Tag Archives: ՆԱՏՕ

Երբ հզորները գժտվում են

28 Նյմ

Մեծ էր հավանականությունը, որ Վաշինգտոնի կողմից եվրոպական երկրներում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման քայլերն ի վերջո Ռուսաստանի կողմից պիտի ունենային հենց այնպիսի հակազդեցություն, ինչպիսին օրերս հնչեցրեց այդ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Եվ իզուր էր ԱՄՆ-ն այդքան երկար ու համառ պնդում, թե իբր ցանկանում է հիմնել ցամաքային ու ծովային հակարթիռային պաշտպանության համակարգ՝ ՆԱՏՕ-ին և նրա դաշնակիցներին Իրանի ու Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումից պաշտպանելու համար, ինչը բոլորովին էլ ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ: Այն, որ իրանական ու կորեական հրթիռներն ի զորու չեն հաղթահարել նման հեռավորությունը, բոլորը գիտեն: Ու այս կարգի հեքիաթներով ոչ ոք, առավել ևս՝ Ռուսաստանը, խաբվել չի ցանկանում: Փոխարենն ի սկզբանե ակնհայտ էր, որ համակարգի ստեղծման միջոցով ԱՄՆ-ը պարզապես փորձում է փոխել աշխարհի մեծ տերությունների ուժային հավասարակշռությունը: Ահա հենց այս հարցում էլ Մոսկվան հնչեցրեց իր կտրական «ոչ»-ը:
Նոյեմբերի 23-ին նախագահ Մեդվեդևը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, թե ինչ եզրահանգման է եկել Կրեմլը Հոնոլոլոյում Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների ղեկավարների նիստի շրջանակներում Բարաք Օբամայի հետ ունեցած ձախողած բանակցություններից հետո: Նշելով, որ ԱՄՆ-ը, իսկ նրա հետ մեկտեղ նաև ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները լուրջ պատրաստակամություն հանդես չեն բերել, նա ի պատասխան 5 կետից բաղկացած որոշում առաջ քաշեց՝ ԱՄՆ-ի պաշտպանության վահանի տեղակայման դեպքում իր երկրի ռազմական նախաձեռնությունների մասին: Ըստ դրա, Ռուսաստանը երկրի արևմուտքում և հարավում կտեղակայի ժամանակակից սպառազինության հարվածային համակարգեր, որոնք կապահովեն հակահրթիռային պաշտպանության համակարգի եվրոպական բաղադրիչի կրակային խոցումը: Առաջին նման քայլը կդառնա «Իսկանդեր» հրթիռային համակարգի ծավալումը Կալինինգրադի մարզում: Հարավային սահմանների վերաբերյալ առայժմ ստույգ ոչինչ չի ասվել, բայց չպետք է մոռանալ, որ հրթիռային հարձակման նախազգուշացման ռուսական համակարգի գլխավոր բաղադրիչը Գաբալայի կայանն է: Ռուսները նաև խոստացան մշակել միջոցառումների համալիր, որն անհրաժեշտության դեպքում կապահովի հակահրթիռային պաշտպանության տեղեկատվական և կառավարման համակարգերի խափանումը: Մեդվեդևը չբացառեց, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ Ստրատեգիական-հարձակողական զինատեսակների վերաբերյալ պայմանագրից: Ու թեև Ռուսաստանի ղեկավարը կարծում է, որ Նահանգների հետ իրենք դեռ կարող են համաձայնության հասնել, սակայն նրա այս քայլը արդեն իսկ արժանացել է «Սառը պատերազմը վերադառնում է» ահազանգին:
Ասել, թե Մեդվեդևի հայտարարությունները բուռն ռեակցիա առաջ բերեցին ԱՄՆ-ում, այնքան էլ ճիշտ չէ: Ըստ էության Վաշինգտոնը պատրաստ էր լսելու նման պատասխան, այդ իսկ պատճառով էլ թե Պենտագոնի, թե Ազգային անվտանգության խորհրդի ու Պետդեպարտամենտի պաշտոնյաների՝ իրար հաջորդած ելույթներում կրկնվեց այն, ինչն արդեն բազմիցս հնչել էր: ԱԱԽ-ի ներկայացուցիչ Թոմի Վիտորը հայտարարեց, որ ռուսական դիրքորոշումը չի փոխի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր ստեղծելու ԱՄՆ-ի որոշումը: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասաց, որ հիասթափված է Մոսկվայի այս հայտարարությամբ, ու ընդգծեց, որ նման հայտարարություններն իրեն հիշեցնում են «ոչ հեռավոր անցյալը» և հակասում են ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը: Իսկ որպեսզի «ոչ հեռավոր անցյալի» մասին հիշողություններն էլ ավելի շոշափելի լինեին, նախ ԱՄՆ-ն, ապա և Մեծ Բրիտանիան հայտարարեցին Ռուսաստանի հետ ռազմական տեղեկատվության փոխանակման դադարեցման մասին` վերջինիս մեղադրելով Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու մեջ:
Ինչ խոսք, այս կարգի մեղադրանքներն ու դրանց հաջորդած քայլերը ապագայում կբազմապատկվեն ու կծավալվեն, իսկ մինչ այդ բոլորը շարունակում են քննարկել Մեդվեդևի խոսքերը, որոնք նախագահության տարիներին այդ կապակցությամբ նրա կատարած ամենախիստ արտահայտություններն են եղել: Սրա առթիվ «Կամերսանտ» օրաթերթը գրել է. « Մեդվեդևը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անվտանգությանը վնասելու մեջ է մեղադրել և նախատել է նրանց՝ հիշյալ համակարգի էության մասին Մոսկվային երաշխիք չներկայացանելու համար: ԱՄՆ-ը սին հավակնությամբ և որոշ երկրների հրթիռային սպառնալիքի պատրվակներով, իսկ իրականում իր տարածամոլական ծրագրերի համար որոշել է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության վահան տեղակայել»:
Ի դեպ, Մեդվեդևի մեկ այլ նախատինք էլ անմիջականորեն առնչվում էր եվրոպական մի շարք երկրների ղեկավարների ստրկամիտ կեցվածքին: «ԱՄՆ-ի կողմից եվրոպական հակահրթիռային պաշտպանության համակարգը զգալի չափով պարտադրված է Եվրոպային»,- հայտարարել էր ՌԴ նախագահը՝ չտալով անուններն այն ղեկավարների, որոնք, նրա խոսքով՝ գանգատվում էին, թե այդ հարցում իրենք աննշան դեր են խաղում: Ու թեև այժմ արևմտյան դիտորդները նշում են, որ այս կերպ ՆԱՏՕ-ի գործընկերների միջև պառակտում մտցնելով Մեդվեդևը կարող է գրգռել եվրոպական պետություններին, հատկապես խորհրդային բլոկի նախկին անդամներ Լեհաստանին ու Ռումինիային, քանի որ նրանք Իսպանիայի հետ միասին համաձայնություն են տվել իրենց տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղադրիչներ տեղակայելուն, սակայն նրանք էլ երևի հոգու խորքում կիսում են այն կարծիքը, որ Մեդվեդևի խոսքերում ճշմարտության չափաբաժինը նշանակալի է:
Կա նաև ներկա իրավիճակի մեկ այլ մեկնաբանություն, համաձայն որի Մեդվեդևը, ով դեռ երեք տարի առաջ Օբամային կոչ Էր անում «վերաբեռնել» Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները, վերջին ժամանակներս հակված է ձայնակցել վարչապետ Վլադիմիր Պուտինի հակաարևմտյան հռետորաբանությանը: Իսկ նրա վերջին՝ սպառնալից հայտարարությունը գնահատվում է որպես դեկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների և դրանից հետո կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին ներքին լսարանին հաճոյանալու փորձ:
Վերջին մտքի հետ դժվար է համաձայնել, քանի որ իրավիճակը շատ ավելի լուրջ է և շատ ավելի հին արմատներ ունի, քան նախընտրական հռետորաբանության շրջանակներն են թույլատրում: Այդ լրջությունը լիովին զգացող ուժերը ներկա պահին ջանքեր են գործադրում փակուղուց ելք գտնելու համար: Մասնավորապես Ֆրանսիան արդեն կողմերին կոչ է արել «շտապ սառեցնել ուղեղները» հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգերի հարցում, և հիշեցրել է առաջնահերթությունների մասին` «երկխոսություն ու համագործակցություն Ռուսաստանի հետ` ՀՀՊ-ի հարցով»: ՆԱՏՕ- ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, մեկնաբանելով երկրի նախագահի կոշտ հայտարարությունը, ասել է, որ ամերիկյան նախաձեռնությանը Ռուսաստանի ռազմա- տեխնիկական պատասխանը կլինի փուլային ու սա չի նշանակում վերադարձ դեպի սառը պատերազմ։ Սակայն Ռոգոզինն այս անգամ կարծես թե հարթեցրել է սուր անկյունները և փորձել է իրավիճակը ներկայացնել հնարավորինս լավատեսական լույսի ներքո: Մինչդեռ առավել իրատեսական տարբերակ է համարվում այն, որ ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի հարաբերությունների վերսկսմանը դատարկ էջից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչու՞ սպանել Քադաֆիին

3 Մյս

ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Բաբ ալ-Ազիզիա շրջանում գտնվող կառավարական նստավայրի ռմբահարման արդյունքում զոհվեց այդ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի յոթ որդիներից կրտսերը` 29-ամյա Սայիֆ ալ-Արաբը: Սպանվեցին նաև Քադաֆիի երեք թոռները, ինչպես նաև մի քանի ընկերներն ու հարևանները, որոնք այդ պահին գտնվում էին շենքում: Գնդապետ Քադաֆին կնոջ հետ հրաշքով փրկվեց: Նստավայրի ուղղությամբ հրթիռ էր արձակվել: Լսելով Քադաֆիի ընտանիքի անդամների մահվան լուրը` ընդդիմության մայրաքաղաք Բենղազիում ապսատամբները փողոց դուրս եկան և սկսեցին տոնել այդ իրադարձությունը: Ավիահարվածից քիչ անց հեռուստաընկերությունները ցուցադրեցին մեկհարկանի տան մնացորդները, իսկ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հաստատեց, որ մայիսի 1-ի գիշերը Տրիպոլիին մի քանի հարված է հասցվել, սակայն ընդգծեց, որ իրենց թիրախը եղել են օբյեկտները, այլ ոչ մարդիկ:
Արևմուտքն, ինչպես միշտ, անկեղծ չէր: Այն, որ Քադաֆիի դեմ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու ծրագիրը նրանց համար դարձել է առանցքային կարևորության խնդիր, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ այս ռմբահարումն էլ վերջին երկու ամիսների ընթացքում Քադաֆիին սպանելու թվով չորրորդ փորձն էր: Ռազմական գործողությունների հրամանատար, կանադացի գեներալ-լեյտենանտ Շարլ Բուշարը շտապեց կատարվածի առթիվ արդարանալ, թե դաշինքի ղեկավարությունը ափսոսում է «խաղաղ բնակիչների շրջանում մարդկային զոհերի, համար»` հավելելով, որ ՆԱՏՕ-ն լիազորված է գործելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի դրույթների համաձայն: Նմանօրինակ մեկնաբանությամբ հանդես եկավ նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով հայտարարեց, թե ռազմական գործողությունները Լիբիայում չեն հետապնդում «կոնկրետ անձնաց ֆիզիկական ոչնչացումը»:
Ոչ Բուշարի, ոչ Քեմերոնի և ոչ էլ նրանց նախորդների խոսքերը որևէ ընդհանուր բան չունեն ճշմարտության հետ: ՄԱԿ-ի հայտնի բանաձևը կոպտորեն խախտելու հետ մեկտեղ արդեն երկու ամիս շարունակ ուժի անհավասարաչափ կիրառման արդյունքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվում Լիբիայում, և այժմ ակնհայտ է, որ այդ հետևողական սպանդը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ վերջնական նպատակը չի իրագործվել:
Ցավոք, այսօր աշխարհում քչերին է անհանգստացնում նման ընթացքը: Յուրաքանչյուր լռություն իր պատճառներն ունի, յուրաքանչյուր խրախուսանքի թիկունքում քողարկված է Լիբիայի ողբերգությունից օգուտներ կորզելու մղումը: Իսկ եթե ոմանք այնուամենայնիվ դեռ փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել, ապա այդ ընդվզումների համար չափազանց ուշ է: Քչերի թվում է նաև Ռուսաստանը, ով միայն այժմ ամբողջ ձայնով խոսում է Արևմուտքի արաբական արշավանքի անարդարությունների մասին և կասկածի տակ է դնում պնդումներն այն մասին, թե ՆԱՏՕ-ն չի հետապնդում Քադաֆիի ֆիզիկական ոչնչացման նպատակը: Իրերն իրենց անուններով կոչելու համարձակությունն ունեցավ վարչապետ Վլադիմիր Պուտինը` չթաքցնելով իր հեգնանքն ու վրդովմունքը մրցակից տերությունների հանդեպ. «Ասում էին, թե չեն պատրաստվում սպանել Քադաֆիին: Այսօր արդեն որոշ պաշտոնատար անձիք հայտարարոմ են, թե ցանկանում են ոչնչացնել Քադաֆիին: Իսկ ո՞վ է թույլ տվել նրանց: Մի՞թե դատ է եղել: Ո՞վ է իրավունք ստանձնել մահապատժի ենթարկել մի մարդու, ինչպիսին էլ որ նա լինի… Ամեն օր հարվածում են Քադաֆիի նստավայրերի ուղղությամբ: Այդ դեպքում ինչու՞ են հարվածում: Ի՞նչ է, մկներին են այդպիսով քշում», — հարցնում էր Պուտինը` հրաշալի իմանալով իր հարցերի պատասխանը:
Պահանջն այն մասին, որ բոլոր երկրները պետք է գործեն միջազգային իրավունքի շրջանակներում ու սեփական պատասխանատվության գիտակցմամբ, այսօր հնչում է փոքր-ինչ միամիտ ու անհեռանկար: Այդ պահանջը բացակայում է Լիբիայի պարագայում: Այդ պահանջը չէր գործում նաև Իրաքում, Աֆղանստանում, Հարավսլավիայում և բոլոր այն վայրերում, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքը եղել էր ու այժմ էլ շարունակում է մնալ իբրև մի ծանր մահակ, որով ոչ թե պատժում են մեղավորին, այլ հպատակեցնում են անհնազանդներին: Եվ քաղաքակիրթ հանրությունը շարունակում է իր ողջ հզորությամբ հարձակվել է մի երկրի վրա` ոչնչացնելով ամեն բան հանուն կասկածելի, վերացարկված արժեքների: Մինդեռ կա բացահայտ և հասկանալի պատճառը, այն գայթակղիչ պատառը, որի համար հազարավոր մարդկանց արյունն է հեղվում: Խոսքն առաջին հերթին Լիբիայի բնական ռեսուրսների ու ընդերքային պաշարների մասին է: Լիբիան նավթի պաշարների քանակով առաջին տեղն է գրավում աֆրիկյան երկրների շարքում, գազի պաշարներով՝ 4-րդ տեղը։ Իսկ հանուն դրա թանկ չեն ոչ մարդկային կյանքերը և ոչ էլ առավել ևս` Քադաֆիի անձը:
Սպանել Քադաֆիին. ահա թե ինչը կհեշտացնի ցանկալին իրականություն դարձնելու գործը: Իսկ քաղաքներ և նստավայրեր ռմբահարելու պատասխանատվությունը մեծ դժբախտություն չէ, քանի որ հաղթողներին չեն դատում:
«Սա մեր երկրի ղեկավարին սպանելուն ուղղված ուղիղ գործողություն էր: Դա չի թույլատրվում միջազգային օրենքներով: Այս ամենն անթույլատրելի է ցանկացած բարոյական նորմով կամ սկզբունքով: Այն, ինչ մենք հիմա ունենք, ջունգլիների օրենքն է»,- հայտարարում է Լիբիայի կառավարության խոսնակը: Սակայն ո՞վ է նրան լսում: Նույնիսկ ստացվել է այնպես, որ այժմ Քադաֆին է իրավունքի ու ժողովրդավարության դասեր տալիս Եվրոպային ու Ամերիկային: «Այս արկածախնդիրները ցանկանում են մեզ միջնադար նետել, եւ սկսել են վտանգավոր մի պատերազմ, որի նկատմամբ շուտով կկորցնեն վերահսկողությունը»,- ասում է Քադաֆին ու կոչ անում արևմտյան երկրների ժողովուրդներին «իրենց համար նոր առաջնորդներ ընտրել, որոնք կհարգեն երկրների միջև միջպետական հարաբերությունները և կհասկանան միջազգային հարաբերությունների ու միջազգային օրենքների իմաստը»:
Չեն հասկանա, քանի որ երկրները, որոնք հավակնում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր կոչվել, հիմա իրենք են դարձել այդ ահաբեկչությունը նախաձեռնողն ու իրականացնողը: Եվ Քադաֆիին այլ բան չի մնում, քան հետևել նրանց օրինակին, վրեժ լուծել որդու, հարազատների մահվան համար, վրեժ լուծել քաոսի վերածված իր երկրի համար:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Մեր պատասխանը միջազգային ահաբեկչությանը

17 Դկտ

ՀՀ Ազգային ժողովն իր արտահերթ նիստում քննարկեց կառավարության ներկայացրած «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման հարցը: Օրենքի նախագիծն արժանացավ խորհրդարանական բոլոր ուժերի հավանությանը: Սա, իհարկե, զարմանալի համերաշխություն էր, եթե վերհիշենք, թե ի սկզբանե ոմանք ինչպես էին ընդդիմանում խաղաղարարներ առաքելու նախաձեռնությանը: Սակայն հիմա, պարզվում է, կա միավորող դիրքորոշում, համաձայն որի Հայաստանի աջակցությունը կավելացնի մեր երկրի միջազգային հեղինակությունը: Հանուն այդ վերացական ձեռքբերման ներկայումս գերմանական կողմի հետ (որի հրամանատարության ներքո է գտնվում հայկական զորախումբը) վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 5 հրահանգիչների օպերատիվ ուսուցման և փոխգործողության վերաբերյալ: Սա նշանակում է, որ 40 հոգուց կազմված խումբը կհամալվի ևս 5-ով, որոնք կլինեն բացառապես սպա հրահանգիչներ: Սրա հետ մեկտեղ հայկական ներկայությունը կերկարաձգվի ևս մեկ տարով, թեև ՊՆ նախարար Ս. Օհանյանի բացատրությունից դժվար չէր կռահել, որ իրականում հայ զինվորականները պատրաստվում են Աֆղանստանում մնալ մինչև 2014 թվականը:
Այն, որ համանման փոփոխություններ սպասվում էին, պարզ էր դեռևս մեկ ամիս առաջ, երբ նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայացավ Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի գագաթաժողովը: Այնտեղ ելույթ ունեցավ նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ասաց, որ «Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում` անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը աշխարհագրորեն որքան մոտ կամ հեռու է գտնվում»: Ապա նախարարն ընդգծեց, որ այս մտայնությամբ է Հայաստանը միացել անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին և այժմ էլ արտահայտում է պատրաստակամություն` ավելացնել իր մասնակցությունը:
Իհարկե, տվյալ պարագայում մեր երկրի մասնակցությունը նույնիսկ կարելի է դիտարկել իբրև սիմվոլիկ ներկայություն` ոչ միայն թվակազմի սակավության կամ տեղում մատուցվող ծառայությունների առումով: Հայտնի բան է, որ Հայաստանն ուզեր թե չուզեր` պիտի դառնար բաղկացուցիչն այն միջազգային հանրության, որն այս կամ այն կերպ խրախուսում էր ՆԱՏՕ-ի գործողությունները թալիբների դեմ: Եվ ահա այդօրինակ պարտադրված իրավիճակի պայմաններում մերոնք մտածեցին, որ չի լինում չարիք առանց բարիքի ու կարելի է 40-45 հոգու դիմաց ինչ-որ փոխհատուցում պահանջել ռազմատենչ Արևմուտքից: Այնպես որ խոսել, թե Հայաստանն իր լուման է ներդնում Աֆղանստանում ժողովրդավարության հաստատման սրբազան գործում, և միամիտ է, և անիրական:
Ընթացիկ տարվա փետրվարից Աֆղանստանում գտնվող հայկական մարտական ստորաբաժանման խնդիրը Կունդուզ քաղաքից 24 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանի անվտանգությունն ապահովելն է։ Զորախմբի կազմում ընդգրկված են հրաձիգներ, հրաձիգ-վարորդներ, բժիշկներ: Հայ զինվորները գործում են գերմանական համազգեստով ու սպառազինությամբ: Նրանք արդեն հասցրել են համակերպվել տեղի պայմաններին, լուրջ միջադեպերի կամ ընդհարումների չեն մասնակցել և նույնիսկ մատուռ են կառուցել, որի օծումը տեղի ունեցավ ամռանը: Սակայն սա ամենևին չի նշանակում, թե Աֆղանստանը գրկաբաց ընդունել է նրանց և խոտացել է հեռու պահել տհաճ իրավիճակներից: Երկրում այսօր էլ նախկինի պես ամենաիսկական պատերազմ է, իրավիճակը շարունակում է մնալ բարդ ու պայթյունավտանգ: Եվ բոլորովին զարմանալի չէ, որ խոսելով առաքելությունը մինչև 2014 թ. ավարտելու մասին, ՆԱՏՕ-ն միևնույն ժամանակ տարեցտարի ավելացնում է բանակայինների թիվը, ինչն այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 130 հազար զինվոր ու սպա: Սրա հետ մեկտեղ չենք կարող նաև չնկատել, որ մինչ Հայաստանն համալրում է իր կազմը (թեկուզ և 5 հոգով), դաշնակիցներից ոմանք պատրաստվում են ընդհանրապես հեռանալ այնտեղից: Օրինակ, գերմանական զորքերն Աֆղանստանից դուրս կբերվեն 2011 թվականի վերջին: Նույն կերպ կվարվեն նաև բրիտանացիները, ովքեր դուրսբերման գործընթացը կարող են սկսել արդեն 2011 թ. հունվարից: Ստացվում է, որ մենք ամենահավատարիմների շարքում ենք: Իսկ այն մտավախությունը, թե նման ակտիվ ներգրավվածությունը կարող է նաև որևէ ձևով մեզ վնասել, իր սփոփանքն ու բացատրությունն է գտնում իշխանական վերին օղակներում, որտեղ շարունակում են հավաստիացնել, որ ոչ միայն չի խանգարում, այլ ընդհակառակը՝ օգնում է և այն էլ` մի շարք առումներով: Նախ, Աֆղանստանում ունենալով զորախումբ` Հայաստանը կատարում է ռազմական մարտավարության, ստրատեգիայի նորագույն մեթոդիկայի փորձի փոխանակում: Բացի այդ, մերոնք հնարավորություն են ստացել ցույց տալ հայ զինվորի ու սպայի մարտական որակները: Իսկ ասվածին էլ գումարվում է այն, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շահերը պահանջում են տակտիկական նկատառումներից ելնելով մասնակցել այս գործողություններին:
Բայց արի ու տես, որ հասարակության ներսում բոլորովին այլ պատկերացումներ են արմատավորվել խաղաղարար առաքելության առնչությամբ: Աֆղանստան մեկնել ցանկացող հայ երիտասարդների թիվն այնքան մեծ է, որ կարծես խոսքը ոչ թե պատերազմի, այլ հաճելի ուղևորության մասին է: Պաշտպանության նախարարությունում ավելի քան 400 դիմումներ են ստացվել։ Իսկ այստեղ գերազանց հասկանում են, թե հրապուրանքի գաղտնիքն ինչն է: Հայ զինվորներն Աֆղանստանում ստանում են 700.000 դրամ վարձատրություն և հավելյալ 100.000 դրամ, որը նրանց տրվում է Հայաստանում: Այնպես որ, շատերի կողմից մարտական առաքելությունն ընկալվում է իբրև արտագնա աշխատանքի և եկամուտներ ձեռք բերելու այլընտրանքային տարբերակ: Դա է պատճառը, որ շատերը խորին նախանձով են նայում այն երջանիկներին, ովքեր այսօր Կունդուզում են:
Հիշենք նաև, որ Հայաստանը ներկայումս մոտ 70-հոգանոց խաղաղապահ զորախումբ էլ ունի Կոսովոյում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Պարտվածների հաղթանակը

24 Նյմ

Լիսաբոնում իր աշխատանքներն ավարտեց պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպումը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 28 ու գործընկեր 48 երկրների ներկայացուցիչներ: Գագաթաժողովի արդյունքում ընդունվեց եզրափակիչ փաստաթուղթ, որն արդեն ստացել է «Լիսաբոնյան հռչակագիր» անունը: Հենց դրանում են ներառված այն դրույթները, որոնցից այնպես դժգոհ էր Հայաստանը: Մասնավորապես հռչակագրի 35-րդ կետում ասված է. «…Մենք կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կվտանգեն տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև կշարունակենք սատարել այդ տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հաշվի առնելով նշված սկզբունքները»:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին որոշեց չմեկնել Լիսաբոն և իր որոշումը բացատրեց նրանով, թե Հայաստանի համար անընդունելի են հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումները: Իսկ Լիսաբոնյան հռչակագրում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, ինչն, ըստ նախագահի, վատ ազդակ է և կարող է լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:
Այս ամենից հետո խիստ տարօրինակ է, երբ մեր երկրի քաղաքական ուժերի համար էականը շարունակվում է դիտվել ոչ թե ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, այլ նախագահի չմեկնելու փաստը: Ստացվում է, որ Հայաստանում ընդամենը մի մարդ տեսավ ու հասկացավ, թե իրականում ինչ է կատարվում, իսկ մյուսներն ինչպես կային, այնպես էլ մնացին ծնծղաներ զարկողներ, իրենց քաղաքական գիտակցության աստիճանը նախագահին գովերգելու չափաբաժնով որոշող մունետիկներ:
Առաջին անգամ ՆԱՏՕ-ն փոխում է իր վերաբերմունքը Ղարաբաղի խնդրի առնչությամբ: Այդ Դաշինքը, որ վերջին 10 տարիների ընթացքում մշտապես հենվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումների վրա, այս անգամ ոչ միայն ինքնուրույն, այլև ԵԱՀԿ-ից տարբերվող վերաբերմունք է դրսևորում, սակայն դա Հայաստանում քչերի համար է անհանգստության շարժառիթ: Իսկ այդ «դինջ» կեցվածքի պայմաններում նույնիսկ անհրաժեշտություն չառաջացավ խորհելու նաև այն մասին, որ Լիսաբոն չմեկնելը լավագույն լուծում դիտվել չէր կարող թեկուզև այն պարզ պատճառով, որ դիվանագիտության մեջ նեղացածի կեցվածք ընդունելը, ինքնամեկուսացումը բոլորովին էլ շահեկան ու արդյունավետ տարբերակ համարել չի կարելի:
Եվ քանի որ մխիթարական ոչինչ էլ չստացվեց այդ դեմարշից, այժմ էլ նույն ուժերը ջանում են ամեն գնով մեղմել ՆԱՏՕ-ի հռչակագրի ծանրությունը, հարթել դրա սուր անկյունները: Համոզում են, թե իբր վտանգն այնքան էլ մեծ չէ, քանի որ իր թերությունների հետ մեկտեղ այդ փաստաթուղթը կատեգորիկ բնույթի պահանջ կամ նորմ չի սահմանում: Էլ ավելի հեռուն գնացողները քիչ է մնում ապացուցեն, որ Հայաստանի համար դրանից ավելի լավ կոմյունիկե մինչև օրս ոչ եղել է, ոչ էլ կլինի: Վերջիններս մեր կարճատես ուշադրությունն են հրավիրում այն փաստի վրա, թե իբր այստեղ կան ոչ միայն բացասական սահմանումներ: Ճիշտ է, ասում են նրանք, նշվում է, որ հակամարտությունները պետք է լուծվեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, բայց ոչ մի պարագայում դա չի ներկայացվում որպես կարգավորման միակ սկզբունք: Իսկ եթե չի ներկայացվում, կնշանակի ինքնորոշման չգրված իրավունքը գրվածի հաշիվ է:
Հասկանալի է, որ բոլոր այս երևակայական տեսիլքները մեկնաբանելուց հետո անհնար էր չհասնել այն բարձրագույն կետին, որտեղից տեսանելի էր, թե ինչպես է ՆԱՏՕ-ն իր նույն հռչակագրով Ադրբեջանին շատ կարևոր ուղերձներ հղում հանձին այն մտքի, ըստ որի հակամարտությունները պետք է լուծվեն սահմանված ձևաչափերում և միայն խաղաղ ճանապարհով` զերծ մնալով գործողություններից, որոնք կասկածի տակ կդնեն տարածաշրջանային անվտագությունը: Մի խոսքով, սրանից ավելի լավ բան նույնիսկ երազել չէինք կարող: Իսկ երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր բրիֆինգի ժամանակ հայտարարեց, թե Հյուսիսատլանտյան դաշինքը որևիցե դերակարատարություն չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, հայաստանցիների ցնծությունը հասավ իր գագաթնակետին: Նախ միաբերան որոշվեց, որ այդ հայտարարությունն անմիջականորեն կապված է Սերժ Սարգսյանի որոշման հետ, այսինքն մեր նախագահը մի լավ նեղն է գցել Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Եվ հետո սահմանվեց, թե Սարգսյանի Լիսաբոն չգնալը մեսիջ էր Ադրբեջանին ու միջազգային հանրությանն առ այն, որ մեզ հետ չի կարելի խաղ անել:
Իհարկե, ոչ ոք այդպես էլ ինքն իրեն հարց չտվեց այն մասին, որ եթե ՆԱՏՕ-ն իրոք դերակատարում չունի ու հետագայում նույնպես չի պատրաստվում որևէ կերպ միջամտել, այդ դեպքում ո՞րն է նրա հռչակագրի հիշյալ դրույթները սահմանելու իմաստը, ինչու՞ են այնտեղ ընդհանրապես քննության առնում Ղարաբաղի հարցը: Եթե Հայաստանի համար Դաշինքի վերաբերմունքն էական չէ, ապա Երևանն ինչու՞ էր ամիսներ շարունակ խնդրում ու պահանջում, որ ՆԱՏՕ-ն բանաձև չընդունի ու քիթը չխոթի մեր գործերի մեջ: Եվ վերջապես, եթե հայկական կողմը լրջորեն որոշել էր բոյկոտել գաղաթաժողովը, ապա ի՞նչ պատճառով դա չարվեց հիմնավորապես, այլ սոսկ մասնակի` պահեցին նախագահին, բայց ուղարկեցին երկու նախարարներին:
Վերջին օրերի ընթացքում ամենահաճախ կրկնվող միտքը եղել է այն, թե մեր նախագահի կոշտ դիրքորոշումը հաղթանակ է և ոչ թե դիվանագիտական պարտություն: Այսքանից հետո մեզ մնում է միայն ճշտել, թե այդ ու՞մ հաղթեց նախագահը և ինչու՞ մենք ազգովին չենք ցնծում այդ հաղթանակի համար:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՆԱՏՕ-ի անհանգստացնող աջակցությունը

1 Նյմ

Քաղաքական իրադարձությունների և զարգացումների նկատմամբ մեր պահվածքը սկսել է ավելի հաճախ ձեռք բերել ոչ այնքան հաճելի ավանդույթի ուժ: Բանն այն է, որ երբ որևէ միջազգային կառույց (լինի դա ՄԱԿ-ը կամ եվրոպական որևէ կազմակերպություն, Բրյուսելի կամ Ստրասբուրգի մշտական հասցե ունեցող հեղինակավոր հաստատություն) հանկարծ որոշում է Հայաստանին ու մեր խնդիրներին առնչվող ինչ-որ փաստաթուղթ ընդունել, Երևանում առաջին հերթին հիշում են այն մասին, որ այդ կարգի բանաձևերը սոսկ խորհրդատվական կարգավիճակ ունեն և կատարողական գործառույթներ չեն պարտադրում: Նման չհիմնավորված հետ մեկտեղ ի հայտ են գալիս տագնապի նշաններ, որոնք ոչ մի կերպ չեն ներդաշնակում քիչ առաջվա թվացյալ հանգստությանը: Եվ ստացվում է, որ ինքներս էլ չգիտենք` եղածը դատա՞րկ բան է, թե՞ այնուամենայնիվ արժե փոքր-ինչ լրջանալ ու ճիշտ գնահետել իրավիճակը:
Այս անգամ էլ հերթը ՆԱՏՕ-ինն է: Հյուսիսատլանտյան դաշինքի 56-րդ գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 12-16-ը` Վարշավայում, ներկայացվելու է նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև: Այդ փաստաթուղթը կազմվել է կանադացի զեկուցող Ռեյնել Անդրեյչուկի կողմից և բաղկացած է վեց կետերից: Բուն քվեարկությունը կկայանա նոյեմբերի 14-ին, իսկ մինչ այդ օրինագիծը նախ պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի ԽՎ տարբեր հանձնաժողովների մակարդակներով, որից հետո միայն կընդգրկվի լիագումար նստաշրջանի օրակարգ:
Պետք է նկատել, որ սա առաջին լուրջ դեպքն է, երբ ՆԱՏՕ-ն պատրաստվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նախկինում եղել են փորձեր, երբ դաշինքը վերաբերմունք է արտահայտել տարածաշրջանի իրավիճակային փոփոխությունների առնչությամբ, սակայն երբեք բանը չէր հասել բանաձև ընդունելուն: Ավելորդ չէ հիշել նաև այս տարվա ամռանը ծագած համանման կացությունը, որը նույնիսկ ստիպեց ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին նամակով դիմել ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Ջոն Թաներին` կազմակերպությանը խորհուրդ տալով ձեռնպահ մնալ ղարաբաղյան հարցի քննարկումներից: Այն ժամանակ պաշտոնական Երևանը ասում էր, որ դեռևս մայիսին Ռիգայում ադրբեջանական պատվիրակությունն առանձին հանդիպում էր ունեցել Թաների հետ ու առաջարկել Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ պատրաստել հատուկ մի զեկույց ու այն քննարկել վեհաժողովի աշնանային նստաշրջանում: Հայաստանը դրա մասին իմացավ միայն մեկ ամիս անց: Հովիկ Աբրահամյանի նամակը խիստ էր. ,- գրել էր նա: Սակայն, ինչպես տեսնում ենք, ԱԺ ղեկավարի խոսքը Թաների համար փաստարկ չէ:
Հիմա` վեհաժողովից տասն օր առաջ, Երևանում կրկին իրար են անցել, բաժանվել են բանակների ու դեռ կյանքի չկոչված նախագծին արդեն որակումներ են տալիս, ընդ որում, այդ որակումները ցատկոտում են հակահայկականից մինչև պրոհայկականը: Այս անգամ չի սպասվում, կամ, ավելի ճիշտ, իբրև միջին տարբերակ կարող ենք համարել կարծիքներն այն մասին, թե այս բանաձևի քննարկման նպատակը Ադրբեջանի ու Հայաստանի վրա հավասարապես ճնշում գործադրելն է` դեկտեմբերին սկզբին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից առաջ:
Բանաձևի նախագծից դժգոհների հիմնական փաստարկը փաստաթղթի 2-րդ կետում օգտագործված հետևյալ ձևակերպումն է. և այլն: բառի առկայությունն այս դեպքում լիովին բավարար է ասելու համար, որ հայ դիվանագիտությունը կրկին ձախողման եզրին է:
Սրան հակառակ, գոհունակները հղում են կատարում նույն բանաձևի 5-րդ և 6-րդ կետերին, ուր խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ու Հելսինկյան ակտի այն դրույթների մասին, որոնք արձանագրում են հիմնախնդրի լուծման գործընթացում ուժի չկիրառման անհրաժեշտությունը և ազգերի ինքնորոշման սկզբունքի կարևորությունը:
Բայց փոխադարձ մեղադրանքների ու առարկությունների այդ աղմուկի մեջ անլսելի է մնում կարևոր մի հարցի պատասխանը. ինչու՞ ՆԱՏՕ-ն այնուամենայնիվ որոշեց անդրադառնալ Ղարաբաղին: Հայտնի է, որ գոյություն ունի ՆԱՏՕ-ի ԽՎ փորձագիտական խումբ, որը զբաղվում է տարածաշրջանային հիմնահարցերով, սակայն հայտնի է նաև, որ այդ խումբը հիմնականում խուսափում է հակամարտությունների խնդիրների մեջ թաթախվելուց: Բայց հիմա, գերազանց իմանալով, որ բանակցություններն ընթանում են Մինսկի խմբի ֆորմատով, ռազմական բլոկն այնուհանդերձ հարկ է համարել այդ հարցն առանձին քննարկել:
Որոշ վերլուծաբաններ պատճառը պայմանավորում են միմիան Ռուսաստանի հանգամանքով: Ըստ նրանց, Արևմուտքում կարող են լրջորեն անհանգստանալ, որ Մոսկվան զուգահեռ գործընթաց է սկսել և հավակնում է ինքնուրույն խաղալ ամբողջ պարտիան: Գուցե նաև սա՞ է պատճառը, որ բանաձևի նախագծում այնքան հաճախ է հիշատակվում ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարությունների ու խորհրդարանների մասին` կոչ անելով նրանց աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին ԼՂ խնդրի կարգավորման գործում: Իսկ այդ աջակցության հեռանկարը փոխանակ խաղաղեցնելու, առայժմ միայն անհանգստություն է պատճառում: Ամեն դեպքում, հայկական կողմն այս պահին բանաձևի հետ կապված առաջարկներ է մշակում: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին պատրաստվում են նամակ ուղարկել դաշինքի ղեկավարությանը` ներկայացվելիք բանաձևում որոշ ճշտումներ մտցնել հույսով:
Այսքանից հետո հավելենք, որ Հայաստանում համարյա ոչ մեկի համար հետաքրքիր չէ, որ ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում լսվելու են նաև զեկույցներ հետընտարական Ուկրաինայի, Բելառուսում նախընտրական իրավիճակի, Սաուդյան Արաբիայի, Աֆղանստանի առկա կացության, տնտեսական ճգնաժամի շրջանում ՆԱՏՕ-ի ֆինանսական օպերացիաների, մասայական ոչնչացման զենքի դեմ պայքարի և այլ թեմաների շուրջ: Մեզ մոտ բոլորն ուզում են, որ միայն մենք ու մեր խնդիրները լինեն համայն մարդկության ուշադրության կենտրոնում:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

%d bloggers like this: