Tag Archives: նավ

ԱՍՔ ՆԱՎԻ ՄԱՍԻՆ

6 Սպտ

Մեկ տարի առաջ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խումբը Սևանա լճի հատակին մի նավի կմախք գտավ: Խորտակված նավը ուներ մոտ 27-30 մետր երկարություն, 6 մետր լայնություն և մի այդքան էլ բարձրություն: Նավի իրանը տարիների ընթացքում քայքայվել ու կոտրվել էր՝ խրվելով ավազի հաստ շերտի մեջ: Բայց ջրասուզակները, որ հրաշալի գիտեին Սևանում եղած նավերի պատմությունը, անմիջապես կռահեցին, թե ինչ էին գտել: Իսկ դա իսկապես պատմական գտածո էր: Լճի հատակին անշարժացել էր հանրահայտ «Գեղանուշը»:
Նրանք, ովքեր ծանոթ են Կոստան Զարյանի «Նավը լերան վրա» վեպին, անկասկած հիշում են, որ ստեղծագործության հերոսը` նավապետ Արա Հերյանը, Բաթում քաղաքում մի նավ է գնում, գնացքով տեղափոխում է Հայաստան, այնուհետև եզներով քաշում են մինչև Քանաքեռ, սակայն իրադարձությունների կտրուկ փոփոխության արդյունքում նավը մնում է կես ճանապարհին՝ այդպես էլ չհասնելով իր վերջին հանգրվանին: Հայտնի փաստ է նաև, որ այս պատմությունն իրական հիմք ունի: Իրոք, Արաքսի ծանծաղուտներում եղել է այդպիսի լքված մի նավ, որը հետագայում Սևանա լիճ է տեղափոխվել: Խոսքը ռուսական «Սեստրիցա Նյուշա» շոգենավի մասին է: Սև ծովում նավարկող շոգենավը Առաջին համաշխարհայինի տարիներին ցարական իշխանությունները ցանկանում էին Բաթումից Վանա լիճ տանել: Սակայն փոխադրումն իր ավարտին չհասավ ստեղծված բարդ իրավիճակի պատճառով: Այն բերվել էր Երևան, միայն թե սկսվեց հայ-թուրքական պատերազմը, ձեռնարկը կիսատ մնաց և «Նյուշան» նավարկելու փոխարեն մոռացության մատնվեց: Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն իր հուշերում գրում է, որ այն մնացել էր Շահթախթ կայարանում:
Նավի մասին պիտի վերհիշեին միայն 1920 թվականին: Հենց այդ տարվա սեպտեմբերին էլ, ինչպես վկայում են ժամանակակիցները, վերջապես իրականացվում է նավի տեղափոխումը Շարուրից Երևան, իսկ այնտեղից էլ Ելենովկա (Սևան): Վավերագրերում պահպանել են այդ առաքելությունն իրականացնողների անունները` սպա Թումանյանը, Հայաստանի խորհրդարանի անդամ Տիգրան Ծամհուրը (հենց նա էլ նավը վերանվանում է «Գեղանուշ»), ծովակալության սպաներ Գարագաշյանը, Հերյանը: Վերջիններիս մեծապես աջակցել էր տրապիզոնցի Երվանդ Գասպարյանը՝ հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի «Բորժոմ» նավթատար նավի նախկին նավապետը, ով հետո եկել էր Հայաստան և դարձել Սևանա լճում աշխատող «Աշոտ Երկաթ» անունով փոքր ռազմանավի նավապետը։ Եվ այս իմաստով Զարյանի վեպը որոշ առումով ձեռք է բերում փաստագրական բնույթ:file (1)
Սակայն վիպասանի նկարագրած դեպքերից պիտի անցներ ևս երկու տարի, մինչև որ 1922-ի աշնանային մի գեղեցիկ օր հայկական թերթերը հաղորդեին կարևոր լուրը. «Շաբաթ օրը, հոկտեմբերի 21-ին, Սևանա լիճ իջեցվեց «Գեղանուշ» նավը: Այժմ տեղավորվում է կաթսան և 10 օրից հետո նավը կսկսի լողալ»:
Իհարկե, տասն օր անց նավը որևէ կերպ նավարկել չէր կարող, քանի որ վերանորոգումների և ավարտուն տեսքի բերելու համար մի քիչ ավելին էր անհրաժեշտ, քան կաթսայի տեղադրումը: Եվ այդ «հարդարման» աշխատանքներ շարունակվեցին մինչև հաջորդ տարվա գարուն: 1923-ի մարտին Երևանի մեխանիկական գործարանից հայտնում էին, որ նավի համար գործարանը պատրաստել էր նրա ղեկը, լուսամուտները և համարյա բոլոր մետաղային մասերը: Բայց ամենամեծ փոփոխությունը «Գեղանուշի» անվանափոխությունն էր: Այսուհետ նա պիտի կոչվեր «Լուկաշին»՝ հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, 1922-25-ին Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի անունով: Մարտի 23-ին հանրապետության գլխավոր թերթերն այդ մասին ավետեցին հետևյալ հաղորդագրությամբ. «Գեղանուշ» նավը վերանվանվել է «Ընկ. Լուկաշին»: «Ընկ. Լուկաշինը» առաջիկա շաբաթվանից, երբ նավագնացությունը Սևանա լճի վրա կվերսկսվի, կսկսի լողալ: Նավը բոլորովին պատրաստ է ապրանքափոխադրման համար»:
Հետո պարզվեց, որ այս հաղթական զեկույցն էլ փոքր-ինչ շտապողական էր, որովհետև դարձյալ երկու ամիս պահանջվեց, մինչև որ «Գեղանուշ»-«Լուկաշինի» խարիսխը վեր բարձրացվեց և նավը լողաց Սևանի ջրերում: Այդ պատմական իրադարձության մասին «Խորհրդային Հայաստան» թերթը 1923 թվականի մայիսյան համարում գրեց. «Ամսույս 22-ին և 25-ին «Ընկ. Լուկաշին» (նախկին «Գեղանուշ» նավը) երկու փորձնական ճամփորդություն (ռեյս) կատարեց Սևանա լճում: Առաջին ռեյսն էր` Ելենովկա- Չիբուխլու- Ելենովկա, երկրորդը` Ելենովկա- Ցամաքաբերդ- Նադեժդինա- Ելենովկա: նավը լերան վրա 1927Նավը մեծ արագություն զարգացնելու դեպքում փորձնական ճամփորդության ժամանակ կատարեց 15 վերստ մի ժամում: Երկու ռեյսն էլ նավը հաջողությամբ կատարեց, ըստ որում մայիսի 28-ին շտորմի ժամանակ: Միայն Նադեժդինայից վերադառնալիս նավը ստիպված եղավ մոտ երկու ժամ լճում խարիսխ գցել: Պատճառն այն էր, որ վառելիք մազութը կեղտոտ լինելով` մեքենան դադարեց աշխատել մինչև որ մազութը չմաքրվեց: Այստեղ պարզվեց, որ նավը ոչ մի շտորմից էլ չի վախենում: Սակայն պարզվեց նաև այն, որ նավի անձնական կազմի մեջ նավաստիները դեռ լիապես չեն տիրապետել շոգենավի արհեստին: Նոր նավի թերություններն ու առավելությունները փորձում են միայն ծովում ճամփորդելիս: «Ընկ. Լուկաշինը» ենթարկվեց քննության` ապացուցելով, որ նա լինելու է Սևանա լճի տերն ու տիրակալը: Միայն անհրաժեշտ են մի քանի տեխնիկական լրացումներ և ավելի փորձառու նավաստիներ:
Նավի վրա էին ընկ. ընկ. Լուկաշինը, Աշ. Հովհաննիսյանը, Ս. Համբարձումյանը, Հ. Բալյանը և ուրիշ պատասխանատու ընկերներ: Ազգաբնակչությունը հետաքրքրված ափին էր մոտենում ու բուռն ուռաներով դիմավորում նավին»:
Հոդվածագիրն իրավացի էր՝ նավն անվանելով Սևանի տիրակալ: Այն իսկապես լճում մինչ այդ եղած ամենամեծ նավն էր: Իսկ Լուկաշինն էլ պատճառ ուներ հպարտանալու, որ իրեն նման պատվի են արժանացրել: Ցավոք, դա երկար չտևեց: Այդ նշանավոր օրից տարիներ անց Լուկաշինը մեղադրվեց որպես «հակապետական գործիչ» և 1937-ին գնդակահարվեց։ Հասկանալի է, որ դրանից հետո նրա անունն անմիջապես ջնջվեց նավի վրայից և շուտով այն արդեն կրում էր Անաստաս Միկոյանի անունը: Սակայն երբեմնի «Գեղանուշին» լճի ալիքների վրա հանգիստ նավարկելու համար նույնպես շատ ժամանակ չէր մնացել: Ըստ վկայությունների, մի անգամ Շորժայի նավահանգստից Սևանի նավահանգիստ գնալիս գերբեռնվածության հետևանքով նավը խորտակվեց: Որոնումներն այդպես էլ արդյունք չտվեցին ու տասնամյակներ շարունակ ոչ ոք չէր իմացել նրա գտնվելու վայրը, քանի դեռ «Այաս» ակումբի ջրասուզակները մոռացության ջրերի մեջ չնշմարեցին շոգենավի անշարժացած մարմինը:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ«Լուկաշին» նավը Սևանում (1930) Վարդ-Պատրիկյան Վերա

Ո՞Ր ՆԱՎՆ ԷՐ ԼԵՌԱՆ ՎՐԱ

3 Սպտ

Անշուշտ, հիշում եք Կոստան Զարյանի «Նավը լերան վրա» վեպի գործող անձանց ու նրանց պատմությունը. ստեղծագործության հերոսը` նավապետ Արա Հերյանը, Բաթումի քաղաքում նավ է գնում, գնացքով տեղափոխում է Հայաստան, այնուհետև եզներով քաշում են մինչև Քանաքեռ, սակայն իրադարձությունների կտրուկ փոփոխության արդյունքում նավը երկար ժամանակ մնում է կես ճանապարհին:

Այս պատմությունն իրական հիմք ունի: Իրոք, Արաքսի ծանծաղուտներում եղել է այդպիսի լքված մի նավ, որը հետագայում Սևանա լիճ է տեղափոխվել: Խոսքը «Սեստրիցա Նյուշա» շոգենավի մասին է: Սև ծովում նավարկող շոգենավը ժամանակին ցարական իշխանությունները ցանկանում էին Բաթումիից Վանա լիճ  տանել: Սակայն փոխադրումն իր ավարտին չհասավ Առաջին աշխարհամարտի պատճառով, և «Նյուշան» նավարկելու փոխարեն մոռացության էր մատնվել: Սիմոն Վրացյանն  իր հուշերում գրում է, որ այն գտնվել է Շահթախթում: Ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, 1920 թվականի սեպտեմբերի սկզբին իրականացվում է նավի տեղափոխումը Շարուրից Երևան, իսկ այնտեղից էլ Ելենովկա: Վավերագրերը պահպանել են այդ առաքելության իրականացնողների անունները` սպա Թումանյանը, Հայաստանի խորհրդարանի անդամ Տիգրան Ծամհուրը (հենց նա էլ նավը վերանվանում է «Գեղանուշ»), ծովակալության սպաներ Գարագաշյանը, Հերյանը (նկատեցի՞ք, վեպի հերոսի փաստացի նախատիպը) և իհարկե… Կոստան Զարյանը: Այս իմաստով վեպը որոշ առումով ձեռք է բերում նաև ինքնակենսագրական բնույթ: Հավելնք, որ ի վերջո «Գեղանուշը» հասցվեց Սևան:  Խորհրդային տարիներին այն կրկին վերանվանվեց և կոչվում էր «Անաստաս Միկոյան»:

Հովիկ Չարխչյան22065502

ԺԻԼԲԵՐ ՍԵՍԲՐՈՆ

7 Մյս

ԱՊՐԻՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ, ՄԵՌԻՐ ԻՆՁ ՀԵՏ

Այն տարիքում, երբ երեխաները սովորաբար տանջամահ են անում միջատներին, Տրիստանը նրանց պատսպարում, գուրգուրում, պաշտպանում էր իր հասակակիցների ոտնձգություններից, սիրով ու հոգատարությամբ հետևում նրանց շարժումներին: Այդ փոքրիկ էակների հանդեպ ունեցած անսահման քնքշությունը նրա մոտ այն զգացողությունն էր առաջացնում, որ ինքը վերաբնակվել է նրանց մարմիններում, որ նրանց բեղիկները, շոշափուկներն ու թևիկները իրենն են: Եվ նա պահում էր շունչը, իր մարդկային օտար շունչը` այդ անմեղ արարածներին չխրտնեցնելու համար:
Այն տարիքում, երբ երեխաները սովորաբար բնավեր են անում թռչուններին` չար խաղի առարկա դարձնելով այն, ինչ Աստծո ստեղծած այդ էակների համար կյանքի ու մահու խնդիր էր, Տրիստանը խուսափում էր իր հասակակիցներից, մեկուսանում անտառներում ծառերի վրա մագլցելու համար (ոտաբոբիկ, որպեսզի նրանց կեղևը չվնասի) և ժամերով մնում էր ճյուղերի արանքում կծկված` հիացմունքով հետևելով թռչունների ճախրանքին:
Այն տարիքում, երբ երեխաները սովորաբար կարմրամորթների և կովբոյների մասին գրքեր են կարդում կամ այլ դաժան պատմություններ, որոնցում արդարությունը վրեժխնդրության կերպարանքով է հանդես գալիս, Տրիստանը ոգևորությամբ կլանում էր բնագիտական գրքեր, որոնք պատմում էին կենդանիների ու բույսերի սովորությունների մասին: Բայց այդ գրքերում անգամ քիչ բան կար, որ նա արդեն չիմանար իր լուռ ու համբերատար դիտարկումների շնորհիվ:
Ու մի օր, երբ նա ծառի գագաթի ճյուղերից մեկին հարմարված`գորովանքով ինչ-որ թռչնի բույն էր ուսումնասիրում, նկատեց, որ իր տակի ճյուղը ջարդվել է, և որ ինքը վաղուց ցած ընկած պիտի լիներ, բայց մնացել էր օդում, ասես փետուրից էլ թեթև էր: Այդ գերբնական երևույթը շատ չզարմացրեց Տրիստանին: Նրան միայն մարդիկ էին իրենց բնական արարքներով զարմացնում:
Նույն օրը կեսօրից հետո, այն պահին, երբ կլանված հետևում էր արևի թափանցիկ շողերի մեջ վեր ու վար սուրացող արտույտի գեղեցիկ պտույտներին, ամբողջ հոգով տրված այդ հմայքին, շրթներին մի մեղեդի, որն ըստ երևույթին ազատ թռիչքի երանության մարդկային վերարտադրությունն էր, Տրիստանը զգաց, որ գետնից կտրվել է, լողում է օդի մեջ…. նա ճախրում էր:
Այդ օրվանից, եթե չհաշվենք իր վրա իջած շնորհը, ավելի ճիշտ` երկնային պարգևը մարդկանցից թաքցնելու հոգսը, Տրիստանի երջանկությունը լիակատար էր: Իր հոգեմոտ էակների հանդեպ ինքնամոռաց սիրո զորությամբ նա կարողացավ ապրել նրանց կյանքով, անցնել արգելված սահմանագիծը և թափանցել երկնքի բնակիչների գոյության գաղտնարնները:
Սիրո զորությամբ… Ափսոս, որ նա դա հասկացավ շատ լուրջ մի զգուշացումից հետո միայն:
Սովորականի պես ճախրում էր ճնճղուկների ետևից, երբ չգիտես որտեղից մարդկային մի հարց առաջացավ ուղեղում. «Հետաքրքիր է, ճնճղուկի միսն ինչու չեն ուտում»: Մտքում արդեն համտեսում էր թռչնի փափուկ մասերը, երբ զգաց, որ խելակորույս արագությամբ գահավիժում է ներքև: Հրաշքը դադարել էր` մարդիկ չեն թռչում: Տրիստանը այդպես էլ կջախջախվեր հողին զարկվելով, բայց Աստված խնայեց նրան, և նա ընկավ ծովի ալիքների մեջ, առանց մարմնական վնասվածքների: Սակայն այդքանն էլ բավական էր, որ նա հասկանար իրեն տրված դասը, որը թվում էր, միշտ պիտի հիշեր:
Այդ օրվանից նրա գերբնական կարողությունը որակափոխվեց: Ջուրը դարձավ նրա հարազատ տարերքը, ծովի կենդանիներն էին հիմա նրան հոգեհարազատ: Ջրի տակ աջ ու ձախ սուրացող ձկների ետևից լողալով զվարճանում էր Տրիստանը, երբ մի օր էլ հանդիպեց մի խեցգետնի, որի հանդեպ լցվեց անսահման քնքշությամբ: «Դու, որին ոչ ոք չի սիրում,- մտածում էր նա,- այնքան մեղմ ես, նուրբ ու բարի: Կոպիտ պատյանդ խաբկանք է, ես դա գիտեմ ու քեզ երբեք չեմ լքի»: Երբ Տրիստանը ջրից դուրս եկավ, բոլորը կարծել էին, թե խեղդվել է, այնքան երկար էր մնացել ծավի հորձանուտում: Նա իր ուշացումը բացատրեց գիտակցության ժամանակավոր կորստով, բայց ներքուստ տագնապեց. «Հարկավոր է այստեղ զգույշ լինել»:
Ծովի ափին հեքիաթային կյանքով երկար ապրեց Տրիստանը: Որոնում էր մեկուսի ծովածոցեր, սուզվում նոր բարեկամներ գտնելու, որոնք իրենց կենսատու շունչը նրան էին նվիրում, հենց զգում էին, որ իրոք սիրում է, նվիրված է իրենց:
Բայց դժբախտաբար նա արդեն մոռացել էր ճնճղուկի դասը, և ահա թե ինչ պատահեց: Խաղաղ առավոտ էր, երբ ծովի խորքերում հայտնաբերեց խորտակված մի նավ: Այս անգամ նրան ջրի տակ մնալու համար շունչ էին տալիս նավի մեջ մնացած ջրահեղձները, քանի դեռ Տրիստանը ապրում էր նրանց ապրածով… «Ահա նավապետի խուցը, ամենամեծն է, ուրեմն նա այս աստիճաններով էր բարձրանում իր կամրջակը… Երկար մնում էր կանգնած` զննելով գիշերվա մթությունը, տեսնելով ծովի վրա իր հարազատների տեսիլքները…»:
Բայց հանկարծ նա նկատեց մամռակալած կողմնացույցի վրա նշված տարեթիվը` 1713… «Ահ,- մտածեց թեթևամտորեն,- սրանք բոլորն էլ վաղուց մեռած են…»:
«Վաղուց մեռած», կարծես դա որևէ նշանակություն ունի, կարծես մեռած, թե կենդանի մարդ, թե անասուն` Աստծո բոլոր արարածները մեկ ընդհանուր ամբողջություն չեն, անսահման ու անվերջ: Կենդանի թե մեռած` ծովի հատակում, օդում, թե գետնի վրա, մի՞թե մենք չենք ապրում միմյանց շնչով, մի՞թե նույն սիրտը չի կյանք տալիս խոտերի մեջ կորած միջատին, օդի մեջ ճախրող արտույտին կամ երեխային, որ զմայլվում է նրանցով: «Վաղուց մեռած…»:
Շնչասպառ, հանկարծ դատարկված թոքերով Տրիստանը փորձեց վեր լողալ: Բայց ինքնամոռաց սերը նրան շատ խորն էր տարել, և ծովը տիրեց նրա անշնչացած մարմնին:
Բավական ժամանակ անց, երբ ծովը նրա այլանդակված մարմինը ափ նետեց, առաջին մարդը, որ նրան հայտնաբերեց, արտաբերեց այն անարդար բառերը, որոնք Տրիստանի ոգին լսեց` առանց կարողանալու գոչել ճշմարտությունը` լսեց, թե ինչպես այդ մարդը, իր մերձավորն ու եղբայրը ասաց անտարբեր. «Վաղուց մեռած է…»:

Թարգմ. Լ. Մկրյան

%d bloggers like this: