Tag Archives: նահանգապետ

ԻՆՉԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՐՈՒՍՏԸ

9 Սպտ

Ծանոթ եմ Կարսի անկման պատմությանը: Բազմաթիվ գրքեր ու փաստաթղթեր եմ կարդացել այդ մասին: Գիտեմ, որ նման իրադարձությունները պայմանավորված են լինում բազում հանգամանքներով` քաղաքական, ռազմական, տնտեսական, բարոյահոգեբանական… Գիտեմ, որ 1920 թ. հոկտեմբերի 30-ին մեր բանակը, ունենալով ռազմական ակնհայտ գերազանցություն, համարյա առանց կռվի քաղաքը հանձնեց թշնամուն:
Հակված չեմ անհարկի խտացնել գույները: Բայց երբ ընթերցեցի նույն տարվա փետրվարի 29-ին, այսինքն Կարսի կորստից ճիշտ 8 ամիս առաջ գրված այս նամակը, առաջին բանը, որ անցավ մտքովս, սա էր. «Ահա թե ինչից է սկսվում հայրենիքի կորուստը»:

ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ս. ՂՈՐՂԱՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

«29 փետրվարի 1920թ.
Կարս
Նահանգական բժշկի օգնական Քալանթարյանը թողեց պաշտոնը և անցավ ամերիկացիների մոտ: Բժիշկ Քալանթարյանը մեր բազմաթիվ բժիշկների շարքում աչքի ընկնող դեմք է, իր կրթությամբ և գաղափարական ուղղությամբ: Նա թողեց մեր առանց այն էլ նոսր շարքերը նյութական միտումներով, որովհետև կիսակուշտ փորով ազգասիրությունն էլ չափ պետք է ունենա:
Նահանգի 22 բժիշկի պաշտոններից տասն ու մեկը արձակ են և բոլոր տվյալները գալիս են վկայելու, որ այս վերջին թիվը պետք է մեծանա և ոչ պակսի: Ես հանձնարարել էի նահանգական բժիշկ հրավիրել Արդահանի համար, մի գաղափարական հայ բժիշկ, որ օգներ հայրենի կառավարությանը մեր պետական սաղմի կազմման գործում, բայց մեր դիպլոմավոր ոսկեզօծ երիտասարդությունը գերադասում է հեռվից դիտելու պատմությունը: Հրավերին արձագանք էր տվել մի ռուս բժիշկ միայն, բայց ես ոչ մի կերպ չհամաձայնվեցի ընդունել այդ թեկնածությունը, շատ հասկանալի է քաղաքական և պետական միտումներով:
Թափուր են ծայրագավառներում և մեր մյուս պաշտոնները: Մեր կարող և ինտելիգենտ երիտասարդությունը, որ երբեմն կազմում էր մեր երազների կորիզը, խմբվել է կենտրոններում, իսկ գավառ գալիս են միայն արկածախնդիրները և միայն գիշատիչ տարրը: Իմ բոլոր դիմումները, թե մամուլի միջոցով և թե մեր ականավոր հասարակական գործիչներին` գաղափարական աշխատողներ տալ ինձ, մնում են առանց նույնիսկ արձագանքի:
Ոմանք առարկում են, թե աշխատանքը հայրենիքում չի վարձատրվում, մյուսները փախչում են զինվորակոչությունից, գուցե և շատ իրավացի կերպով նկատելով, թե չի կարելի ամբողջ երկիրը զենքի կոչել: Այդ դրությունը, ասում են վերջինները, ստեղծում է կենտրոնախույս հոսանք և օրենքը հետևաբար մնում է միայն օրենքի համար և ոչ կյանքի:
Ես չեմ ուզում վերլուծել առարկությունները, բայց կուզեի արձանագրել իրողությունը և հրավիրել կառավարության բարձր ուշադրությունը այդ մեծ և մտախոհ խնդրի վրա: Գուցե տարօրինակ համարվի իմ այդ առիթով դիմումը այսօր, երբ դեռ երեկ լուծվել է ռոճիկների խնդիրները: Բայց ինձ չի վերապահված օրինադիր ֆունկցիաները կյանքի կենտրոնում լինելով և գուցե ավելի քան որևիցէ միջոց ունենալով, անմիջապես դիտելու այդ կյանքը: Ես սրբազան պարտք եմ համարում հրավիրելու կառավարության առանձին ուշադրությունը այս նշանավոր պետական հարցի վրա: Չի կարելի գավառը կառավարել պատահական մարդկանց միջոցով և չի կարելի մինիմալ միջոցների վրա
կառուցանել քաղաքացիությունը: Կյանքը, իրականությունը հրամայաբար պահանջում են պետական աշխատավորների խիստ ընտրություն, իսկ այդ հնարավոր է միայն այն ժամանակ, եnբ այդ գործիչը ապահովված կլինի: Այդ խոհրդակցությունը շատ տարրական է, իհարկե, բայց ես թույլ եմ տալիս ավելորդ անգամ կրկնելու այդ բոլորը, որովհետև մենք կանգնած ենք պետական կատաստրոֆայի մեծ անդունդի առաջ:
Եթե շարունակվի այդպես, եթե մեր գավառական պետական գործիչների շարքերը լցվեն միայն թերուսներով, միայն այն մարդկանցով, որոնք ուզում են միայն ապահովել իրանց և հեռանալ, մենք կմոտենանք այն պետական սնանկության, եnբ ընդհանուր պայթումն անխուսափելի կլինի:
Բոլորը խոսում են «սիրելի հայրենիքի» անունից, բոլորը քննադատում են, ոչ ոք ոչ կարողություն և ոչ տրամադրություն ունի աշխատելու և բոլորը… կեղեքում և ստանում են …
Այդպես է մեր օրերի դառն իրականությունը, և ես պետական պարտք համարելով զեկուցանելու Ձեզ այս մասին, թախանձանոք խնդրում եմ և այս զեկուցումն առաջարկել օրենսդիր մարմինների առանձին հոգացողության: Եվ ես չեմ չափազանցնում:
Նահանգապետ Ղորղանյան»:

Ֆ. 199, ց. 1, գ. 126, թ. 5: Բնագիր: Ձեռագիր:

%d bloggers like this: