ հատուկ ընդունակություններ էին դրսևորում թոքախտի ու հոդատապի առաջին փուլերում: Բոլորը գիտեն, թե ինչ սրամիտ ու խորամանկ են սապատավորները: Ռոկիտանսկին փորձում էր նույնիսկ դա բացատրել, որ նրանց շնչերակը, գլխին գնացող անոթներ առաջացնելով` թեքումներ է ընդունում, որի հետևանքը սրտի ծավալի մեծացումն ու գլխում զարկերակային ճնշման ավելացումն են:
Ախտաբանական (պաթոլոգիական) փոփոխություններից հանճարի այս կախվածությամբ կարելի է բացատրել հանճարեղության և տաղանդավորության տարբերությունը այն իմաստով, որ առաջինը ինչ- որ չգիտակցված մի բան է և դրսևորվում է բոլորովին անսպասելի: Յուրգեն Մայերը ասում է, որ տաղանդավոր մարդը գործում է խիստ մտածված, նա գիտի, թե ինչպես և ինչու է հանգել հենց այդ տեսությանը այն դեպքում, երբ հանճարին դա բոլորովին անհայտ է. ցանկացած ստեղծագործական գործունեություն չգիտակցված է:
Հայդնը իր նշանավոր «Աշխարհի արարումը» սիմֆոնիայի ստեղծումը կապում է վերից առաքված խորհրդավոր ուժի հետ. «Երբ իմ աշխատանքը վատ էր ստացվում,- ասում էր նա,- ես, համրիչը ձեռքիս, հեռանում էի աղոթասենյակ, կարդում էի Աստվածշունչը, և ներշնչանքը նորից այցելում էր ինձ»:
Իտալացի բանաստեղծուհի Միլին իր հրաշք բանաստեղծությունները գրելիս հուզվում է, ճչում, երազում, առաջ վազում և կարծես ընկնավորության նոպայի մեջ լինի:
Այն հանճարեղ մարդիկ, որ հետևել են իրենք իրենց, ասում են, որ ներշնչանքի ազդեցության տակ աննկարագրելի հաճելի տենդային վիճակ են ապրում, որի ընթացքում մտքերը ծնվում են ակամա և աճում իրենք իրենց: Դա հրաշալի ներկայացված է հետևյալ տողերում. «Ներշնչված սիրով` ես ասում եմ այն, ինչ նա է հուշում ինձ»:
Նապոլեոնն ասում է, որ ճակատամարտի ելքը կախված է մի ակնթարթից, ժամանակավորապես անգործության մատնված մի մտքից, որը բարենպաստ պահին փայլատակում է կայծի նման, իսկ արդյունքը լինում է հաղթանակը (Մորո):
Բաուերն ասում է, որ Կուն իր լավագույն բանաստեղծությունները թելադրել է խելացնորությանը մոտ վիճակում: Այն պահին, երբ նրա շրթունքներից դուրս էին թռչում այդ հրաշք տողերը, նա ընդունակ չէր դիտելու ամենապարզունակ բաները:
Ֆոսկոլոն իր գործերից մեկում խոստովանում է, որ գրողի ստեղծագործական ընդունակությունը պայմանավորված է մտավոր բորբոքման (տենդի) հատուկ ձևով, որը հնարավոր չէ սեփական ցանկությամբ առաջացնել: «Ես գրում եմ իմ նամակները,- ասում է նա,- ոչ հայրենիքի համար և ոչ էլ հանուն փառքի, այլ ներքին հաճույքի, որ պատճառում է մեր ընդունակությունների վարժանքը»:
Բետինելին պոետական ստեղծագործությունն անվանում է քուն` բաց աչքերով, առանց գիտակցությունը կորցնելու, և սա, իրոք, ճշմարիտ է, քանզի շատ պոետներ իրենց բանաստեղծությունները թելադրել են քնին նմանվող վիճակում: Գյոթեն նույնպես ասում է, որ պոետին անհրաժեշտ է որոշ ուղեղային ցնցում և որ ինքն էլ իր շատ երգերր գրել է կարծես լուսնոտության նոպայի մեջ:
Կլապշթոքը խոստովանում է, որ երբ գրում է իր պոեմը, ներշնչանքը հաճախ գալիս է քնի մեջ: Վոլտերը քնի մեջ է ստեղծել «Հենրիականի» երգերից մեկը, Սարդինին` ֆլոժալետ (նեյին) նվագելու տեսությունը, Սեկենդորֆը` ֆանտազիայի մասին իր հրաշալի երգը: Նյուտոնը և Կարդանոն քնի մեջ մաթեմատիկական խնդիրներ էին լուծում:
Մուրատորիոսը քնի մեջ լատիներեն հնգոտնյա (ոտանավոր) գրեց` բանաստեղծություններ գրելը թողնելուց շատ տարիներ հետո: Ասում են, որ Լաֆոնտենը քնի մեջ ստեղծեց «Երկու աղավնի» առակը, իսկ Կանդիլյակն ավարտեց նախորդ օրն սկսած դասախոսությունը:
Մոցարտը խոստովանում էր, որ երաժշտական գաղափարներն իրեն հայտնվում են ակամա, ինչպես երազները, իսկ Հոֆմանը հաճախ ասում էր բարեկամներին. «Ես աշխատում եմ փակ աչքերով նստած դաշնամուրի առջև և վերարտադրում եմ այն, ինչ կողքից հուշում է ինչ-որ մեկը»: Լագրանժը գրելու ժամանակ իր մոտ զարկերակի անոմալություն էր նկատում, իսկ Ալֆիերիի աչքերն այդ ժամանակ մթնում էին: Լամարթինը հաճախ ասում էր. «Ես չեմ մտածում, մտքերն են իմ փոխարեն մտածում»:
Ալֆիերին իրեն բարոմետր էր անվանում, քանի որ ստեղծագործական ընդունակությունները փոխվում էին տարվա եղանակների հետ. սեպտեմբերին, չկարողանալով դիմակայել ակամա ներշնչանքին, գրեց վեց կատակերգություն: Իր սոնետներից մեկի վրա նա սեփական ձեռքով գրել է.«Պատահականություն: Ես չէի ուզում սա գրել»: Հանճարեղ մարդկանց ստեղծագործական անգիտակցության այս վիճակը նկատել են դեռ հնում:
Սոկրատեսն առաջինը մատնացուցեց, որ պոետներն իրենց գործերը ստեղծում են ոչ թե ջանքերի ու արհեստավարժության շնորհիվ, այլ բնազդաբար: Նույն ձևով մարգարեներն ասում են հրաշալի բաներ` բոլորովին չգիտակցելով այդ: «Բոլոր հանճարեղ ստեղծագործությունները,- ասում է Վալտերը Դիդրոյին գրած նամակում,- ստեղծված են բնազդաբար: Ողջ աշխարհի փիլիսոփաները միասին չէին կարող գրել «Կենդանիների ժանտամահը», որ Լաֆոնտենը թելադրեց` մի կարգին չիմանալով, թե դրանից ինչ դուրս կգա: Կոռնելը իր «Հորացիոսը» գրեց այնպիսի բնազդով, ինչպես թռչունն է իր բույնը հյուսում»:
Այսպիսով, մտածողների մեծագույն գաղափարները, որ նախապատրաստված էին, այսպես ասած, արդեն ստացած տպավորություններով և սուբյեկտի բարձրագույն զգայական կազմակերպմամբ, ծնվում են հանկարծակի և զարգանում այնքան չգիտակցված, որքան խելագարների արարքները: Նույն չգիտակցվածությամբ է ապացուցվում հայտնի համոզմումքները ֆանատիկորեն յուրացրած մարդկանց նույն համոզմունքների աննկունությունը: Սակայն երբ անցնում է էքստազի, ներշնչանքի պահը, հանճարը վերածվում է սովորական մարդու կամ ընկնում ավելի ցած, քանզի հավասարաչափության (հավասարակշռության) բացակայությունը հանճարի նշաններից մեկն է: Դիզրայելին լավագույնս է արտահայտել այդ` նշելով, որ Շեքսպիրի ու Դրայդենի մոտ կհանդիպես նաև անչափ վատ բանաստեղծությունների: Նկարիչ Տինտորետոյի մասին ասում էին, որ դա մերթ բարձր է Կարաչիից, մերթ նվաստ Տինտորետոյից:
Կասկած չկա, որ նոպայով բռնված խելագարի և մտածող ու ստեղծագործող հանճարի միջև լրիվ նմանությունն առկա է: Հիշեցնենք լատինական ասացվածքը. «Գտնել»:
Ահա թե ինչպես է Տասոյի վիճակը նկարագրում բժիշկ Ռևեյլե-Պարատը. «Զարկերակը` թույլ և անհամաչափ, մաշկը` գունատ, սառը, գլուխը` տաք, շիկացած, աչքերը` փայլուն, արնակոլոլ, անհանգիստ, այս ու այն կողմ վազող: Ստեղծագործական պահն ավարտվելուց հետո ինքը` հեղինակն էլ չէր հասկանում այն, ինչ շարադրել էր մի րոպե առաջ»:
Մարինին «Ադոնիսը» գրելիս չնկատեց, որ այրել է ոտքը: Տասոն ստեղծագործելիս խելագարի էր նման: Բացի այդ, ինչ- որ բան մտածելիս շատերն արհեստականորեն ուժեղացնում էին արյան հոսքը դեպի ուղեղ, ինչպես օրինակ, Շիլլերը, որը ոտքերը սառույցի մեջ էր դնում, Պիտը և Ֆոկսը, որ իրենց ճառերը նախապատրաստում էին չափազանց շատ պորտեր (գարեջրի տեսակ) խմելուց հետո և Պաիզիելոն, որ ստեղծագործում էր բազմաթիվ վերմակներով փաթաթված: Միլտոնը և Դեկարտը գլխիվայր բազմոցին էին ընկնում, Բոսյուետը հեռանում էր մի ցուրտ սենյակ և գլխին տաք թրջոցներ դնում, Կույասը աշխատում էր գորգին` փորի վրա պառկած: Լայբնիցի մասին ասում էին, թե նա մտածում է միայն հորիզոնական դիրքում: Թոման և Ռոսինին ստեղծագործում էին անկողնում պառկած, Ռուսոն մտածում էր` միջօրեի կիզիչ արևի տակ գլխաբաց կանգնած:
Հավանաբար, սրանք բոլորն էլ բնազդաբար օգտագործում էին այն միջոցները, որ ժամանակավորապես մեծացնում էին արյան հոսքը դեպի գլուխը` ի հաշիվ այլ օրգանների: Ի դեպ, նշվում է, որ հանճարեղ մարդիկ չարաշահում էին սպիրտային խմիչքները: Ալեքսանդր Մեծը հարբած ժամանակ սպանեց իր ընկերոջը, իսկ մահացավ, երբ 10 անգամ դատարկեց Հերկուլեսի գավաթը: Սոկրատեսը, Սենեկան, Ալկվիադեսը, Կատոնը, Մահմուդ 2-րդը այնքան անզուսպ էին, որ մահացան խմելու հետևանքով առաջացած սպիտակ տենդից: Հարբեցողությամբ էին տառապում նաև Բուրբոնսկին, Ավիցենան (Իբն-Սինա), որի մասին ասում էին, որ կյանքի երկրորդ կեսը նվիրեց նրան, որ ապացուցի առաջին կեսում իր կատարած ուսումնասիրությունների գիտական արդյունքների ողջ անօգտակարությունը, և շատ նկարիչներ, օրինակ Կարաչին, Աթենը, Բարբադելին և պոետների մի ամբողջ համաստեղություն` Մյուրժեն, Ժերար դե Ներվալը, Մյուսեն, Կլայստը և Տասոն, որը նամակներից մեկում գրել էր. «Չեմ ժխտում, որ ես խելագար եմ, սակայն ինձ հաճելի է մտածել, որ իմ խելագարությունն առաջացել է հարբեցողությունից և սիրուց, քանզի ես իրոք շատ եմ խմում»:
Քիչ չեն նաև հարբեցող երաժիշտները, օրինակ Դյուսեկը, Դենգելը, Գլյուկը, որ ասում էր. «Միանգանայն արդարացի եմ համարում սիրել ոսկին, գինին և փառքը, քանզի առաջինն ինձ հնարավորություն է տալիս ունենալ երկրորդը, որն էլ ներշնչելով` փառք է բերում»:

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿ

3 Փտր

Գրողի գաղտնիքը ոչ թե ներշնչանքն է, քանզի երբեք պարզ չէ, թե այն որտեղից է հայտնվում, այլ համառությունն ու համբերատարությունը: Թուրքական հիանալի ասացվածքը` ասեղով հոր փորել, ինձ թվում է, ասվել է` մտքում գրողին ունենալով: Հին պատմություններից հավանում եմ Ֆարհատի համբերատարությունը, որ հանուն սիրո լեռներն էր հորատում. ինձ համար հասկանալի է: Իմ վեպում` «Անունս Կարմիր է», գրել եմ հնօրյա պարսիկ մանրանկարիչների մասին, որ տարիներ շարունակ նույն ձին նկարել են միևնույն կրքով` մտապահելով յուրաքանչյուր գիծը, այնպես որ կարող էին հրաշագեղ այդ ձին վերակերտել նույնիսկ փակ աչքերով, և գիտեի, որ խոսում եմ գրողի մասնագիտության ու կյանքիս մասին: Եթե գրողը սեփական պատմությունն է անում, պարտավոր է դանդաղ պատմել, իբր խոսում է ուրիշների մասին, եթե զգում է, որ հոգում ահագնանում է պատմելու ցանկությունը, և սեղանի առաջ պետք է նստի ու համբերատարությամբ նվիրվի այս արվեստին, այս արհեստին, նրան առաջին հերթին անհրաժեշտ է հուսադրել: Ներշնչանքի փերին (որ կանոնավոր այցելում է մի մասին և միայն հազվադեպ` մյուսներին) բարեհաճ է հուսառատների և համարձակների նկատմամբ, այդ ժամանակ է գրողը հատկապես միայնակ և առավել կասկածանքով է վերաբերվում իր ջանքերին, երազանքներին ու գրածի արժեքին` մտածելով, որ իր պատմությունը հենց միայն իր պատմությունն է, և այդ պահերին փերին որոշում է նրան շնորհել պատմություններ, կերպարներ ու երազներ, որ պատկերելու են այն աշխարհը, որը գրողը ցանկանում է կերտել: Երբ հետադարձ հայացք եմ նետում գրքերին, որոնց նվիրել եմ ամբողջ կյանքս, առավել զարմացնում են այն պահերը, երբ զգացել եմ, որ ինձ հրապուրած ու երջանկացրած նախադասությունները, երազանքներն ու էջերը կարծես սեփական երևակայությանս ծնունդը չեն, օտար մի ուժ է գտել և մեծահոգաբար նվիրել ինձ:

* * *
Գրող դառնալու համար միայն համբերությունն ու աշխատասիրությունը բավարար չեն. պետք է զգաս, որ հարկադրված ես խուսափել ամբոխից, ընկերներից, կանոնավոր, առօրյա կյանքից և ստիպված ես փակվել սենյակում: Երազում ենք համբերության և հույսի մասին, որպեսզի ի վիճակի լինենք մեր գրվածքներում ավելի խոր աշխարհ կերտել: Սակայն սենյակում փակվելու փափագն է, որ գործի է դրդում: Անկախ գրողի այս տեսակի, ով սեփական գրքերն ընթերցում է հոգեկան բավարարության համար, ով ականջ դնելով միայն սեփական գիտակցության ձայնին` բանավիճում է այլոց բառերի հետ, ով զրույցի բռնվելով սեփական գրքերի հետ` զարգացնում է սեփական մտքերը և սեփական աշխարհը, գրողի այս տեսակի նախակարապետը, ամենայն հավանականությամբ, Մոնտենն է` ժամանակակից գրականության ամենավաղ շրջանում: Մոնտենն այն գրողն էր, որին հաճախ էր անդրադառնում հայրս, գրող, ում խորհուրդ էր տալիս կարդալ: Շատ կցանկանայի ինձ տեսնել այն գրողների շարքում, ովքեր, աշխարհի որ մասում էլ գտնվեն` Արևելքում, թե Արևմուտքում, կողմ են քաշվում հասարակությունից և գրքերի հետ փակվում են սենյակում: Իսկական գրականության մեկնակետն այն մարդն է, ով գրքերն առած փակվում է սենյակում:

* * *
Բոլորս էլ չափազանց կարևորում ենք կենտրոնակիր աշխարհի գաղափարը: Մինչդեռ այն, ինչը մեզ հարկադրում է տարիներ շարունակ փակվել մեր սենյակում, որպեսզի գրենք, վերջում հակառակ հավատն է ներշնչում. վստահություն, թե մի օր մեր գրվածքներն ընթերցելու և հասկանալու են, որովհետև ամբողջ աշխարհի մարդիկ նման են իրար: Բայց սա, որ գիտեմ թե իմ և թե հորս գրվածքներից, տհաճ լավատեսություն է, սահմանից այն կողմն ուղարկվելու, դուրս թողնվելու զայրույթից առաջացած վախի հետևանք: Սեր և ատելություն, որ ամբողջ կյանքում Դոստոևսկին տածում էր Արևմուտքի հանդեպ, ես էլ բազմաթիվ առիթներով նույն զգացումն եմ ունեցել: Բայց եթե հաջողել եմ ըմբռնել հիմնական ճշմարտությունը, եթե լավատեսության պատճառ ունեմ, արդյունքն է այն բանի, որ մեծ գրողի հետ ճամփորդել եմ Արևմուտքի հանդեպ նրա սեր-ատելություն հարաբերության միջով` տեսնելու նոր աշխարհը, որ նա կերտել է մյուս կողմում:
Բոլոր գրողները, որ կյանք են նվիրաբերել այդ աշխատանքին, տեղյակ են այս իրողությունից, ինչպիսին էլ լինի նախնական նպատակը, տարիների գրողական հուսառատ աշխատանքի արդյունքում կերտած աշխարհը, ի վերջո, այլ` բոլորովին նոր վայր կտեղաշարժվի: Մեզ կհեռացնի սեղանից, որի մոտ աշխատել ենք թախծոտ կամ զայրացած, կտանի թախիծից և զայրույթից անդին, դեպի մեկ այլ աշխարհ… Այս մյուս աշխարհը դյութում է մեզ ինչպես ցամաքը, որ դանդաղ ձև է ստանում` անշտապ բարձրանալով մառախուղի միջից և փայլելով պերճաշուք գույներով` երկարատև ծովային ճամփորդությունից հետո հանկարծակի հայտնված կղզու նման:

«Նարցիս» հանդեսից

%d bloggers like this: