Tag Archives: նամակ

ՈՒՇԱՑԱԾ ՆԱՄԱԿԸ

16 Ապր

Ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Սթենլի Կուբրիկն իր աշխատանքում աչքի էր ընկնում չափազանցված մանրակրկիտությամբ և միշտ պահանջում էր որևէ տեսարանի համար բազմաթիվ դուբլեր նկարահանել: 1990-ականների վերջին նա մի հիացական նամակ ստացավ ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուրոսավայից: Կուբրիկն ինքն էլ Կուրոսավայի երկրպագուն էր, այդ պատճառով էլ շատ երկար ժամանակ պատասխան նամակի տարբերակներ էր գրում, իսկ հետո պատռում էր դրանք: Ճիշտ բառեր ընտրելու վրա նա այնքան ժամանակ վատնեց, որ երբ նամակը վերջապես պատրաստ էր, Ակիրա Կուրոսավան արդեն մահացել էր:

maxresdefault

ԴԱՌՆՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԸ

8 Մրտ

1920 թվականին «Հայաստանի կոոպերացիա» հանդեսի խմբագիր Դավիթ Անանունը մի նամակ է գրում նշանավոր գրող Վրթանեես Փափազյանին` առաջարկելով և հորդորելով նրան թղթակցել իրենց ամսագրին: Իր պատասխանում Փափազյանը մերժում է խմբագրին` միաժամանակ ներկայացնելով այն ծայրահեղ ծանր վիճակը, որում ապրել է հայ մտավորականն ու գրողը: Այդ նամակից մեկ ու կես ամիս անց Փափազյանը վախճանվում է: Ահա նրա նամակի վերջին հատվածը.
«… Ոչ, բարեկամ, մի խնդրիր այն, ինչ որ ջանասիրությամբ մեռցնում են մեր մեջ ամենքը և ամեն ինչ: Մի հանդիմանիր մեզ, որովհետև մեր զարհուրելի դառնությունը բավական է մեզ, երբ անդրադառնում ենք, թե ինչպես հետզհետե, աստիճանորեն գռեհկանում ենք գռեհիկների հետ գործ ունենալով, ինչպես ջնջում ենք մեր մեջ գեղագիտական, գեղարվեստական ամեն նշույլ և թե ինչպես մի առ մի կտրտում են մեր` ոստնելու ձգտումներ ցույց տվող թևերի բոլոր փետուրները: Եվ այդ գործով զբաղված են ամենքը, վերևից մինչև ներքև, գիտակցաբար կամ անմտորեն:
Մի խնդրիր այնտեղից ցորեն, ուր կոխկրտում են ամեն տեսակ ոտներ` գարշ ինստինկտների դրդումով, զզվելի անձնական շահերով: Մի հանդիմանիր, թող որ ինքներս լանք մեր ոստումների, երազների և այնքան քնքուշ միտումների ավերակների վրա: Մի վրդովվիր ու մի զայրանար, թող որ մեր զգացած խորունկ դառնությունը ուտե մեզ և մաշե այսպես խուլ ամայությունների մեջ:
Ներիր մեզ, որ չենք կարողանում անոթի մնալ, տառապել, գռեհկությունների մեջ ապրել, մեր զգացմունքների էն լավագույնները քրքիջների և լպիրշությունների առարկա թողնել… ու գրիչ ձեռք առնել ձեր հանդեսին գրվածք ուղարկելու:
Վ. Փափազյան
1920, մարտի 4, Էջմիածին»:get

Լենոնի նամակը

26 Նյմ

Մի երիտասարդ 1972 թվականին նամակ գրեց Ջոն Լենոնին և խնդրեց իրեն փող տրամադրել շուրջերկրյա ճամփորդություն իրականացնելու համար: Երաժիշտը նրան պատասխանեց. «Զբաղվեք մեդիտացիայով և դուք կարող եք տեսնել ողջ աշխարհը ձեր երևակայության օգնությամբ»:
1995 թվականին այդ նույն երիտասարդն, այնուամենայնիվ, իրագործեց իր երազանքը: Նա Լոնդոնի աճուրդում վաճառեց Լենոնի նամակը և այդ գումարով մեկնեց ճամփորդության:preview-650x390-650-1433850980

ԿՈՄԻՏԱՍ

26 Սպտ

«… Մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում»:

Մարգարիտ Բաբայանին հասցեագրած նամակիցkomitas

ՌԵՄԱՐԿԻ ՆԱՄԱԿԸ ՄԱՌԼԵՆ ԴԻՏՐԻԽԻՆ

23 Սպտ

Մարդը պիտի անցնի շատ դռների միջով, մինչև որ վերադառնա ինքն իր մոտ և այնտեղ, որտեղ մնալու է: Եվ դռները չեն կարող բաց մնալ: Հետդարձի ճանապարհ երբեք չկա: Եվ ով էլ փակած լինի դրանք՝ ինքդ, կամ մեկ ուրիշը, կամ եթե ուժգին քամուց դրանք աղմուկով փակած լինեն, հետդարձի ճանապարհ երբեք չկա, որքան էլ ուժգին դու ցանկանաս, և եթե նույնիսկ դռները վերստին բացվեն, միևնույն է, վերադարձ չկա և, անկեղծ ասած, հոգու խորքում էլ այդ բանը բոլորովին չեմ ուզում…
Մենք ունեցել ենք չափից շատ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա…

marlen-ditrih-7

Աշխարհը լավ է հասկանում

3 Հնս

«Այսօր արտասահմանի լրագրերում Կարսից հեռագիր կար, որ թուրքական գիտական մի հանձնաժողով գիտական արշավանք է կատարում Անին ուսումնասիրելու: Ականջը կանչե պրոֆ. Մառի։ Աշխարհը լավ է հասկանում թուրք ուսումնասիրությունները, պեղումները այնպես խորունկ պիտի կատարեն, որ քար քարի վրա չմնա։ Այսպիսի ուսումնասիրություններ արդեն նրանք կատարել են Մրեն, Տեկոր, Աղթամար, Ս. Կարապետ, որ ապագա ուսումնասիրողների համար այլևս նյութ չի մնացել։ Լավ կլինի, որ պրոֆ. Մառին իմացնես այս հետաքրքիր երևույթը…»:

31 օգոստոսի, 1934 թ, Փարիզ
Ավետիք Իսահակյանի` Կարեն Միքայելյանին հղած նամակից1880s_Kurkdjian_Childprinces_Citadel_Ani_Turkey

ԳՐՈՂՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ԿԱՊԻ ՄԻՆԻՍՏՐԻՆ

5 Դկտ

Հայաստանի կապի մինիստր Թ. Մինասյանին.
… Հայտնի է, որ մեր հանրապետության սահմաններում հայերեն տրվող հեռագրերը ռուսերեն տառերով են տպվում, և հաշվի առնելով, որ ռուսերեն տառերով հնարավոր չէ ամեն հայկական հնչյուն ունենալ, երբեմն ծիծաղելի ու այլանդակ հեռագրեր են ստանում մեր հայրենակիցները… Մոտավորապես մեկ տարի առաջ Ձեզ առաջարկել էինք, որ հայերեն գրամեքենաները ևս տեղադրեիք հայերեն տրվելիք հեռագրերի համար: Մեր այս առաջարկը մինչ օրս մնացել է «ձայն բարբառոյ յանապատի», և պիտի չուզեինք այս կեցվածքի մեջ տեսնել արհամարհանք հայոց լեզվի ու հայ քաղաքացիների նկատմամբ, բայց և չենք էլ կարող բացատրել Ձեր այդ ակներև անտարբերությունը…
Այս բաց նամակով կրկին հիշեցնում ենք Ձեզ մեր խնդրանքը և հուսանք, որ շտապ միջոցներ ձեռք կառնեք այս տգեղ երևույթը վերացնելու համար:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ
ԳԵՂԱՄ ՍԱՐՅԱՆ
1963 թվական, «Գրական թերթ»67-390x290-1

ԱԲԳԱՐ ՕՐԲԵԼՈՒ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ

30 Հլս

Ռուբենիկ ջան.
Ճշմարտությունը, որը դու փնտրում ես, նյութական չէ, որը կարելի լինի բռնել, շոշոփել: Ճշմարտությունն ինքն իրեն կծնվի քո գլխում միայն այն դեպքում, եթե երկար ժամանակ հանգիստ պրպտես, աշխատես, ուսումնասիրես հիմնավորապես այն առարկաները, որոնք դասավանդում են: Եվ չես վազվզի այս ու այն կողմ՝ դիմելով սրան նրան, և ճշմարտությունից սարքել մի բան, որը չես կարող բռնել ձեռքերով, արդյունքում տարիներ կկորցնես կիսացնոր խելագարի պես: Ուստի, նախ և առաջ անցիր գործի և պատրաստվիր քննության այն առարկաներից, որոնք անհրաժեշտ են հանձնել` երրորդ կուրս փոխադրվելու համար և նրանց տված ծրագրով… Գործիդ եղիր, զբաղվիր որոշակի գործով, եղիր ամուր և հաստատ` նպատակներիդ հասնելու համար: Առավել ևս, դու ունես բավական ժամանակ, որպեսզի հանգիստ, հիմնավորապես պատրաստվես քննություններին: Ազատ ժամանակդ կարող ես ուսումնասիրել նշանակալից դասական աշխատությունները: Անհրաժեշտ է միայն, որ գլուխդ չկորցնես, ուշադիր լինես քո գործում, դես ու դեն չընկնես, չցրվես, չշեղվես ճանապարհիցդ: Անիմաստ մի կորցրու ժամանակդ թերթեր կարդալով, ժողովներ այցելելով, դատարկ խոսակցություններով, ընկերների հետևից ընկնելով: Ընկերների խոսքով դես ու դեն ընկնելով`մարդս ո՛չ կզարգանա, ո՛չ գիտելիք ձեռք կբերի, ո՛չ մարդ կդառնա և ո՛չ էլ ամուր ոտքի կկանգնի: Այս բոլորը լավ է, եթե չափ ու սահմանն իմանաս: Նախ և առաջ մարդ պետք է զբաղվի վստահելի, լուրջ գործով, և ուշադրությունն ու մտքերը կենտրոնացնի իր գործի վրա: Քո ամբողջ ժամանակը պետք է լինի կանոնավորված ,որ չկորցնես ոչ մի րոպե, աշխատես արդյունավետ, այսպիսով կատարես քո սրբազան պարտքը: Եվ դրանից հետո միայն կարելի է հանգստանալ, հանդիպել ընկերներին, բարեկամներին, զրուցել և ժամանակ անցկացնել, կարդալ թերթեր և ստանալ այլ հաճույքներ: Դրա հետ մեկտեղ քո յուրաքանչյուր քայլ պետք է թելադրված լինի պարտքի զգացումով, պարտքի զգացում քո առջև, ինչպես նաև քո մոտիկների, շրջապատող հասարակության և ընկերների: Այլ կերպ չի կարելի մարդ դառնալ և լինել օգտակար քեզ և հասարակությանը: Կարծում եմ, այսքանը բավական է, որ դու հասկանաս և մտածես մնացածի մասին ու չշեղվես ճանապարհից, չկորցնես քեզ…
Քո հայր Ա. Օրբելի:
Թիֆլիս, 26 հոկտեմբերի, 1899թ.:573-1-ru-c8542020c15c3462f151daf6c0831a9d

ԲԱԿՈՒՆՑԻ ՆԱՄԱԿԸ ԲԱՆՏԻՑ

8 Հլս

«Ծա՜նր է, շա՜տ ծանր… Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ։ Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշեր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո՝ հուսահատվում եմ, գիտակցությունսմթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Միտքս միշտ տանջալիորեն շաղափում է ֆիզիկական ցավի աստիճանի հասնող միեւնույն խոհը. ի՞նչ է լինելու ինձ հետ։ Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն՝ գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամի չեմ։ Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»:բակունց

ՄԱՅՐԸ ԵՎ ՈՐԴԻՆ

9 Մյս

«Սիրելի մամա ջան, ես վաղուց եմ իմացել, որ պաշտպանության ֆոնդին նվիրել ես խալիչա և 14 գրամ ոսկի: Ես այդ մասին դեռ թերթում կարդացի: Այդ նվիրատվությունը մի անգամ ևս ապացուցում է քո հայրենասիրությունը և նվիրվածությունը դեպի մեր հայրենիքը…
Հետագայում, եթե ողջ լինեմ՝ լավ, եթե ոչ՝ իմացիր, որ մեր գործի համար ընկա, փառքի և պատվի համար ընկա, թեկուզ այդպես, մեծահոգի եղիր և մի վրդովվիր:
Քո որդի Միշա, 10 հունիսի, 1942 թ.»:

Մուշեղ Բալագյոզյանը զոհվեց Լենինգրադի մատույցներում:Pismo-s-fronta

«ՄԽԻԹԱՐԻՐ, ՆՐԱՆՔ ՄԵՆԱԿ ԵՆ ՄՆԱՑԵԼ»

6 Մյս

«…Աշխեն ջան, մի խնդրանք ունեմ, հաճախ գնա մեր տուն, մխիթարիր իմ ծերացած հայրիկին ու մայրիկին, ուրախացրու նրանց, սիրտ ու հույս տուր, չէ՞ որ նրանց վիճակը շատ ծանր է: Նրանք մենակ են մնացել: Նրանց երեք տղաները պատերազմի դաշտ են գնացել: Ինչ արած, պատերազմ է: Հայրենիքը պաշտպանել է պետք:
Աշխեն ջան, դու ընդմիշտ իմացիր ու հավատա, որ Կոլյան քեզ երբեք չի մոռանա…
Նիկոլայ Աղաջանյան, 2 հոկտեմբերի, 1943 թ.»:

Քսանամյա այս երիտասարդը շուտով պիտի զոհվեր անհավասար մարտում:24

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

5 Մյս

«Բարև, սիրելի հայրիկ,
Ես հիմա ուզում եմ խոսել քեզ հետ՝ ինչպես տղամարդը տղամարդու հետ: Ես Սամարղանդում թողել եմ մի աղջկա, ես նրան իմ հարսնացուն եմ համարում, ներիր, որ դրա մասին չեմ գրել: Վատ աղջիկ չէ, խելոք, դաստիարակված, լավ է սովորում: Հասարակ, լուրջ, մտախոհ, պարկեշտ: Մամային ես գրել եմ դրա մասին:
Մեր մեջ ամենաանկեղծ, լավ հարաբերություններն են: Ես կուզեի, որ շատ աղջիկների ու տղաների միջև լինեին այդպիսի հարաբերություններ: Այս հարցը հարկավոր է լուծել և վերջ դնել անորոշությանը: Դուք պետք է ամեն ինչ իմանաք, ձեզնից ոչ մի բան չեմ ուզում թաքցնել:
Քո Վարդան»:

Կարմիր դրոշի ու Կարմիր աստղի շքանշանակիր Վարդան Տոնյանը զոհվեց 1945-ի փետրվարին, Քյոնիքսբերգի մոտ:553dfb1182f4c541832812

«ԻՄ ՀՈԳԻՆ ԿԳԱ ՍԵՎԱՆ»

4 Մյս

«… Նա խանգարեց բոլորի անդորրը: Նա խանգարեց իմ և քո երջանկությունը: Գիտեմ, չես մեղադրում ինձ, որ ամուսնանալուց հետո ես քեզ մոտ մնացի հազիվ 25 օր: Ես չէի կարող նստել տանը: Եվ ինչպե՞ս նստեի, երբ թշնամին մոտենում էր մեր տանը:
Կուզենայի ապրել, ապրել քեզ համար: Բայց ես երբեք վախկոտի պես կյանք չեմ հայցի բախտից: Եթե ես ընկնեմ, իմ հոգին կգա Սևան և կշրջի գեղածիծաղ ծովափի մեր նախկին ժամադրավայրում…
Քո Գևորգ: 26 հունվարի, 1942 թ.»:

Գևորգ Քոլոզյանը զոհվեց 1944 թ. իտալական Սարլինո բնակավայրի մատույցներում:pizap.com14307349731591

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑԻ ՈՐԴՈՒ ՆԱՄԱԿԸ

3 Մյս

«… Հիշու՞մ ես, մամա ջան, մի անգամ գնացել էի ֆուտբոլ խաղալու և ուշացել էի: Լավ հիշում եմ, որ ուղիղ յոթ ժամ բացակայել էի և ոչինչ չէի կերել: Դու զարմանում էիր, թե ինչպես այդքան երկար սոված դիմացա: Սիրելիներս, բա ինչպե՞ս նույն տղան ուղիղ երեք օր բացարձակապես ոչ մի բան չկերավ, ոչ մի փշրանք: Այդ եղավ այսպես: Պերեվալումն էինք, միանգամից ստացել էինք հինգ օրվա հաց և կոնցենտրատ: Երկրորդ օրը, գիշերը, երկու ընկերներիս հացն էլ միանգամից, մի ուսապարկի մեջ, կորավ: Ի՞նչ անեին խեղճերը, ոչինչ չունեին: Ստիպված եղա հացս բաժանել երեք տեղ, ինչպես նաև կոնցենտրատը: Մյուս օրը կերանք պրծանք՝ հույս ունենալով, որ մթերքը կստանանք ժամանակից շուտ: Այնինչ մթերքը, ճանապարհը փակվելու պատճառով, ոչ թե շուտ եկավ, այլ բոլորովին չեկավ: Մենք ստիպված եղանք, երեք օր բան չկերած, թուլացած, պերեվալով գնալ մեր հին տեղը՝ մթերք ստանալու համար…
Քո Լևիկ, նոյեմբեր 1941 թիվ»:

19 տարին նոր բոլորած Լևոն Թոթովենցը զոհվեց Կերչում, դեսանտի ժամանակ:maxresdefault

ԹՈՄԱՍ ԷՍՊԵԴԱԼ

28 Փտր

Դե մի՞թե նամակները միայնության խորհրդանիշը չեն: Չէ՞ որ նա, ով գրում է, գրասեղանի դիմաց նստում է միայնակ: Հրաժեշտի նամակներ, սիրային նամակներ: Սոսնձում ես դեղին ծրարների մեջ և քեզ հանձնում ես բախտի քմահաճույքին: Նամակներ գրում են ոչ այն բանի համար, որ խեղդեն միայնությունը, այլ որպեսզի կնքեն, փակի տակ պահեն նրան:7975

ԱՐԻԱԴՆԱ ԷՖՐՈՆԻ ՆԱՄԱԿԸ ՄՈՐԸ` ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻՆ

27 Փտր

Այսօր վաղ առավոտյան ես լսեցի, թե ինչպես են կռունկները չվում: Ես մոտեցա պտուհանին ու տեսա, թե ինչպես էին նրանք թռչում լուսաբացի աղոտ երկնքում, և հետո արդեն չկարողացա քնել, անընդհատ մտածում էի: Թե ինչու քեզ գրեցի այս կռունկների մասին` ինքս էլ չգիտեմ: Բացեցի քո նամակն ու դա հիշեցի: Հավանաբար կա մի ինչ-որ թաքուն, իսկ գուցե բացահայտ նմանություն քո ձեռագրի և այդ խոշոր, ուժեղ թռչունների թռիչքի միջև, որոնք մշտապես տրոհված են հյուսիսի ու հարավի, ձմռան ու ամռան արանքում, թռչուններ` առանց միջին գոտիների և կյանքի ոսկե միջինի:
Ինչպես եմ ես սիրում նրանց ճիչը լուսաբացի կամ մթնշաղի մշուշի մեջ, և նրանց ձիգ-տատանվող ուրվագիծը, և այն վերջինին` ուժգին, տարածության մեջ անաղմուկ թևաբախումներով, որով հետապնդում է լույսին…a-flock-of-migrating-cranes-seen-at-the-hula-lake-ornithology-and-nature-park-in-northern-israel

«ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԵՎ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ»

21 Փտր

Ժամանակներն անցնում են, խնդիրները մնում են: Նույն մտահոգությունները, նույն բացթողումները, նույն տագնապները: Ուղիղ կես դար առաջ մեր մտավորականներն իրենց ձայնն էին բարձրացնում այն հարցերի շուրջ, որոնք այսօր էլ օրակարգային են, մատնանշում էին փաստեր, որոնք հիմա էլ շարունակում են կենսունակ մնալ: Եվ դրանց առանցքը մեկն է` մայրենի լեզուն:
1965 թվականի ամռանը հրապարակվեց մի բաց նամակ` հասցեագրված Հայաստանի լուսավորության մինիստրին: Այդ նամակը ստորագրել էին Պարույր Սևակը, Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սերո Խանզադյանը, Բաղիշ Հովսեփյանը, ինչպես նաև համալսարանի ու մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության քննական հանձնաժողովի անդամները:
Ստորև ներկայացնում ենք նամակը` մասնակի կրճատումներով:

Հովիկ Չարխչյան

« Բաց նամակ.
Հայկական ՍՍՌ լուսավորության մինիստր ընկ. Շ. Սիմոնյանին
Հարգելի ընկեր մինիստր, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները մի տեսակ ստուգատես են մեր դպրոցներում առանձին առարկաների դրվածքը պարզելու համար: Այդ քննությունները ավարտվել են, և պատկերը պարզվել է:
Մայրենի լեզուն այն հիմնական միջոցն է, միակ միջոցը, որով աշակերտները գիտելիքներ են ձեռք բերում: Առանց մայրենի լեզվի լավ իմացության հնարավոր չէ սովորել այլ լեզուներ, հնարավոր չէ տիրապետել խոր և հիմնավոր գիտելիքների: Սա վերաբերում է բոլոր մայրենի լեզուներին, ուստի և հայոց լեզուն չի կարող բացառություն կազմել:
Սակայն հայերենի ուսուցման դրվածքը մեր դպրոցներում, ինչպես ցույց տվեցին այս տարվա ընդունելության քննությունները, բավարար չէ: Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական, դպրոցական և նախադպրոցական ֆակուլտետներ ընդունվելու համար դիմել էին 1,297 մարդ: Ուրեմն, մեր դպրոցներից եկած 1,297 շրջանավարտներ ցանկանում էին դառնալ մանկավարժ, այնպիսի մանկավարժ, որի հիմնական մասնագիտությունը հայերենն է: Պարզ է, որ այդպիսի մասնագիտություն ընտրած տղան կամ աղջիկը դպրոցում բոլոր առարկաներից ավելի շատ հակում է ունեցել դեպի հայոց լեզուն: Թվում էր, թե այդ տղաներն ու աղջիկները հայոց լեզվի քննության ժամանակ պետք է փայլեին իրենց գիտելիքներով, և ընդունող հանձնաժողովները հիացմունքով ափսոսային՝ չիմանալով ում նախապատվություն տալ: Այդպես թվում էր… Բայց պատկերը ճիշտ հակառակն է: Հակառակն է և ապշեցնող: Այդ 1297 հոգուց հայոց լեզվի գրավորից դրական գնահատական ստացան միայն 250 հոգի: Իսկ 250 հոգուց քանի- քանիսը կտրվեցին հայերենի բանավոր քննության ժամանակ: Բացի այդ. դրական գնահատական ստացածների ավելի քան 95 տոկոսը բավարարվեց միայն «բավարարով»: Իսկ բավարար գնահատականը նույնպես, ինչպես գիտեք, իմացության ստորին ցուցանիշ է և ոչ թե բարձր: Գրեթե նույն պատկերն են ցույց տալիս նաև պետական համալսարանի ընդունելության քննությունները:
Քննական հանձնաժողովները ամբողջ քննությունների ընթացքում ցուցաբերել են անհրաժեշտ հոգատարություն, մանկավարժական ու անհատական մոտեցում ամեն մի քննվողի նկատմամբ: Բայց, այնուամենայնիվ, արդյունքը, ինչպես տեսնում եք, գոհացուցիչ չէ: Եվ դրա պատճառը հիմնականում այն է, որ լուսավորության մինիստրության որոշմամբ վերջին տարիներին հայոց լեզուն, որպես առարկա, հանվել է 8-ից բարձր դասարաններում: Մինչդեռ 8-ից բարձր դասարաններում է, որ աշակերտը հասունանալով՝ «բերանացի» անելուց անցնում է գիտակցական ընկալմանը, այսինքն՝ մնայուն գիտելիքներ ստանալուն: Եվ հենց այդտեղ էլ լուսավորության մինիստրությունը իսկական սկիզբը համարել է վերջ և դրել է իր վերջակետը:
Ասում են, թե Դուք այդպես եք արել, որովհետև այդպես են վարվել նաև ուրիշները՝ ուրիշ հանրապետություններում:

… Բայց եկեք չմոռանանք, որ մեր ժողովուրդը շատ է հարուստ բարբառներով: Իսկ բարբառների առատությունը, գաղտնիք չէ, որ բացասաբար է անդրադառնում գրական լեզվի ուսուցմանը: Բոլորովին պատահական չէ, որ քննություն հանձնողներից շատերի գրավոր և բանավոր խոսքում իրեն զգալ է տալիս բարբառը: Ուրեմն, մեր դպրոցներում հայոց լեզվի ուսուցումը կազմակերպելիս պետք է ելնել այդ լեզվի առանձնահատկություններից:
Մեր կարծիքով մայրենի լեզվի ուսուցման մեթոդները բարելավելու հետ միասին անհրաժեշտ է հայ գրականությանը զուգընթաց 9-րդ և 10-րդ դասարաններում ևս դասավանդել հայոց լեզու: Դա ոչ միայն խիստ անհրաժեշտություն է, այլև հրամայական պահանջ, և չենք կարծում, թե Դուք, հարգելի ընկեր մինիստր, առարկություն կունենաք:

Գրողներ՝ Բ. Հովսեփյան, Ս. Խանզադյան, Հր. Հովհաննիսյան, Հ. Սահյան, Պ. Սևակ…»:
1965 թ. օգոստոս:x_c0525f26

ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

29 Սպտ

2 նոյեմբերի, 1920 թ. Երևան

Իմ անգին հայրիկ,

Ապրում ենք մղձավանջի օրեր: Կարսը ընկավ անփառունակ կերպով մեկ օրվա թույլ դիմադրությունից հետո: Բերդապահ զորքը չնկատեց` ինչպես թշնամին մտավ քաղաքի փողոցները: Այժմ կռիվները փոխվել են Ալեքսանդրապոլի շրջանը և շատ հավանական է, որ մեր կապը իրար հետ կտրված կլինի շուտով: Կառավարությունը և տիրող կուսակցությունը մեռցրել են ժողովրդի մեջ հերոսության ոգին  և ամբոխների ինքնապաշտպանության ու տխրության կույր բնազդը, և նրանք չեն, որ պետք է կարողանան նորից զարթնեցնել: Կառավարության անդամների ու ղեկավար գործիչների բոլոր զեկույցներն ու խորհրդակցությունները արվում են դռնփակ, «ֆրակցիաների» ժողովներում, իսկ ժողովուրդն ու հասարակությունը ապրում է ստահոդ կամ չարանենգ փսփսուկներով  ու անտարբեր անցնում է պաշտոնական «կոչերի» ու «հաղորդագրությունների» մոտով: Չգիտեմ` պիտի զարթնի արդյոք և երբ ժողովրդի առողջ բնազդը: Մինչև  այժմ մեր բանակը, որ շատ մեծ է իր բազմությամբ, փախուստի էր դիմում ոչխարի հոտի նման: Ամենազարհուրելին այն է, որ երբ թշնամին քթի տակ է արդեն, մայրաքաղաքի կյանքն ունի իր նույն առօրյա տաղտկությունը և թմրությունը, որին խառնվել է միայն վախի զգացումը, բայց դարձյալ բավականին անտարբեր: Դատապարտվածի թմրություն,  զառամած կենդանու հոգեբանություն թե կառավարության և թե ժողովրդի մեջ: Իսկ մինչ այդ եղել է  զարմանալի անփութություն և թեթևամիտ խաղի  վերաբերմունք ամեն ասպարեզում:

 …Այս տարի ցուրտն ու ձմեռը շատ շուտ են վրա հասնում: Այստեղ անվերջ անձրև է, իսկ այսօր անդադար հեղեղ է ու քամի: Հեշտ չի այս եղանակին լինել դիրքերում կամ դաշտում, անտուն գաղթական:  Դարձյալ տասնյակ հազարավոր մահեր: Մեր ոճրագործ, կարճամիտ, ժողովրդակործան, ունայն ու թայֆայական  «կառավարության» քաղքականության ամբողջ սնանկությունն ու դատարկությունը երևաց այժմ, այս մեծ փորձության ժամին: Յուզբաշու նման ժողովրդին հրամայել, բայց ոչ` կազմակերպել, հավասարապես կրթել, այդ է ներքին ամբողջ քաղաքականությունը: Չունենք ոչ մի կառավարություն, կուսակցություն, որի սիրտը բաբախեր ժողովրդի սրտի հետ միասին և որը առկայծեր ժողովրդի մեջ: Կան միայն կառավարչական չաղ ապուրից  ուտողներ, ամեն ձևի ու չափի թալանչիներ: Ամեն բանի սովորած ու իրենց ֆիզիկական գոյությունը պահպանող «քաղաքացիներ», կույր ու անկամ բանակ և ատամները կրծոտող կենտ-կենտ «քննադատողներ»…??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԲԵԹՀՈՎԵՆԻ ՆԱՄԱԿԸ ԱՆՏՈՆԻԱ ԲՐԵՆՏԱՆՈՅԻՆ

7 Սպտ

Նույնիսկ անկողնում իմ մտքերը թռչում են դեպի քեզ, իմ Անմահ Սեր: Ինձ պարուրում է այն ուրախությունը, այն թախիծն ու նրա սպասումը, ինչ ճակատագիրը պատրաստում է մեզ համար: Ես կարող եմ ապրել կամ քեզ հետ, կամ ընդհանրապես չապրել: Այո, ես որոշել եմ այնքան ժամանակ դեգերել քեզնից հեռու, քանի դեռ ի վիճակի չեմ լինի թռչել ու նետվել քո գիրկը, քեզ լիովին իմը զգալ և վայելել այդ երանությունը: Այդպես պետք է լինի: Դու կհամաձայնես դրան, դու չես կասկածի իմ հավատարմությանը: Երբեք ուրիշ մեկը չի գրավի իմ սիրտը, երբեք, երբեք: Օ, Աստված, ինչու՞ բաժանվել նրանից, ում սիրում ես: Քո սերն ինձ միաժամանակ դարձնում է և երջանիկ, և դժբախտ մարդ: Հանգիստ եղիր: Հանգիստ եղիր, միշտ սիրիր ինձ: Ինչ կրքոտ ցանկություն է քեզ տեսնելը: Դու` իմ Կյանք, իմ Ամեն ինչ, մնաս բարով: Սիրիր ինձ առաջվա պես, և երբեք մի կասկածիր իմ սրտի նվիրվածությանը:

Միշտ քո:

Միշտ իմ:

Միշտ մեր:

Լյուդվիգ վան Բեթհովեն88506721_4748605_a6d30b0e4cea

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱՆԾԱՆՈԹՈՒՀՈՒՆ

23 Օգս

1907, ապրիլ- մայիս, Գենտ

Սիրելի  maman

Երբ մոտեցավ մեկնելուդ ժամը, իմ զգացողությունը ինձ արդեն հեռացրել էր քեզնից։ Լուսամուտից ես տեսա, թե ինչպես դու կառք նստեցիր։ Սիրտս  ուժգնորեն բաբախում էր, կուլ էի տալիս արցունքներս։ Քո մեկնումի պատճառած սարսուռը ավելի ուժգին էր, քան երբ առաջին անգամ տեսա քեզ։ Բավական է, որ ես մտածեմ քո մասին և անմիջապես զգում եմ դատարկություն տանը և սրտումս։ Երկրորդ անգամ է, որ կորցնում եմ մի maman, որի հիշատակը ակնածանքով կպահեմ իմ ջերմեռանդ հոգում, այնպես, ինչպես պահում են սրբապատկերը աղոթագրքում։ Հաճախ, անհանգստությունից և բանաստեղծական ցնորքից խոովահույգ, կարծես լսում եմ քո թույլ ձայնը և միալար հազը, որոնք ինձ հիշեցնում են քո տառապանքը և տանջում հոգիս:

Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, արդյոք նա բուժվե՞լ է, արդյոք գթության քույրերը կկարողանա՞ն նրան բուժել։ Հարցնում եմ և քո անվան շողերով լցված, տենդորեն դուրս եմ գալիս և անցնում տիկ. Wohens-ի մոտ, քո մասին լուրեր իմանալու և իմ նորություները հաղորդելու, որ նա քեզ հայտնի։

 Հարգանոք՝ Դանիել Վարուժան:hqdefault

%d bloggers like this: